Լուսանկարում՝ Աղջկաբերդը, Անիի ավերակներ
Լուսանկարի հեղինակ՝ Գևորգ Հարոյան
Այսուհետ ամեն օր ԱՆԻ կենտրոնը կներկայացնի մեկ լուսանկար Անիից և Կարսից։
Կարդալ նաև
Անիի վերջին բնակիչները՝ Արտաշես Վրույրի «Անիում» գիրքը
Երեք տարի առաջ Երևանում գտնվող իմ բարեկամներից Եդուարդ Մսըրլեանը (Սան Ֆրանցիսկո) փոխանցեց այս գրքի երկրորդ՝ 1979 թվականի հրատարակությունը։ Ասաց՝ ժամանակ ունենաս, կարդա։
Կարդացի շապիկի գրությունը՝ Արտաշես Վրույր, Անիում։
Վրույր ազգանունը ինձ ծանոթ էր Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնից։ Այնտեղ է թաղված հայ նշանավոր դերասաններից Արամ Վրույրը։ Արտաշեսը նրա որդին էր և հոր հետ 1900-ական թթ առաջին երկու տասնամյակներում՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսները՝ իր մանկության և պատանեկության ամառները, անց է կացրել Բագրատունիների վերջին մայրաքաղաքում՝ Անիի ավերակներում։
Մի քանի էջ կարդալուց հետո որոշեցի, որ այս գիրքը պետք է մաս-մաս հրատարակել ԱՆի կենտրոնի կայքում։
Հետո, երբ Եդուարդ Մսըրլեանին պատմեցի, որ գիրքը մի շնչով եմ կարդացել և իմ կարդացած հատորներից միակն է, որը նկարագրում է Անիի վերջին բնակիչներին, վերջին վանահորը․․․
Որոշեցինք այն հրատարակել հայերեն ու նաև՝ թարգմանել անգլերեն։
Բացի այդ, անհրաժեշտ նկատեցինք հին՝ 100 և ավելի առաջ տարիներ արված նկարների կողքին դնել այսօրվա՝ 2019-ի Անիի նկարները։
Հատուկ այդ նպատակով ՍիվիլՆեթի լուսանկարիչ Գևորգ Հարոյանի հետ մեկնեցինք Անի։
Անիում եղել եմ շատ անգամներ։ Այս այցելությունը այլ էր։ Մեկ ամբողջ օր քայլեցինք 1000-ամյա մայրաքաղաքում, նկարեցինք բոլոր եկեղեցիները՝ կանգուն, կիսավեր ու ավերակ, զովացանք Ախուրյան ու Անի գետերի ջրերով։
Ես ավելացնելու այլ բան չունեմ, բացի իմ շնորհակալությունը հայտնելու Գևորգին, հայերենից անգլերեն թարգմանությունը կատարած Հեղինար Մելքոմ Մելքոմյանին, հայերենի մուտքագրող Արմենուհի Մանուկյանին և Լուսակն հրատարակչությանը։
Հատուկ շնորհակալություն իմ բարեկամ Եդվարդ Մսըրլեանին և տինոջը՝ Վերժինին, որոնք ոչ միայն դարձան այս գրքի վերահրատարակության ոգեշնչողը, այլ ֆինանսապես աջակցողները։ Շնորհակալություն բարեկամության և Անին մեր սրտերում, մեր մտքերում ու մեր աղոթքներում պահելու համար։
Մնացյալը՝ գրքում։
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն