Շուշի. հայերի ջարդը 100 տարի առաջ այս օրերին

2759

1926 թվականին Շուշում այս տեսարանին է հանդիպում (լուսանկարում) մոսկվացի գրող Մարիետա Շահինյանը:

Հետա նա պիտի գրեր. «Չի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե՛ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր»:

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920-ի մարտի 23-ին, տեղի ունեցավ Շուշիի հայերի ջարդը սեփական քաղաքում: 1992-ի մայիսի 8-ին հայկական ուժերը ազատագրեցին հայկական քաղաքը, որտեղից վերջին հայերը ստիպված էին եղել հեռանալ 1988-ի սեպտեմբերին: Խորհրդային շրջանում, երբ գոյություն ուներ ԼՂԻՄ-ը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում, շատ քիչ հայեր էին բնակվում Շուշիում: Իսկ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Շուշին դարձել էր ադրբեջանական կարևորագույն հենակետը, որտեղից հրետակոծվում էր Ստեփանակերտը:

1920 թվականի մարտյան այս օրերին հայկական կոտորածներ են տեղի ունեցել ոչ միայն Շուշիում, այլ Ստեփանակերտում և Աղդամում:

Նախ տեսնենք, թե ինչ իրավիճակ էր տիրում Անդրկովկասում: Երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, 1920-ի հունվարին Դաշնակիցների կողմից ճանաչվել էին դե ֆակտո անկախ: Հայաստանի և Ադրբեջանի միջև կային մի շարք վիճելի տարածքներ, առաջին հերթին՝ Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը համաձայնություն էր տվել Բաքվի հետ կնքել ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի՝ Արցախը մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում իր կարգավիճակի վերջնական լուծումը համարվում էր Ադրբեջանի սահմաններում գտնվող տարածք:

Համագումարի օրերին սուր տարակարծություններ կային Արցախի քաղաքացիների և գյուղացիների միջև. վերջինները մեղադրում էին քաղաքացիներին, որ դավաճանել են` համաձայնելով համակերպվել Ադրբեջանի պայմաններին:

Համագումարի օրերին Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ, շուշեցի Տիգրան Բեկզադյանն իր հայրենակիցներին ակնարկել էր, որ դրսից օգնություն ստանալու հնարավորություն չկա, և Արցախն ինքը պետք է պաշտպանի իրեն: Բացի այդ, անգլիացիների կողմից Ղարաբաղ-Զանգեզուրի գեներալ-նահանգապետ նշանակված Սուլթանովը վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամվա ընթացքում հպատակվել, հակառակ դեպքում սպառնում էր հայությանը հնազանդեցնել զենքով:

Ահա այս պայմաններում էր, որ Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը իր 15 անդամներին լիազորեց համաձայնություն կնքել Սուլթանովի հետ: Մեկ շաբաթ անց Շուշիում տեղի ունեցավ հրապարակային արարողություն, որի ընթացքում Սուլթանովը, Վահան եպիսկոպոսը, հայ և մահմեդական այլ երևելիներ կարևորեցին ազգամիջյան եղբայրության անհրաժեշտությունը:

1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում կառավարող կուսակցության՝ ՀՅԴ Իններորդ Ընդհանուր ժողովը, որի օրակարգի կարևորագույն հարցը հենց Արցախն էր: Բանավեճեր եղան, թե ինչպես կարգավորել Արցախի խնդիրը: Միակն դաշնակցականը, որը կողմ էր արտահայտվում Արցախը Հակարի գետից այն կողմ թողնել Ադրբեջանի կազմում, Իշխան Արղությանն էր: Ընդհանուր ժողովում, սակայն, այս տեսակետը անընդունելի էր:

Իններորդ ժողովից երկու տարի անց Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին ուղարկած գրության մեջ, որ տեղ է գտել ՀՅԴ Բոստոնի «Հայրենիք» ամսագրի առաջին համարում՝ (Ա տարի, թիւ 1, Նոյեմբեր, 1922 թ., էջ 43-54) այսպես է ներկայացնում.

«Ընդհանուր ժողովը խիստ կտրուկ հրահանգ տվեց ապահովելու Ղարաբաղի միացումը Հայաստանին: Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու կարիքն այնքան կարևոր էր Հայաստանի համար, որ ավելի իմաստուն կլիներ, որ այս հարցում որոշ չափով լինեինք վերապահ, մանավանդ, որ չէր կարելի չհամաձայնվել այն մտքին, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար ավելի ևս կենսական տնտեսական նշանակություն ունի, քան Հայաստանի, և դժվար թե Ադրբեջանը այս հարցում տեղի տար՝ առանց արտաքին սաստիկ ճնշման:

Ղարաբաղը եղավ կռվախնձոր Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բյուրոն, համաձայն Ընդհանուր ժողովի որոշման, Ղարաբաղ ուղարկեց գործիչներ՝ կազմակերպական աշխատանքներ կատարելու համար: Ադրբեջանցիք իրենց հերթին ուղղարկեցին զինվորական ուժեր:

1921 թ. [պետք է լինի 1920-Թ. Հ.] գարնանը առաջ եկավ Ղարաբաղի ապստամբությունը, որին հաջորդեց փաստական պատերազմը ադրբեջանյան զորքերի հետ, որովհետև Զանգեզուրում գտնվող Հայաստանի զորամասը, ընկեր Դրոյի հրամանատարությամբ, վերահասու լինելով հայ-ադրբեջանյան ընդհարումներին՝ մտավ Ղարաբաղ և մասնակցեց կռիվներին: Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղի դեմ ուղղեց համարյա իր ամբողջ բանակը, որից օգտվեցին բոլշևիկները և ապրիլ 28-ին մտան Բաքու»:

Արցախցիները, հատկապես գյուղացիությունը, չէին ուզում ենթարկվել: Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը 1920-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին ընդունեց բանաձև, որում ասվում էր, որ Ադրբեջանը պարբերաբար խախտել է ժամանակավոր համաձայնության ամենագլխավոր կետերը, կոտորել մի քանի հարյուր հայերի:

Հավատարիմ մնալով 7-րդ համագումարի ժամանակավոր համաձայնությանը՝ արցախահայությունը հայտարարեց, որ եթե կրկնվեն ջարդերն ու հարձակումները, Ղարաբաղի հայությունը իր կյանքի և պատվի պաշտպանության համար համապատասխան միջոցների կդիմի:

Այսպես, 1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն, որը փաստացի ղեկավարում էր ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը:

Այդ օրերին Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը իր «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատության մեջ գրում է.

«Ղարաբաղի խնդիրը ուղղակի թունավորում էր Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները։ 1919թ․ դեկտեմբերի 25-ին Սուլթանովը գրավեց Ղարաբաղը՝ առանց հաշվի առնելու տեղի ներկայացուցչական ժողովի կամքը և դրանով գրգռեց հայերին։ Հաշտության  հասնելու նպատակով ես պայմանավորվեցի Ադրբեջանի կառավարության նախագահ Ուսուպբեկովի հետ հանդիպել Թիֆլիսում և իրավախոհության գալ։ Նոյեմբերի 23-ին մենք կազմեցինք «համաձայնագիր», որը նախատեսում էր միջին լուծում։ Միաժամանակ, ես դիմեցի Փարիզի պատվիրակությանը՝ խնդրելով պնդել Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման վրա Վեհաժողովի կողմից։

Փարիզից մենք հուսադրիչ տեղեկություններ էինք ստանում։ Բայց կյանքը չէր սպասում։ Երևանում գտնվող ղարաբաղցիները չէին կարող տանել Ադրբեջանի բռնությունները Ղարաբաղում և կազմակերպում էին բողոքի միտինգներ։ Երևանի և Շուշիի միջև սկսեցին ստեղծվել աներևույթ թելեր։

Հայաստանի կառավարությունը հավանություն չէր տալիս Ղարաբաղում զինված ապստամբությանը, բայց կառավարությունից դուրս գտնված ուժերը կազմակերպեցին ապստամբություն Ղարաբաղում՝ Շուշիի պարիսպների տակ և լեռներում։

Իմ կառավարությունը, նախատեսելով, որ ժողովրդական զգացումները կարող են բռնկվել և չափազանց ծանր հետևանքներ առաջ բերել, Զանգեզուրի իշխանություններին ուղղված առանձին հեռագրով զգուշացրեց Ղարաբաղում ապստամբության վտանգից։ Հակառակ սրան՝ մարտի 22-ին՝ Բայրամի նախօրյակին, Շուշիի պարիսպների տակ բռնկվեց ապստամբությունը, որը շուտով տարածվեց Շուշիի փողոցները։ Երկուստեք եղան առաջին զոհերը։ Սկզբում հաջողությունները հայերի կողմն էին։ Հայերը դիմադրում էին Ասկերանում, բայց մնալով առանց փամփուշտի, ընկել էին անհավասար կռվում։ Ադրբեջանի զորքերը մտան Շուշի։ Քաղաքը կրակի զոհ գնաց և ահագին թվով ժողովուրդ ենթարկվեց կոտորածի»։

Սիմոն Վրացյանը գրում է. «Ապստամբությունը կազմակերպված էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետևանքները կարող էին լինել շատ ավելի աղետաբեր, եթե ապրիլին Ղարաբաղ չհասներ Դրոն իր էքսպեդիցիոն զորամասով: Ապրիլին նա զորահավաք հայտարարեց Վարանդայում և Դիզակում, ամրացրեց ճակատները և 45 օր մնաց Ղարաբաղում: Ապրիլի 22-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի 9-րդ համագումարը, որը 44 ձայնով մեկի դեմ մի անգամ էլ որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարեց Հայաստանի մաս»:

Դրոն Ղարաբաղում էր 1920-ի ապրիլի կեսերից: Ըստ Արսեն Միքայելյանի` Դրոյի մուտքը մեծ ոգևորություն էր առաջ բերել: Նա պետք է վերակազմեր և ուժեղացներ Ղարաբաղի դիմադրական ուժը, և Ղարաբաղը միացներ Հայաստանին: Դրոյի ժամանումից կարճ ժամանակ անց Ղարաբաղ է գալիս նաև Նժդեհը` Կապանի իր զորամասով, և տեղավորվում Դիզակի շրջանում:

Ապրիլի վերջերին, սակայն, Անդրկովկասում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գլխիվայր շրջեց  իրերի վիճակը: Ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվում են խորհրդային կարգեր, Նարիման Նարիմանովը ստանձնում է Հեղկոմի ղեկավարի պաշտոնը: Ապրիլի 29-ին մուսավաթական Սուլթանովն իրեն հայտարարում է Ղարաբաղի Հեղկոմի նախագահ և տեղի հայ ղեկավարներին նամակով տեղեկացնում, թե Ղարաբաղը ևս խորհրդայնացվել է և Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմում:

Ադրբեջանի խորհրդայնացումից երկու օր անց` ապրիլի 30-ին, Բաքվից ստացվում է մեկ այլ վերջնագիր` ուղղված Հայաստանի կառավարությանը, որում պահանջվում էր «մաքրել զորքերից Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքը, դադարեցնել ազգամիջյան կոտորածը», հակառակ դեպքում «Ադրբեջանի հեղկոմն իրեն կհամարի պատերազմական դրության մեջ Հայաստանի հետ: Վերջնագրի պատասխանի համար տրվում է երեք օր ժամանակ»:

Մայիսի 1-ին ստացվում է նման մեկ այլ վերջնագիր Կովկասյան ռազմաճակատի ռազմահեղափոխական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեի և անդամներ Կիրովի, Մեխանոշինի և Լևանդովսկու ստորագրությամբ: Արտգործնախարար և ապա վարչապետ Համո Օհանջանյանը պատասխանում է, որ Ադրբեջանի տարածքի վրա հայկական զորքեր չեն եղել և չկան, հակառակը` «մուսավաթական կառավարության զորքերն ու բանդաները մինչև այժմ շարունակում են մնալ հայկական Ղարաբաղի շրջանում` կոտորելով հայ գյուղացիությանը և այրելով Շուշի քաղաքի հայկական մասն ու բազմաթիվ գյուղեր»:

1920թ. մայիսին Դրոյի հետ բանակցելու են գալիս անդրկովկասյան ճակատի ռուսական Կարմիր բանակի ընդհանուր հրամանատար Օրջոնիկիձեի ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Դրոն հեռագրում է Հայաստանի զինվորական նախարարություն. «Շուշիից եկան բոլշևիկների ներակայացուցիչները` Անդրկովկասյան ճակատի ռազմական խորհրդի լիազորներ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կարդալովը և Պերնանին, ինձ հետ խոսեցին Օրջոնոկիձեի անունից: Հայտնեցին, որ մտադիր են կարմիր-ռուս զորքեր մտցնել Ղարաբաղ: Մինչեւ Հակարի գետը Ղարաբաղը պետք է պատկանի Խորհրդային Ադրբեջանին»:

Մայիսի 24-ին Չանախչի (Ավետարանոց) գյուղում տեղի է ունենում Դրոյի, Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի և Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը: Որոշվում է Ղարաբաղի իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին: Մայիսի վերջերին իշխանությունը հանձնվում է բժիշկ Սարգիս Համբարձումյանին, և հայկական զորամասը` Դրոյի առաջնորդությամբ, Քիրսի վրայով հունիսի առաջին օրերին անցնում է Խծաբերդ և ապա` Զանգեզուր: Իր հերթին, Դիզակում գտնվող Նժեդհը զորքով նահանջում է դեպի Կապան:

Այսպիսով, ռուս բոլշևիկների անմիջական օգնությամբ և սպառնալիքի տակ Արցախը ևս խորհրդայնացվեց: Ռուսաստանը, սակայն, խորհրդայանացնելով Ղարաբաղը, դա չի միացրել Ադրբեջանին: Ապացույցը 1920թ. օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայագիրն էր, որով Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում էին վիճելի տարածքներ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Շուշին 1920թ մարտյան ջարդերից հետո

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 515 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
չորրորդ հրատարակություն,
2021, Երևան, Լուսակն,
ISBN 978-9939-882-92-5: