Ռոհանիի այցը Երևան. իրանական լրատվամիջոցների արձագանքը

982

Իրանի ԶԼՄ-ների անդրադարձը նախագահ Ռոհանիի Հայաստան կատարած այցելության, Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) Բարձրագույն Խորհրդի նիստին մասնակցելու և վարած բանակցությունների մասին

Իրանի ավելի քան հարյուր տպագիր և թվային մամուլը արտացոլել են այս լուրը և լուսանկարներ են հրապարակել:

Eslahatnews.com-ը այս առիթով հարցազրույց է վարել Հայասանում Իրանի դեսպան պրն Սաջադիի հետ, «Սեթարե Սոբհ» օրաթերթը հրատարակել է հոդված ԵԱՏՄ-ի և Իրանի համագործակցության կարևորության մասին, իսկ «Արման» և «Դոնյայե Էղթեսադ» թերթերը հրապարակել են սյունյակագիր Բահրամ Ամիր Ահմադյանի ակնարկը` Ռոհանիի Հայաստան կատարած այցի կարևորության մասին:

Իրանի մամուլը հիմնականում անդրադարձել է Պուտին-Ռոհանի հանդիպման, հայ ղեկավարների հետ ունեցած բանակցության, Իրան-Սինգապուր ղեկավարների տեսակցության և Ռոհանիի Եվրասիական Տնտեսական Միության Բարձրագույն Խորհրդի նիստում հնչեցրած ելույթին:

Այդ ելույթի առանցքում եղել են ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը, Պարսից Ծոցի անվտանգության միասնական դոկտրինան և հակաամերիկյան ճակատ կազմելու անհրաժեշտությունը:

Պրն Ռոհանիի Հայաստան կատարած այցելության լուսաբանմանը հիմնականում մեծ տեղ են տվել կառավարությանը պատկանող «Իրան» օրաթերթը և նախագահին սատարող փոքրաթիվ լրատվամիջոցներ:

Նույն օրվա մամուլը կարևորությամբ անդրադարձել է նաև հեղափոխության պահակազորի հրամանատարներից մեկի հուշերին, Իրան-Սաուդական Արաբիա հարաբերություններին, Իրան-ԱՄՆ առճակատմանը և նախագահ Ռոհանիի եղբոր կալանավորմանը:

Տիգրան Դավթյան