Ապրիլ 24. ի՞նչպես է այս օրը մտել հայոց մեջ

6494

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ապրիլ 24-ին է նշվում, քանի որ 1915-ի այդ օրը Պոլսի հայ մտավորականությանը Հայդարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահվան ճամփորդության: Հենց այդպես սկսվեց Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի տեղահանման և բնաջնջման ծրագիրը, որը շարունակվեց մի քանի տարի:

Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում հիշատակվում էր Ապրիլ 24-ը, իսկ հետագայում` մինչև 1965թ. զարթոնքը, 1915 թվականը պաշտոնապես կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշվում: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որպես հարազատների ու մերձավորների հիշատակի օր հիշվում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երվանդ Օտյանն է Պոլսի “Ժամանակ” օրաթերթում առաջարկել 1915-ի անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանես Փափազյանը նամակով դիմել է Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսին` առաջարկելով ապրիլի 24-ը հայտարարել Նահատակների օր ի հիշատակ հայ մտավորականների, ովքեր 1915 թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ձերբակալվեցին Պոլսում և Հայդարփաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ:

Մի քանի օր անց կաթողիկոսի դիվանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկությունների` նաև կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է Ապրիլ  24-ն ընդունել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստյան պատարագ:

Մինչև քեմալականների վերջնական հաղթանակը և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը 1923-ին, հայությունը Ապրիլ 24-ը նշվել է նաև Պոլսում: Այսպես, եթե Երևանում լույս տեսնող “Խորհրդային Հայաստան” պաշտոնաթերթի 1922 թվականի ապրիլյան համարներում անդրադարձ չկա Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բավական տեղ են հատկացրել:

ՀՅԴ Պոլսի “Ճակատամարտը” օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ “համաձայն Հայրապետական կարգադրության, առաջիկա երկուշաբթի օրը` ապրիլ 24-ը, Ազգային տոն է հռչակվել ի հիշատակ մեր բյուրավոր նահատակների, նույն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցվի Պատարագ և կատարվի  հոգեհանգիստ”: “Ըստ այս Հայրապետական հրամանի, հանձնարարում ենք նույն օրը փակել թաղի բոլոր ազգային վարժարանները և եկեղեցիներում մատուցել Սուրբ Պատարագ և կատարել հոգեհանգստյան պաշտոն ի հիշատակ նահատակների”,- գրեց “Ճակատամարտը”:

Ապրիլի 25-ի համարում “Ճակատամարտը” շարունակեց. “Երեկ կեսօրին անհամար բազմություն էր հավաքվել Շիշլիի ազգային գերեզմանատանը` հարգելու հիշատակը Ապրիլ 24 զոհերի: Դաշնակցության կողմից խոսեց Ամատունին, հնչակյանների կողմից` Սեդրակ Քառյանը: Հայ Արվեստի Տան անունից խոսեց Վահան Թեքեյանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհվելու մեր մեծ մեռելների հիշատակին: Հայ երիտասարդության անունից խոսք ասաց Միսաք Մանուշյանը. “Ամբողջ ժողովրդի կեսը դարձել է հուղարկավորը մյուս կեսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ”:

Հայոց ցեղասպանությունից փրկվածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգությունը, քանի որ Թուրքիայի և Խորհրդային Միության միջև հաստատվել էին բարեկամական հարաբերություններ: Հայության ընդհանուր ցավը և հավաքական հիշողությունները պարփակվել ու “կողպվել էին” առանձին ընտանիքների ներսում:

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշվել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և վերապրածների հուշահամալիրը: Այդ կառույցի թույլատվությունը Մոսկվայից ստանալու հարցում կարևոր դեր կատարեց այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը:

Խորհրդային Հայաստանի մեկ այլ առաջնորդի՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին,  մտցվեց Ապրիլ 24-յան “Լռության րոպեն”:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց թանգարան, որը հետագայում անվանվեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացվեց 1995-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի օրը:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյան