Սահմանադրություն և ընտրակեղծարարություն

1086

Հրայր Թովմասյանը շաբաթներ առաջ հերոսներ անվանեց ՍԴ այն անդամներին, որոնք չեն ուզում պատվավոր թոշակի գնալ:

Թովմասյանի համեստությունը թույլ չտվեց իրեն ևս անվանել հերոս, սակայն եթե Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը դեմ գնացող ՍԴ անդամները հերոսներ են, ապա նրանց առաջնորդը ևս հերոս է: Առնվազն:

Իրականում, հերոսը ՍԴ առաջին նախագահ Գագիկ Հարությունյանն է, որը բարեհաջող կերպով օրինական համարեց Լևոն Տեր-Պետրոսյանի 1996-ի կեղծված նախագահական ընտրությունը, ապա 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրակեղծարարությունը, ապա 2008-ին և 2013-ին՝ Սերժ Սարգսյանի ընտրակեղծարարությունը:

Ժամանակի չափումով՝ քիչ բան չի արել նաև Հրայր Թովմասյանը, բայց ոչ որպես ՍԴ նախագահ: Նրա ՍԴ նախագահ դառնալուց հետո ընդամենը մեկ ամիս անց տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, որը խորտակեց շատերի, առաջին հերթին՝ Սերժի Սարգսյանի ու ՀՀԿ-ի գծած ծրագրերը: ՍԴ նախագահի պաշտոնը այն նվերն էր, որ պարոն Թովմասյանը ստացավ Սերժ Սարգսյանից:

Հրայր Թովմասյանը հասցրել է Սահմանադրություն գրել Սերժ Սարգսյանի համար, որպեսզի վերջինս 2018-ից հետո մնա իշխանության գլխին: Մի այլ Սահմանադրություն էլ գրել է Բակո Սահակյանի համար, որ Արցախի նախագահը 2017-ից հետո նախագահ մնար՝ մինչև 2030 վերընտրվելու հնարավորությամբ:

Շուտով սկսվելու են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները և, ենթադրաբար, մինչև խորհրդարանական հաջորդ ընտրություններ, Հայաստանը կունենա նոր Սահմանադրություն:

Ամենակարևոր հարցը, երբ կարդում ես քաղաքական ուժերի և փորձագետների տեքստերը, երկրի կառավարման համակարգն է՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական:

Հայաստանի անկախության երեք տասնամյակների ընթացքում երկիրը հասցրել է ունենալ և՛ նախագահական, և՛ կիսանախագահական, և՛ խորհրդարանական կառավարում: Ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կառավարման համակարգը, մեծ հաշվով, կապ չունի ժողովրդավարության և ընտրակեղծարարության հետ:

Ֆրանսիան նախագահական կառավարում ունի, որտեղ ընտրությունները չեն կեղծվում: Հարևան Գերմանիան խորհրդարանական կառավարում ունի, որտեղ նույնպես ընտրությունները չեն կեղծվում:

Հայաստանի դեպքում. 1996-ին նախագահական ընտրությունները կեղծվեցին, երբ երկիրն ուներ նախագահական կառավարում: 2003-ին և 2008-ին ընտրությունները կեղծվեցին, երբ երկիրը կիսանախագահական էր, իսկ 2017-ին կեղծվեցին խորհրդարանական ընտրությունները, երբ ուժի մեջ էր մտել 2015-ի Սահմանադրությունը, որով Հայաստանը անցնում էր խորհրդարանական կառավարման: Պատկերը ամբողջական չի լինի, եթե չհիշենք, որ 2015-ի Սահմանադրությունն էլ է ընդունվել համատարած կեղծիքներով:

Համատարած կեղծիքներով է ընտրվել նաև 2005-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ավելին, այդ հանրաքվեն ունի կեղծարարությունը բնորոշող հատուկ անուն՝ ուրվականների հանրաքվե: Ռոբերտ Քոչարյանն ու սատարող ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ընտրատեղամասերի գրեթե դատարկության պայմաններում նկարեցին այն թիվը, ինչ ուզում  էին:

Առնվազն վիճահարույց է եղել նաև 1995-ի սահմանադրական հանրաքվեն:

Անկասկած, Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Շատ կարևոր է, որ նոր Սահմանադրությունը ընդունվի ժողովրդի քվեով և ոչ այնպես, ինչպես ընդունվել է 1995-ին, 2005-ին և 2015-ին:

Թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի կառավարման համակարգը՝ նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական, կառուցողական քննարկման ու բանավեճի լուրջ թեմա է: Բայց առաջնային է, որ Հայաստանում որևէ ընտրություն կամ հանրաքվե այլևս չընդուվի կեղծիքներով և պարտադրվի ժողովրդին:

Անկախ քննարկումներից, ընդդիմությունը նոր Սահմանադրությունը համարելու է Նիկոլի հագով կարված: Այդպես է եղել նախկինում:

1995-ի Սահմանադրությունը ընդդիմությունը (ԱԺՄ, ՀՅԴ, ԱԻՄ) համարում էր Լևոնի հագով կարված: Պատմությունը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը չօգտվեց իբր իր հագով կարված Սահմանադրությունից և հրաժարական տվեց, որը, ի դեպ, ներքաղաքական ցնցումներ չառաջացրեց:

2005-ի Սահմանադրությունը օրվա ընդդիմությունը՝ Արդարություն դաշինքը, համարում էր Քոչարյանի համար գրված, սակայն 2008-ին Քոչարյանը հեռացավ:

Միակը 2015-ի Սահմանադրությունն էր, որ համարվում էր Սերժի համար գրված, և որով էլ երրորդ նախագահը փորձում էր մնալ իշխանության ղեկին, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում:

Դա նրան հաջողվեց: Նա յոթ օր՝ 2018-ի ապրիլի 17-ից 23-ը, Հայաստանի վարչապետն էր և թիվ մեկ պաշտոնյան:

2018-ի ապրիլի 23-ին հարյուր հազարավոր հայաստանցիներ քայլ արեցին ու մերժեցին Սերժին, և նա ստիպված եղավ հրաժարական տալ:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ