10 ընդդիմադիր խումբ, որոնց կեցվածքը պայմանավորվում է նաև Նիկոլ Փաշինյանի քայլերով

1189

Երեկ անդրադարձել էի քաղաքական այն ուժերին ու խմբերին, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ներքին և արտաքին քաղաքականությունը: Այդ սյունը բուռն քննարկման էր ենթարկվում սոցիալական ցանցերում: Երկրորդ հատվածում (կլինի նաև երրորդը՝ վաղը) մենք կառանձնացնենք ընդդիմադիր ևս 10 քաղաքական ուժերի ու շրջանակների, որոնց կեցվածքը պայմանավորվում է, գուցե՝ մեծապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն քայլերով: Լրագրությունը, ինչպես քաղաքականությունը, մաթեմատիկա չէ և ոչ էլ ճշգրիտ գիտություն, և ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա խմբերն ու շրջանակները կարող են լինել 10, 12 կամ ավելի:

Կարդա՛ նաև՝ 10 խումբ․ ովքեր և ինչու են քննադատում Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում, ինչպես նշել էի երեկվա սյունակում, հեղափոխական կամ հետհեղափոխական ցնծություն այլևս չկա, սակայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է մնալ բարձր: Հանրային հարցումների արդյունքներ մեր ձեռքի տակ չկան, սակայն հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ եթե վաղը Հայաստանում լինեն համապետական ընտրություններ, Փաշինյանը և նրա թիմը կհաղթեին, ճիշտ է՝ ոչ 80 տոկոս, ինչպես Երևանի և ոչ էլ՝ 70 տոկոս քվեով, ինչպես 2018-ի դեկտեմբերի ԱԺ ընտրություններում:

Ովքեր են այն ուժերն ու խմբերը, որոնք հիմնականում աջակցել են Թավշյա հեղափոխությանը, հարյուր հազարավոր հայաստանցիների հետ դուրս եկել փողոցներ, քայլ արել և մերժել Սերժին, սակայն այսօր քննադատում են Նիկոլ Փաշինյանին:

1․  Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Առաջինը հենց այս ուժի անունն ենք նշում, քանի որ խորհրդարանական ընդդիմություն է դասական քաղաքականության իմաստով և ամենամեծ խորհրդարանական ոչ իշխանական ուժը: Գագիկ Ծառուկյանը և նրա ղեկավարած ուժը իրեն ավելի լավ զգում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակներում: Ծառուկյանը և Քոչարյանը նաև անձնական բարիդրացիական կապեր ունեին: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Բարգավաճ Հայաստանն ու նրա առաջնորդը ժամանակ առ ժամանակ ենթարկվում էին տարատեսակ ճնշումների, որի ակնառու օրինակը 2015-ի փետրվարն էր, երբ Ծառուկյանը և թիմը դուրս եկան ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների և Սերժի իշխանության հավերժացման: Այդ շրջանում էր, երբ հանրությունը ևս մեկ անգամ բացահայտեց իշխող ՀՀԿ-ական վերնախավի իրական դեմքը: Սերժը և ՀԿԿ-ականները Ծառուկյանի հասցեին հնչեցրին անվայել արտահայտություններ:

2018-ի հեղափոխության օրերին Ծառուկյանն ու կուսակցությունը հիմնականում ողջունեցին համահայկական շարժումը, մաս կազմեցին Փաշինյանի հետհեղափոխական կառավարությանը: Այսօր Ծառուկյանն ու նրա խորհրդարանական թիմը հաճախ է քննադատության թիրախ դարձնում իշխող ուժին: Ծառուկյանի և Բարգավաճ Հայաստանի վարքագիծը առաջիկա տարիներին մեծապես պայմանավորված կլինի նաև նրանով, թե ինչ չափով է կառավարությունը գործելու և բարգավաճելու հնարավորություն տալու Ծառուկյանի բիզնես-կայսրությանը:

2․ Լուսավոր Հայաստան կուսակցություն: Առանց հեգնանքի՝ Լուսավոր Հայաստանը կլասիկ քաղաքական ուժ է, որը նոր ոճ ու էթիկա է բերել հայկական քաղաքականությանը և՛ Ազգային ժողովում, և՛ Երևանի ավագանում: Այս ուժը, որ Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունների հետ մաս էր կազմում ԵԼՔ դաշինքին, Թավշյա հեղափոխության օրերին լուրջ վերապահումներ ուներ հեղափոխության մեթոդների և հատկապես ելքի առումով: Երբ հեղափոխությունը հաղթանակեց, Լուսավոր Հայաստանը Հանրապետություն, Բարգավաճ Հայաստան և ՀՅԴ կուսակցությունների հետ մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Լուսավոր Հայաստանը այսօր զբաղեցրել է հետևյալ դիրքը. եթե Փաշինյանն ու նրա կառավարությունը թույլ են տալիս սխալներ, ապա քննադատում են, եթե իշխանությունների քայլերն ու քաղաքականությունը համընկնում են կուսակցության մոտեցումներին, ապա բացահայտ աջակցում են Փաշինյանին ու կառավարությանը:

3․ Քաղաքացու որոշում (ՔՈ) կուսակցություն: Սոցիալ դեմոկրատական այս միավորումը 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է շուրջ 8,5 հազար քվե կամ ձայների 0,68 տոկոսը: Առաջին հայացքից այս թվերը կարող են շատ բան չասել ՔՈ-ի ներուժի մասին: Իրականում, ՔՈ-ն կուռ գաղափարական թիմ է, որտեղ գլուխ գլխի են հավաքվել երիտասարդ, սկզբունքային և հավակնոտ գործիչներ: ՔՈ-ի (կուսակցությունը հիմնադրվել է Թավշյա հեղափոխությունից հետո) անդամները եղել են հեղափոխության առաջին շարքերում, կարևոր ներդրում ունեցել նախկին վարչակարգին հեռացնելու գործում, սակայն ամենախիստ քննադատության են ենթարկում Փաշինյանին և կառավարությանը, եթե վերջիններս անում են քայլեր, որոնք ՔՈ-ի համար անընդունելի են: Դրա վառ օրինակը Ամուլսարն է:

Խորհրդարանական վերջին՝ 2018-ի դեկտեմբերին կայացած ընտրություններում, քաղաքական երկու միավորներ՝ Մենք դաշինքը և «Սասնա Ծռեր»  համահայկական կուսակցությունը ստացել են քվեների համապատասխանաբար 2 և 1,8 տոկոսը:

4․ Մենք դաշինքի կուսակցություններից Հանրապետությունը և նրա առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը երբեմն աջակցում, երբեմն քննադատում են Փաշինյանի և կառավարության քաղաքականությունը: Եթե ՔՈ-ն ամեն ինչ անում է, որ Ամուլսարը չշագործվի, ապա Հանրապետությունը կարելի է համարել միակ ուժը, որ հատուկ հայտարարությամբ կողմ է արտահայտվել Ամուլսարի շահագործմանը: Արամ Սարգսյանին և Հանրապետություն կուսակցությանը դժվար է դասել ընդդիմության շարքում, սակայն այս ուժը ընդդիմություն է այնքանով, որ կառավարության մաս չի կազմում:

5․ Սասնա ծռերը և շատ խմբեր ու անհատներ Փաշինյանին քննադատության հարցում ելակետ են ընդունում նաև այն իրողությունը, թե քննադատությունը որքանով է օգտագործվելու նախկին իշխանությունների կողմից: Բազմաթիվ են խմբերն ու անհատները, որոնք Փաշինյանին չեն ցանկանում հրապարակավ քննադատել, որպեսզի ջուր չլցնեն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ջրաղացին: Եվ որքան հեռանում ենք Թավշյա հեղափոխությունից, այնքան այս խմբերն ու անհատները Փաշինյանին քննադատելու հարցում ավելի ազատ են զգում, մանավանդ այն դեպքերում, երբ արվում են հեղափոխության ոգուն հակասող քայլեր, ինչպես, օրինակ, նախարարների աշխատավարձերը բարձրացնելու որոշումն էր, որ փորձ էր արվում գաղտնի պահել հանրությունից: Ծռերը ավելի կոշտ կարձագանքեն, եթե Փաշինյանը Արցախի հարցում գնա փոխզիջումների: Ծռերի համար, համենայն դեպս այդպիսին է նրանց հրապարակային հռետորաբանությունը, Արցախի հարցում կարմիր գծերն անցնում են Արցախ-Ադրբեջան շփման գծով: 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը հետևանք էր նաև Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կրած տարածքային կորուստների և Սերժ Սարգսյանի՝ 7 շրջաններ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարությունների:

6․ Այս ուժը կամ միավորումը անուն չունի, բայց կարող է դառնալ մեծագույնը եթե, իրավամբ, Փաշինյանը փորձ կատարի փոխզիջումների ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Փոխզիջում նշանակում է ստատուս-քվոյի փոփոխությունը, այն է՝ տարածք կարգավիճակի դիմաց: Ղարաբաղյան կարգավորման յուրաքանչյուր իրական փորձ Փաշինյանի դեմ համախմբելու է տասնյակ հազարավոր մարդկանց՝ ազգայնականներ, լիբերալներ, աջեր, ձախեր…

7. Այս ուժը կամ միավորումը ևս անուն չունի: Այս անանուն խմբի մեջ երկու հիմնական շերտ կա. առաջին՝ Նիկոլ Փաշինյանին և Թավշյա հեղափոխությանը աջակցած քաղաքացիներ, որոնք այսօր նրան անշահախնդիր քննադատում են թույլ տրվող սխալների համար, և երկրորդ՝ քաղաքացիներ, որոնք հեղափոխության հաղթանակից հետո երկնքից մանանայի էին սպասում:

8. Քաղաքացիական հասարակության խմբեր, ՀԿ-ներ, հիմնադրամներ, որոնք հեղափոխության օրերին աջակցում էին Փաշինյանին, սակայն քննադատում են հեղափոխությունը բովանդակազրկող ամեն մի քայլ:

9. Բնապահպաններ և մասնագիտական այլ տարատեսակ խմբեր, որոնք քննադատում են Փաշինյանին և կառավարությանը Ամուլսարի, համահարթ եկամտահարկի և այլ կոնկրետ հարցերում:

10. Այս խումբը ևս ընդհանրական անուն չունի: Այս խմբում կարելի է ներառել նրանց, ովքեր «երկիրը երկիր չի» կարգախոսով արտագաղթել են, և այսօր էլ ջանում են ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու երկրում, բյուջեից սնվող բյուրոկրատիա, որը մնացել է աշխատավարձի հույսին և չի կարողանում գործի դնել կոռուպցիոն մեխանիզմը, նախկին իշխանությունների կողմից սնվող և ֆեյսբուքում աշխատող ինտելեկտուալներ, Քոչարյանին և Սերժին վճարի դիմաց և անվճար աջակցողներ, ուղնուծուծով ռուսամետ և առանց Ռուսաստանի Հայաստանի ապագան չպատկերացնող, իրականում շատ ազնիվ քաղաքացիներ, որոնց մտահոգում է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը…

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ