Մասիս Մայիլյանը դեմ չէ Արցախում ընտրությունների հետաձգմանը

609

Մարտի 26-ին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուներից Մասիս Մայիլյանը, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին Արցախից, Հայաստանից և Սփյուռքից շատերն են դիմում ինձ խնդրանքով՝ հստակեցնելու իմ դիրքորոշումը կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք է տարել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը հանրության առավել լայն շերտերի համար հասանելի և ընկալելի դարձնելու համար։

Միանշանակ կարող ենք փաստել, որ հանրության լայն շրջանակներում ոգևորություն է նկատվում, ընտրողների զգալի մասի մոտ առկա են կամք ու վճռականություն՝ արմատական բարեփոխումների ճանապարհով Նոր Արցախի հիմքը դնելու, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում մեզ, որ մարտի 31-ին կարձանագրվի զարգացման նոր հայեցակարգի հաղթանակը։

Միևնույն ժամանակ, մեզ պատուհասած համաճարակի գնալով ահագնացող վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։

ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համաճարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Խորապես գիտակցելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Առողջություն եմ մաղթում բոլորիս և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակած ու ամրապնդված է դուրս գալու այս փորձությունից։

Մասիս Մայիլյան