Ընդդիմությունը՝ խաղաղության և պատերազմի օրերին

1065

Հայաստանի բոլոր իշխանությունները բոլոր ընդդիմություններին մեղադրել են, քննադատել ու ամոթանք տվել, որ պատերազմի ժամանակ անբարո կեցվածք է իշխանություն քննադատելը՝ հայրենիքի համար ծանրագույն պահերին համախմբվելու փոխարեն: Նույնն այսօր է, երբ կորոնավիրուսի դեմ պատերազմում պարտվող Հայաստանի իշխանությանը անխնա և համակարգված կերպով քննադատում են նախկին իշխանություններն ու ընդդիմությունը:

Առանց մեղավորներ փնտրելու եկեք հիշենք, թե ինչ կեցվածք են ունեցել Հայաստանի ընդդիմությունները բոլոր ժամանակներում, երբ մենք ունեցել ենք անկախություն: Արձանագրենք նաև, որ ինչպես 1918-1920թթ․, այնպես էլ 1991-ից ի վեր Հայաստանը մշտապես եղել է պատերազմի և պատերազմների մեջ կամ առնվազն՝ և՛ պատերազմ, և՛ խաղաղություն իրավիճակում:

1918-ին, բայց հատկապես 1919-ին Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը, որ նաև ՀՅԴ-ի հետ եղավ կոալիցիոն կառավարության կազմում, իշխող ուժին անխնա քննադատում էր ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների մեջ, ինչպես նաև՝ 1919-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծելու և ամերիկյան ալյուրը որպես ընտրակաշառք բաժանելու մեջ: Թերթե՛ք Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովուրդ» օրաթերթի համարները և կգտնեք բազմաթիվ քննադատական հոդվածներ ՀՅԴ-ի հասցեին:

1920 թվականի մայիսին բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ հայ բոլշևիկները մայիսյան ապստամբություն իրականացրին Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում և մի շարք այլ վայրերում, որտեղ կար բանվորություն և զորք: 1920 թվականի աշնանը, երբ Հայաստանը արյունալի պատերազմի մեջ էր ներխուժող քեմալական զորքերի դեմ և մի քանի շաբաթների ընթացքում պատերազմում կորցրեց Հայաստանի գրեթե կեսը, Բաքվում ձևավորված Հայհեղկոմը 11-րդ բոլշևիկյան բանակի օգնությամբ Ղազախ-Իջևան հատվածով մտավ Հայաստան և խորհրդայնացրեց հանրապետությունը:

Հայաստանի անկախության պատմության մեջ սա, բարեբախտաբար, եզակի դեպք է մնացել, երբ դիմելով օտար ուժի, այն է՝ Ռուսաստանին, և օտար պետության մայրաքաղաքում, այն է՝ Բաքվում, ընդդիմությունը միավորվում և պայքարում է իշխանափոխության համար ու հասնում դրան:

1991-1994թթ․ պատերազմի ընթացքում, այդ թվում՝ 1992-ի ամռանը, երբ հայկական ուժերը կորցնում էին տարածքներ, ընդդիմությունը ամենօրյա ցույցեր ու հանրահավաքներ էր կազմակերպում Երևանի կենտրոնում: Այն օրերի հիմնական ընդդիմադիր ուժերն էին ՀՅԴ-ն, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը: Ճիշտ է նաև, որ 1991-1994թթ․ բոլորն հայերն էին պայքարում հանուն Արցախի՝ առանց կուսակցական խտրականության:

1996-ին Վազգեն Մանուկյանը, ԱԺՄ-ն ու նրա շուրջ ձևավորված ընդդիմությունն էր փողոցում պայքարում Լևոն Տեր-Պետրոսյանի ու իշխանական ՀՀՇ-ի դեմ:

2003-2004-ին Ստեփան Դեմիրճյանն ու նրա շուրջ ձևավորված ընդդիմությունն էր պայքարում Ռոբերտ Քոչարյանի ու իշխանական կոալիցիայի դեմ:

2007-2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանն ու մյուս ընդդիմադիրներն էին փողոցային պայքար մղում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի ու նրանց աջակցող կուսակցություննների դեմ:

2013-ին Սերժ Սարգսյանի դեմ պայքարը փողոց էր դուրս բերել Րաֆֆի Հովհաննիսյանին:

2016-ի ամռանը՝ ապրիլյան քառօրյայից հետո և հավանաբար դրա հետևանքով նաև «Սասնա ծռերը» զինված ապստամբություն կազմակերպեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:

2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանը փողոց հանեց հարյուր հազարավոր մարդկանց:

Այսօր՝ կորոնավիրուսի այս ծանր օրերին, Նիկոլ Փաշինյանի դեմ տարբեր ճակատներով պայքար են մղում նախկին իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց կոալիցոն դաշնակիցների ու Միքայել Մինասյանի գլխավորությամբ: Խորհրդարանում և նրա պատերից դուրս ընդդիմադիր կեցվածքով աչքի է ընկնում «Լուսավոր Հայաստանն» ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այսօրվա ընդդիմությունը և նախկին իշխանությունը մեկ՝ ավելի ճիշտ մի քանի շատ կարևոր առավելություն ունի բոլոր նախկին ընդդիմությունների համեմատ: Քոչարյանի, Սարգսյանի ու Մինասյանի ձեռքում են տասնյակ լրատվամիջոցներ, ինչից զուրկ են եղել նախկին ընդդիմություններն ու ահռելի ֆինանսական միջոցներ, ինչից նույնպես նախկինում զուրկ են եղել ընդդիմությունները՝ որոշ բացառություններով:

Այնպես որ, ընդդիմության կամ նախկին իշխանության հիմնական գործը միշտ եղել է հարվածել գործող իշխանություններին հնարավոր թույլ տեղերում և հասնել իշխանափոխության ընտրությունների և/կամ փողոցային պայքարի ճանապարհով:

Եղել են նաև դեպքեր, երբ ընդդիմությունը հրադադար է հայտարարել: Հիմա, երբ գրում եմ այս տողերը, հիշում եմ վերջին երկու թարմ օրինակները: 2016-ի ապրիլյան օրերին Հայաստանում չկար իշխանություն և ընդդիմություն, քանի որ բոլորը հոգիներով ու սրտերով Ադրբեջան-Արցախ ռազմական գործողությունների դաշտում էին: 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիայի հետ և նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երևան, օրվա ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ժամանակավորապես դադարեցրեց փողոցային պայքարը:

Հավանաբար այլ դեպքեր ևս եղել են, երբ ընդդիմությունը հետքայլ է արել: Մեծ հաշվով, սակայն, ընդդիմության ու նախկին իշխանությունների հիմնական գործը եղել է գործող իշխանություններին հարվածելը, անիրատեսական խոստումներն ու անտանելի պոպուլիզմը: Այդպես է եղել 1918-1920թթ․ և 1991-ից ի վեր:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ