Չնայած այն իրողությանը, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և մերժում է Երևանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ Արցախի հարցում բացահայտ աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում այդ երկրի տեսակարար կշիռը զգալի է եղել 1991-ից ի վեր:
Վերջին 23 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է 3 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը շուրջ 45 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ ավելի քան 60 անգամ պակաս:
Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում օդային ուղով և Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:
Ամենից շատ Հայաստանից Թուրքիա արտահանում եղել է 1997 թվականին՝ ավելի քան 7 միլիոն դոլար, հակառակ ուղղությամբ՝ 2018-ին՝ գրեթե 253 միլիոն դոլար և 2008-ին՝ ավելի քան 268 միլիոն դոլար:
Եթե Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում Թուրքիան զգալի տեղ ունի, ապա Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ կազմում է 0,1 տոկոսից էլ պակաս։ Այսինքն, եթե Հայաստանը մի օր որոշի, որ այլևս ոչ մի ապրանք չի գնելու Թուրքիայից, վերջինիս տնտեսությունը որևէ ձևով դա չի զգա։ Հակառակը, եթե թուրքերը որոշեն, որ հայաստանցիներին որևէ ապրանք չեն վաճառում, ապա հայկական շուկայում կառաջանա առաջին անհրաժեշտության մի քանի տասնյակ ապրանքների դեֆիցիտ։ Ճիշտ է, կարճ ժամանակում, դրանց տեղը կլրացնեն ռուսական, չինական կամ այլ երկրների ապրանքները։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայից Հայաստան է ներմուծվում մինչև 600 անուն ապրանք։ Այդ ապրանքների մեջ չկա մեկը, որի տեսակարար կշիռը հայկական շուկայում գերիշխող դիրք ունենա։ Այսպես, եթե հայկական շուկայում սպառվում է թուրքական օճառ, ապա նույնչափ և ավելի սպառվում են ռուսական և բուլղարական օճառներ։
Ի դեպ, հայերն ու թուրքերը առևտուր արել են նաև 1918-1920 թվականներին և խորհրդային առաջին տարիներին։ Այդ ժամանակ առևտուրը ուղղակի էր, քանի որ սահմանները բաց էին։ Այսպես, 1922 թվականի մարտին Խորհրդային Հայաստանը, որ դեռ մաս չէր կազմել ԽՍՀՄ-ին, թույլատրում էր առանց մաքսի Թուրքիայից ներմուծել առաջին անհրաժեշտության հետևյալ ապրանքները՝ անտառային նյութեր, անասուններ, աղ, անասնակեր (գլխավորապես սեղմած խոտ), հատիկներ, կաթնատնտեսական մթերքներ։
Ներկայացնում ենք Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը (ԱՄՆ դոլարով) 1995-2018 թվականներին, որը վերցված է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրերից:
Տարեթիվ Արտահանում Ներմուծում
2018 2 527 700 252 642 100
2017 913 300 222 920 800
2016 504 900 163 648 200
2015 1 497 800 136 958 200
2014 1 494 300 232 355 400
2013 1 595 600 210 702 200
2012 927 800 213 468 300
2011 1 049 400 240 248 200
2010 1 291 300 210 381 200
2009 1 197 500 177 648 800
2008 1 850 900 268 187 300
2007 3 033 000 130 631 300
2006 2 370 500 95 422 900
2005 2 473 400 66 928 000
2004 2 021 200 44 804 700
2003 1 154 700 40 886 700
2002 1 435 800 38 232 000
2001 1 130 000 33 755 900
2000 1 527 900 40 462 400
1999 1 128 500 40 152 200
1998 2 987 500 56 779 800
1997 7 152 700 38 395 900
1996 6 031 200 6 254 500
1995 2 598 300 2 589 500
Թաթուլ Հակոբյան, ՍիվիլՆեթ
Լուսանկարում՝ Թուրքիա-Հայաստան փակ սահմանադուռը Ալիջան-Մարգարա հատվածում՝ Արաքս գետի վրա