Նիկոլ Փաշինյանը հավատարիմ ուժայիններ է փնտրում

863

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոններում նշանակել է հավատարիմ մարդկանց: Ժամանակային առումով երեք ուժայինների նշանակումը համընկնում է նախկին իշխանությունների համախմբման, իշխանափոխություն իրականացնելու մասին շրջանառվող հայտարարությունների հետ:

Ավելին՝ շատերի ուշադրությունը գրավեց այն իրողությունը, որ ինչպես Փաշինյանը, այնպես էլ նոր ոստիկանապետ, 46-ամյա Վահե Ղազարյանը և Գլխավոր շտաբի պետ, 50-ամյա Օնիկ Գասպարյանը ծնվել են Իջևան քաղաքում:

Թավշյա հեղափոխությունից հետո խոսակցություններ կային, որ Գլխավոր շտաբի պետ նշանակվելու է գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, սակայն վերջինիս խանգարել է Իջևանում ծնված լինելու հանգամանքը:

Գասպարյանի դեպքում արդար չի լինի ասել, որ նա հայկական բանակում առանցքային պաշտոն է ստանում իջևանցի լինելու պատճառով, քանի որ նրա առաջընթացը տեղի է ունեցել 2010-2017 թվականների ընթացքում, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր:

Գասպարյանը բառի դրական իմաստով՝ հարգանք և հեղինակություն վայելող զինվորական է: 2010-2012 թվականներին զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի, իսկ 2012-ից՝ հրամանատարի պաշտոնները: 2016-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի, մեկ տարի անց՝ առաջին տեղակալի պաշտոնին:

Փաշինյանը և իր թիմը ժամանակին հայտարարել են, որ քաղաքականության մեջ և պետական կառավարման համակարգում անթույլատրելի է առաջնորդվել տեղային-կլանային մտածողությամբ, ընկեր-բարեկամական կապերով:

Դժվար է ասել՝ չլիներ հայտնի հարսանիքը՝ Արտակ Դավթյանը, Արման Սարգսյանն ու  Էդուարդ Մարտիրոսյանը կազատվե՞ին համապատասխանաբար Գլխավոր շտապի պետի, ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններից, թե՞ ոչ: Գուցե և առիթ էր պետք ուժային կառույցները համալրելու առավել վստահելի մարդկանցով: Հայաստանի իշխանությունները և, առաջին հերթին, Փաշինյանը, քննադատության են ենթարկվում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, հետևաբար այս հարսանիքը չէր կարող ներվել: Հասարակությունը լավ է հիշում արցախյան հայտնի խնջույքն ու հայտնի լուսանկարը, երբ կորոնավիրուսի դեմ պայքարող Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը, խախտելով հակահամաճարակային կանոնները, Շուշիում նշում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտը:

Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ:

Երկու տարվա ընթացքում Հայաստանն ունենում է երրորդ ոստիկանապետը: Թավշա հեղափոխությունից հետո Վլադիմիր Գասպարյանին փոխարինեց Վալերիյ Օսիպյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո 2019-ի սեպտեմբերին ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս տարվա մարտից՝ ոստիկանապետ նշանակվեց Արման Սարգսյանը։

ԱԱԾ նոր տնօրեն, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Այս տարվա մայիսի սկզբին նա նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ ազատվելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից: Երկու օրվա ընթացքում Քյարամյանը նախ՝ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա՝ նշանակվեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ: Մի քանի ժամ անց նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Ակնհայտ էր, որ արագացված այս գործընթացը քաղաքական նպատակներ է հետապնդում, այն է՝ Փաշինյանը Քյարամյանին առաջ է տանում:

Շատ ավելի ուշագրավ էր Քյարամյանի գույքի և ունեցվածքի հայտարարագիրը (տես՝ Արգիշտի Քյարամյան․ ինչու Փաշինյանը նախընտրեց «դեֆորմացիոն գործընթացը»): 2013-ից բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող Քյարամյանը հայտարարագրել է մեծ գումարներ, որոնք եթե հավատանք նրան, եղել են նվիրատվություններ: Երիտասարդ պաշտոնյան չէր հայտարարագրել բնակարաններից մեկը, քանի որ «մոռացել էր»:

Երկու տարվա ընթացքում Հայաստանն ունենում է ԱԱԾ երրորդ տնօրենը: Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն նշանակեց նախ՝ Արթուր Վանեցյանին, որը լրատվամիջոցներին առաջին անգամ հայտնի դարձավ 2016-ի ամռանը՝ «Սասնա ծռեր» խմբի զինված ապստամբության և ՊՊԾ գունդը գրավելու օրերին, երբ երևաց միջնորդ Վիտալի Բալասանյանի կողքին:

Վանեցյանը Թավշյա իշխանությունների ամենասիրելի պաշտոնյան էր, սակայն կարճ ժամանակ անց դարձավ հակահեղափոխական, ազատվեց աշխատանքից, ստեղծեց կուսակցություն և այժմ պայքարում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Վանեցյանից հետո ԱԱԾ տնօրեն նշանակվեց Էդուարդ Մարտիրոսյանը, նախ՝ պաշտոնակատար 2019-ի սեպտեմբերից, ապա այս տարվա մարտի 19-ից՝տնօրեն: Քյարամյանը ոչ միայն ամենաերիտասարդ ԱԱԾ տնօրենն է Հայաստանի պատմության մեջ, այլև առաջինը, որ կապ չունի ռուսական ԿԳԲ-ի, առավել ևս՝ ՊԱԿ-ի հետ:

Նիկոլ Փաշինյանը հավատարիմ ուժայիններ է փնտրում։ Ոչ միայն ուժային կառույցներում, այլ նախարարություններում պաշտոնյաների՝ մեկը մյուսին հետևող արագ փոփոխությունները հիշեցնում են Վարդերի հեղափոխությունը Վրաստանում: Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնավարման տարիներին տասնյակ նախարարներ ու փոխնախարարներ է նշանակել-ազատել:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ