Պարոն Փաշինյան, Ձեր ձախողումը Հայաստանի ու Սերժին մերժած քաղաքացու ձախողումն է

2849

Երբ մեր զավակները բակի տղաների հետ քաշքշուկ են ունենում, մենք՝ հայրերս, ոչ թե իջնում ենք ներքև և դուխ տալիս չարաճճի երեխաներին, այլ ամենքս մեր երեխաներին տուն ենք տանում, զայրանում, մատ թափ տալիս, որ չի կարելի կռվել:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընտանիքի հայր և հեղափոխության առաջնորդ, որը եղել է հարյուր հազարավոր հայաստանցիների ներշնչանքի ու հույսի փարոս, վատ ծնողի դեր կատարեց: Ցավում եմ այս բառապաշարի համար, բայց Փաշինյանը կատարեց այն ծնողի դերը, որ իր զավակին երես է տալիս, երբ չարաճճի զավակը ավելի ուժեղ է և ունակ ծեծելու հարևանի երեխային:

Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու քաղաքական գործունեությանը կանոնավոր հետևում եմ արդեն երկար ժամանակ և համարում եմ, որ նրա ելույթը ամենաանհաջողն էր և իրավիճակին ոչ համարժեքը:

Այո՛, դուք ունեք քաղաքական թիմ, դուք պետք է լինեք այդ քաղաքական թիմի կողքին, բայց երբ ստանձնել եք վարչապետի պաշտոնը, այն է՝ երկրի առաջնորդն եք, անտրամաբանական է կորցնել անաչառությունը և հանուն չարաճճի զավակի ու զավակների, փորձել արդարացնել բռնությունը կամ բռնության փորձը:

Դուք այսօր կրկին մտել էիք ձեր ընդդիմադիր շորերի ու կերպարի մեջ, ձեր ելույթը շատ վատ ուղերձ էր բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բռնությունից զերծ Հայաստան կերտելու և նրա ապագայի մասին: Բարոյապես այս խորհրդարանն ու նրա ղեկավարությունը իրավունք չունի այլևս խոսել ու քննարկել քրեական ենթամշակույթի թեման: Քրեական ենթամշակույթը խորհրդարանի ներսում է: Վերջերս էլ նույն խորհրդարանում Բարգավաճ Հայաստանի ընտրյալներն էին սպառնալիքներ հնչեցնում:

Հասկանալի է, երբ քաղաքական ու պետական գործիչները զայրանում են, դուրս գալիս ափերից: Անգամ պարզ քաշքշուկը կարող է թեթև տարվել ու արդարացվել: Դիտեք ձեր այսօրվա ելույթը ավելի հանգիստ վիճակում և կհամոզվեք, որ անարդարացիորեն պաշտպանել ու երես եք տվել ձեր չարաճճի երեխաներին:

Ինչքա՞ն կարելի է խոսել գետնին փռելու մասին: Սա ի՞նչ բառապաշար ու ոճ է: Սասուն Միքայելյանը և բռնության մյուս սիրահարները հիացմունքով էին հետևում ձեր՝ ֆիզիկական բռնությունը դատապարտելու տեքստին, կարծես նրանք էին ենթարկվել հարձակման ու սրտները հովանում էր:

Ընդդիմությունը միշտ էլ կարող է բարոյական ու հոգեբանական բռնություն կիրառել, խոսել աշխատավարձերը 100 անգամ բարձրացնելու, թոշակները տասնապատկելու, երկիրը տարածքով կրկնապատկելու և այլ ամբոխահաճ տեքստեր ասել: Բայց իշխանությունն է, որ պետք է լինի առավել հանդուրժող, որովհետև իշխանության ձեռքում է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, իսկ ընդդիմության զենքը լեզուն է ու պատրանքային խոստումները:

Դուք, պարոն Փաշինյան, խոսում եք սադրանքների և բարոյական ու հոգեբանական բռնության մասին և որ Էդմոն Մարուքյանը Սերժ-Քոչարյանական ռեժիմի պատվերն է կատարում:

Եթե այդ տրամաբանությամբ առաջ շարժվեին Հայաստանի ղեկավարները 1990-ից, ապա օրումեջ ընդդիմությունը, այդ թվում՝ դուք, պետք է ծեծ ուտեիք ու բռնության ենթարկվեիք խորհրդարանում: Ալրաղացի լյովիկների, շմայսների, սասունների ու այլ ոսկոր ջարդողների պակաս մեր խորհրդարանը չի ունեցել:

Դուք վատ եք տանում միայն այն դեպքը, երբ սադրանքներն ու հոգեբանական բռնությունը Ձեր ու ձեր թիմի՞ նկատմամբ է, թե՞ վատ եք զգում բոլոր դեպքերում:

Տևական ժամանակ է, ինչ անհասկանալի է դառնում Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահներից մեկի կեցվածքը: Ամբողջ աշխարհը գիտի, որ պառլամենտական համակարգում ԱԺ ղեկավարությունը պետք է պահի իր չեզոքությունը: Դա չի արվում և չարվեց նաև այսօր, երբ բռնության սպառնալիք կար ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ: Դո՛ւք, պարոն Արարատ Միրզոյան, ոչ մի կերպ չե՞ք ուզում ընդունել, որ ԱԺ նախագահ եք, այլ ոչ Իմ քայլի ղեկավար: Իմ քայլի ղեկավարը Լիլիթ Մակունցն է, որն էլ ունեցավ քաղաքական ելույթ:

Որքան շարունակեք անհանդուրժող լինել և դողալ ձեր վարկանիշի վրա, որքան շարունակեք քաղաքականության հիմքում դնել պոպուլիզմը, այնքան կորցնելու եք այդ վարկանիշը:

Հայաստանն արժանի է իրական, խորքային բարեփոխումների: Հայաստանի ժողովուրդն արժանի է քաղել թավշյա, ոչ բռնի հեղափոխության պտուղները: Ձեր ձախողումը Հայաստանի ու Սերժին մերժած քաղաքացու ձախողումն է:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ