Հայերը Կարսի մարզում

1043

Կարսի մարզի տարածքը կազմում էր մոտ 18,6 հազար քառակուսի կիլոմետր: Մարզը ձևավորվել է 1878 թվականին, երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում այդ տարածքները անցան Ռուսաստանին:

1918 թվականի նախօրեին, երբ հռչակվեցին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Անդրկովկասը, որպես Ռոմանովների Ռուսաստանի ծայրամաս, բաժանված էր 9 վարչատարածքային միավորների՝ 5 նահանգ (губерния – Երևան, Ելիզավետպոլ, Բաքու, Թիֆլիս և Քութայիս), 3 մարզ (область – Կարս, Բաթում և Դաղստան) և 1 շրջան (округ – Զաքաթալ, այսօր Ադրբեջանի մաս է կազմում, հիմնականում բնակեցված էր մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով և թաթարներով):

Կարսի մարզը բաժանված էր հետևյալ 4 շրջանների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի (Կաղզման) և Օլթիի:

Տոկոսային թվերով հայերը մեծամասնություն էին կազմում միայն Կաղզվանի և Կարսի շրջաններում: Այսպես, Կաղզվանում հայերի թիվը 36,5 տոկոս էր, ապա գալիս էին քրդերը՝ 30 տոկոս, հույները՝ 12 և թուրքերը՝ գրեթե 9 տոկոս:

Կարսի շրջանում հայերը կազմում էին գրեթե 35 տոկոս, ապա գալիս էին կարափափախները՝ 16, ռուսները (գերազանցապես՝ մոլոկաններ)՝ գրեթե 13, հույները՝ 11, թուրքերը՝ 8, քրդերը՝ 7 տոկոս:

Օլթիում, որն այսօր ժամանակակից Թուրքիայի Էրզրումի շրջանի մաս է կազմում, թուրքերը մեծամասնություն էին՝ գրեթե 63 տոկոս: Երկրորդը քրդերն էին՝ 11, ապա հայերը՝ 10 և հույները՝ 9 տոկոսին մոտ:

Արդահանում հայերի թիվը աննշան էր՝ 3 տոկոս և հիմնականում կենտրոնացված էին Արդահան գյուղում: Թուրքերի թիվը գրեթե 43 տոկոս էր, ապա գալիս էին քրդերը՝ 19 տոկոս, հույները՝ 11, կարափափախները՝ 10, ռուսները՝ մոտ 8 տոկոս:

Ամբողջ Կարսի մարզում հայերը 1897-ին կազմում էին մեծամասնություն, բայց հարաբերական: Մարզի 290 654 բնակիչներից հայեր էին 73 406 հոգին կամ 25,3 տոկոսը:

Երկրորդը թուրքերն էին՝ 63 547 կամ 21,9 տոկոս: Ապա գալիս էին քրդերը՝ 42 968 կամ՝ 14,8 տոկոս, հույները՝ 32 593 կամ 11,2 տոկոս, կարափափախները՝ 29 879 կամ՝ 10,3 տոկոս, ռուսները՝ 22 327 կամ՝ 7,7 տոկոս:

Կարսի մարզի բազմազգ բնակչության մեջ մտնում էին նաև թուրքմենները (8 442 հոգի կամ՝ 2,9 տոկոս), ուկրաինացիները (5 279 հոգի կամ՝ 1,8 տոկոս), թաթարները, այսօր՝ ադրբեջանցիներ (2 347 հոգի կամ՝ 0,8 տոկոս):

Մարդահամարի ժամանակ 604 հոգին չի նշել իր լեզուն, իսկ 892 հոգին ասել է, որ լիտվացի է, 585-ը՝ ասորի, 568-ը՝ պարսիկ, 526-ը՝ վրացի, 520-ը՝ օս, 455-ը՝ էստոնացի, 430-ը՝ գերմանացի, 328-ը՝ ավար, 250-ը՝ բելառուս, 207-ը՝ բաշկիր և 120-ը՝ դարգինցի:

1918թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանը Կարսի մարզը զիջեց Օսմանյան կայսրությանը: Նույն տարվա գարնանը թուրքական զորքերը սկսեցին առաջխաղացումը և ապրիլի 25-ին գրավեցին Կարսը, ապա անցան Ախուրյանը և զավթեցին նաև Ալեքսանդրապոլը:

1919 թվականի մայիսին, բրիտանական 3000 զինվորական ուժի օգնությամբ, Կարսի մարզը միացվեց Հայաստանի Հանրապետությանը: Ստեփան Ղորղանյանը նշանակվեց նահանգապետ, իսկ Համազասպ Նորհատյանը (Չարենցի «Երկիր Նաիրի»-ի Մազութի Համոն) դարձավ քաղաքապետ:

1920 թվականի սեպտեմբերին սկսված թուրք-հայկական վերջին պատերազմը աղետ էր ՀՀ-ի համար: Գրեթե առանց կռիվների թուրք քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ հոկտեմբերի 30-ին գրավեցին քաղաքը, գերի վերցրեցին մի քանի հազար հայ զինվորների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ նախարար և հոգևորականներ, որոնցից Գարեգին Հովսեփյանը պետք է ազատվեր գերությունից, իսկ տարիներ անց դառնար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսy: ՀՀ այդ օրերի ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը այդպես էլ չմոտեցավ ռազմաճակատին:

Նախկին Կարսի մարզի տարածքից մի փոքր կտոր՝ այսօրվա Արփի լճի ջրմաբարը և շրջակա տարածքը, այսինքն՝ Ախուրյանի աջ ափի որոշ տարածքներ, որ այն ժամանակ անվանվում էր Աղբաբա և բնակեցված էր գերազանցապես կարափափախներով, 1920-ի նոյեմբերին մնաց Հայաստանի կազմում, թեև գրավված էր Կարաբեքիրի կողմից: Խորհրդային տարիներին այդ կարափափախները, որոնց գերեզմաններն այսօր էլ կանգնած են Ամասիայի բազմաթիվ գյուղերում, դարձան ադրբեջանցիներ, իսկ 1988-ի նոյեմբերին հեռացան Ադրբեջան:

Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին: Այդ զիջումը բացատրվում էր ոչ միայն հանուն «հայ-թուրքական բարեկամության» ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն՝ այսօրվա Իգդիրի շրջանը, կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը հայերին զիջեցին Աղբաբան, այսօր՝ Ամասիա:

ՍիվիլՆեթի պատրաստած ֆիլմը` «Կարսից մի կտոր»

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ