Հայաստանը Բուզանդի 13 հասցեի 83-ամյա Յուրի Վարդանյանին կփոխհատուցի 1,6 միլիոն եվրո

2504

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի Հայաստանի քաղաքացի, 83-ամյա Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բյուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։

Ունեզրկված Յուրի Վարդանյանը Հայաստանի կառավարությունից պահանջում էր ավելի քան 5 միլիոն եվրո։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 1 միլիոն, 608 հազար եվրո։

Բուզանդի 13 հասցեի նախկին բնակչի տունն ու հողատարածքը գերակա շահ էին ճանաչվել: Պետությունը Վարդանյաններին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար փոխհատուցում չէր տրվել՝ պատճառաբանությամբ, թե դա Վարդանյանների սեփականությունը չէ, տեղեկացնում է Ազատությունը։

«Վճիռը գնահատում եմ արդարացի, որովհետև վերջապես հաղթանակել ենք՝ բարոյապես: Մնացածը երկրորդական մասն է։ Բարոյապես հաղթանակել ենք, բայց եթե գումարի մասին է խոսքը՝ դա 1/100-րդ մասն է իրական արժեքի էնտեղի կառույցների և մնացած ամեն ինչի հետ համեմատած», – «Ազատության» հետ զրույցում ասել է Յուրի Վարդանյանի կինը՝ Շուշանիկ Նանուշյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի 9 վճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել էր՝ այդ վճիռների հետևանքով կառավարությունը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին պետական բյուջեից արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցել։