Այսօր լրացավ իմ 50-ամյակը: Կես դար ապրելը, բովանդակությունից անկախ, հրաշքի պես մի բան է:
Եթե ինձ ասեին՝ ի՞նչ ես ուզում հոբելյանիդ առիթով, կասեի՝ հորս եմ ուզում տեսնել:
Ծնվել եմ 1969 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում:
Մանկական ու դպրոցական հիշողությունները դեռ ապրում են: Առավոտից երեկո ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլ դիտել, դաս սովորել ու գիրք կարդացել:
Այն ժամանակ մեր գյուղի դպրոցը 8-ամյա էր: Միջնակարգն ավարտել եմ Նոյեմբերյանում:
Ծառայել եմ Խորհրդային բանակում՝ Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ վայրերում՝ 1987-1989 թվականներին: Մի քանի շաբաթվա ծառայող էի, երբ տեղի ունեցավ Սումգայիթը:
Այդ մասին հայրս պատմեց՝ ջարդերից մի քանի օր հետո:
– Շարքային Հակոբյան,- առավոտյան ռուսերենով կանչեց հերթապահը,- հայրդ է այստեղ:
Մեր հարևան Բագրատի հետ էր եկել: Լյուբով Ալեքսանդրովնան Բագրատի կինն էր՝ բաքվեցի: Բաքուն թողել, եկել էր մեր հարևան Բագրատի հետ ամուսնացել: Մեր դպրոցում դաս էր տալիս, նա ինձ սովորեցրեց ռուսերեն: Հայրս մտածել էր, որ Բագրատը Բաքուն լավ կիմանա:
Նրանք ինձ պատմեցին, որ Բաքվից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու՝ Սումգայիթում, թուրքերը հայերին ջարդել են: Անհանգստացել, եկել էին ինձ տեսնելու:
Սումգայիթից հետո ևս մեկուկես տարի մնացի Բաքվում. 1989 թվականի ամռանը Խորհրդային Ադրբեջանում ծառայող բոլոր հայերին տեղափոխեցին Խորհրդային Միության տարբեր վայրեր: Ինձ բաժին հասավ Ստավրոպոլը, որտեղից ամիսներ անց զորացրվեցի, նստեցի գնացք և հասա Թբիլիսի, այնտեղից մինչև Դովեղ 90 կիլոմետր է:
Բանակից վերադառնալուց հետո փորձեցի շարունակել ֆուտբոլը: Ղրիմում՝ Ուկրաինայում ուսումնամարզական հավաքից և տեղի թիմերի հետ մի քանի ընկերական խաղերից հետո համոզվեցի, որ լավ ֆուտբոլիստ դժվար թե դառնամ:
Հեշտ համակերպվեցի որոշման հետ, թեև մանկության երազանքս ֆուտբոլիստն էր:
Որոշեցի ֆուտբոլային մեկնաբան դառնալ: Ընդունվեցի ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժին: Լրագրող, թվում է՝ դարձա, սակայն ոչ մարզական:
Լրագրողական գործունեության 25 տարիների ընթացքում գրել եմ հազարավոր հոդվածներ, վարել հարյուրավոր հարցազրույցներ, գրել երկու գիրք, հրատարակել ու վերահրատարակել շուրջ 25 հատոր՝ հինգ լեզուներով:
Եղել եմ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, հարյուրավոր քաղաքներում՝ Սան Ֆրանցիսկո, Սինգապուր, Չիկագո, Հանոյ, Օդեսա, Նյու Յորք, Պեկին, Լաս Վեգաս, Փարիզ, Մոսկվա, Բեյրութ, Բեռլին, Օտտավա և բազմաթիվ այլ մայրաքաղաքներում:
Սիրում եմ Հայաստանով ման գալ: Եղել եմ Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքներում ու 1200 գյուղերի մեծ մասում:
Հայաստանում և դրսում հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, նրանց հետ ընկերացել: Բոլոր ճամփորդությունների ժամանակ նրանք ինձ օգնել են և ճանապարհ ցույց տվել:
Արդեն ավելի քան 10 տարի աշխատում եմ Սիվիլիթասում և ՍիվիլՆեթում:
Մինչ այդ աշխատել եմ The Armenian Reporter անգլիատառ շաբաթաթերթում, Հանրային ռադիոյում, Ազգ և Երկիր օրաթերթերում, Անկախություն շաբաթաթերթում: Շուրջ 10 տարի գրել եմ Բեյրութի Ազդակ օրաթերթում:
2018-ին արժանացել եմ «Մեդիա գերազանցություն» մրցանակին:
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված՝ ստացել եմ 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:
2014-ին իմ «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:
2009-ին Երևանի մամուլի ակումբը ինձ մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:
2005-ին Երևանի մամուլի ակումբը ինձ ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող:
2014 թվականի նոյեմբերին հիմնադրել եմ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, 2018-ի մարտին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն:
Երեք երեխաների հայր եմ:
Սիրում եմ կարդալ, ֆուտբոլ դիտել, օղի թորել:
Լուսանկարում՝ Սոնայի հետ, Նոյեմբերյան, 2017 թ