ԱՆԻ-ի քննարկումը Իջևանում. «Տարածքային վեճերը Հայաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թթ.»

1483

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօր, նոյեմբերի 2-ին, Տավուշի մարզկենտրոն Իջևանում կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Հայաստանը և Ադրբեջանը 1918-1920 թթ.՝ վիճելի տարածքները երկու հանրապետությունների միջև» թեմայով:

Հանդիպումը կայացավ Իջևանի Քաղաքացիական Երիտասարդական ՀԿ-ում։

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ ընդամենը 10-11 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ Արարատյան դաշտում և Սևանի ավազանում:

Հայաստանի և Օսմանյան կայսրության միջև հունիսի 4-ին Բաթում կնքված Հաշտության և բարեկամության պայմանագրով գծվում է երկու երկրների միջև սահմանը, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները մնում էին վիճելի, որոնք էլ հետագայում պատճառ դարձան հայ-վրացական, հայ-ադրբեջանական և վրաց-ադրբեջանական բախումների և պատերազմների 1918-1920 թվականներին և ապագայում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև կային մի շարք վիճելի շրջաններ, որոնցից առանցքային երեքը Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանն էին։ Երկու հանրապետութոյւնները հավակնություններ ունեին այլ հողաշերտերի նկատմամբ ևս, որի պատճառով ռազմական բախումներ եղան նաև Տավուշ-Ղազախ հատվածում։

Հայաստան-Ադրբեջան վիճելի շրջանների, պատերազմի և դիվանագիտության մասին խոսեց ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը, որին հետևեց հարց ու պատասխան և քննարկում:

ԱՆԻ հիմնադրամի 12 թեմատիկ դասախոսությունները հնարավոր է դարձել իրականացնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։

Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:

Նախքան Իևջանի միջոցառումը ԱՆԻ հիմնադրամը այս ծրագրի շրջանակներում քննարկումներ է կազմակերպել Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում և Վանաձորում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածից