Ավետիս Ահարոնյանի «Բաց նամակը» Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Գեորգի Չիչերինին. 26 մայիս, 1925թ

1993

Մոսկվա…

Պարոն ժողովրդական կոմիսար,

Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը հանդեպ Հայաստանի արդարացնելու համար, դուք հրամայական պետք եք զգացել Մոսկվայից մինչեւ Հայաստան-Երեւան ու Ալեքսանդրապոլ անցնել եւ հայ ժողովրդի առջեւ ճառեր արտասանել։ Պետք է որ ձեր խղճի վրա դուք շատ ծանր բեռ զգայիք, որպեսզի հանձն առնեիք այդ երկար ճամփորդության տաղտուկն ու նեղությունը՝ փշրված, արյունլվա եւ ձեր լուծի տակ կռացած Հայաստանի առաջ արդարանալու համար։

Հակառակ ձեր հռչակած «բաց քաղաքանության» սկզբունքներին, դուք ձեր ճառերի մեջ ճգնել էք հին դպրոցի քաղաքագետի վայել ճարպիկությամբ հայկական ողբերգության պատասխանատվությունը ձեր իսկ զոհերի վրա գցել:

Ալեքսանդրապոլում արտասանած ձեր ճառը ամբողջապես ուղղված էր Հայ Հեղափոխական Դաշնակցության դեմ։ Այդ կուսակցության հինավուրց անդամ եմ եւ լիապես բաժանում եմ նրա հասարակական, քաղաքական եւ ազգային ծրագիրը։ Եւ սակայն նրա պաշտպանության համար չէ, որ ես այսօր խօսք եմ առնում։ Ես խօսում եմ ձեզ, որպես հայ պետական մարդ, որպես հայ ազգի պաշտօնական հավատարմատար, որ քաջածանօթ է ձեր ակնարկած անցքերին: Ես ձեզ դիմում եմ ոչ որպես Կոմունիստական կուսակցության մեկ գլխավորին, այլ որպես ռուս պետական մարդու, որ ուղիղ գծով հաջորդն է Լոբանով-Ռոստովսկու եւ Ստոլիպինի, որոնց քաղաքականությունն էք կիրարկում փոքր ազգերի վերաբերմամբ։

Եվ այսպես Հայաստանի Հանրապետության պատվիրարկության նախագահն է, որ հանուն հայ ժողովրդի դիմում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին։

Դուք հայտարարում եք, որ Հայ հեղափոխական Դաշնակցությունը, ուզում եք ասել, հայ ազգային կառավարությունը Ալեքսանդրապոլի դաշնագրով «ոչ միայն զիջել է Կարսը եւ այլ շրջաններ, այլեւ իրապես թողել է Երեւանի շրջանը մի օտար պետության, որպեսզի կարողանա հիշյալ պետության ուժերը օգտագործել իր ներքին թշնամիների դեմ»։

Շատ համարձակ է ձեր այս հայտարարությունը, պ. ժողովրդական կոմիսար։

Եթե պարտված Հայաստանը հարկադրված եղավ ընդունել 1920 թվի թուրքերի պարտադրած խաղաղության տմարդի պայմանները, այդ միայն այն պատճառով, որ Թուրքիան, որպես ձեր դաշնակիցը, գործում էր մեր դեմ՝ հիմնված ձեր զինվորական ուժերի ու ձեր դիվանագիտական ազդեցությանը։ Դուք չեք ասում ձեր ճառի մեջ, որ Ալեքսանդրապոլի դաշինքի բանակցությունների ընթացքում ներկա էր Խորհրդային Ռուսաստանը հանձին Բուդու Մդիվանու, որպես ձեր ներկայացուցչի, որ գործում էր եւ խօսում ձեր անունով։ Դուք չեք ասում, որ հետագայում, նույն տարվա հոկտեմբեր ամսին, հիշյալ դաշնագիրը դուք ստորագրեցիք եւ հաստատեցիք։

Ո΄չ, պ. ժողովրդական կոմիսար, Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որ կործանեց Հայաստանն ու Հայ անկախությունը, ամբողջապես ձեր գործն է։ Իզուր եք փորձում այն վերագրել Հայ հեղափոխական դաշնակցությանը կամ մեր ազգային կառավարությանը։

Ձեր պատասխանատվությունը սակայն սրանով չի վերջանում։ Թվում է, թե ձեզ համար Հայաստանի ու Խորհրդային Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները սկսվում են 1920 թվին, Ալեքսանդրապոլի դաշնագրով։ Այս դաշինքը սակայն հայկական ողբերգության վերջին գործողությունն է միայն։ Ճշգրիտ պատմությունը անցքերի անսխալ եւ ժամանակագրական դասավորության մեջ է, այնպես չէ̉։

Արդ, հարկ է ձեզ հիշեցնել, որ 1914 թվին Ռուսաստանը իր դաշնակիցների հետ պատերազմի բռնվելով Թուրքիայի դեմ՝ պայքարի մեջ քաշեց եւ հայ ժողովրդին, խոստանալով Հայ Հայրենիքի ազատագրությունը։ Անշուշտ առանց մեծ վախի չէր, որ հայ ժողովուրդը այդ արյունոտ պայքարի մեջ նետվեց ռուս ազգի եւ դաշնակիցների կողքին: Նա ծանր երկյուղի մեջ էր, որ թուրքական քաջածանօթ բարբարոսությունը թուրք իշխանության տակ եղող իր եղբայրների վրա կարող է անդրադառնալ։ Սակայն հանուն իր հայրենիքի ազատագրության իդեալի, նա այդ գերագույն վճռականության գնաց։ Դուք գիտեք նույնպես, որ հայ ժողովրդի մեկ միլիոն ու կես զավակները զոհ գնացին, եւ Թուրքաց Հայաստանը մոխրի վերածվեց։

Եւ երբ այդ գնով ռուս եւ հայ բանակները Երզնկայից ու Տրապիզոնից դեն շպրտելով թուրքերին, կարողացան վերջապես գրավել մարտիրոսված հայ գավառները, երբ փախստական հայությունը շտապում էր վերադառնալ իր հայրենիքը, ճիշտ այդ ժամանակ, շնորհիվ ձեր բոլշեւիկյան պրոպագանդայի, ռուս զօրքը լքեց կովկասյան ճակատը, թողնելով հայկական փոքրիկ ուժասպառ զօրքը մեն-մենակ թուրքերի առաջ։ Ահա Խորհրդային Ռուսաստանի առաջին դավը Հայաստանի դեմ։ Եւ այդ դավին եկավ ավելանալու Լենինի համբավավոր դեկրետի խեղկատակությունը, որով ռուս զօրքը հետ քաշելով հանդերձ, Թուրքական Հայաստանը հռչակվում էր «ազատ ու անկախ»։

Եւ ահա այսպես 1917-ին այն վիթխարի պատերազմը, որ սկսել էր Ռուսաստանը Կովկասում, իր բոլոր ծանրությամբ, շնորհիվ խորհրդային վարիչների, ընկնում էր հայ ժողովրդի ուսերին, եւ ռուս-թուրքական պատերազմը դառնում էր հայ-թուրքական պատերազմ։

Վիճակը ձգված էր. հայ ժողովուրդը միմայն իր ուժերին ապավինած շարունակեց կռիվը հուսահատ հերոսությամբ։ Կարելի էր սպասել, որ Ռուսաստանը, թեկուզ բոլշեւիկ դարձած, գեթ դիվանագիտորէն կաջակցի Հայաստանին, որին լքել էր զինվորապես։ Բայց եւ այս դեպքում դուք եւ ձեր կառավարությունը տմարդօրեն դավեցիք մեզ։ Այդ իսկ պահին դուք Բրեստ-Լիտովսկի դաշինքը կռեցիք, որով Թուրքիային էիք թողնում ոչ միայն Թուրքաց Հայաստանը, այլեւ Կովկասյան Հայաստանի մի խոշոր բաժինը` Կարսի, Արդահանի եւ Սուրմալուի շրջանները։ Ահա ձեզ երկրորդ դավը, պ. ժողովրդական կոմիսար։ Եւ այս դաշինքի անունով էր, որ թուրք հրամանատար Վեհիբ փաշան այնուհետեւ շարժվեց դեպի Հայաստան պահանջելով Կարս, Արդահան եւ Սուրմալու։ Այդ, Ալեքսանդրապոլի դաշինքը, որ ձեր մեղադրական գլխավոր հիմքն է, կնքված է 1920-ին, մինչեւ Բրեստ-Լիտովսկի դաշնագրությունը երկու տարի առաջ, 1918-ին։

Ասացեք այժմ, մե՞նք ենք, որ հայկական հողերը հաձնել ենք թուրքերին, թէ՞ դուք, Խորհրդային Ռուսաստանի վարիչներդ։

Պատմություն ենք գրում, այնպէս չէ̉, պ. ժողովրդական կոմիսար, ճշգրիտ պատմություն, ուր ոչ մի երեւակայութեան խաղ լինել չի կարող, քանի որ ամենքի հիշողության մեջ թարմ է դեռ։ Եւ երբ դուք արտասանում էիք ձեր համարձակ ճառը՝ մեղադրականը, հայ ազգային կառավարության դեմ՝ խորհեցիք մեկ վայրկյան այս երկու թվականների մասին։ Ո́չ, պ. ժողովրդական կոմիսար, ոչ ոք եւ ոչինչ չի կարող մոռացնել տալ աշխարհին, որ Բրեստ-Լիտովսկի խայտառակ ակտը ձեր գործն է, այսինքն բոլշեւիկների։

Եւ սակայն հակառակ ձեր դավերի, հայ ազգը մի մարդու պես ծառացավ իր դարավոր թշնամու թուրքի դեմ եւ դեն շպրտեց Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը եւ իր թույլ ուժերով շարունակեց պայքարը։

Դուք չկայիք, երբ նա կռվում էր Էրզրումի պատերի տակ, երբ իր արի զավակները ընկնում էին Կարսի խրամատների մէջ։

Դուք չկայիք, երբ նա ճակատում էր Երեւանի տակ եւ Ղարաքիլիսայի դաշտերում։ Դուք ոչ միայն լքեցիք Հայաստանը այլ եւ Մոսկվայում սկսել էիք արդեն բարեկամական զրույցներ թուրքերի հետ, այնպիսի մարդկանց հետ, ինչպես Էնվեր փաշան, որ դառնում էր ձեզ համար «ընկեր Էնվեր»։

Բոլոր այս գերագույն պայքարին դուք բացակա եղաք մինչեւ 1920 թվի օգոստոս 10-ի ճակատագրական թվականը, երբ շնորհիվ հայ ժողովրդի կորովին եւ իր արիության, շնորհիվ դաշնակիցների հաղթության, մարտիրոս ազգը ձեռք բերեց վերջապես իր ազգային ազատության լույսը, Սեւրի Դաշնագիրը, որ ճանաչում էր ազատ, միացյալ եւ անկախ Հայաստանը։ Ահա այդ ժամանակ դուք վերստին հայտնվեցիք Կովկասում, բայց այս անգամ ձեր դաշնակից թուրքերի հետ ձեռք ձեռքի տված։ Եւ դուք հայտնվեցիք որպես Սեւրի Դաշնագրի, այսինքն հայ ժողովրդի ազատագրության թշնամի։

Ահա ձեր երրորդ դավը Հայաստանի դեմ։

Եւ այդ ժամանակից դուք, Թուրքիայի հետ միաբան, չդադարեցիք պայքարել Սեւրի Դաշնագրի եւ հայ ժողովրդի անկախության դեմ։ Այս դաշնագիրը քանդելու եւ հայ ժողովրդին Ալեքսանդրապոլում թուրքի առջեւ ծնկի բերելու համար էր, որ 1920-ին, Բաքվի արեւելյան ժողովուրդների համբավավոր կոնգրեսից հետո, որին նախագահում էր Զինովեւը, Քյազիմ Կարաբեքիր փաշան ձեր ներշնչումով հեռագիր էր ստանում Բաքվից Հայաստանի դեմ շարժվելու համար։ Եւ թուրքական արշավանքը հաջողացնելու համար դուք միաժամանակ ձեր պրոպագանդայով բարոյալքեցիք հայ բանակը, թուրքերին մատակարարեցիք զինվորական մասնագետներ, ռազմամթերք ու պարեն։ Ձեր զինվորական գործակալները հզորապես աջակցեցին Կարսի անկման։ Եւ մեր շարունակվող դիմադրությունը փշրելու համար ձեր Կարմիր բանակը ներխուժեց մեր երկիրը հյուսիսից, այն ժամանակ երբ թուրք բանակը արշավում էր հարավից։ Ահա այս կրկնակ հարձակողականով, որ դուք սարքել էիք թուրքերի հետ, դուք փողոտեցիք մեր հայրենիքը, պատճառ դառնալով Կարսի նահանգի հարյուր հազարավոր հայության կոտորածին ու փչացումին, եւ հաջողեցրիք Հայաստանի կործանումը հօգուտ թուրքերի։

Ձեր արեւելյան քաղաքանության հաջողության համար պետք ունեիք թուրք բարեկամության եւ այն ապահովելու համար դուք դժբախտ Հայաստանը քեմալական հորդաներին ճարակի տվիք։

Եւ այդ Հայաստանը իր ճակատագիրը կապել էր ռուս ազգի ճակատագրին եւ հայ արյունը հոսել ու խառնվել էր ռուս արյանը։

Ահա ձեր չորորդ դավը Հայաստանի դեմ, պարոն ժողովրդական կոմիսար։

Այնուհետեւ դուք փորձեցիք խաբել հայ ժողովրդին «Հայաստանի Խորհրդային Հանրապետության» կարիկատուրայով։ Եւ ինչպես մի ժամանակ ցարական կառավարությունը Պետրոգրադից էր ուղարկում Հայաստան իր ոստիկաններին ու այլ պաշտոնեությունը, նույնպես եւ դուք ռուսաստանի խորքերից մեր երկիրը թափեցիք ձեր գործակալներին, նույնքան օտար հայ ժողովրդին, որքան եւ չարակամ։

Դուք բանտերը լցրիք մեր մտավորականներով ու մեր մարտական երիտասարդներով, որոնց եւ կացնահարելով խողխողել տվիք։

Հայաստանում ձեր հաստատած ռեժիմը այն աստիճան դժնդակ էր, որ հայ ժողովուրդը, նույնիսկ կիսաքաղց եւ արյունաքամ անկարող եղավ հանդուրժել եւ 1921 թվի Փետրվար 18-ին ոտքի ելավ ձեր դեմ եւ դուրս քշեց երկրից ձեր գործակալներին ու ձեր բանակը։ Ի՜նչ փայլուն ապացույց, որ մենք չենք կարող տանել ոչ ձեր ռեժիմը, ոչ ձեր դոկտրինը եւ ոչ ձեր բռնությունը: Բայց ձեր քաղաքականությունը չէր կարող հանդուրժել, որ փոքրիկ հերոսական հայ ազգը, որին դուք շպրտել էիք թուրքերին ճարակ, կարողանա վերջապես ապրել անկախ իր հայրենիքի մի փոքրիկ մասում, ճնշելու համար հայ ժողովրդի ապստամբությունը, դուք վերստին մեր արյունով հեղեցիք մեր աշխարհը։

Այդ ձեր հինգերորդ դավը, պարոն ժողովրդական կոմիսար։ Դուք խոհեմաբար լռությամբ էք անցնում այս փաստերի վրայից Ալեքսանդրապոլի ձեր ճառի մեջ։ Իմ պարտքն է սակայն այս բոլորը փռել աշխարհի առաջ հանուն արդարության, հանուն հայ ժողովրդի։

Այս բոլորը ես անձամբ ասել եմ Ջենովայում 1922 թվին, արդար է, որ նույնը հիշեցնեմ հայ ժողովրդին եւ կրկնեմ հրապարակով – դուք ժխտում էք ծածուկ դիվանագիտությունը, այնպէս չէ̉, պարոն ժողովրդական կոմիսար։

Եզրակացություն։ – Թուրքական բարբարոսությունը վերջացավ իրենց պետության կործանումով եւ Հայաստանը արյան ու կրակի միջով ձեռք բերեց Սեւրի Դաշնագիրը, որպես գերագույն հատուցումն իր մարտիրոսության ու իր ազատագրական պայքարի։ Միայն ձեր դավերը հարկադրեցին հայ ազգին Ալեքսանդրապոլ գնալ։

Աշխարհը չի մոռանա երբեք, որ թուրքերից հետո միմիայն դուք եք անմիջական պատասխանատու հայ ժողովրդի կործանումին։ Դուք եք, որ ի դերեւ հանեցիք հերոսական եւ արյունոտ ճիգերը հայ ժողովրդի։ Պատմության դատաստանի առաջ դուք միշտ կմնաք դաշնակից Էնվերների, Թալեաթների, Քեմալների, որոնց հետ միաբան դուք կատարեցիք այս անորակելի գործը` սպանությունը հայ ժողովրդի։

Իզուր եք փորձում այսուհետեւ ճառերով ու դիմումներով մոլորեցնել աշխարհի հասարակաց կարծիքը եւ հայ ժողովրդի առողջ բնազդը։ Իզուր եք փորձում այսուհետեւ հայության վստահությունը շահել։ Նա́, ով պատռել է Սեւրի Դաշնագիրը` հայ ժողովրդի ազատության լույսը, հավիտենապես թշնամի է հայ ազգին։

Վերջացնելով խոսքս, ես չեմ դիմում ձեր խղճմտանքին, որովհետեւ ձեր վարդապետությունը ժխտում է ամեն մի անհատական մորալ եւ արդարության զգացում։ Ես չեմ դիմում ձեզ հանուն միջազգային մորալի, որի հանդեպ ձեր քաղաքական մեթոդներով դուք միայն արհամարհանք ունեք։ Չեմ հիշեցնում ձեզ ազգերի իրավունքը իրենց բախտը տնօրինելու, քանի որ այսօր ձեր օրեքներին ենթակա ժողովուրդները ավելի դժբախտ են, քան որեւէ այլ ռեժիմի տակ։ Ես կասեմ միայն, որ հայ ժողովուրդը դաժանորեն անիրավված ու անողորմորէն չարչրկված ձեր երեսից, այնուամենայնիվ չի կորցրել իր հավատը դեպի ռուս մեծ ազգը։ Նա ուզում է հավատալ, որ վաղ թէ ուշ, իր մարտիրոսությունը անտարբեր չի թողնի ռուս գիտակից զանգվածները: Նա հավատում է, որ հզոր հարեւանը, որպես ավագ եղբայր, կմեկնի դէպի Հայաստան իր ամոքիչ բազուկը եւ, որ ռուս մեծ ազգի վերականգնումը իր անթիվ փորձություններից հետո ապավեն կլինի եւ ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի վերածնությանը։

Ա. Ահարոնյան

Փարիզ

26 Մայիս 1925

Վրացեան Ս. «Կեանքի ուղիներով» հր. Զ, Պէյրութ, 1967, 223-228։

Հ. Գ. Այս գրությունը վերցրել ենք Edgar Pahlavuni (Էդգար Պահլավունի) ֆեյսբուքի օգտատիրոջ էջից