ԱՆԻ կենտրոնը երրորդ անգամ վերահրատարակում է վարչապետ Խատիսյանի կոթողային հատորը

1740

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2024-ի առաջին ամիսներին հերթական անգամ վերահրատարակելու է Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը:

Խատիսյանը եղել է 20-րդ դարի առաջին տասնամյակների ամենանշանավոր հայերից, զբաղեցրել է Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի քաղաքապետների պաշտոնը, 1918-ի հունիսի 4-ին Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի հետ ստորագրել Բաթումի Հաշտության դաշնագիրը Օսմանյան կայսերական կառավարության ներկայացուցիչների հետ, որով Օսմանյան Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, առաջին վարչապետ Քաջազնունու կառավարությունում զբաղեցրել արտգործնախարարի աթոռը, ապա և փոխարինել Քաջանունուն՝ վարչապետի՝ երկրի առաջնորդի պաշտոնում:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

Խատիսյանը 1918-ի գարնանը մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, ամռանը և աշնանը եղել է Հայաստանի այն պատվիրակության կազմում, որը Պոլսում բանակցել է Էնվերի ու Թալեաթի հետ, իսկ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այս ու բազմաթիվ այլ հետաքրքրական իրադարձությունների մասին գրում է ինքը՝ Խատիսյանը, գրում է ամենայն անկեղծությամբ ու սառնասրտությամբ:

«Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հաստափոր հատորը նախ մաս-մաս տպագրվել է Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրում, ապա առաջին անգամ լույս տեսել Աթենքում 1930-ին՝ դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով՝ Խատիսյանի կյանքի տարիներին:

Այդ հատորի առաջաբանում Խատիսյանը գրում է. “Իմ գրուածքը, որ առաջին անգամ տպուեցաւ Հայրենիք ամսագրի մէջ, պատմութիւն չէ անշուշտ, այլ՝ պատմական նիւթ, յուշերու ձեւով: Եւ հասկնալի է, որ իմ գրութեան մէջ տեղ գտած են գերազանցապէս այն դէպքերն ու դէմքերը, որոնց հետ շփման մէջ եմ եղած ես, ինչպէս նաեւ յայտնուած են կարծիքներ, որոնց միակ պատասխանատու ես եմ անհատաբար: Տարօրինակ չպէտք է թւայ նոյնպէս եւ այն, որ իրերու բերումով կամ պատահաբար, այս կամ այն փաստերն ու փաստաթուղթերը չեն արձանագրուած: Իմ դերը եղած է գրի առնել իմ՝ իբրեւ քաղաքական գործիչի մի յուշերը՝ յիշատակելով միաժամանակ յարակից դէպքերը: Աւելին՝ գործն է պատմաբանի”:

Գիրքը երկրորդ անգամ հրատարակվել է Բեյրութում՝ 1968-ին՝ Խատիսյանի մահվանից ավելի քան 25 տարի անց:

Հայաստանում այս հատորը առաջին անգամ 2018 թվականին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը, ընդ որում՝ առաջին անգամ նաև՝ արևելահայերենով և աբեղյանական ուղղագրությամբ: Գիրքը հրատարակվել էր ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով՝ նախքան 2018 թվականի հեղափոխությունը:

Հատորի սպառումից հետո ԱՆԻ կենտրոնը այն նույնությամբ հրատարակեց երկրորդ անգամ՝ 2021 թվականին:

Առաջիկայում կլինի Խատիսյանի կոթողային հատորի հայաստանյան երրորդ հրատարակությունը՝ արևելահայերենով և աբեղյանական ուղղագրությամբ:

ԱՆԻ կենտրոնը առաջարկում է անհատների և կազմակերպությունների՝ համաֆինանսավորել այս արժեքավոր և արդիական գրքի հրատարակությունը: Հատորի սկզբում պատշաճ կերպով կնշվի նրանց անունը/անունները, ովքեր կմասնակցեն այս գրքի երրորդ հրատարակությանը:

Հետաքրքրվողները կարող են գրել հետևյալ էլեկտրոնային նամակին՝ aniarcf@gmail.com, զանգահարել 374 91 42 64 35 կամ 374 98 65 53 21 հեռախոսահամարներին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

7 հունվարի, 2024թ