Զսպել «Վետո»-ին․ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կոչը

1228

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակը Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում գործողություններ ձեռնարկել «Վետո» շարժման դեմ, որը խոչընդոտում է գրասենյակի գործունեությունը և հետապնդում իրենց հետ համագործակցող բազմաթիվ քաղաքացիների։ «Վետո» շարժումը հանդես է գալիս միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործունեության դեմ Հայաստանում, թիրախավորում անձամբ Սորոսին, նոր կառավարության շատ պաշտոնյաների անվանելով «սորոսական»։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հայտարարությունը՝ ստորև․

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի անձնակազմը և գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են հետապնդումների և հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից: Այս ամբողջ ընթացքում Հիմնադրամը ձեռնպահ է մնացել հրապարակային գործողություններից և հայտարարություններից՝ ապավինելով, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ գրասենյակի բնականոն աշխատանքն ապահովելու, հնարավոր բռնության և քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող դրսևորումները կանխելու համար:

Սակայն գրասենյակի դիմաց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվել են  Հիմնադրամ այցելած քաղաքացիների իրավունքները, դուրս են ցանկացած տրամաբանությունից:

2019 թ. սեպտեմբերի 25-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ էին այցելել Հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ծրագրով Արարատի մարզում իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած կամավոր ուսուցիչները: Գրասենյակ այցելելուց և հեռանալուց հետո  «Վետո» նախաձեռնության  անդամները հետապնդել են ուսուցիչներին, լուսանկարահանել և տեսանկարահանել նրանց, սուտ մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին, իսկ ավելի ուշ հրապարակել այդ նյութերը համացանցում՝  կոչ անելով սոցցանցերի օգտատերերին  տեղեկություններ  հայթայթել ու տրամադրել Հիմնադրամ այցելած մանկավարժների վերաբերյալ:

Հիմնադրամի ծրագրին կամավոր մասնակցած մանկավարժները, իրենց հասցեին շրջանառված սուտ և զրպարտիչ տեղեկությունների ազդեցության արդյունքում, դպրոցական անձնակազմի ու ծնողական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից ենթարկվել են հանրային պարսավանքի և վիրավորանքի: Մինչդեռ այս մանկավարժները մեկ ամիս շարունակ կամավորական հիմունքներով մայրենի լեզու և մաթեմատիկա են դասավանդել

Արարատի մարզի 185 աշակերտի, որոնք ուսումնական տարվա ընթացքում ունեցել են ցածր առաջադիմություն և ետ էին մնացել հանրակրթական ծրագրից:

Հիմնադրամը մանկավարժներին վերաբերող սուտ, զրպարտիչ տեղեկությունների հրապարակումն ու նրանց հանրային հետապնդումը, և դրանց հետևանքով իրենց համայնքներում հանրային պարսավանքի ենթարկվելու փաստերը որակում է որպես «Վետո» նախաձեռնության կողմից հավաքների ազատության իրավունքի չարաշահում, որն արտահայտվել է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման, նրանց պատիվը, արժանապատվությունը և մանկավարժական բարի համբավի  արատավորմանը հանգեցրած դրսևորումներով:

Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար:

Արխիվային լուսանկարում՝ «Վետո» շարժման ղեկավար, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, գրող Նարեկ Մալյանը