ԱՆԻ կենտրոնը անգլերենով կհրատարակի Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը

1023

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը վերահրատարակելուց բացի առաջիկա ամիսներին այն կհրատարակի անգլերենով:

Այս արժեքավոր գիրքը «Սովետական գրող» հրատարակչությունը վերահրատարակել է Երևանում 1979 թվականին: Առաջին հրատարակությունը եղել է 60-ական թվականներին:

Այս հրատարակության առաջաբանում ասվում է

Արտաշես Վրույրը իր մանկության և պատանեկության տարիներին (1901-1917թթ.) եղել է Անիում, որտեղ նրա հայրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրը, Մառի գիտարշավի հետ տարիներ շարունակ մասնակցել է հնավանդ քաղաքի պեղումներին:

Հետագայում ինքը՝ Արտաշես Վրույրը, արդեն երիտասարդ, դառնում է էքսպեդիցիայի խանդավառ աշխատակիցներից մեկը և ակտիվ մասնակցում է Անիի և շրջապատի վանքերի ու հուշարձանների ուսումնասիրության և նկարահանման գործին:

Պատմական Անին իր հոյակապ հուշարձաններով, վանքերով ու եկեղեցիներով, բերդերով ու պարիսպներով խորը, անջնջելի տպավորություն է թողել մանուկ Արտաշեսի վրա: Եվ նա իր մանկա-պատանեկան վառ տպավորություններով ու հուշերով, չթուլացող հետաքրքրությամբ, այնպես է պատմում, որ ընթերցողի առաջ ուրվագծվում են հնադարյան քաղաքի կիսակործան շենքերը, բերդերը, պարիսպները, ընդհատակյա ուղիներն ու լաբիրինթոսները, շրջակա ձորերն ու բլուրները և Անիի ոտքերի տակ հավիտյան թավալվող Ախուրյանը:

Արտաշես Վրույրն իր հուշերում սիրով ու երախտագիտությամբ է նկարագրում գիտարշավի անձնազոհ ու նվիրական աշխատանքը Անիում, ուր Մառի գլխավորությամբ մասնակցում էին՝ Աշխարահբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, Հովսեփ Օրբելին, Թ. Թորամանյանը, Ն. Բունիաթյանը, Տարագրոսը, Ն. Տոկարսկին, Լևոն Քալանթարը, Արամ Վրույրը, Գ. Չուբինովը և ուրիշներ:

Հեղինակը թեև չի մտադրվել տալ գիտարշավի մասնակիցների բնութագիրը, բայց պեղումների, նկարահանումների, հավաքույթների և զանազան դեպքերի սեղմ և պատկերավոր նկարագրությունը հնարավորություն է տալիս ընթերցողին պատկերացնել գիտարշավի շատ մասնակիցներին:

Արտաշես Վրույրը Ժլատ, բայց այնպիսի բնորոշ գծերով է բնութագրել հատկապես մի քանի շարքային աշխատողների, որոնք ընդմիշտ մնում են ընթերցողի հիշողության մեջ:

Գրքի հեղինակը՝ Արտաշես Վրույրը գրում է

Անիում եղել եմ համարյա ամեն ամառ՝ սկսած 1901 թվականից մինչև 1917-ը, մանկական հասակից մինչև պատանեկություն:

Երբ առիթ է լինում հիշել կամ խոսել Անի քաղաքի մասին, մեկիկ-մեկիկ արթնանում են հիշողությանս մեջ մանկական ու պատանեկան այն քաղցր օրերը, որոնք կապված են եղել ավերակների քաղաքի հետ, որը սնուցել է իմ մեջ ճաշակ, գեղեցիկի զգացողություն:

Անիի գիտարշավի աշխատակիցներն ու մշտաբնակները, որոնք այսպես թե այնպես կապված էին Անիի աշխատանքներին, համարվում էին անեցիներ: Ինձ ևս վիճակվեց կրել կրտսեր անեցու պատվավոր անունը: Եվ ահա կյանքի վերջին տարիներին կրտսեր անեցին գրում է իր վտիտ հուշերը ավերակների քաղաքի մասին, որը նվիրական է ամեն մի հայի համար:

Ապրեցի ավերակների քաղաքում, տեսա մեր անցյալի մեծ վարպետների ու հմուտ քարագործների կերտած հազարամյա կյանք ունեցող ծանրանիստ պարիսպներն իրենց խրոխտ բուրգերով ու հզոր դարպասներով, կիսակործան տաճարներն ու պալատները, իջևաններն ու կամուրջները և խորհրդավոր այրերը: Տեսա մեր նախնիների մամռապատ գերեզմանները, գոռ ճակատամարտերի դաշտերն ու խոր ձորերը: Անցա ստորերկրյա Անիի հավիտենական մթության մեջ խորասուզված նեղ ու լայն անցքերով, տեսա խորախորհուրդ վիշապակիր բուրգերը: Տեսա բոլորը, բոլորը, որոնք դարերի խորքից եկել, հասել են մեզ իրենց բազմալեզու և բազմագիր հիշատակներով, որոնք ինչե՜ր տեսան ու լսեցին, ինչե՜ր ապրեցին խաղաղ մթնոլորտի, փոթորիկների և բռնությունների ներքո:

Տեսա գիտուն մարդկանց, որոնք բազմահմուտ գիտնականի ղեկավարությամբ, արևի կիզիչ ճառագայթների տակ, պրպտում ու պեղում էին պատմական քաղաքի հողաթմբերն ու փլատակների շրջակայքը և դարավոր հողի շերտերի տակից դուրս հանում մեր նյութական մշակույթի մնացորդները. վերծանում հիշատակարանների արձանագրություններն ու պատմության էջերին հանձնում իրենց աշխատանքի արդյունքները: Տեսա մեծ ճարտարապետին իր խորթափանց ու զննող աչքերով. նա չափագրում, գծագրում էր իր հմուտ ձեռքերով և պրպտումների ու որոնումների աշխարհն ընկած իր սուր մտքով վերլուծումներ անում և եզրակացություններ հանում հայ ճարտարապետության հոյակապ հուշարձանների մասին: Տեսա ավերակների մեջ օրնիբուն քայլող խանդավառ արվեստագետին իր լուսանկարչական գործիքով և անխոնջ նկարչին՝ իր ներկերով ու վրձիններով: Տեսա արևակեզ դեմքերով բանվորների, որոնք բահերով ու բրիչներով զինված՝ զգուշորեն աշխատում էին պեղումների վայրերում:

Տարիների ընթացքում ապրեցի այս գեղեցիկ շրջափակում, որն իբրև մի մեծ դպրոց պատվաստեց իմ մեջ ազնիվ զգացումներ ու վսեմ գաղափարներ:


ԱՆԻ կենտրոնի կողմից

Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, ովքեր ցանկություն ունեն հովանավորել այս արժեքավոր ու ամեն հայի համար նվիրական այս հատորը, կարող են դիմել ԱՆԻ կենտրոնին.

էլեկտրոնային հասցե՝ aniarcf@gmail.com,

ֆեյսբուքի էջ՝ 
https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351/

հեռախոս՝ + 374 98 65 53 21

ԱՆԻ-ն տեղեկացնում է, որ հատորում պատշաճ կերպով, առանձին էջի վրա, կնշվի հովանավորի կամ հաստատության անունը, ցանկության դեպքում՝ հիշատակի խոսքը: Տպագրությունից հետո բոլոր շնորհանդեսների ընթացքում ևս հատուկ կնշվի հովանավորող անհատի կամ հաստատության անունը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն