Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուղերձը. Արցախում ընտրություններ և կորոնավիրուս

1244

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին

Սիրելի արցախցիներ,

Այս ճակատագրական օրերին ձեզ եմ դիմում` փոխանցելու մտահոգություններս և կիսվելու մտորումներով։

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունում, աշխարհի բազմաթիվ այլ երկրների օրինակով, արտակարգ դրություն է հայտարարված՝ կանխելու համար նոր կորոնավիրուսի համաճարակը։ Արցախում այս պահի դրությամբ վարակի հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։ Սակայն, Հայաստանի և Արցախի սերտ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի ներթափանցման և տարածման տեսանկյունից ակնհայտ վտանգներ է առաջացնում։ Եվ սա խոր անհանգստության տեղիք է տալիս, քանի որ կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների անբավարար լինելու պայմաններում՝ համաճարակը կարող է արագորեն տարածվել և բազմաթիվ կյանքեր խլել։ Այն կարող է նաև լրջագույն հարված հասցնել մեր անվտանգությանը, հատկապես` առկա աշխարհաքաղաքական իրավիճակում։

Այս առումով Արցախի Հանրապետության ղեկավարությունը դժվարին ընտրության առաջ է կանգնած և պետք է պատասխանատու որոշումներ կայացնի՝ անվերապահորեն գերադասելով Արցախի և արցախցիների անվտանգությունը։ Հուսով եմ, որ իշխանություններն ամենայն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են արտակարգ միջոցներ կիրառել հնարավոր վտանգները կանխելու համար։

Ստեղծված իրավիճակում կարևորագույն նշանակություն է ստանում նաև հասարակության համախմբվածությունը։ Հասկանալի է, որ անցած քարոզարշավը որոշակի օբյեկտիվ դժվարություններ է առաջացրել այս իմաստով։ Դիմում եմ քաղաքական գործընթացի մասնակիցներին և բոլոր արցախցիներին. առավելագույն պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերեք՝ այս լրջագույն ու համազգային մարտահրավերը պատվով հաղթահարելու համար։

Անցնող ամսվա իրադարձություններին և իրավիճակի զարգացումներին հետևելիս՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ գալիք տարիների համար Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք։ Հուսով եմ, որ արցախցիները կընտրեն այն մարդուն, ով իր կյանքով է ապացուցել անմնացորդ նվիրվածությունը Արցախի անկախության գաղափարին:

Սիրելի՛ արցախցիներ, ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ։ Տասնամյակներ առաջ միասին մենք անմարդկային դժվարություններ ենք հաղթահարել, հաղթանակել ենք պատերազմում ու ինքնիշխան երկիր կառուցել։ Վստահ եմ՝ նույն միասնականությամբ կհաղթահարենք նաև այսօրվա մարտահրավերները։

Ռոբերտ Քոչարյան

29 մարտի 2020թ․, ք․ Երևան

27 մարտ, 2020

Սերժ Սարգսյանը հուսով է՝ «Արցախի իշխանությունները սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններից առաջ։ Խոսելով կորոնավիրուսի համաճարակի մասին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի իշխանությունները սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Սերժ Սարգսյանի ուղերձը՝ ստորև։

․․․

«Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար:

Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձևափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու և հասարակական հարաբերությունների մասին:

Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան և այլն: Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարևորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու և քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը:

Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը:

Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահվան պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք:

Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել և մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը:

Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին և կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ և տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն և ազգային պետություն:

Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր,

Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն:

Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա:

Սիրելի՛ արցախցիներ,

Երբևէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին և թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:

Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են:

Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձևավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան և անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը:

Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, և որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ և պահապան լինի Արցախին և մեր ողջ ժողովրդին»: