Հրանտ Մաթևոսյան. Գրի հավատավորը և նրա նորօրյա տունը

1214

Ես սպասում եմ, թե երբ պետք է բացվեն այդ հրաշալի տան դռները։ Իրականում այն ոչ միայն թանգարան է, այլև Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնն է, որի ներկայությամբ կկարողանանք հավասարվել քաղաքակիրթ այն երկրներին, որտեղ գիտեն մեծարել իրենց մեծերին։ Ես եղել եմ շատ երկրներում, որտեղ պահպանում են հետքերն իրենց մեծերի, որոնց հիշատակը պահելով են նաև սերունդներ կրթում։

                                                                                         Հասմիկ Պապյան

Հոյակապ տարածք է, կանգուն շինություն և գրեթե պատրաստ իր նպատակին ծառայել։ Մենք միշտ գեղանկարչությունից, թատրոնից, երաժշտությունից, արվեստի այլևայլ տեսակներից առաջին հերթին բարձր ենք գնահատել գրականությունը։ Դրա վկայությունն է միջնադարից մեզ հասած խոսքը. «Ես մեռանիմ, դառնամ մի հող, գիրս մնա հիշատակող»։ Մենք գրի հավատավորն ենք։  Սա Գրի շենք է։ Նորօրյա Գրի տուն է սա։

                                                                                       Տիգրան Մանսուրյան

 

Վաղուց, 2003-ից սկսյալ է այս շինության մասին խոսվում։

Հրանտ Մաթևոսյանի թանգարան-մշակույթի կենտրոնի համար հողատարածք հատկացնելու հարցն իսկ շատ երկար է քննարկվել։ Տեղը վերջապես ընտրվելուց, հատակագիծ-նախագիծն էլ հաստատվելուց հետո, թանգարանի շինարարական աշխատանքներն էին պարբերաբար կասեցվում։ Այդ մասին բնականաբար բարձրաձայնվում էր, որից հետո կառուցապատման աշխատանքները վերսկսվում էին, միայն թե որոշ ժամանակ անց կրկին դադար առնելու «պայմանով»։

Այսպես 16 տարի։  

Հերթական մեծ դադարից հետո այս անգամ և՝ բանավոր և՝ գրավոր խոսքով հայտարարվեց, որ «Կառավարությունում քննարկվել է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական ընթացքին և գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին վերաբերող հարցերը։ Եւ երկրի վարչապետը հանձնարարել է մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը ներկայացնել նախագիծ, որը կներառի համապատասխան լուծումներ կենտրոնի հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ»։

Հուսանք, որ սա վերջի սկիզբն է։ Եւ արդեն ավարտին կհասցվի բացառիկ մի նախագիծ, որի մասին ահա տարիներ շարունակ ոչ միայն խոսում, այլ մանրամասն նկարագրելով, գրեթե տեսանելի է դարձնում Դավիթ Մաթևոսյանը։  

Թանգարանը, փաստորեն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկը՝ Աբովյան պուրակի շրջակայքը, Աբովյան-Տերյան փողոցների անկյունային հատվածի (ուրեմն նաև քաղաքի) նկարագիրը փոխելով, գեղագիտական բարձր մակարդակ ապահովող միջավայր է ձևավորելու։ Դավիթ Մաթևոսյանի առաջարկածն, իսկապես գրավիչ ու հետաքրքիր ծրագիր է, որն իրականացնելով նաև թամանյանական քաղաք-այգի պատգամը կյանքի կոչելու հրաշալի օրինակ ենք ունենալու։ Միայն թե այս մեկը տարբերվելու է մեր պահպանված սակավաթիվ կանաչ գոտիներից։ Այստեղ եկող մարդիկ հայտնվելու են ոչ թե գեղարվեստական իրականության, այլ իրական կյանքի մի քիչ անսովոր, բայց հրաշալի տրամադրություն պարգևող մթնոլորտում, քանի որ իրենք սոսկ այցելու կամ հանդիսատես չեն լինելու…  

Ահա այս տարածքում է գործելու թե՝ բովանդակային իմաստով, թե՝ գործունեության շառավղով մեծ եզակի մի կառույց, որի հիմնական առաքելություններից մեկն էլ հայրենիքի հոգևոր սահմանները մեծացնելն է լինելու։ Այնպես, ինչպես դա կարողանում էր ինքը, Հրանտ Մաթևոսյանը՝ մարդկային իր տեսակով, իր գրականությամբ։ Օրինակները շատ են։ Բայց մի օրինակ միայն՝ ասվածի գրավոր մի  վկայություն, որի մասին թերևս գրական աշխարհի մարդիկ լավ գիտեն։ Խոսքը ռուս գրող Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գրքի մասին է, որի հիմնական առանցքը «Հրանտը» վերտառությամբ էսսեն է։  

Քանի որ օտարազգի գրողը մեր երկիր էր եկել հատկապես Հրանտ Մաթևոսյանի հետ ծանոթանալու համար։  Թե ինչ է եղել հետո ավելի լավ տեղյակ է Կարինե Մեսրոպյանը, ով  իր կոչմանը հավատարիմ մնալով, բնագրին համարժեք թարգմանությամբ է հայ ընթերցողին ներկայացրել «Կարոտ առ Հայաստան» գիրքը։  Ուրեմն, մեր ընթերցողին նախ առաջարկում ենք Կ. Մեսրոպյանի՝ «Աստծո մարդ, Աստծո աշխարհ» առաջաբանը, որը Յուրի Կարաբչիևսկու և նրա հեղինակած՝ «Կարոտ առ Հայաստան» գրքի ստեղծման համառոտ պատմությունն է։ Իսկ հաջորդիվ արդեն՝ «Հրանտը» էսսեն, որն առանց ընդհատումների, ինչպես ասում են՝ մի շնչով է կարդացվում։ Այն տեղադրված է «Arvest.am» կայքի «թարգմանական արվեստ» նորաստեղծ բաժնում։ 

                                     ԱՍՏԾՈ ՄԱՐԴ, ԱՍՏԾՈ ԱՇԽԱՐՀ

«Հորդուն, ճկուն տարողությամբ նրա արձակն ունի ոչ միայն խիստ առարկայական էություն՝ զերծ ամեն տեսակ իդեալականացումներից, շոշափելի՝ դողի, հողի խորդուբորդ լինելու, մարմնի ջերմության ու ձայնի տեմբր զգալու չափ, այլև անսահման մեծ բան՝ մարդու հոգին, նրա աստվածային էությունը: Այդ ոլորտներում ոչինչ չի կարելի հաստատել, իսկ առավել ևս՝ պարտադրել, ու թեև հոգևոր կյանքի մասին Մաթևոսյանի արձակը հայտարարություններ չի անում, սակայն ուզում ես նրան բնորոշել միայն այսպիսի անսովոր բառերով՝ Աստծո մարդ, Աստծո աշխարհ»…

Յուրի Կարաբչիևսկի

2018 թվականի վերջերին «Հրանտ Մաթևոսյան» բարեգործական հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ լույս տեսավ ռուս այլախոհ բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատական էսսեների հեղինակ Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» վիպակը: Վիպակի ստեղծման ակունքներում հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկն է՝  ռուս գրող Անդրեյ Բիտովը:

Յուրի Կարաբչիևսկին Հայաստանը ճանաչել է ոչ միայն Օսիպ Մանդելշտամի և Անդրեյ Բիտովի՝ Հայաստանին նվիրված ստեղծագործություններով, այլև Հրանտ Մաթևոսյանի գրականությամբ:

Նա, ոգեշնչված Օսիպ Մանդելշտամի Հայաստանին նվիրված արձակ ու չափածո շարքով և Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» վիպակով, անցյալ դարի 70-ական թվականներին եկավ Հայաստան՝ բացահայտելու ի՛ր Հայաստանը:

Ռուսաստանում նրա անունը հայտնի չէր: Առաջին անգամ տպագրվել է 1955-ին: Հետագա տարիներին կարողացել էր տպագրել… ընդամենը չորս բանաստեղծություն: Ռուսաստանում նրան չէին տպագրում: Մինչև 1988-ը հրատարակվել է միայն արևմուտքի (Գերմանիա, Ֆրանսիա) ռուսալեզու մամուլում: Վտարանդի մամուլի հետ ունեցած կապի պատճառով միշտ եղել է ձերբակալման վտանգի տակ: Անդրեյ Բիտովը նրան հրավիրում է մասնակցելու «Մետրոպոլ» ալմանախի կազմելու աշխատանքներին և «մետրոպոլյան» աղմկահարույց քաղաքական սկանդալից հետո (ալմանախը լույս էր տեսել առանց գրաքննություն անցնելու) որպես այլախոհ գրող Կարաբչիևսկու անունը միջազգային ճանաչման է արժանանում, և գրական ազատամիտ շրջանակներում նրա ստեղծագործությունների հանդեպ  առաջանում է հետաքրքրություն:

1976 թվականին նա եկավ Հայաստան գործուղման, ինչպես նաև անպայման Հրանտ Մաթևոսյանին հանդիպելու ցանկությամբ: Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» վիպակը նրա համար բացահայտել էր հոգևոր Հայաստանը, ինչպես նաև նրա մոտ հետաքրքրություն էր առաջացրել Հրանտ Մաթևոսյան մարդու և գրողի հանդեպ: Նա այնքան տարված էր Բիտովի գրքով, այնքան բարձր էր այն գնահատում, որ  ճանապարհվելիս վերցրել էր իր հետ, որպեսզի Հայաստանում որպես սկիզբ հենման կետ ունենա: Նա եկավ նաև կարդացած հայ գրողի ստեղծագործությունները: Կարաբչիևսկին փոքր-ինչ վերապահումով էր ձեռքն առել Մաթևոսյանի ժողովածուն (նրան կարդալու էր տվել Անդրեյ Բիտովը). «Թեև այդ գիրքն ինձ տվել էր ոչ թե պարզապես ինչ-որ մեկը, այլ խելացի մարդ ու մեծ գրող, միևնույնն է, չէի հավատում: Նա Մաթևոսյանի վաղեմի ընկերն է, իսկ մի՞թե ընկերոջ մասին վատ բան կասեն»,- գրում է Կարաբչիևսկին վիպակում: Սակայն. «Այդ գրքում կային բարձր արձակի բոլոր տարրերը՝ ոճը, ռիթմը, պատկերների ճշգրտությունը, կերպարների իսկությունը՝ առանց իդեալականացման, առանց գույները խտացնելու և նրբացնելու: Թվում է՝ կյանքը ոչ մի մշակման չէր ենթարկվել, մենք այն ստացել էինք առաջին ձեռքից, և դա իսկական վարպետի ու սքանչելի մարդու ձեռք էր»,- շարունակում է գրողը:

Գործուղումն ավարտելուց, ինչպես նաև Հրանտ Մաթևոսյանին հանդիպելուց, մի երեկո նրա հարկի տակ անցկացնելուց հետո, ի մի բերելով հայաստանյան տպավորությունները, նա գրելու է. «Ինձ համար Հայաստանն առաջին հերթին նա է՝ Հրանտը, և Հրանտի սերն ու կարոտն առ Հայաստան. ահա Հայաստանը, և դա ավելի իրական է, քան տներն ու անտառները»: Ռուս գրողին հաջողվել է կերտել Մաթևոսյան գրողի կերպարը: Մենք նրան տեսնում ենք այնպիսին, ինչպիսին ճանաչում էինք իրականում: Վիպակն ընթերցելիս մեր աչքի առջև հառնում է սիրելի գրողը, «նրա պայծառ ներկայությունը» (Հրանտ Մաթևոսյան, «Տախը», Հովհաննես Թումանյանի մասին):

«Կարոտ առ Հայաստան» վիպակը գրվել է 1978 թվականին և առաջին անգամ տպագրվել 1988-ին մեր „Литературная Армения” ամսագրի 7-8-րդ համարներում: Հայաստանյան տպագրությունից հետո Ռուսաստանում սկսվում են հրատարակվել Կարաբչիևսկու բանաստեղծությունները, արձակն ու գեղագիտական հոդվածները „Театр”, „Дружба народов”, „Октябрь”, „Новый мир” հանդեսներում:

Այսօր մեզ համար Անդրեյ Բիտովի  կերտած հոգևոր Հայաստանի կողքին բարձրանում է Կարաբչիևսկու կերտած իրական Հայաստանի մեծ զավակի՝ Հրանտ Մաթևոսյանի կերպարը, որի գրականությունը ևս մի գրողի համար առիթ եղավ  գրելու և խորհրդածելու մեր երկրի ներկայի, անցյալի մասին և ռուս ընթերցողի համար (այժմ նաև հայ ընթերցողի համար) բացահայտելու Հայաստանի առաքելությունն այս արևի տակ. «Հայերը մերան են, և դրա մեջ է նրանց պատմական դերը»: