«Անձև քաոսի» միջից. Սիմոն Վրացյան

704

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԺԷ

Արտակարգ դժվար պարտականություն էր դնում պատմությունը Հայաստանի գործիչների վրա: Իսկապես որ, « անձև քաոսի և ավերակների կույտ էր» Հայաստանը այդ օրերին: Եվ սարսափելին այն էր, որ չէր երևում ոչ մի հեռանկար: Թուրքերը ծեծում էին արդեն Բաքվի դռները, գերմանացիք՝ հաղթական արևմուտքում: Ռուսաստանում քաղաքացիական կռիվն էր ծավալվում իր բոլոր արհավիրքներով: Դրսից պաշտպանություն, ապրուստի միջոց, դրամական օժանդակություն չէր գալիս: Ինչ որ արվելու էր՝ պետք էր անել սեփական ուժերով:

Հայաստանը, ավելի շուտ, գաղթականական կայան էր. ամբողջ երկրում շուրջ 450 000 գաղթական էր թափված, որից մոտ 40 000-ը՝ Երևանում, շատերը՝ փողոցների և ավերակների շենքերի մեջ: Հաց չէր ճարվում, ժողովուրդն ապրում էր ինչպես կարող էր: Գետնախնձորով կամ լոբիով խառն հացի ֆունտը քաղաքում, սկզբի օրերին, արժեր 5 ռուբլի և այն էլ ճարվում էր դժգոհությամբ:

Սարսափելի էր որբերի վիճակը: Երևանի «Զանգ» թերթը գրում էր օգոստոսի 3-ին. «Տասնյակ հազարավոր որբեր այսօր ցրված Հայաստանի Հանրապետության սահմաններում, մոռացված ամենքից՝ ենթակա են ցրտի, քաղցի և համաճարակ հիվանդությունների… Մահացողներին վերջ չկա. մեռնում են ամենքը և ամենուրեք, գյուղերում թե քաղաքներում, բացօթյա ամենքի աչքի առաջ»:

Հացի, բնակարանների, հագուստի և դեղերի պակասն ու գաղթականության խռնվածությունը առաջ բերին ու զարգացրրին համաճարակ հիվանդություններ, սկզբում խոլերան, ապա բծավոր տիֆը, որի գերանդին առատ հունձ էր անում ամեն կողմ: Տուն չկար, որ հիվանդ չունենար: Հիվանդները թափվում էին և փողոցներում ու հրապարակներում: Միայն հունիս ամսի 12-18-ին Երևանի զինվորական հիվանդանոցը ընդունվել էին 370 հիվանդներ, որից մեռել էր 142 հոգին, առողջացել՝ 25-ը: Օգոստոսի 28-29-ին հիվանդանոցում կային 197 հիվանդներ, մեռան 17 հոգի: Զինվորական հիվանդանոցից դուրս, մասնավոր բժիշկների տեղեկություններով օգոստոսի 12-29-ին, Երևանում, մեռել էր 56 մարդ և հիվանդացել՝ 157-ը: Այս դեռ սկիզբն էր երկանց: Հապճեպով պատրաստված հիվանդանոցներն անզոր էին իրական դարման հասցնելու. դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար: Եվ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարյուրներով, հազարներով: Ժողովուրդը սպառվում էր վառվող մոմի պես:

Սովի և համաճարակի հետ, երկրում խախտված էր և ապահովությունը: Դասալիք զինվորներ, ապրուստի միջոց չունեցող գաղթականներ ու տեղացիներ, խմբերով և անհատ-անհատ, հարձակվում էին ճամփորդների վրա, թալանում տները, խանգարում հանրային անդորրությունը: Հասարակական չարիք էր դարձել, այսպես կոչված  «մաուզերիզմը»՝ մաուզերով զինված մարդիկ շահարկություններ էին անում նույնիսկ մայրաքաղաքի փողոցներում, և խաղաղ բնակչությունը տառապում էր նրանց ձեռքին:

Դրությունը քանի գնաց ծանրացավ: Մինչև հոկտեմբեր գրեթե վերջացավ Հայաստանի սահմաններում գտնված հացի պաշարը: Դրսից ոչինչ չէր գալիս: Պետական և հասարակական ամբարները պարապ էին: Ստեղծվեց սարսափելի կացություն: Ո՛չ միայն գաղթականությունը, այլև տեղացիներից շատերը մատնվեցին սովամահության: Եվ այս զարհուրելի վիճակը տևեց մինչև 1919 թ. գարունը, երբ հասավ ամերիկյան ալյուրը: Սովը առանձնապես ահռելի ձևեր ընդունեց Սուրմալուի և Ալեքսանդրապոլի շրջաններում:

Վեց ամսվա ընթացքում, սովից ու հիվանդություններից, Հայաստանում մեռավ մոտ 180 000 մարդ: Թուրքերը գտել էին կոտորածի նոր ձև՝ ավելի իրական և ավելի անաղմուկ: Մի վեց ամիս ևս և Ռուսահայաստանն էլ կհասներ Թուրքահայաստանի օրին: Արժե՞ր այդ պայմաններում կռիվ անել, զորամասեր զբաղեցնել, իզուր տեղը արյուն թափել: Հայաստանի գործը հանձնելով սովին ու տիֆին՝ թուրքերն իրենց գլխավոր ուժերը ուղղել էին Բաքվի դեմ:

Թուրքիայի ներկայացուցիչը Երևանում՝ Մեհմեդ Ալի փաշան «մարդասիրաբար» օգնում էր կառավարությանը՝ մերթ ընդ մերթ «նվիրելով» կամ ծախելով Հայաստանին մի քանի վագոն ցորեն հայերից հափշտակված պահեստներից: Եվ միաժամանակ, միջոցներ էր ձեռք առնում Հայաստանում ապրող մահմեդականությունը փոխադրելու Սուրմալուի ու Սարդարապատի շրջանները՝ ձգտելով մի կողմից սովից ու հիվանդություններից ազատել մահմեդական զանգվածները և մյուս կողմից՝ նախկին հայկական վայրերը բնակեցնել մահմեդականներով:

Եվ, հակառակ այս դժոխային պայմաններին, հայ ժողովրդին ու նրա ղեկավարներին հաջողվեց հաղթահարել դժվարությունները և, ճիշտ է մեծ զոհերով, կենդանի դուրս գալ օրհասական պայքարից:

Հայաստանի Խորհրդի և կառավարության առաջին գործը եղավ լարել ու գործի դնել կառավարական մեքենան: Կազմակերպվեցին նախարարությունները: Վերակազմվեցին բանակն ու վարչական հիմնարկությունները: Կանոնավորվեց զինվորականների ու պետական պաշտոնյաների ռոճիկը: Միջոցներ ձեռք առնվեցին դատարանների բարեկարգության ու դպրոցների բացման: Խոշոր գումարներ հատկացվեցին գաղթականների ու խնամատարության և աշխատանքի գործի կազմակերպության, որբերի հավաքման ու պահպանման, պարենավորման մթերքների հայթայթման համար: Միառժամանակ, մինչև սեփական օրենսդրության իրականացումը, Հայաստանի սահմաններում ընդունվեցին նախկին ռուսական օրենքները՝ Ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի ու Սեյմի և Հայաստանի Խորհրդի՝ փոփոխություններով ու լրացումներով:

Առաջ բերենք այստեղ մի քանի օրինակներ Հայաստանի Խորհրդի առաջին շրջանի օրենքներից ու կարգադրություններից, որոնք որոշ գաղափար են տալիս այն ժամանակվա պայմանների մասին:

Օգոստոսի 8-ին հատկացվեց 6 միլիոն ռուբլի գաղթականական, պարենավորման ու զորքի վերակազմության համար:

Օգոստոսի 21-ին ամբողջ Հայաստանը հայտարարվեց խոլերայի կողմից վտանգված և Հայաստանի Խորհրդի բժշկասանիտարական մասնաժողովը վերածվեց վարակիչ հիվանդությունների դեմ մաքառող բոլոր հիմնարկությունների վրա հսկող ամենաբարձր մարմնի:

Օգոստոսի 29-ին հրատարակվեց օրենք մասնավոր սեփականություն կազմող զենքի ու զինամթերքի պետականացման մասին: Այս օրենքի շուրջ Խորհրդում տեղի ունեցան բուռն վիճաբանություններ: Առանձնապես ծառացան սոց.-դեմոկրատ պատգամավորները, որոնք համարում էին անթույլատրելի ժողովրդի զինաթափությունը և պահանջում էին ժողովրդին թողնել զինված: Օրինագիծը ընդունվեց 15 քվեով ընդդեմ 7-ի:

Սեպտեմբերի 11-ին հայտարարվեց բամբակի մենավաճառ. կառավարությունն իր ձեռքը առավ բամբակի առևտրի մենաշնորհը՝ որոշ գնով պետականացնելով երկրի ամբողջ բամբակը, որ, այն օրերին, միակ աղբյուրն էր կառավարական հասույթի: Այս օրենքն էլ կրքերի սաստիկ գրգռում առաջ բերեց Խորհրդի նիստերում և առատ նյութ մատակարարեց կառավարության քննադատության համար:

Նույն սեպտեմբերի 11-ին հաստատվեց դպրոցական օրենքը, որով «յուրաքանչյուր հասարակական կամ համայնական կազմակերպություն, խմբակցություն, ընկերակցություն, ինչպես և առանձին անհատ, իրավունք ունեին անարգել դպրոց բանալու և անկախորեն վարելու սեփական միջոցներով»: Պետությանը վերապահվում էր ընդհանուր հակակշիռը:

Սեպտեմբերի 28-ին ընդունվեց կարիք ունեցող գաղթականներին հող և աշխատանք հայթայթելու օրենքը. կառավարությունը պարտավոր էր ապրուստի միջոց չունեցող գաղթականներին տալ աշխատանք կամ հող կամ, հակառակ պարագայում, բաց թողնել պետական նպաստ:

Հոկտեմբերի 8-ին որոշվեց կարիքավոր գաղթականների, առավելապես կանանց համար, բանալ պետական ջուլհականոցներ՝ առաջին հերթին գործի դնելով 1 500 դազգահ և 20 000 ճախարակ: Այդ նպատակին հատկացվեց 6 691 200 ռուբլի:

Հոկտեմբերի 11-ի օրենքով,  «բոլոր գաղթական որբերի խնամատարության ու դաստիրակության գործը պետությունը վերցրեց իր վրա և անմիջական վարումը հանձնեց հանրային խնամատարության նախարարին»: Ինքնավարություններին, հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անհատներին թողնվում էր իրավունք բանալու և պահելու որբանոցներ, միայն պետության հսկողության տակ:

Դարձյալ հոկտեմբերի 11-ին հատկացվեց 12 736 250 ռուբլի որբերի, անճար և աննեցուկ գաղթականների օգնության և գաղթականներին տրամադրելիք բնակարանների վերաշինության համար:

Խորհուրդը արձակեց նաև մի շարք վճիռներ աշխատավորության ու պաշտոնեության, հաշմանդամների ու հասարակական պարտականություններ կատարելիս մեռածների ընտանիքների վիճակը բարելավող, հարկային ու պարենավորման դրությունը կարգավորող: Վարկեր հատկացվեցին մթերքների գնման, ոստիկանության ու նոր զորամասերի կազմակերպման, քաղաքային ինքնավարությունների ու կոոպերատիվների օգնության և համանման ուրիշ կարիքների համար:

Պետք է նկատել, որ Հայաստանի Խորհրդի աշխատանքը ամբողջապես ուղղված էր երկրի ընթացիկ սուր կարիքների մեղմացմանը: Հիմնական շինարաության մասին, իհարկե, խոսք լինել չէր կարող: Նույնը և կառավարության գործունեության մեջ. նա գերագույն ճիգ էր թափում, գլխավորապես, օրվա հրամայական պահանջներին բավարարելու համար. հաց, դեղ և անդորրություն՝ այս երեք խնդիրներով կարելի էր սպառել այն ժամանակվա «պետական շինարարությունը»:

Իր խղճուկ միջոցներից Հայաստանը ստիպված էր բաժին հանել և երկրից դուրս գտնվող կարոտյալներին: Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Խորհուրդը կես միլիոն ռուբլի հատկացրեց Բաքվի հայ աղետյալներին, նոյեմբերի 4-ին 5 միլիոն ռուբլի քվեարկեց՝ Վրաստանի Հայոց ազգային խորհրդին միանվագ նպաստ տալու համար, դեկտեմբերի 3-ին 300 000 ռուբլի վարկ բաց թողեց Պարսկաստանի հայ փախստականների օգնությանը և այլն: Փշրանքներ էին սրանք տիրող ծով կարիքի համեմատությամբ, բայց  Հայաստանի սեղանի վրա էլ փշրանքից զատ բան չկար, հայ ժողովուրդը չունեցածից էր տալիս:

***

Հոկտեմբերի 5-ին Խալիլ փաշան Երևանում հայտնեց, որ ինքը հրաման է ստացել դատարկելու Լոռի-Փամբակի շրջանը: Անմիջապես հայ և թուրք հրամանատրությունները գծեցին այդ շրջանը հայերին փոխանցելու ծրագիրը, և Հայաստանի կառավարությունը հրամայեց Դիլիջան-Լոռիի զորամասի պետ Դրոյին՝ բռնել հեռացող թուրք զորքերի տեղը:

Դիլիջան-Լոռիի զորամասը, այդ միջոցին, բաղկացած էր հետևյալ ուժերից. պարտիզանական հետևակ գունդ՝ գնդապետ Միրիմանյանի հրամանատարության տակ, պարտիզանական ձիավոր գունդ՝ հրամանատար գնդապետ Կորոլկով, 4-րդ լեռնային մարտկոցը (4 թնդանոթ) և նոր կազմվող Ղազախի միլիցիոն գունդը՝ սպա Թ. Մնացականյանի գլխավորությամբ: Դրոն զորամասի հրամանատար էր նշանակվել օգոստոսին: Քաղաքացիական մասի օգնականն էր Ս. Մանասյանը:

Զորքերը դասավորված էին հետևյալ կերպով. Ղազախի զորամասի պետ գնդապետ Կորոլկովը, ունենալով իր հրամանատարության տակ մի ձիավոր հարյուրյակ, 4-րդ հետևակ գունդը և Ղազախի միլիցիոն գունդը՝ բռնում էր ամբողջ հայ-վրացական սահմանագիծը (Կողբ-Քարվանսարա), ուր կարգը մինչև 1918 թիվը բնավ չխանգարվեց:

Ղարաքիլիսայում գտնվող թուրքերի դեմ՝ Բոզիքենդ-Վոսկրեսենովկա-Վարդանլու (Վարդանլուն չեզոք վայր էր), կանգնած էին 2-րդ ձիավոր գնդի երկու հարյուրակները՝ սպա Կուռո Թարխանյանի հրամանատարությամբ:

Ընդհանուր պահեստը, գնդ. Միրիմանյանի գլխավորությամբ, բաղկացած էր 4-րդ գնդի գումարտակներից՝ Դիլիջանում և 1 գումարտակից՝ Նիկիտինոյում:

Ստացված հրամանի վրա, հոկտեմբերի 18-ին Դրոն կարգադրեց Կուռո Թարխանյանին, 2 հարյուրյակ ձիավորներով շտապ գնալ գրավել Դսեղ-Քոլագերան-Ղաչաղան գիծը, իսկ Բաշ-Ապարանի զորամասը- առաջին ձիավոր գունդ, 5-րդ հետևակ գունդ, 1 մարտկոց՝ հրամանատարությամբ գնդապետ Ղորղանյանի՝ անցնելով Սպիտակի լեռնանցքը՝ գնաց բռնեց Ջալալ Օղլի-Գերգեր-Կուրթան գիծը: Կարգադրությունը կատարվեց շատ արագ, և հոկտեմբերի 21-ին արդեն շրջանը ամբողջությամբ հայերի ձեռքին էր, գրեթե առանց միջադեպի:

Մեկ-երկու անշշան միջադեպեր պատահեցին հայ և վրացի զորամասերի միջև Ջալալ Օղլիի և Դսեղի շրջանում: Առաջինում, հակառակ մերոնց նախազգուշացման, վրացիները հետախույզների մի խումբ ուղարկեցին Ղաչաղանի կողմը, բայց մեր ձիավորների կրակով հետ շպրտվեցին: Դսեղի կողմը վրացիները առաջ քաշեցին գերմանացի զինվորների մի խումբ, որ մտավ հայերի գրաված Քարինջ գյուղը և ձերբակալվեց ու զինաթափված հետ ուղարկվեց մեր զորամասի կողմից: Երկու օր հետո, վերից եկած հրամանով, զենքներն էլ վերադարձվեցին գերմանացիներին: Այս միջադեպը առիթ ծառայեց զորավար Ֆոն Քրեսի միջամտության: Առհասարակ, Լոռի-Փամբակի գրավումը ահագին խլրտում առաջ բերեց Թիֆլիսում:

Հոկտեմբերից սկսած, արտաքին աշխարհում տեղի ունեցան արտակարգ դեպքեր: Բուլղարիան պարտված՝ դուրս էր եկել պատերազմողների շարքից: Ավստրո-հունգարական կայսրությունը ճարճատում էր փլուզումի նախօրյակին: Ամերիկայի մուտքը պատերազմի մեջ նախորոշում էր պատերազմի վախճանը: Եվ որքան ընդհանուր հաշվեհարդարի օրը մոտենում էր, այնքան փոխվում էին տրամադրությունները և Հայաստանում ու Հայաստանից դուրս գտնվող հայկական շրջանների մեջ: Կասկածն ու հոռետեսությունը սկսում էր տեղի տալ լավատեսության:

Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին ամիսներին շատ ուժեղ էր թերահավատությունը: Մանավանդ Թիֆլիսում, Հայաստանի մասին խոսելիս ու գրելիս «հանրապետություն», «անկախություն» բառերը արտասանվում էին հեգնանքով ու չակերտների մեջ էին առնվում: Հայ սոցիալ-դեմոկրատներն ու սոցիալիստ-հեղափոխականները, հակառակ որ մասնակցում էին Հայաստանի Խորհրդի աշխատանքներին, ըստ էության բացասական դիրք ունեին և պայքարում էին անկախության դեմ: Ժողովրդականները սկզբունքով ճանաչում էին անկախությունը, բայց Հայաստանի Խորհրդում, համարյա միշտ, ընթանում էին ձեռք ձեռքի սոցիալ-դեմոկրատների և սոցիալիստ-հեղափախականների հետ, իսկ Թիֆլիսում նրանց կուսակիցները ջանք չէին խնայում՝ վարկաբեկելու Հայաստանի կառավարությունը, որով, անուղղակի կերպով, հարվածում էին և Հայաստանի պետականությունը: Բացի դաշնակցականներից, այն էլ ո՛չ բոլորը, շատ քչերն էին հավատում, որ հանարպետությունը կապրի ու կամրանա:

Արևմուտքում զարգացող դեպքերը, սակայն, հետզհետե փոխեցին տրամադրությունները և՛ հայկական շրջաններում, և՛, մանավանդ, հայ բուրժուական մտավորականության մեջ: Նրանք կամաց-կամաց փոխարինեցին իրենց վերաբերմունքը դեպի Հայաստանը և, երեկվա անհաշտ հակառակորդները, սկսեցին հասկացողության ծրագիրը կոալիցիոն հիմունքներով: Այդ նպատակով, հոկտեմբերի վերջերին Երևան հասան Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Ս. Հարությունյանի և Մ. Բերբերյանի գլխավորությամբ՝ Դաշնակցության հետ բանակցելու՝ կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով: Թիֆլիսի ժողովրդականների տրամադրությունը համապատասխանում էր և Երևանի ժողովրդականների ձգտումներին, որոնք ավելի ամուր կանգնած Հայաստանի հողի վրա՝ ջերմորեն պաշտպանում էին համերաշխության ու գործակցության գաղափարը:

Դաշնակցության շարքերում էլ կոալիցիայի հարցը դրված էր հերթի: Հոկտեմբերի վերջերին սկսվել էր կառավարական սուր տագնապ. ընդդիմադիրների անվերջ քննադատություններից ու հարձակումներից զզված ինչ-որ խնդրի առթիվ ստանալով անվստահության քվե՝ Քաջազնունին հրաժարական էր ներկայացրել: Առհասարակ, Հայաստանի Խորհրդում ստեղծվել էր անշնչելի մթնոլորտ, և այդ դրությանը վերջ տալու համար Դաշնակցությունը մտածում էր առաջ բերել կուսակցությունների գործակցություն:

Գործակցությունը ներկայացվում էր երկու ձևով. ոմանք կողմնակից էին բոլոր կուսակցությունների մասնակցությամբ կառավարություն կազմելուն, բայց կային և զուտ ընկերվարական նախարարության կողմնակիցներ: Այս վերջին միտքը մեկ կողմ թողնվեց, որովհետև Դաշնակցության կողմից արված առաջարկի վրա սոցիալ-դեմոկրատները և սոցիալիստ-հեղափոխական խմբացկությունները դրեցին ակնհայտ կերպով անիրագործելի պայմաններ: Առաջինները պահանջեցին երկու տեղ և անպայման ներքին կամ արտաքին գործոց նախարարությունը: Վերջինները իրենց համար առանձին պահանջներ չունեին, բայց վճռականապես դեմ էին, որ արտաքին գործոց նախարարությունը հանձնվի ժողովրդականներին և ներքինը՝ սոցիալ-դեմոկրատներին: Այսպիսով, ընդհանուր կոալիցիայի խնդիրը մեկ կողմ էր ընկնում. միակ հնարավորությունը մնում էր դաշնակցական-ժողովրդական գործակցությունը: Այս հողի վրա և սկսվեցին բանակցությունները:

Բանակցությունների ընթացքում ժողովրդականներին ավելի հետաքրքրում էր նախարարական աթոռների թիվը, քան քաղաքական սկզբունքային հարցերը: Նրանք պնդում էին, որ իրենց հանձնվեն արտաքին, ելևմտական, դատական և հանրային կրթության նախարարությունները, իսկ զինվորական նախարարը լինի անկուսակցական մեկը: Վերջին չորս կետերը Դաշնակցությունն ընդունեց, իսկ արտաքին գործոց նախարարությունը վերապահեց իրեն:

Ընդհանուր-սկզբունքային խնդիրներից ժողովրդականները մինչև վերջ պնդեցին մեկ կետի վրա, որ հողային հարցի լուծումը հետաձգվի մինչև Սահմանադիր ժողով կամ համաժողովրդական քվեով ընտրված խորհրդարանի գումարումը: Դաշնակցությունը այս հարցում զիջեց:

Ժողովրդականները առաջարկում էին և՛ Արամի, և՛ Խատիսյանի կառավարական կազմի մեջ մտնելու դեմ. այս պահանջը Դաշնակցությունը մերժեց:

Ի վերջո, կոլիցիոն գլուխ եկավ և Հայաստանի Խորհրդի նոյեմբերի 4-ի նիստում՝ դաշնակցական ու ժողովրդական պատգամավորների քվեներով ընդունվեց  Քաջազնունիի կառավարության հրաժարականը և Դ. Զուբյանի ու Հ. Ազատյանի կրքոտ քննադատություններից հետո հանձնարարվեց նույն Քաջազնունուն կազմել նոր կառավարություն: Նույն նիստում հենց Քաջազնունին հայտարարեց նոր կառավարության կազմը. անպորտֆել վարչապետ՝ Հ. Քաջազնունի (ՀՅԴ), արտաքին գործոց նախարար՝ Ս. Տիգրանյան (ՀՅԴ), օգնական՝ Գ Մելիք-Ղարագյոզյան (ժողովրդական), ներքին գործոց՝ Արամ (ՀՅԴ), զինվորական՝ զորավար Հ. Հախվերդյան (անկուսակցական), ելևմտական՝ Ա. Էնֆիաջյան (ժողովրդական), արդարադատության՝ Ս. Հարությունյան (ժողովրդական), հանրային կրթության՝ Մ. Աթաբեկյան (ժողովրդական), պարենավորման՝ Լ. Ղուլյան (ժողովրդական), խնամատարության՝ Խ. Կարճիկյան (ՀՅԴ):

Պետական վերահսկիչ Հայաստանի Խորհրդի կողմից, սոցիալիստ-հեղափոխականների և սոցիալ-դեմոկրատների ձեռնպահությամբ, ընտրվեց Մինաս Բերբերյանը (ժողովրդական):

Ինչպես ցույց են տալիս անունները, կառավարությունը բավական ուժեղ կազմ ուներ: Բոլոր նախարարները զարգացած ու հեղինակավոր գործիչներ էին: Ժողովրդականների մեջ կենտրոնական անձը Ս. Հարությունյանն էր՝ Թիֆլիսի հայտնի փաստաբաններից մեկը, պատրաստված, Հայաստանի պայմաններն ու հայ իրականությունը լավ ճանաչող, աշխատունակ ու հայ բուրժուական խավերում մեծ ազդեցություն ունեցող մի գործիչ: Հայկական ու ռուսական շրջաններում լայն կապեր ունեցող, գրական ու հասարակական ջղի տեր, հայրենասեր ու ձեռնհաս մարդ էր և պետական վերահսկիչ Մ. Բերբերյանը:

Նոր կառավարությունը հասարակության կողմից ընդունվեց, իբրև մի քայլ դեպի աջ, զիջում բուրժուական խավերի. «Հայաստանի Խորհրդի ղեկավար կենտրոնը մի քիչ թեքվեց դեպի աջ,- գրում էր «Հորիզոնը»,- և այդ բանում մեծապես պատասխանատու են սոցիալ-դեմոկրատ և սոցիալիստ-հեղափոխական ֆրակցիաները… Ստեղծված դրությունը իսկական կոալիցիան է մեր իրականության, ուր հայ դեմոկրատիայի կուսակցությունն է Դաշնակցությունը և հայ բուրժուազիայի դրոշակակիրը՝ Ժողովրդական կուսակցությունը: Հայ դեմոկրատիայի և բուրժուազիայի կոալիցիան է, որ ստեղծվեց»:

Հասկանալի է, որ նոր կառավարության հետ կապվում էին մեծամեծ հույսեր: Ենթադրվում է նաև, որ Թիֆլիսից դեպի Հայաստան կսկսվի թարմ ուժերի, մտավորական նոր գործիչների կենդանի հոսանք: Եվ, առաջին օրերին, նոյեմբերի 20-ին, Երևան փոխադրվելով, ժողովրդական նախարարներն իրենք էլ գործի կպան մեծ ոգևորությամբ: Ս. Հարությունյանը պատրաստվում էր հիմքից վերակազմել արդարադատության գործը, պաշտոնի կոչել հմուտ իրավագետներ ու դատաստանական գործիչներ: Մ. Աթաբեկյանը հրապարակ դրեց աշխարհիկ ընդհանուր կրթության խնդիրը, խոստացավ ուժ տալ տեխնիկական դպրոցների բացմանը: Էջմիծնի ճեմարանը տեղափոխել Երևան և հետզհետե վերածել համալսարանի, կրթությունը աստիճանաբար ազգայնացնել, պետական թատրոն, թանգարան ու գրադարան հիմնել, համախմբել մտավորականությունը Հայաստանում: Մ. Բերբերյանը ձեռնարկեց պետական վերահսկողության՝ իբրև հիմք ընդունելով նախնական կամ փաստական հսկողության սկզբունքը: Ա. Էնֆիաջյանը հայտարարեց, թե նոր տարվանից ներկայացնելու է կայուն պետական բյուջե և միջոցներ է ձեռք առնելու՝ ստեղծելու սեփական դրամ:

Ոգևորությունը, սակայն, երկար չտևեց՝ հազիվ մի քանի շաբաթ: Եվ ահա սկսվեց ժողովրդական նախարարների փախուստը Երևանից, ուր կյանքի պայմանները շատ էին ծանր, սև հացի, հատակի վրա քնելու և ոջիլի չվարժված մարդկանց համար: Կառավարության կազմությունից երկու շաբաթ չանցած, կուսակցական ինչ-որ ներքին տարակարծության հետևանքով, հրաժարական տվեց ու հեռացավ հանրային կրկնության  նախարար Մ. Աթաբեկյանը. նրա տեղը անցավ Գ. Մելիք-Ղարագյոզյանը: Քիչ վերջը, պաշտոնական գործով, մեկնեց պարենավորման նախարար Լ. Ղուլյանը և այլևս չվերադարձավ: Թիֆլիսում պաշտոն ստացավ հայկական պարենավորման հիմնարկության մեջ: Ղուլյանի նախարարությունն էլ ստանձնեց Ս. Հարությունյանը, որը շուտով նույնպես գնաց Թիֆլիս՝ իր հերթին պաշտոնակատար նշանակելով Գ. Մելիք-Ղարագյոզյանին: Այսպիսով, ստեղծվեց մի դրություն, երբ Հայաստանը ուներ երեք պարենավորման նախարար և ո՛չ մի պարենավորում: Մի հանգամանք, որ իհարկե, վնասում էր կառավորության հմայքին:

Կոալիցիոն կառավարության համար անուղղելի հարված եղավ և Խ. Կարճիկյանի եղերական մահը նոյեմբերի 14-ին: Նա սպանվեց իր կուսակցական ընկերոջ՝ սպա Եգոր Տեր-Մինասյանի ձեռքով, երբ նախարարական առանձնասենյակում զբաղված էր գաղթականների տեղավորման ու հոգատարության խնդիրներով:

Կարճիկյանի մահով ո՛չ միայն Հայաստանն էր զրկվում իր ամենախոշոր պետական մի գործչից, այլև բովանդակ Կովկասը: Նա եղավ վերջին տասնամյակի կովկասյան իրականության այն սակավաթիվ դեմքերից մեկը, որոնք կյանքի ամենախռովահույզ օրերին անգամ կարողացան պահել մտքի պայծառությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Արամից հետո, առաջինն էր՝ կոչված կերտելու Հայաստանի պետական շենքը: Եվ մոլեռանդի կույր գնդակը խլեց հայ ժողովրդից այդ թանկագին կյանքը: Հասկանալի է, թե ինչո՞ւ նրա մահը ցնցեց ամենքին: Կարճիկյանի հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգ էր:

Մարդասպանը վրեժ էր լուծում Կարճիկայնից, իբրև մեկից, որ իր վարած քաղաքականությամբ դեպի կործանում էր առաջնորդել հայ ժողովրդին, որ գործիք էր ծառայել վրացի ազգայնականների ձեռքին, որ պատճառ էր եղել Կարսի անկման ու հետագա աղետների: Անարդար էին այդ մեղադրանքները: Կարճիկայնին վերագրվող հանցանքների համար ավելի պատասխանատու էին այն մարդիկ, որոնց ուղղակի կամ անուղղակի ներշնչումով ոճիր էր գործում դժբախտ Եգորը:

***

Կոալիցիոն կառավարությունը գործի անցավ այն պահին, երբ արդեն դաշնակիցների հաղթությունը փաստ էր, և հայ ժողովրդի առջև բացվում էին նոր հորիզոններ: Նոյեմբերի 17-ին Բաքու էր մտել անգլիական մի զորամաս զորավար Թոմսոնի գլխավորությամբ: Նոյեմբերի 20-ին վերադարձել էին հաշտարար պատվիրակության անդամները՝ Ահարոնյանը, Խատիսյանը, Պապաջանյանը, որոնք Պոլսից դուրս էին եկել նոյեմբերի 1-ին՝ բերելով իրենց հետ Մուդրոսի զինադադարի և արևմտյան ճակատի դեպքերի մանրամասնությունները: Նույն օրերին, Թեհրանից՝ Ս. Արարատյանից, Ներսես արքեպ. Մելիք-Թանգյանի միջոցով, ստացվեց մի հեռագիր, որ չափազանց վարդագույն հեռանկարներ էր բացում հայ ժողովրդի առջև. Պողոս Նուբարը ավետում էր դաշնակիցների հաղթության լուրը, որ տիրում էր հայկական բոլոր խավերի մեջ:

Շուտով բացվելու էր Խաղաղության վեհաժողովը: Պետք էր շտապել պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ ներկայցնելու հայկական պահանջները: Հայաստանի Խորհուրդը մի քանի դռնփակ նիստերում քննեց պատվիրակության տալիք հրահանգները: Մասնավորապես լուրջ ու բազմակողմանի քննության առնվեց Հայաստանի սահմանների հարցը: Կար մի քանի տեսակետ. վարչապետ Քաջազնունին գոհանում էր համեստ սահմաններով՝ համաձայնվելով ծովային ելք էլ չունենալ: Ժողովրդականները՝ Ս. Հարությունյանն ու Մ. Պապաջանյանը պնդում էին ծովից ծով Հայաստանի վրա՝ Տրապիզոնի և Ալեքսանդրետի ելքերով: Դաշնակցականների մեջ էլ քիչ չէին ծովից ծով Հայաստանի կողմնակիցներ, բայց մեծ մասը կանգնած էր միայն Սև ծովի ելք ունենալու տեսակետի վրա: Նկատողության առնվեց և մանդատի հարցը. բացի սոցիալիստ-հեղափոխականներից ու սոցիալ-դեմոկարտներից, որոնք պաշտպանում էին միությունը Ռուսաստանի հետ, Հայաստանի Խորհուրդը առաջին տեղը տվեց Ամերիկայի հոգատարությանը, ապա՝ Անգլիայի, հետո՝ ֆրանսիայի, և վերջը միայն՝ Ռուսաստանի: Հայաստանի Խորհրդի դեկտեմբերի 3-ի նիստում կազմվեց պատվիրակությունը՝ Ա. Ահարոնյան՝ նախագահ, Մ. Պապաջանյան և Հ. Օհանջանյան՝ անդամներ: Այս վերջինը դեռ Բեռլինում էր: Հրահանգների վերջնական ձևակերպումը թողնվեց կառավարությանը, որ և հանձնարարեց պատվիրակությանը պաշտպանել Սև ծովի ելքը՝ առանց դնելու Կիլիկիայի պահանջը: Միևնույն ժամանակ հրահանգվեց Ա. Ահարոնյանին՝ սերտ գործակցություն հաստատել Պողոս փաշա Նուբարի հետ: Նոյեմբերի 9-ին պատվիրակությունը մեկնեց Թիֆլիս:

***

Դարձյալ հրաշքն էր փրկում հայ ժողովրդին:

Նոյեմբերի կեսին, Հայաստանի զինվորական նախարարը Երևանի թուրքական ներկայացուցիչ Մեհմեդ Ալի փաշայից ստացավ հետևյալ գրությունը. «Պ. նախարար, Օսմանյան կայսրության գլխավոր սպայակույտի պետը հրամայում է ինձ հաղորդելու ձեզ, որ Բրեստ-Լիտովսկի սահմաններից դուրս մնացող և թուրք զորքերի կողմից գրավված հողամասերը պետք է դատարկվեն վեց շաբաթվա ընթացքում՝ հաշվելով 1918 թ. հոկտեմբերի 24-ից»:

Եվ հետզհետե սկսվեց թուրքերի նահանջը ու նրանց պարպած հողերի գրավումը հայերից: Նոյեմբերի 18-ին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա և իրենց ձեռքը առան շրջանի կառավարությունը: Ահռելի տեսարան բացվեց նրանց առջև. գավառը բառիս բուն նշանակությամբ ավերված ու կողոպտված էր: Գյուղացիության 98 տոկոսը թալանված էր մինչև շապիկի կոճակը: Ամեն ինչ տարել էին թուրքերը՝ տավարը, երկրագործական գործիքները, սայլերը, կահ-կարասիքը, անկողինները, անգամ ճրագները: Մարդկային կմախքները թափթփված էին չորս կողմը: Ղարաքիլիսայի ու Ղըշլաղի միջև նետված էին 400 դիակներ, Ղըշլաղի մոտ՝ մեծ կիրճում մարդիկ հաշվել էին 500 դիակ: Հազարավոր դիակներ, գանգեր ու մարդկային ոսկորներ թափված էին Ալթուն Թախտում ու Վանանց ձորում… Երկաթուղին քար ու քանդ էր արված, կողոպտված մինչև դռներն ու պատուհանները: Երկիրը հասել էր քայքայման վերջին աստիճանի:

Զարհուրելի պատկեր էր նկարում «Զակավկազսկոյե Սլովոյի» թղթակիցը (1918 թ. նոյեմբերի 22), որ անմիջապես թուրքերի հեռանալուց հետո, եղել էր Լոռի-Փամբակում:

«Ղալթաղչի կայարանից մինչև Քոլագերան թուրքերը տարել են շպալները, պահեստի երկաթուղագծերը, կայարանների կարասիները, շոգեշարժները, վագոնները, հեռախոսներն ու հեռագիրը… Կայարանի շենքերը թողնում են ավերակների տպավորություն. դռների և պատուհանների փայտեղեն մասերը հանված են, կտուրները պոկված, պատերը քանդված… համաճարակները շարունակում են հնձել ժողովրդին: Չկա բժշկական օգնություն: Դեղատները թալանված են: Հիվանդները մեռնում են առանց դեղի ու բժշկական օգնության: Փամբակի գյուղերում կան բազմաթիվ սոված ու բոկոտն որբեր, առանց որևէ խնամքի: Շրջանի դպրոցական կայնքը մեռել է: Բոլոր դպրոցները թալանված են: Ղշլաղի գեղեցիկ դպրոցի ամբողջ կահ-կարասիքը այրել են ասկյարները… Բոլոր 8-10 կոոպերատիվները կողոպտված են»:

Նույնքան սարսափելի էր դրությունը և մյուս վայրերում: Նոյեմբերի 22-ից թուրքերը սկսեցին դատարկել Ալեքսանդրապոլը: Դեկտեմբերի 2 և 3-ին, Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Խոյեցյանի նախագահությամբ կազմված մի հանձնախումբ ընդունեց քաղաքն ու բերդը: Դեկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 5-ին Ղալթախչիից շարժվեց մի հայկական գումարտակ գնդապետ Նեստերովսկու հրամանատարության տակ և գրավեց Ալեքսանդրապոլը: Բերդապետ նշանակվեց գնդապետ Դիտիմովը:

Այստեղ ևս՝ ընդհանուր ավեր ու խեղճություն. թուրքրեը տարել էին ամեն ինչ, որ կարելի էր եղել շարժել՝ շոգեշարժ, վագոն, ցորեն, ժողովրդից խլված պարենը, բամբակը, տնային իրեր, կայարանի բոլոր գույքը՝ հեռագրական ու հեռախոսային գործիքներից սկսած մինչև դռներն ու պատուհանները: Բերդը պայթեցրել էին և շատ բան այրել: Քաղաքն ու շրջակա գյուղերը կողոպտված էին մինչև վերջին դռներն ու պատուհանները: Բերդը պայթեցրել էին մինչև վերջին ասեղը: Անհատակ թշվառություն էր տիրում ամեն կողմ: Հակառակ Մեհմեդ Ալի փաշայի Հայաստանի կառավարության տված պաշտոնական հավաստիացումների, թե դեկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 9-ից սկսած՝ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի սահմաններից այս կողմ ո՛չ մի թուրք ասկյար չի մնալու և թե կարգադրված է, որ հեռացող ասկյարնները ո՛չ մի թալան ու ավերածություն չանեն, թուրքերը հեռանում էին՝ իրենց հետևը թողնելով մահ ու քայքայում…

Ավարը կենտրոնացվում էր Կարսում, ուր հավաքված էր հայրուր հազարավոր փութ բամբակ, 65 000 փութ շաքար, մի քանի տասնյակ հազար եղջյուրավոր անասուններ, մեծ քանակությամբ հացահատիկ, կաշվեղեն, բուրդ, կերպասեղեն, կահ-կարասիք, պատուհաններ ու դռներ …

Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը, որ հանձնվեց Հայաստանին դեկտեմբերի 5-ին, մերկացված էր ամեն բանից. կայարանների շենքերը՝ ավերակ և անբնակելի, ջրակայանները՝ փչացած, հեռախոսն ու հեռագիրը՝ քանդված, կամուրջներից շատերը՝ հրո ճարակ…

Նույն տեսարանը և՛ Երևան-Ջուլֆա երկաթուղագծի վրա, և՛ Երևանի, Էջմիածնի ու Սուրմալուի գավառների թուրքերից գրավված մասերում: Պարսկաստանից դեպի Կարս ու Էրզրում քաշվող թուրք զորմասերը, խուժանացած, ճանապարհին ահ ու սարսափ էին տա8aծում, գործում էին բռնություններ, կողոպտում ու փչացնում էին հայերի գույքերը: Երկաթուղային կազմվածքի պակասի պատճառով Նախիջևանում, Ուլուխանլուում, Սարդարապատում, Ալեքսանդրապոլում կուտակվում էին հազարավոր ասկյարներ, որոնք թալանում էին ժողովրդին, մտնում շրջակա գյուղերը, խլում ինչ որ պատահի, կոտրում-փչացնում կայարաններ ու երկաթուղային կազմվածքը: Մորեխի պես, այս ամբոխը սրբում-ոչնչացնում էր ճանապարհին ամեն բան:

Դժվար է տալ իրական պատկերը թուրքերի գործած ավերի ու քայքայման իրենց ութամսյա տիրապետության շրջանում և հեռանալու ժամանակ: Մեր ձեռքի տակ կա «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» մեկ պաշտոնական զեկուցումը Փամբակ-Լոռի շրջանում թուրքերի հասցրած վնասների մասին: Այդ զեկուցումը կազմված է 1918 թ. դեկտեմբերի առաջին կեսին, թուրքերի հեռանալուց անմիջապես հետո, տեղն ու տեղը, բոլոր գյուղերում կատարված քննության ու հավաքած նյութերի հիման վրա: Ահա մի քանի քաղվածքներ այդ զեկուցումից, որոնք տալիս են աղոտ պատկերը սոսկ իրականության, որը անհամեմատ ավելի մռայլ էր:

«Թուրք զորքը ներս է խուժել Փամբակի շրջան 1918 թ. մայիսի 20-ին: Այդ զորքը Ջավիդ բեյի 11-րդ դիվիզիան էր, որի շարքերում մեծ թիվ էին կազմում քուրդ զինվորները»: Ղարաքիլիսա հասնելուն պես, նրանք սկսում են կոտորել հայերին. «Կոտորածները բնավ անկարգ, պատահական բնույթ չեն կրել, այլ եղել են ծրագրված ու կազմակերպված և տևել են պաշտոնապես երեք օր»:

«Ղարաքիլիսայում թե բռնությամբ և թե զանազան խորամանկ միջոցներով հարյուրավոր մարդկանցից բաղկացած խմբեր են հավաքել և գյուղից դուրս հանելով՝ գնդակահարել կամ սվինահարել են: Ղարաքիլիսայում սպանվել են բոլոր հայ սպաներն ու զինվորները, որոնք պարտությունից հետո կամ գերի են ընկել, կամ կամովին ապավինել հաղթողների մեծահոգությանը: Նույն տեղում կոտորված են, բացի տեղացիներից, բազմաթիվ գաղթականներ Կարսի և Ալեքսանդրապոլի շրջաններից: Ընդհանուր առմամաբ, Ղարաքիլիսայի շրջակայքում գնդակահարված են մի քանի հազար մարդ. ճիշտ թիվը պարզելու հնարավորություն չկա: Պետք է կարծել, որ այդ թիվը 3000-ից պակաս չէ, թեև ոմանք հասցնում են մինչև 7000-ի: Այս թվի մեջ չեն մտնում սպանված տեղացիները՝ 1470 հոգի: Այս ձևի կոտորածներ տեղի են ունեցել նաև Համամլուում, Հաջիղարայում, Դարբազում, Ղշլաղում և Եղաբլուում: Մյուս գյուղերում սպանությունները զանգվածային բնույթ չեն կրել, սակայն, մարդկային զոհերը պակաս չեն եղել և այս գյուղերում. այստեղ թուրքերը իրենց ծրագիրը իրագործել են մեղմ ձևով: Արևմտյան Փամբակի գյուղերից գերի են առել հարյուրավոր երիտասարդներ, որոնք գրեթե բոլորը ոչնչացել են քաղցից, ծեծից և ուժից վեր աշխատանքներից՝ Էրզրումի շրջանում: Սակավաթիվ վերադարձողները պատմում են, որ նրանց, բացի այլևայլ տաժանելի աշխատանքներից, լծում էին սայլերին և քշում երկաթե ճիպոտներով: Էրզրում քշված 8000 գերիներից՝ Շիրակից ու Փամբակից, վերադարձել են միայն մոտ 600 հոգի:

Թե մեր շրջանում և թե ամենուրեք առանձնապես հետամտել են թուրքահայերին և ճանկը ընկածներից ոչ մեկը չի խուսափել մահից:

Բռնաբարությունները կրել են բառի ամենալայն իմաստով զանգվածային բնույթ. կան գյուղեր, որոնք, հենց իրենց գյուղացիների խոստովանությամբ, ենթարկվել են լիակատար բռնաբարության (Նալբանդ գյուղը): Եղել են դեպքեր, երբ բոլոր տղամարդկանց դուրս են քշել գյուղից ու կանանց բռնաբարել: Բռնաբարության ենթարկվել են և ջահել աղջիկները՝ սկսած 8-10 տարեկանից, և նորատի հարսները, սակայն, սակավ չեն դեպքեր, երբ բռնաբարել են պառավ կանանց: Հաստատվում են նաև արվամոլության բազմաթիվ դեպքեր, բռնաբարություններին մասնակցել են նաև հրամանատարությունը, նույնիսկ բժիշկները, օրինակ, դիվիզիայի բժիշկ Քյամիլ բեյը:

Թալանի ենթարկվել է ամեն ինչ, որ կարելի է թալանել՝ դրամ, թանկարժեք իրեր, կահ-կարասիք, հագուստեղեն, մթերքներ և այլն: Որովհետև Փամբակի ազգաբնակչությունը հանկարծակիի եկավ, նա գրեթե ոչինչ չթաքցրեց և ամեն ինչ կորցրեց: Դրամը և թանկարժեք իրերը անցել են ասկյարների ձեռքը շատ դեպքերում որպես փրկանք կամ մահից խուսափելու համար:

Թալանի են ենթարկված ամբողջ շրջանի անասունները. ջոկել տարել են ջահել և առույգ անասունները՝ թողնելով վտիտներին: Տարել են գրեթե բոլոր ձիերն ու էշերը… Ցանքսերի մեծ մասը տրորվեցին ձիերի ոտքերի տակ, մի մասը արածացրին, իսկ ինչ փրկվեց, սրա երեք-ութերորդ մասն էլ, իբրև բահրա, թուրք իշխանությունը դուրս տարավ երկրից տասնյակ վագոններով: Փամբակի լեռնաշղթայի ճոխ խոտհարքները հնձել տվին հենց գյուղացիներին, նրանց սայլերով կրել տվին կայարանները և բառնալով վագոնները՝ նույնպես դուրս տարան: Նույն վիճակին ենթարկվեց և գետնախնձորը… Մեղվաբուծությունը վերջնականապես ոչնչացած պետք է համարել, եթե հաշվի չառնենք մեկ մեղվանոց, որ փրկվել է ամբողջովին, և հատ ու կենտ փեթակներ՝ մնացած այս կամ այն մեղվապահի մոտ: Շրջանում ոչնչացված է մոտ 6500 մեղվի ընտանիք, բոլորը շրջանակավոր փեթակներով:

Հիմնավորապես ոչնչացված է բոլոր դպրոցական գույքը, գրադարանները, կոոպերատիվները. քիչ բացառությամբ թալանված են և վատթար ձևերով սրբապղծված բոլոր եկեղեցիները: Ներկայումս Փամբակում չի գործում ո՛չ մի դպրոց, ո՛չ մի կոոպերատիվ:

Ասկյարները ամբողջ հինգ ամիս ապրել են գյուղերի հաշվին և բառի իսկական իմաստով ոչնչացրել են ոչխար, հավ, ձու, յուղ, պանիր, կաթ և այլ մթերքներ: Եվ այսօր հայ շինականի շեն օջախը կատարյալ ամայություն է ներկայացնում:

Ինչ որ ասվեց Փամբակի մասին, նույնը կարելի է կրկնել Լոռիի մասին»:

Լոռի-Փամբակի նյութական կորուստը, խիստ մոտավոր թվերով, հաշվված է, մոտ 45 միլիոն ռուբլի՝ շուրջ 15 միլիոն դոլար:

Եվ այս դեռ մի շրջանում, որը, օրինակ, Շիրակի կամ Սուրմալուի համեմատությամբ, ավելի քիչ էր վնասված: Կարելի է երևակայել, թե ինչ էր կատարվում մյուս շրջաններում: Իրոք որ, «այստեղից թուրքն էր անցել»…