Ռոբերտ Քոչարյան. Իշխանության հարցը լուծվելու է փողոցում․․․

2057

Աշնանն ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ․ «Գոլոս Արմենիի» թերթի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Թերթի հարցին, թե որքան երկար է ինքը հետևելու սպասողական մարտավարությանը, և որ պահին կհայտարարի ընդդիմության կոնկրետ ձևաչափի իր պատկերացումների մասին, որի խնդիրը լինելու է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի ստեղծումը, Քոչարյանը պատասխանել է․

-Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձևավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։ Այսինքն, ընդդիմադիր դաշտում համախմբան հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից ևեթ կձևավորվի համախմբման մեկ կենտրոն։ Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածին։ Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ։

– Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում դժգոհությունը «ներքևից» կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը կրկին լուծվի փողոցում և մեկ պոպուլիստի փոխարեն իշխանության գա մեկ ուրիշը։ Ինչպե՞ս կանխել նման սցենարը։

– Կարծում եմ, որ իշխանության հարցն ամեն դեպքում լուծվելու է փողոցում․․․ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կառավարման նման որակով այս իշխանությունը երկար չի մնա, և վերընտրվելու հեռանկարներ չունի։ Ընդ որում, ընտրողը մինչև կոկորդն արդեն կուշտ կլինի պոպուլիստներից ու ավելի շրջահայաց կլինի ընտրություն կատարելիս։ Սովորաբար ձախողված պոպուլիստներին փոխարինում են փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները․ այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Թարմ օրինակը Հունաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն են։