Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հոկտեմբերի 12-ին Վանաձորում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Թուրքական զորքերի հեռացումը, Հայաստանի ընդարձակումը և հայ-վրացական երկշաբաթյա պատերազմը 1918-ին» թեմայով:
Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ ընդամենը 10-11 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ Արարատյան դաշտում և Սևանի ավազանում:
Հայաստանի և Օսմանյան կայսրության միջև հունիսի 4-ին Բաթում կնքված Հաշտության և բարեկամության պայմանագրով գծվում է երկու երկրների միջև սահմանը, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները մնում էին վիճելի, որոնք էլ հետագայում պատճառ դարձան հայ-վրացական, հայ-ադրբեջանական և վրաց-ադրբեջանական բախումների և պատերազմների 1918-1920 թվականներին և ապագայում:
Թուրքական զորքերը 1918-ի մայիսից մինչև նոյեմբեր գրավման տակ էին պահում Լոռու մի հատվածը: Երբ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրությունը իրենց ճանաչեց պարտված, թուրքական զորքերը սկսեցին հեռանալ Անդրկովկասի, այդ թվում՝ հայկական գրավյալ հողերից:
Այսպես սկսվեց Հայաստանի ընդարձակումը: 1918-ի դեկտեմբերին Լոռու և Ախալքալաքի համար պայքարը վերաճեց հայ-վրացական երկշաբաթյա պատերազմի:
Հայ-վրացական պատերազմի և դիվանագիտության, Լոռու չեզոք գոտու ձևավորման մասին խոսեց ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը, որին կհետևեց հարց ու պատասխան և քննարկում:
ԱՆԻ հիմնադրամի 12 թեմատիկ դասախոսությունները հնարավոր է դարձել իրականացնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։
Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:
Նախքան Վանաձորի միջոցառումը ԱՆԻ հիմնադրամը այս ծրագրի շրջանակներում քննարկումներ է կազմակերպել Աշտարակում, Արտաշատում և Գյումրիում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն