Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո

1473

Կասկած չկա, որ Հայաստանի նախկին իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա՝ 2020թ. հունիսի 5-ի երեք կետերը կմեկնաբանեն նաև միակողմանի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին նաև համարում են առաջին նախագահի հոգեզավակը: Անշուշտ, որ Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը բացարձակապես տարբեր մարդիկ են՝ տարբեր քաղաքական հայացքներով, աշխարհի մասին ընկալումներով, անցյալով, կրթությամբ, բնավորությամբ:

Տեր-Պետրոսյանը, սովորության համաձայն, գործող իշխանություններին աջակցություն է հայտնում երկրի համար ծանրագույն պահերին: Այսպես էր 2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ իր տանը ընդունեց այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդպես էր 1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ, ըստ էության, կանգնեց այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին:

Այսպես է այսօր, երբ գործող իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դիմագրավում են լրջագույն մարտահրավերի՝ կորոնավիրուսին:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Աննախադեպ ոճիրի հաջորդ օրը մեկուկես տարվա լռությունը խախտում է Հայաստանի առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանի գրավոր հայտարարությունում ասվում էր. ՙԿիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը` ես կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը՚:

ՙՉեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` հանրապետությունում լիակատար կարգուկանոն և  հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ: Չեմ կասկածում նաև, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների: Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետությանը նետված մարտահրավերը՚,- ասվում էր Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ:

Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց և շնորհակալություն հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանին: