Քոչարյան. «Սա Հայաստանի պատմության ամենախայտառակ քրեական գործն է»

842

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարանում հայտարարել է, որ ականատեսն ենք «Հայաստանի պատմության ամենախայտառակ քրեական գործին»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի և երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը:

«Սա քաղաքական հետապնդման էլեմենտ է։ Մեկ-մեկ մտածում ես՝ եթե քո նկատմամբ կարող են, նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն»,- ըստ Ազատության ասել է Քոչարյանը։

«Դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի այս պատմության։ Թե ինչպիսինն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզանից»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Այսօր դատարան էին եկել բոլոր մեղադրյալները՝ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի ԽաչատուրովըՍեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։ Դատարանում էին նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները և տուժողներ։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Ազատություն հետ զրույցում նշել է, որ այլ տարբերակ, քան հորը ազատելը, չի տեսնում։

Արխիվային լուսանկար