Թաթուլ Հակոբյանը հանդիպել է Խորեն Հովհաննիսյանի, Կարեն Շաբոյանի և Արթուր Սահակյանի հետ

895

Այսօր և նախորդող օրերին «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը առանձին հանդիպումներ է ունեցել հայ նշանավոր ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի, «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի և «Առաջին Հայկական Ճակատ» շարժման համահիմնադիրներից Կարեն Շաբոյանի հետ՝ վերջիններիս առաջարկով։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆուտբոլի ինչպես մանկապատանեկան, այնպես էլ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունների հետ կապված հարցեր։

Արթուր Սահակյանը և Կարեն Շաբոյանը առաջադրվել են ՀՖՖ գործկոմի անդամի, իսկ Խորեն Հովհաննիսյան՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։ ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից մյուս երկուսն են ՀՖՖ փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և Լոռի ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը:

ՀՖՖ նոր գործկոմի անդամներ են առաջադրվել 24 հոգի, որոնցից ընտրվելու է 15-ը։

—————–

Ի գիտություն

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն, որ հիմնադրվել է 2018-ի մարտին, չի առաջադրել ՀՖՖ նախագահի կամ գործկոմի անդամի թեկնածու, ինչի հնարավորությունը ունեցել է, ինչպես մյուս ակումբները:

Դովեղ ՖԱ ՀԿ-ն մեկ ձայնի իրավունքով մասնակցելու է դեկտեմբերի 23-ի արտահերթ ժողովին և քվեարկելու է (կամ չի քվեարկելու) ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից և գործկոմի անդամության 24 թեկնածուներից որևէ մեկի օգտին:

Կարևորելով թափանցիկությունն ու նոր մշակույթի ներդրումը հայկական ֆուտբոլում՝ տեղեկացնում ենք, որ մինչև 22-ը ներառյալ պատրաստ ենք հանդիպել ՀՖՖ նախագահի բոլոր երեք և գործկոմի անդամության բոլոր 24 թեկնածուներին՝ պայմանով, որ

ա. Այդ ծանոթություն/հանդիպում/զրույց/քննարկումները չեն կարող լինել գաղտնի կամ խորհրդապահական,

բ. Այդ հանդիպումների մասին պետք է տրվի տեղեկատվություն լրատվամիջոցում/ներում կամ ակումբի ու անձնական ֆեյսբուքում` առնվազն մեր կողմից:

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ

20 դեկտեմբեր, 2019