Երզնկայի Սուրբ Փրկիչ եկեղեցին

1123

Ս. Փրկիչ եկեղեցին գտնւում էր Երզնկայի հին թաղի ծայրամասում: Շէնքը նկարագրւում է որպէս քարուկիր, ամրակառոյց, կոկիկ ու փոքրիկ կառոյց՝ բարձր կամարներով և քարէ հաստատուն սիւներով, որոնց գլուխները զարդարուած էին քանդակագործ խոյակներով: Իր ներքին տեսքով նման էր Երզնկայի այլ եկեղեցիներին, սակայն զուրկ էր ժամագաւթից և կանանց առանձնացուած բաժնից:

Դռնից ներս անմիջապէս աղօթասրահն էր՝ կանանց համար նախատեսուած գեղեցիկ և ընդարձակ վերնատնով: Աւագ դռան կողմի տանիքի վրայ կանգնած էր զանգակատունը, որի հսկայ ու արժէքաւոր զանգը 1880-ական թթ. գնուել էր Ռուսաստանից՝ երզնկացի մեծահարուստ Հողկրողեան գերդաստանի միջոցներով:

Եկեղեցու շուրջ պարտէզ էր գցուած, իսկ տարածքը շրջապատուած էր բարձր պատով: Հարաւային պատին կից տարածւում էր թաղի հին հայկական գերեզմանատունը:

Եկեղեցին հարուստ էր կալուածքներով. նրա հովւութեան տակ էր գտնւում հին թաղի մօտ 400 տուն հայ բնակչութիւնը: Երզնկայի այլ հայկական թաղամասերի բնակչութեան համար Ս. Փրկիչը ուխտատեղի էր համարւում, որն այցելում էին մասնաւոր առիթներով:

Սուրբ Փրկիչ եկեղեցու թաղային դպրոցն էր Նարեկեանը:

Մեծ եղեռնի նախօրեակին եկեղեցու երէցներն էին Եզեկիէլ Աւագ քահանայ Կարապետեանը և Պիմէն քահանայ Տէր-Վարդանեանը (հովւում էր նաև Երզնկայի Ս. Օհան, Կամարիկ, Գոմեր և Քիւրտ գիւղերի հայ բնակչութեանը):

Ռոբերտ Թաթոյեան

ամբողջական յօդուածը՝ https://www.houshamadyan.org/