Քոչարյանի «Տու-134»-ը

1095

«Ազգ» օրաթերթում աշխատելու տարիներին՝ 2000-2005 թթ․, ես բազմաթիվ անգամներ ճամփորդել եմ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող օդանավով։ Միշտ այդպես է եղել՝ լրագրողները երկրի ղեկավարներին սպասարկող օդանավով էին մեկնում և լուսաբանում նրա այցերը։

Երկրորդ նախագահի ղեկավարման 10 տարիներին նրան սպասարկում էր խորհրդային արտադրության, մի քանի տասնյակ տեղանոց «Տու-134»-ը։ Մենք՝ լրագրողներս, օդաչուներին անվանում էինք ոսկերիչներ, քանի որ այդ հին օդանավը ոսկերչական ճշգրտությամբ էին օդ բարձրացնում և իջեցնում։

2000-ական թվականներին մեր «Տու-134»-ը ամենափոքրն էր և ամենահինը ԱՊՀ առաջնորդների օդանավների մեջ։ Երբ, օրինակ, Մինսկում կամ Մոսկվայում տեղի էր ունենում ԱՊՀ գագաթաժողով, անդամ երկրների ղեկավարների օդանավերը գրեթե միաժամանակ էին իջնում և մոտ կայանում, ինչը մեզ հնարավորություն էր տալիս համեմատել օդանավերը։ Դե, Վլադիմիր Պուտինի օդանավը ամենամեծն էր։ Ամենափոքրը Քոչարյանինն էր։ Բայց մենք՝ լրագրողներս, երբեք չէինք բարդութավորվում, թեև մեզ համար հաճելի չէր, որ Հեյդար Ալիևի օդանավը ակնհայտորեն թարմ էր, նոր և մեծ։

Վերջին անգամ Քոչարյանը և հայկական պատվիրակությունը մեր ոսկերիչ օդաչուների «Տու-134»-ով Բելառուսի մայրաքաղաք էր մեկնում 2007 թվականի դեկտեմբերին։ Այս թռիչքի մասին ինձ ամիսներ անց պատմեց օդանավում գտնված նախարարներից մեկը։

Մինսկում ոչ թռիչքային եղանակ է։ Օդաչուները Քոչարյանին տեղեկացնում են, որ չեն կարող իջեցնել օդանավը և պետք է թռիչքը շարունակել մինչև Ռիգա, այնտեղից ցամաքով հասնել Մինսկ։ Քոչարյանը մեր օդաչուներին ասում է, որ ուշանում է նիստից, ուրեմն՝ պետք է իջնել Մինսկում։

Ո՞վ կարող էր «ոչ» ասել Քոչարյանին։ Սարսափելի մառախուղի պայմաններում հայկական թիվ 1 օդանավը իջնում է, և միայն վերջին պահին օդաչուները նկատում են, որ թռիչքուղուց դուրս են։ Անմիջապես վեր են հանում օդանավը, և այն փրկվում է կործանումից։ Քոչարյանի և պատվիրակության անդամների լեզուն կապ է ընկնում։ Մի քանի րոպե անց, երբ օդանավը որոշակի բարձրություն է հավաքում, մարդիկ ուշքի են գալիս։ Քոչարյանը որոշում է, որ այնուամենայնիվ պետք է իջնել Մինսկում։ Այս անգամ մեր ոսկերիչները անվտանգ իջեցնում են «Տու-134»-ը։

Վերադառնալով Երևան՝ կառավարությունը որոշում է ձեռք բերել նոր օդանավ, որը նոր չէր, բայց ժամանակակից էր ու անվտանգ։ Ես հիշում եմ, որ «Հայկական ժամանակը» և այլ ընդդիմադիր լրատվամիջոցներ քննադատում էին կառավարությանը, որ, եթե չեմ սխալվում, 30 միլիոն դոլար է ծախսել և գնել «Էյրբաս-319»-ը։

Նոր օդանավից Քոչարյանը գրեթե չօգտվեց, քանի որ 2008-ի ապրիլին ավարտվեց նրա նախագահության տասնամյակը։ 10 տարի օգտվեցին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի կառավարությունը։ Հիմա այդ օդանավից օգտվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը։

Ամիսներ առաջ այդ նույն օդանավով վերադառնում էի Սինգապուրից։ Ուղեկցորդուհիներից մեկին, որն սպասարկում է անձամբ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրի 2007 թվականի դեկտեմբերյան թռիչքը, ասացի՝ հիշո՞ւմ եք։

«Ինչպե՞ս կարելի է մոռանալ»,- ժպտալով՝ ասաց նա։

Այս հարց ու պատասխանի ժամանակ մեր «Էյրբաս-319»-ը Հնդկաստանի երկնքում տուրբուլենտության մեջ էր, բայց մենք հանգիստ էինք, քանի որ 10 հազար մետր բարձրության վրա օդանավերը չեն կործանվում։ Կամ ես եմ այդպես կարծում, քանի որ շատ եմ ճամփորդում և տուրբուլենտությունից չափավոր, շատ չափավոր, մարդկային վախ ունեմ։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ