Էլչիբեյի նամակը Քլինթոնին` Քելբաջարի գործողության ընթացքում. 1993-ի գարուն

5391

Ադրբեջանի նախագահ (1992-1993 թթ) Աբուլֆազ Էլչիբեյի նամակն է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, որը գրվել է Քելբաջարի գործողության ընթացքում՝ 1993 թվականի գարնանը: Նամակը հրապարակվել է Քլինթոնի գրադարանի կայքում՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գաղտանզերծված դիվանագիտական հեռագրերի մեջ: Տեքստը անգլերենից թարգմանել և ֆեյսբուքի իր էջում տեղադրել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Ստեփանակերտից: 

«Մեծարգո պարոն նախագահ,

Արտառոց հանգամանքներն են ստիպել ինձ դիմել ձեզ: Մարտի 27-ին, երբ Ժնևում ու Անկարայում դեռ ԵԱՀԽ հովանու ներքո հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ էին ընթանում, հայկական բանակի ստորաբաժանումները նախաձեռնեցին զինված գործողությունների նոր և հզոր էսկալացիա և հանկարծակի ու մեծ հարձակում սկսեցին Հայաստանին սահմանակցող Ադրբեջանի Քելբաջարի շրջանի ուղղությամբ` օգտագործելով մարտական ինքնաթիռներ և ծանր մարտական տեխնիկա` տանկեր, հրետանի և «Գրադ» հրթիռային կայաններ: Տասնյակ բնակավայրեր են ոչնչացվել, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել` այդ թվում որոշ կանայք և երեխաներ: Մոտ 60 հազար խաղաղ բնակիչների կյանքերը վտանգված են, քանի որ հայերը փորձում են շրջափակել նրանց և կտրել արտաքին աշխարհից: Ու այս ամենը իրականացնում է շրջափակման մեջ խեղդվող Հայաստանը:

Մենք չէի՞նք զգուշացնում աշխարհին, որ մեր հարևանների վրդովմունքն ու բողոքները էներգիայի, վառելիքի և սննդի պակասի վերաբերյալ միայն լավ կազմակերպված բլեֆի մաս են, համաշխարհային հանրությանը ապակողմնորոշելու համար ստեղծված քող են: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի հիմնական նպատակը ադրբեջանական տարածքների անեքսիան է: Այս հարձակման արդյունքում երկրորդ միջանցքը (դեսպանատան ծանոթագրություն. դեպի Լեռնային Ղարաբաղ) կարող է բացվել և անկախ Ադրբեջանի 20 տոկոսը կարող է անեքսիայի ենթարկվել:

Հարգելի պարոն նախագահ, ես խնդրում եմ ձեզ մահացող կանանց և երեխաների անունից, հանուն արդարության և ժողովրդավարության օգտագործել բոլոր միջոցները, որոնք կարող եք, Ադրբեջանի ժողովրդի դեմ հայկական ագրեսիան սանձահարելու և այս ցեղասպանությունը կանգնեցնելու համար:

Հարգանքով`

Աբուլֆազ Էլչիբեյ»: