Նիկոլ Փաշինյանի հակառուս լինելու առասպելը. 10 հունիսի, 2020թ

1375

Երկու տարուց ավելի ռուսական և հայկական քաղաքական-փորձագիտական որոշ շրջանակներում տենդագին կերպով առաջ է տարվում արհեստական, կեղծ օրակարգն այն մասին, թե Հայաստանի գործող իշխանությունները հակառուս են, իբր Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը նպատակ ունեն Հայաստանը հանել ռուսական ուղեծրից, ինչը սպառնալիք է Ռուսաստանի տարածաշրջանային և կովկասյան քաղաքականությանը:

Այս լոբբինգը տարվում է Հայաստանում, հայկական, ինչպես նաև ռուսական քաղաքական-փորձագիտական շրջանակներում և լրատվամիջոցներում:

Գրեթե նույնությամբ կրկնվում է 1988-1990-ականների արհեստական, կեղծ օրակարգը, թե Հայոց համազգային շարժումը, հատկապես նրա վառ ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հակառուս են, Հայաստանի անկախության պայքարը բերելու է  պանթուրքիզմի գլուխ բարձրացնելուն: Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող որոշ ուժեր երեք տասնամյակ առաջ բացահայտ կամ քողարկված պայքարում էին Հայաստանի անկախության դեմ՝ դա ներկայացնելով հակառուսականություն:

Մենք՝ հայե՛րս, պետք է մոլորակի մեկ վեցերորդ մասը զբաղեցնող Խորհրդային Միությանն ու նրա իրավահաջորդ Ռուսաստանին բացատրեինք, թե որն է նրա կենսական շահը Կովկասում ու Մերձավոր Արևելքում: Հայաստանի քաղաքական ուժերն ու գործիչները պետք է այսօր պարոն Պուտինին ու նրա շրջապատին բացատրեն, թե որն է ռուսական շահը և թե ինչ վտանգ կարող են ներկայացնել Հայաստանում իշխանության եկած բախտախնդիրները:

Անկասկած, Հայաստանի 2018-ի Թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում չի ողջունվել: Ժամանակ էր պետք ռուսներին բացատրելու (թեև ռուսները դա շատ լավ գիտեին), որ Թավշյա հեղափոխությունը չունի արտաքին հետք, այն բացառապես հայկական է ու ընդհանրություն չունի վրացական կամ ուկրաինական դեպքերի հետ: Հենց հեղափոխության օրերին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության տարբեր գործիչներ փորձում էին Մոսկվայում լոբբինգ անել, թե Փաշինյանն ու թիմը հակառուս են, հետևաբար՝ պետք է կանխել Հայաստանի արևմտյան շրջադարձը:

Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշումը կամ արևելումը կարող է լինել քննարկման թեմա, ինչպես եղել է 1918-1920 թվականներին և հետագա տարիներին, երբ հանրապետությունը կորցրեց անկախությունը: «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» երկընտրանքի շուրջ միշտ էլ եղել են քննարկումներ ու բանավեճեր 1991-ի անկախությունից ի վեր: Միևնույն ժամանակ, Հայաստանի հաջորդական բոլոր կառավարությունները ստիպված են եղել հենց Ռուսաստանին դիտել և ընդունել որպես անվտանգության երաշխավոր երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում, ռազմական, տնտեսական ու քաղաքական համագործակցության մեջ առաջնությունը տալ Կրեմլին, որովհետև այլընտրանք չեն տեսել, չեն ունեցել կամ այլընտրանքը շատ թանկ է եղել:

Կարելի է քննարկել ռուս սահմանապահներին ու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու, հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությունը վերանայելու և բազմաթիվ այլ թեմաներ: Դրա հետ մեկտեղ պետք է նախ և առաջ հաշվարկել այն գինը, որ կարող է վճարել Հայաստանը: Ամեն ինչ, ի վերջո, գին ունի:

Մեծ հաշվով, Հայաստանը ցանկության դեպքում անգամ չի կարող փոխել իր արտաքին քաղաքականության և անվտանգության վեկտորը, քանի դեռ մենք չունենք հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի դեռ Ղարաբաղյան հարցի հետևանքով Ադրբեջանը իրական սպառնալիք է ներկայացնում: Անկասկած, Ռուսաստանը Հայաստանում ներկայություն ունի, քանի որ դա բխում է Մոսկվայի շահերից, Մոսկվան նախ և առաջ ռուսական շահն է պաշտպանում և ոչ անպայման Հայաստանը թուրքական իրական կամ ընկալվող սպառնալիքից:

Չի կարող հակառուս լինել պետությունը կամ նրա կառավարությունը, երբ նա մաս է կազմում (ստիպված կամ կամոք) Ռուսաստանի կողմից ստեղծված և նրա շահերը սպասարկող ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի: Հայաստանի որևէ կառավարություն կամ ղեկավար կարող է Մոսկվայի կողմից հակառուս ընկալվել այն դեպքում, երբ սկսվի ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալուց գործընթաց:

Հայաստանի կառավարությունը և վարչապետ Փաշինյանը որևէ քայլ չեն արել, որ կարող է տեղավորվել հակառուսականության տիրույթում: Հակառակը, ամեն ինչ արվել է, որպեսզի նման կասկածները փարատվեն: Հակառուս իշխանությունը Սիրիայում գործ չպիտի ունենար: Հատկապես գործ չպիտի ունենար ռուսական ներկայության կազմում ու նրա հովանոցի տակ: Եթե կուզեք, Սիրիայում ներկայությունը ավելի շատ տեղավորվում է հակաարևմտյան տիրույթում: Այստեղ մեր նպատակը չէ քննարկել Հայաստանի՝ Սիրիայում ներկայության նպատակահարմարությունը:

Հակառուս որևէ կառավարություն կամ ղեկավար չէր կարող հունիսի 24-ին ներկա գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: Փաշինյանը ներկա կլինի մոսկովյան միջոցառմանը: Հակառակը, հակառուս տրամադրված կառավարություններն ու ղեկավարները առիթներ են փնտրում, որպեսզի չմասնակցեն նման ձեռնարկներին՝ ի ցույց դնելով հակառուսականությունն ու պատմության իրենց ընկալումները:

Անկասկած, հայ-ռուսական հարաբերություններում այսօր էլ կան լարվածության օջախներ, որոնք, սակայն, ավելի շատ վերաբերում են Հայաստանի ինքնիշխանությանը, կենսական շահերին ու այդ շահերը Ռուսաստանի կողմից բավարար ուշադրություն չդարձնելուն, երբեմն՝ անտեսելուն: Ադրբեջանին զենքի մեծաքանակ վաճառք, որն ուղղվում է Հայաստանի դեմ, գազի գին, ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկներ կամ այսպես կոչված Լավրովյան պլան: Այս շարքում կարելի է նշել անգամ Ռոբերտ Քոչարյանի մեկուսարանում գտնվելու իրողությունը և երկրորդ նախագահի թեմայով Երևանի վրա ճնշումներ բանեցնելու Մոսկվայի պարբերական փորձերը:

Սորոսի փչած թեման, Լավրովի անվան շուրջ վերջին աղմուկ-աղաղակը, որին լծվել են հայկական ԿԳԲ-ական ու -մերձ շրջապատը, բացառապես նպատակ է հետապնդում ռուսների օգնությամբ հարվածել Հայաստանի իշխանություններին, վարկաբեկել ռուսների աչքում և նրանց օգնությամբ իշխանության գալ: Սորոսը Հայաստանում գործունեություն է ծավալում 1997-98-ից, որը ճշգրտորեն համընկնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիների հետ:

Հայաստանը մերժել է ղարաբաղյան կարգավորման Լավրովի պլանը, ինչը, բնականաբար, հաճո չէ ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ նրա արտգործնախարարին: Երևանը,- ով էլ այստեղ լինի իշխանության,- պետք է մերժի կարգավորման առաջարկները, եթե դրանք հակասում են հայկական շահերին: Մի կողմից գործող իշխանություններին մեղադրում են հողերը ծախելու մեջ, մյուս կողմից՝ սրտներով չէ, որ այդ նույն իշխանությունները մերժում են Լավրովի պլանը, որ նշանակում է հինգ շրջան վերադարձնել Ադրբեջանին Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

Հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ինչպես վերջին 30 տարիներին, պարբերաբար նկատվել են լարվածության փուլեր: Որևէ երկու երկրների հարաբերություններում դա բնական է: Կայունությունը գերեզմանատանն է: Կամ այնտեղ, որտեղ չկա պետություն, պետականություն և ինքնիշխանություն կամ դրա վերականգնման ձգտում:

Թաթուլ Հակոբյան

10 հունիսի, 2020թ