Վազգեն Ա հայրապետի հրաժեշտի հանդիպումները Պոլսում և մեկնումը Անկարա. հուլիս, 1961թ

845

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏՎԻՆ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ Տ. ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄՈՏ

Հուլիսի 14-ին, ուրբաթ կեսօրին, Վեհափառ Հայրապետը հյուր եղավ Հունաց Տիեզերական Պատրիարքի, Ֆեների Պատրիարքարանում:

Ընդունելությանը մասնակցում էին գերաշնորհ Տ. Խադ, Տ. Սերովբե, Տ. Շնորհք, Տ. Կոմիտաս սրբազանները, Տ. Պարգև, Տ. Սահակ, Տ. Գևորգ վարդապետները, քահանա հայեր, պր. Կարապետ Աբրահամյանը, պր. Հակոբ Ֆընտըգյանը, դոկտ. Տիգրան Մամիկոնյանը, պր. Ժիրայր Արսլանյանը, պր. Հովհաննես Չեքիճյանը, պր. Վարդգես Գաբրիելյանը և դոկտ. Տիգրան Թահթապրունյանը:

Ընդունելությունն անցավ ջերմ, եղբայրական մթնոլորտում, վերածվելով ճշմարտապես «սիրո սեղանի մը», ինչպես նման առիթներով արտահայտվել է հանգուցյալ Պատրիարքը:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը և Հունաց Տիեզերական Պատրիարքը ճառեր փոխանակեցին:

Վեհափառ Հայրապետը, մտերիմ զրույցի ժամանակ, Ամենապատիվ Տ. Աթենագորաս Պատրիարքին հրավիրեց մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Սիրալիր այս ընդունելությունից հետո, Վեհափառ Հայրապետը ողջագուրվելով, հրաժեշտ առավ Ստամբուլի Հունաց Տիեզերական Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Աթենագորաս Սրբազանից:

Պաշտոնական այս տեսակցության ընթացքին, Նորին Սրբություն Տ. Աթենագորաս Պատրիարքը Ամենայն Հայոց Հայրապետին նվիրեց թանգարանային արժեք ունեցող բյուզանդական ոճով մի սրբապատկեր:

Նույն օրը, առավոտյան ժամը 10-11-ին, Պատրիարքարանում կազմակերպվել էր պրես-կոնֆերանս հայ և օտար թղթակիցների համար, որտեղ Վեհափառ Հայրապետը պատասխանեց թղթակիցների բոլոր հարցերին:

Վեհափառ Հայրապետը առանին ունկնդրություն շնորհեց Ստամբուլի «Ժամանակ» և «Մարմարա» հայ թերթերի խմբագիրներին:

Երեկոյան ժամը 17-21-ին, Վեհափառ Հայրապետը այցելում է Ֆերիգյուղի Ս. Վարդանանց, Թոփգափուի Ս. Նիկողայոս, Բաքրգյուղի Ս. Աստվածածին և Եշիլգյուղի Ս. Ստեփանոս եկեղեցիներին: Ամենուրեք խուռներամ բազմությունը հուզմունքով և խանդավառությամբ դիմավորում է Վեհափառ Հայրապետին, ստանալու համար Նրա սուրբ օրհնություններն ու արժանանալու աջհամբույրի:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Ստամբուլի հայ սանուց 11 միություններ, ուրբաթ, հուլիսի 14-ի երեկոյան, «Պարկ հոթել»-ում, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր պատվին, կազմակերպում են ընդունելություն, որին հրավիրվել էին նաև հոգևորական և աշխարհական բազմաթիվ պաշտոնական անձնավորություններ և այլ հյուրեր:

Սեղանը բացվում է Վեհափառ Հայրապետի Տերունական աղոթքով: Պր. Արա Կյուրտեն ներկայացնում է սանուց միությունների համառոտ պատմականը և գործունեության պատկերը:

Գործադրության է դրվում ճոխ, գեղարվեստական մի ծրագիր, սանուց միությունների շնորհալի անդամների և անդամուհիների մասնակցությամբ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացվում են սանուց միություններ և անոնց անդամները, որոնք մի առ մի, խորին պատկառանքով գալիս են խոնարհվելու Վեհափառ Հայրապետի առաջ և ստանում նրա հայրական օրհնությունները:

Ընդունելության ժամանակ, հայ մշակույթի և հայ ժողովրդի ստեղծած իմացական, հոգևոր արժեքներին նվիրված բովանդակալից ճառով հանդես է գալիս Վեհափառ Հայրապետը, շեշտելով այդ արժեքների ստեղծման և պահպանման աշխատանքներում հայ երիտասարդության՝ ուսուցիչ, փաստաբան, բժիշկ, արվեստագետ, վիճակված պատմական սրբազան պարտականությունը:

Ստամբուլում գործում են հետևյալ 11 սանուց միությունները. «Կեդրոնական», «Մխիթարյան», «Եսայան», «Պեզճյան», «Արամյան», «Գարակյոզյան», «Սահակյան», «Սկյուտար», «Մաքրուհյան», «Թարգմանչաց» և «Մեսրոպյան»:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՕՐՀՆՈՒՄ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀՈՂԸ

Հուլիսի 15-ին, ուրբաթ, Գատըգյուղի Ս. Թագավոր եկեղեցում եպիսկոպոսական հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցում գերաշնորհ Տ. Կոմիտաս սրբազանը, իր անձի շուրջ այստեղ ևս ստեղծելով ջերմ սեր և միացում, իր քաղցր ձայնի և սուրբ պատարագի մատուցմամբ պատճառած հոգևոր երանության համար:

Ժամը 10-ին, Վեհափառ Հայարպետը նախ այցելում է Սկյուտարի Ս. Խաչ եկեղեցին և օրհնում ժողովրդին, ապա, ժամը 11-ին, հանդիսավորապես մուտք գործում Գատըգյուղի Ս. Թագավոր եկեղեցին, խանդավառություն ստեղծելով և հոգեկան ուրախություն ստեղծելով Իր ճանապարհի վրա:

Սուրբ պատարագին ներկա են նաև քույր եկեղեցիների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ունկնդրում են սուրբ պատարագի Կոմիտասյան երգեցողությունը, հուզումով և հափշտակությամբ:

Քարոզում է Վեհափառ Հայրապետը, ընդգծելով հայ դպրոցին վիճակված դերը, վեր հանելով մեր ժողովրդի կրթական հաստատություններ կառուցելու ձգտումը, և ապա օրհնում արծաթյա ափսեի մեջ Իրեն մատուցված հողը, բերված նոր կառուցվող Արամյան վարժարանի հիմքից:

Հավատ սուրբ պատարագի, Վեհափառ Հայրապետը հյուրասիրվում է … և ապա օրհնում հավատացյալ ժողովրդին:

Գատըգյուղից հետո, Վեհափառ Հայրապետը այցելում է Շիշլիի հայոց գերեզմանատունը, «Հոգւոց» արտասանելու հոգելույս Գարեգին Պատրիարքի գերեզմանի վրա:

Նորին Ս. Օծությունը հանգուցյալ Պատրիարքի թարմ շիրմի վրա զետեղում է Ս. Էջմիածնից բերված մի գեղեցիկ, քանդակազարդ խաչքար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը ազգային գերեզմանատանը այցելում է պատրիարքների, այդ թվում Օրմանյանի, Նարոյանի, մտավորականների, ծանոթ ազգային դեմքերի շիրիմները և ընդհանուր «Հոգւոց» արտասանում:

Նույն առավոտ, Ռումելի Հիսարի Ս. Սանդուխտ կույս եկեղեցում, պատարագում և քարոզում է Ամենայն Հայոց Հայրապետի գավազանակիր հոգեշնորհ Տ. Պարգև վարդապետ Գևորգյանը:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅԱՐԱՊԵՏԸ ԳԱՐԱԿՅՈԶՅԱՆ ՈՐԲԱՆՈՑՈՒՄ

Հուլիսի 15-ին, շաբաթ օրը, ժամը 15-ին, Վեհափառ Հայրապետը այցելում է Գարակյոզյան որբանոցը և ընդունվում խնամակալության անդամների կողմից ու առաջնորդվում Սանուց միության սրահը, ուր Նրա բարձր պատվին կազմակերպվել էր ընդունելություն:

Սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը: Որբանոցի տեսչուհին տիկին Սիրանուշ Ֆերուհխյանը հետևյալ սրտաբուխ խոսքերով ողջունում է Վեհափառ Հայրապետի շնորհաբեր այցելությունը, խնդրելով Նրա հայրական օրհնությունը հաստատության ու սանուհիների վրա.

«Վեհափա՛ռ Տեր.

Գրեթե անհավատալի իրականություն մըն է Ձերդ Վեհափառության շնորհաբեր այցը մեր համեստ երդիկին ներքև:

Ցնծության մեջ է այսօր Գարակյոզյան տունը: Անոր փոքրիկ բնակիչներուն անմեղսունակ հոգիներն անգամ երջանկությամբ կխայտան:

Արև բերիք, Վեհափա՛ռ, մեր կարոտ սրտերուն, զարթոնք՝ մեր հոգիներուն:

Ձեր սրբազան անձովը մերը եղան օրհնությունները մեր սրտերուն խորան Ս. Էջմիածնին:

Խոնարհաբար կուգանք բարի գալուստ մաղթել, արևշատություն մաղթել Ձերդ Վեհափառություն, անզուգական Հայրապետ: Ազգովին կհավատանք, որ Ձերդ Սրբության առաջնորդությամբ պիտի պայծառանա մեր հնամենի, աննման Ս. Եկեղեցին և կատարյալ համերաշխության մեջ մեր սրտերը պիտի լեցվին սիրով ու խաղաղությամբ»:

Գործադրվում է գեղարվեստական հայտագիր, որից խոսք առնելով, Իր օրհնությունն է տալիս Վեհափառ Հայրապետը:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը ընդունում է այցելությունը Լիբանանից ծանոթ ազգային երկու դեմքերի՝ մեթր Հրաչ Սեդրակյանի և պր. Օննիկ Ճամպուլյանի, որոնք եկել էին ներկա գտնվելու հանգուցյալ Պատրիարքի հուղարկավորությունը՝ հանուն Լիբանանի հայության:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը ընդունում է նաև Հունաստանի հայոց օրինապահ թեմի թեմական խորհրդի ներկայացուցչին:

ՀՐԱԺԵՇՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՔԱՐՈԶ

Հուլիսի 16-ին, կիրակի, Գումգափուի աթոռանիստ Մայր Եկեղեցում, հրաժեշտի սուրբ պատարագ է մատուցում և քարոզում Վեհափառ Հայրապետը:

Առավոտյան ժամը 10-ին, Վեհափառ Հայրապետը, Պատրիարքարանի դահլիճից, զգեստավորված, ամպհովանու տակ, «Հրաշափառ»-ով առաջնորդվում է եկեղեցի:

Վաղ առավոտվանից, արտակարգ բազմությունը լցրել է տաճարը, բակը, շրջակայքը ամբողջ:

Ս. Սեղանին սպասարկում են սրբազան, հոգեշնորհ և քահանա հայերը:

Սուրբ պատարագի երգեցողությունը կատարում է Ստամբուլի բոլոր եկեղեցիների երգչախմբերից կազմված միացյալ խումբը, Հովհաննես Չեքիճյանի ղեկավարությամբ:

Սուրբ պատարագի ընթացքում, «Հայր մեր»-ից առաջ, Վեհափառ հայրապետը խոսում է Իր ներշնչված և պերճիմաստ քարոզներից մեկը, մոտալուտ հրաժեշտի խոհերի և զգացմունքների ներքո:

Վեհափառ Հայրապետը օրհնությամբ տալիս է Իր հրաժեշտի ողջույնը Ստամբուլի հայ համայնքին, խաղաղության, միասնության կոչ անում բոլոր հավատացյալներին և հորդորում խմբվել Եկեղեցու հովհանու ներքո, Իր գոհունակությունը հայտնում աննախընթաց, խանդավառ ընդունելության համար և Իր շնորհակալությունները երկու պետությունների իշխանությանց՝ Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ ցուցաբերված բարյացկամության և ընծայված դյուրությունների համար:

Վեհափառ Հայրապետը վերջում խաղաղություն է ցանկանում ողջ աշխարհին:

Հավարտ սուրբ պատարագի, հաղորդվում են հազարավոր հավատացյալներ, որոնք ներկա էին եղել հայրապետական հանդիսավոր սուրբ պատարագին:

ՀՐԱԺԵՇՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏՎԻՆ

Երազի նման արագ, բայց բովանդակալից և հուզումնառատ, անցնում էին Ամենայն Հայոց Հայրապետի շնորհաբեր այցելության օրերը Ստամբուլի Իր սիրելի ժողովրդի ծոցում, Իր հարազատ զավակների այցելությամբ, օրհնությամբ:

Հուլիսի 16-ի սուրբ պատարագից հետո, երեկոյան, հայ համայնքը պատվում է իր սիրելի Հայրապետին, հրաժեշտի ընդունելություն կազմակերպելով «Պարկ հոթել»-ում:

Ողջերթի սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը; Ընդունելությանը ներկա են գերաշնորհ Տ. Խադ. Տ. Սերովբե, Տ. Շնորհք, Տ. Կոմիտաս սրբազանները, Տ. Պարգև վարդապետ Գևորգյանը, Գալֆայան որբանոցի մայրեր, Պորտուգալիայի հյուպատոսը, հայ համայնքի, հարանվանությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Ընդունելության գեղարվեստական բաժնին իրենց սրտագին մասնակցությունն են բերել Ալիս Քիթապճյանը, Պետրոս Գույումճյանը, Նուրհան Ռուշանը, Վարուժան Արսլանյանը, Սիլվա Չիլպողոսյանը և Պ. Սրապյանը:

Հանուն Կարգադիր հանձնաժողովի, շնորհակալության, երախտագիտության և ողջերթի ջերմ, սրտառուչ ուղերձ են կարդում Կարապետ Տեր Ղազարյանը, Ս. Խաչ դպրեվանքի անունից՝ Կարպիս Զամբաքը, ներկաների անունից՝ Թոկո Աճեմյանը:

Ընդունելության ընթացքում, պատրիարքական փոխանորդ արժանապատիվ Տ. Արամ ավագ քահանա Պասմաճյանը առաջհամբույրով Վեհափառ Հայրապետին է հանձնում Ստամբուլի հայության նվերը՝ քանդակազարդ ոսկյա կազմով մի մատյան, գործ Ստամբուլի հայ ոսկերիչների, պատրաստված ոսկերիչ Տիրան Շեկի գլխավորությամբ, վրան հանգուցյալ Պատրիարքի նկարով, հետևյալ մակագրությամբ:

«Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԷՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ, ԹՈՒՐՔԻՈՅ ԻՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԷՆ, Ի ՅԻՇԱՏԱԿ Ն. ՎԵՀԱՓԱՌՈՒԹՅԱՆ ԻՍՏԱՄԲՈՒԼ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ, 1961»:

Ընդունելով Իր զավակների սրտաբուխ նվերը, Վեհափառ Հայրապետը ևս նվիրում է արծաթե քանդակազարդ մի մեծ, գեղեցիկ ափսե, կենտրոնում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նկարը, գործ Երևանի հայ ոսկերիչների:

Այս ուրախ և հավետ անմոռանալի պահին, Վեհափառ Հայրապետը, որպես հուշանվեր, ականակուռ ձեռաց խաչեր է տալիս հոգևորականներին, Էջմիածնում պատրաստված, հայկական ոճով:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը արտասանում է հրաժեշտի Իր հուզաթաթավ խոսքը.

«Հրաժեշտի այս պահուն, անգամ մը ևս կբորբոքին հուզումի զգացումները, այն հուզումի զգացումները, որոնցով Մեր սիրտը լեցուն եկանք այստեղ երկու շաբաթ առաջ: Եկանք ձեզ մոտ, ու Մեր հարգանքի տուրքը և Մեր վերջին ողջույնը բերինք հանգուցյալի հիշատակին, Մեր խղճի պարտքը կատարեցինք ձեզի հետ մեկտեղ, և ոչ արհամարհելի չափով մը, անշուշտ որ մխիթարվեցանք: Մենք կրցանք այս մխիթարությունը ապրիլ, ամեն բան առաջ, շնորհիվ մեր պետական իշխանություններու, դեպի Թուրք կառավարությունը, որ անմիջապես ընդառաջեց Մեր դիմումին և Մենք եկանք այստեղ: Եվ տակավին ավելին, այստեղ գալե վերջ, պետական իշխանությունները այնքան ուշադիր եղան Մեր անձին հանդեպ և հարգալիր, և մանավանդ այնքան սրտացավ դեպի Հայ Եկեղեցին և մասնավորապես հանգուցյալի հիշատակը:

Մենք շատ ուրախ ենք, ինչպես լսեցինք քիչ առաջ, թե՛ պր. Ղազարյանի զեկուցումեն և թե՛ ուրիշ առիթներով ձեր արտահայտություններու ընթացքին, որ դուք, իբրև հայ Եկեղեցվո զավակներ, կվայելեք բարյացկամ վերաբերմունքը պետական իշխանության և գիտցած եք վստահությունը շահիլ այս իշխանության: Մենք սրտանց կփափագինք, որպես Հայոց Հայրապետը և իբրև Հայ Եկեղեցվո Պետը, որ այս հավատարմության զգացումներու վրա անխախտ մնաք ամենայն անկեղծությամբ:

Վստահ ենք, որ ինչպես մինչև հիմա, և Մենք շոշափելի կերպով այս դրական արդյունքները տեսանք, վստահ ենք, որ այսուհետև ձեր պետական իշխանություններն ալ նույն բարյացկամությամբ պիտի վերաբերին դեպի ձեր կրոնական, եկեղեցական կյանքը և այդ կյանքի հետ կապված զանազան լուծելի հարցերը:

Կուզեինք քանի մը խոսք ևս ավելցնել իբրև խորհուրդ և իբրև հորդոր, ուղղյալ ձեզի, որ այստեղ եք հավաքված և որ կներկայացնենք մեծ չափով մը, կկարծենք, Ստամբուլի հայությունը: Հետևաբար Մեր հորդորը ուղղված պիտի ըլլա ձեզի և ձեր միջոցով ամբողջ Ստամբուլի հայ հավատացյալներուն:

Մեր առաջին իղձը և փափագն է, որ դուք բոլորդ, այսինքն Ստամբուլի հայ հավատացյալները, համախմբված ապրիք Ս. Եկեղեցվո հովհանիին ներքև իբրև բարի քրիստոնյաններ և շարունակեք մշակել ձեր հոգիներեն ներս քրիստոնեական առաքինությունները, կարգապահ ոգի մը, շինարար ոգի մը և ոգի մը նաև հավատարիմ քաղաքականության դեպի այս երկիրը: Կփափագինք նաև, որ Մեր հավատացյալ զավակները, Ս. Եկեղեցվո կամարներուն տակ, ապրին սիրով միաբան: Սեր և միություն հին պատգամ մըն է, հեռավոր ժամանակներե կուգա, բայց պետք է ցավով հաստատենք, թե հաճախ Մեր զավակներու կյանքեն ներս անհրաժեշտ չափով չէ պահպանված այդ սերը և միությունը: Ընդհանրապես լավատես ըլլալով, կգտնենք սպասելի ձեր համայնքին համար, որ այս սերը և միությունը անհրաժեշտորեն պահպանվին, ամրապնդվին: Եվ այս պիտի ըլլա անշուշտ հօգուտ մեր Եկեղեցիին, ձեր Եկեղեցիին, ձեր համայնքին կյանքին, և նույնիսկ կրնանք ըսել, անհատապես, հօգուտ ամեն մեկիդ: Որովհետև ուղիղ և առողջ մտածելով՝ սիրով միաբան ընկերային կյանքի մը մեջ, անշուշտ որ ավելի հաճելի է ապրիլ: Ավելի ուրախություններու աղբյուր կհանդիսանա այսպիսի կյանք մը, այդ ընկերության ամեն մեկ անդամին համար:

Մենք կուզենք հավատալ, թե մեր Եկեղեցվո բոլոր զավակները հոգվով, սրտով, զգացումներով առողջ մարդիկ են, իմաստուն են, հեռատես են և բարի:

Մենք մեկ իղձ ունինք իբրև Մայր Աթոռ՝ պահել-պահպանել Հայաստանյաց Եկեղեցվո սուրբ և դարավոր կամարներուն ներքև, ճշմարիտ սիրո միություն մը, ավետարանական իմաստով, անխորտակելի և անսասան: Այս է Մեր կարծիքով, մեր Եկեղեցվո պատմութենեն եկող թելադրանքը և այս է մեր հոգևոր կյանքի գոյության իմաստը իսկ և գեղեցկությունը բարոյական:

Մենք խորապես հրճվեցանք՝ մոտեն ճանչնալով ձեր եկեղեցական կյանքը: Բազմաթիվ եկեղեցիներ այցելեցինք և ամեն տեղ տեսանք բարեկարգ կացություն մը, շեն և պայծառ եկեղեցիներ հավատավոր ժողովուրդով, եկեղեցական օրինական մարմիններով, ժողովուրդի կողմե ընտրված, թաղական խորհուրդներ և հարակից այլ մարմիններ: Հատկապես գովելի կգտնենք ձեր դպրաց դասերը և երգեցիկ խումբերը, որոնց երաժշտությունը վայելեցինք ոչ միայն եկեղեցիներու մեջ, այլ զանազան առիթներով ևս:

Այս բոլորը խորապես գնահատելի են և շնորհավորելի և պատիվ կբերեն Ստամբուլի մեր հավատացյալներուն: Ուրախությամբ այցելեցինք նաև քանի մը կրթական հաստատություններ, ինչպես Գալֆայան հաստատությունը, և տեսանք բարի աշխատանքը աստվածասեր քույրերուն, Ս. Փրկիչ հիվանդանոցը, Գարակյոզյան որբանոցը, որոնք նույնպես պատիվ կբերեն այս համայնքին և որոնք գուրգուրանքի առարկա են ոչ միայն ձեր, այլ ամբողջ հայության»:

Ընդհանուր ծափերի և խանդավառ ցույցերի մեջ, Վեհափառ Հայրապետը հրաժեշտ է առնում Իր սիրելի ժողովուրդից, օրհնելով բոլորին և բարեմաղթելով. «Մնացե՛ք բարով, մնացե՛ք խաղաղությամբ»: