Սահմանադրական դատարանի որոշումը չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից կազատվի

1795

4 սեպտեմբեր, 2019 17:43

Ինչ է պետք իմանալ Քոչարյանի դիմումով ՍԴ-ի որոշման մասին. ՍիվիլՆեթ

Սահմանադրական դատարանն այսօր Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ 

  • Քրեական դատավարության անվավեր ճանաչված 35-րդ հոդվածը սահմանում է այն, դեպքերը, որոնց պարագայում X անձի հանդեպ հարուցված քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել,
  • Օրինակ՝ ըստ նույն հոդվածի, քրեական գործը կարող է կարճվել, եթե բացակայում է հանցագործության դեպքը, արարքի մեջ հանցակազմ չկա և այլն,
  • ՍԴ-ն գտել է, որ այս հոդվածում չկա այնպիսի դրույթ, երբ օրինակ անձեռնմխելիություն ունեցող պաշտոնյաները (նախագահ, պատգամավոր և այլն) կարող են քրեական պատասխանատվությունից ազատվել՝ իրենց լիազորություններից բխող գործողություններ կատարելու հիմքով,
  • ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդել է, որ «կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջինս անձնական ազատության իրավունքը»,
  • Մինչդեռ Մարտի 1-ի գործով մեղադրյալների, այդ թվում` պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ է հարուցվել «իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար», իսկ Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ մասով՝ նման դեպքում «Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո»,
  • Ըստ դատախազության՝ «գործով ձեոք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ քաղաքական գործընթացներում զինված ուժերն օգտագործելու հրաման տալը, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմի պայմաններում դրա ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելը չի բխել ՀՀ Նախագահի կարգավիճակից, հետևաբար վերջինս սահմանադրական անձեռնմխելիությունից չի օգտվում»,
  • Այս ամենով հանդերձ ՍԴ որոշումը չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից կազատվի,
  • Սահմանադրական դատարանի որոշումը պետք է դեռ կիրառի առաջին ատյանի դատարանը,
  • Այս որոշման հիման վրա Ազգային ժողովը պետք է փոփոխություն կատարի Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսելով այնպիսի դեպքեր, երբ պաշտոնատար անձը պատասխանատվությունից կազատվի իր գործառութային անձեռնմխելիությունից ելնելով,
  • Ամեն ինչ առավել պարզ ու հստակ կլինի, երբ ՍԴ-ն հրապարակի իր որոշումը, իսկ դատարանը կիրառի այն, խորհրդարանն էլ օրենսգիրքը փոխի։

Գևորգ Թոսունյան