Հայաստան-Օսմանյան կայսրություն (Թուրքիա) պաշտոնական առաջին փաստաթուղթը. 1918թ

3001

1918թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Հանրապետության տարածքը ճշգրիտ չէր կարող լինել հենց 12 հազար քառակուսի կիլոմետրը, քանի որ Բաթումի պայմանագրով միայն որոշվել էր սահմանագիծը մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նշվում և մանրամասնվում է այդ պայմանագրի երկրորդ հոդվածում: Այսպիսով, 12 հազար քառակուսի կիլոմետրը մոտավոր թիվ է, քանի որ ճշտված չէին սահմանները նորանկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Չնայած ներքին ընդվզմանն ու զայրույթին` 1918թ. հունիս-նոյեմբեր ամիսներին կառավարությունը տարավ այդ պարտադրանք-հարկադրանքը: Շատերը հայհոյում ու դավաճանական էին համարում թուրքերի հետ կնքած Բաթումի պայմանագիրը (հունիս 4), բայց հակադրվելով հասարակական կարծիքին` առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին համոզված էր, որ Հայաստանը պետք է կատարի այդ  պայմանագրի դրույթները և միջպետական հարաբերություններ պահպանի Օսմանյան կառավարության հետ:

Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմնի` Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էին Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան Կայսրության   ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը և ռուս ու մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Խորին լռության մեջ, ինչպես գրում է Վրացյանը, բեմ ելավ Քաջազնունին և արտասանեց բացման ճառը, որը թարգմանվեց ռուսերեն ու թուրքերեն:

Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, օգոստոսի 3-ին, Քաջազնունին կարդաց կառավարության հայտարարությունը. “Ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես, լուծել օսմանյան զորքերի` մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը”:

1919թ. հունվարին Փարիզում սպասվող Խաղաղության վեհաժողովի նախօրեին Քաջազնունին գոհանում էր համեստ սահմաններով` համաձայնելով ծովային ելք էլ չունենալ: Ժողովրդականները պնդում էին ծովից ծով Հայաստանի  գաղափարի վրա` Տրապիզոնի ու Ալեքսանդրետի ելքերով: Դաշնակցականների մեջ էլ քիչ չէին ծովից ծով Հայաստանի կողմնակիցները, բայց մեծ մասը կանգնած էր միայն Սև ծով ելք ունենալու տեսակետի վրա:

Իշխող ՀՅԴ կուսակցության շարքերում կային գործիչներ, ովքեր ներքուստ համոզված էին, որ թուրքերը կարող են խորտակել Հայաստանի անկախությունը: Արտաշես Բաբալյանի խոսքերով` թուրքերի գլխավոր ուժերը ուղղված էին Բաքվի դեմ և այդ էր մասամբ պատճառը, որ փոքրիկ ու թույլ Հայաստանը հանգիստ մնաց մինչև 1918թ. հոկտեմբերի 30-ին կնքված և Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունն ազդարարող, հայերի համար փրկարար զինադադարը:

Այդ ամիսներին “գլխավոր դերը ընկած էր Արամի Մանուկյան վրա: Նա էր վարում ներքին գործերը, խնամատարության և գյուղատնտեսության բաժինները: Նրան էր վիճակված նաև Օսմանյան կայսրության ներկայացուցչի` Մեհմեդ Ալի փաշայի հետ հարաբերվելը: Բաքվի անկումից հետո, սեպտեմբերին, թուրքերի ձեռքերը ազատվեցին, և նրանք կարող էին խեղդել հանրապետությունը և իսպառ վերջ տալ հայ ժողովրդի գոյությանը, սակայն այդ չարին` մտահոգված լինելով տեղացող հարվածներից Սիրիայում ու Պաղեստինում: Համենայն դեպս, թուրքական կառավարությունը կարևորություն չտվեց Հայաստանին, գուցե և կամենում էր նրա անկախ գոյությունը պահպանել”:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Լուսանկարում՝ Հովհաննես Քաջազնունին