Արաս Օզբիլիզ. դեկտեմբերի 23-ի մեր ընտրությունը

4741

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում Նոյեմբերյան խոշորացված համայնքի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը իր մեկ քվեն տալու է Արաս Օզբիլիզին:

Իմ և Արասի միջև տեղի է ունեցել երկու հանդիպում, որի ընթացքում նա ներկայացրել է իր պատկերացումները հայկական ֆուտբոլի, մասնավորապես՝ մանկապատանեկան և մարզային ֆուտբոլի զարգացման շուրջ:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ մենք քվեարկելու ենք ոչ թե «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված թեկնածու Արաս Օզբիլիզի, այլ հենց Արաս Օզբիլիզի օգտին՝ որպես անհատ և որպես տաղանդավոր ֆուտբոլիստ: Մենք բարեկամաբար հիշում ենք, որ երկու տարի առաջ «Ուրարտու»-ն, ցավոք, մաս կազմեց մի շարք այլ ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ ղեկավարության ցուցումով ապօրինաբար կասեցրեց մեր անդամակցությունը հայկական ֆուտբոլային ընտանիքին: Կարճ ժամանակ անց մեր անդամակցությունը վերականգնվեց:

Քվեարկությունը փակ է, մեր քվեարկության մասին ոչ ոք չի կարող իմանալ, բայց մենք հրապարակավ ուզում ենք մեր տեսակետը հայտնել: Սրանով նաև պատասխանում ենք բազմաթիվ ընկերների, ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների հարցին, թե ում օգտին ենք քվեարկելու:

Միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ չենք միանալու ՀՖՖ նախագահի երկու թեկնածուների՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և/կամ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին աջակցող կամ այլ կարգի միասնական հայտարարությունների, քննադատությունների, համակրանքի կամ հակակրանքի տեքստերի, եթե դրանք լինեն: Մենք որևէ այլ մեկնաբանությամբ կամ հարցազրույցներով չենք անդրադառնալու դեկտեմբերի 23-ի ընտրությանը կամ նախագահի առաջադրված թեկնածուներին: Մենք շատ փոքր, համեստ հնարավորություններով գյուղական ակումբ ենք, որ 2018 թվականից ի վեր մեկ, երկու կամ երեք թիմերով հանդես է գալիս ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում: Մեր ներդրումը հայկական ֆուտբոլում մի կաթիլ է, բայց ուզում ենք լինել թափանցիկ և հաշվետու: Մենք անընդունելի ենք համարում հայկական ֆուտբոլի ներքաղաքականացմանը և մերժում ենք նույնականացվել որևէ խմբավորման հետ:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներին՝ Արմեն Մելիքբեկյանին և Արաս Օզբիլիզին մաղթում ենք արդար ընտրություն՝ ի շահ մեր բոլորի սիրած հայկական ֆուտբոլի: Ով էլ արդար կերպով ընտրվի ՀՖՖ նախագահ, շնորհավորելու ենք և նրան առաջարկելու ենք հարմար ժամանակ այցելել նաև Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտ՝ ուրախացնելու մեր մի քանի տասնյակ սաներին ու մարզիչներին: 

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, գրքերի հեղինակ, «Դովեղ» ՖԱ ՀԿ-ի հիմնադիր

Հ. Գ.

Հարգելի բարեկամ, ընկեր, ֆուտբոլասեր: «Դովեղ» ֆուտբոլային ակումբում ներգրավված են և պարապում են 7-ից 13 տարեկան մոտ 60 երեխաներ հետևյալ բնակավայրերից՝ Դեբեդավան, Բագրատաշեն, Այրում, Պտղավան, Դեղձավան, Հաղթանակ, Զորական, Բերդավան, Նոյեմբերյան, Դովեղ, Ջուջեվան, Ոսկեպար և Կոթի գյուղերից: Մեր գործունեությունը հնարավոր է դառնում նաև շնորհիվ բազմաթիվ անհատ նվիրատուների ու կազմակերպությունների, որոնց անունները, առանց բացառության և նվիրատվության չափի, տեղ են գտնում «Դովեղ» ֆուտբոլային ակումբի ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ խմբում:

Մեր երեխաների անունից շնորհակալ կլինենք, եթե Ձեր փոքր կամ առատաձեռն նվիրատվությամբ օգնեք մեզ, որպեսզի սահմանային համայնքների երեխաները նույնպես ֆուտբոլ խաղան և ունենան երազանքներ:

ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի հաշվեհամարն է՝

2050822108031001 – Հայկական դրամ, ԻՆԵԿՈԲԱՆԿ