Հայ-թուրքական թղթածրար

5588

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայ-թուրքական թղթածրարը, որի մեջ ներառված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված, ինչպես նաև՝ երկու երկրներին վերաբերող պայմանագրերը: Առաջիկա օրերին ԱՆԻ-ն առանձին թղթածրարով կներկայացնենք նաև Արցախյան հակամարտությանը վերաբերող պայմանագրերն ու փաստաթղթերը:

Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև

4 հունիս, 1918թ., Բաթում

Օսմանյան կայսերական կառավարությունը` մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ` քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Օսմանյան կայսրությունը` երեսփոխան, արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Նորին գերազանցություն Խալիլ բեյին` առաջին պատվիրակ, և կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մեհմեդ փաշային` ռազմական պատվիրակ:

Հայկական հանրապետությունը` պարոն Ալեքսանդր Խատիսյանին` պատվիրակության նախագահ, պարոն Հովհաննես Քաջազնունուն` պատվիրակ, պարոն Միքայել Պապաջանյանին` պատվիրակ:

Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին և գտնելով դրանք հավուր պատշաճի, համաձայնության եկան հետևյալ դրույթների շուրջ:

Հոդված 1. Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:

Հոդված 2. Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Սահմանը սկսում է այն կետում, որտեղ Ճորոխ գետը թափվում է Սև ծովը և մինչև Շավնաբադ սարը միաձուլվում է հին սահմանի հետ, որ գոյություն ուներ Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի միջև մինչև 1877թ. պատերազմը: Անցնելով լեռնագագաթների գծով` այն հասնում է Խալխամ և Մեփիսծղար սարերին (1856թ. սահմանով), ապա թեքվում դեպի հարավ, անցնում Փիրսադաղի գագաթով` Աբասթումանից 2 կմ հարավ, և թեքվելով դեպի հյուսիս-արևելք հասնում է Կարխուլդաղի գագաթ, այստեղից ուղղվում նախ 5 կմ դեպի հյուսիս-արևելք ու ապա դեպի հարավ-արևելք` հասնում է Գուրկել վայրը, անցնում Քուռ գետի վրայով`  Ածղուրիից 2 կմ հարավ, և անցնելով Ղայաբաշի, Օրթաթափա սարերի գագաթների գծով` հասնում է Տաբածղուրի լիճը` Մոլիտի վանքից անմիջականորեն հարավ: Սահմանն այդ լիճը կտրում է այնպես, որ օսմանյան տարածքում է մնում լճի մի մասը, որը գտնվում է հարավում` ուղիղ գծով, որ Մոլիտի վանքի հարավից անմիջականորեն գնում է մինչև լճի հյուսիսային վերջավորությունից մեկուկես կմ հարավ-արևելք` հակադիր ափին գտնվող կետը, և հասնում Թավկոտելի սարը: Այնուհետև այն իջնում է դեպի հարավ, անցնում Շավնաբադ, Կարագուզու, Սամսար սարերի գագաթներով և թեքվելով դեպի արևելք` անցնում է Դեվեկիրան լեռնաշղթայի գագաթներով, ապա ուղղվում է դեպի հարավ` անցնելով Աչրիքար, Բաշկիրան, Նուրռահման սարերի գագաթներով: Նուրռահման սարից հետո այն շարունակում է գնալ հարավային ուղղությամբ և շարունակ անցնելով լեռնագագաթների գծով` հանդիպում է Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղագծին` Աղբուլաղ բնակավայրից 5 կմ արևմուտք. այստեղ այն անցնում է լեռնագագաթներով մինչև Խանվալի վայրը, որտեղից համարյա ուղիղ գծով հասնում է Ալագյազ լեռան ամենաբարձր գագաթը և, գնալով ուղիղ գծով, հատում  Էջմիածին-Սարդարապատ խճուղին` Էջմիածնից 7 կմ արևմուտք գտնվող կետում, ապա շրջանցում է Էջմիածինը 7 կմ տարածության վրա և շարունակում է Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուն զուգահեռ ուղղությամբ` մնալով նրանից մոտ 6 կմ, իսկ Բաշկիրան վայրից դեպի հարավ-արևմուտք` 16 կմ հեռավորության վրա, հատում է այդ վայրից դեպի երկաթուղուն տանող ճանապարհը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում Աշաղը Ղարաբաղլար գյուղի մոտով` 1 կմ հարավ, և Շահաթլու, Ղարախաչի, Աշաղը Չանախչի բնակավայրերի վրայով հասնում է Էլփինչայ գետը, որով գնում է մինչև Արփա բնակավայրը. ապա մտնում է Արփաչայի հովիտը, հասնում է Ղայալու բնակավայրը ու Ղաիդ գետով գնում է Աղթաբան սարի գագաթը, ապա անցնում Ղարադուրնա, Ղարանլըխ սարերի գագաթներով, հասնում Ռեանլաչայ զառիթափը, շարունակվում է այդ գետի հովտով Ազա բնակավայրի հարավային կողմից հասնելով Ալիդելի բնակավայր, որ գտնվում է նախկին ռուս-պարսկական սահմանագծի վրա:

Սահմանագծի վերջնական որոշումը կկատարվի հենց տեղում` երկու կողմերի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից:

Հոդված 3. Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքված փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաղորդվի Օսմանյան կայսերական կառավարությանը:

Հոդված 4. Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստանի կառավարությանն այն դեպքում, եթե վերջինն այդ օգնությունը խնդրի նրանից` երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:

Հոդված 5. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի հրոսակախումբ չկազմավորվի և չզինվի իր տարածքի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր հրոսակախմբերը, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:

Հոդված 6. Հայաստանում ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչ և ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները: Մահմեդականները կարող են սովորել իրենց մայրենի լեզվով և իրենց կրոնի լեզվով:

Կրոնական պաշտամունքի և բարեգործության կատարումն ապահովելու նպատակով կարող են ստեղծել մուսուլմանական բարոյական օրգաններ, որոնք լիազորված կլինեն կառուցել մզկիթներ, հիվանդանոցներ, դպրոցներ, կրոնական ու բարեգործական հիմնարկներ և դրանց պահպանության համար ձեռք բերել շարժական ու անշարժ գույք: Դրանք կկառավարվեն հատուկ կառավարիչների կողմից:

Գլխավոր մուֆթին կնստի Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այն վայրերում, որտեղ նրանց գտնվելը կհամարվի անհրաժեշտ:

Այս մուֆթիների հարաբերությունները Շեյխ-ուլ-Իսլամության հետ, ինչպես և նրանց իրավունքներն ու պարտականությունները, սահմանված են այս դաշնագրին կցվող համաձայնագրում:

Հոդված 7. Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև որևէ դաշնագիր, պայմանագիր, համաձայնագիր, ակտ, հրահանգ և այլ միջազգային փաստաթուղթ գոյություն չունի, երկու պայմանավորվող կողմերը համաձայնեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առևտրական պայմանագիր և այլ ակտեր, որոնք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական և տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից և փոխանակումից անմիջապես հետո:

Այդ անցման ժամանակաշրջանում գլխավոր հյուպատոսները, հյուպատոսներն ու փոխհյուպատոսները համապատասխանաբար կօգտվեն նրանց արտոնությունների ու պաշտոնների նկատմամբ առավել բարենպաստող ազգի դրությունից, ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա, փոխադարձության սկզբունքներով:

Ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա առևտրական պայմանագիր կնքելու համար բանակցությունները կսկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ ընդհանուր հաշտություն կկնքվի, մի կողմից` Թուրքիայի և, մյուս կողմից` նրա հետ պատերազմի մեջ գտնվող պետությունների միջև: Մինչ այդ, համենայնդեպս մինչև1919թ. դեկտեմբերի 31-ը, սույն պայմանագրի հավելվածով սահմանված ժամանակավոր դրույթը կկիրառեն երկու կողմերն էլ: Այն կարող է չեղյալ հայտարարվել` սկսած 1919թ. հունիսի 30-ից, և ուժի մեջ կմտնի վեց ամսից հետո:

Ցամաքային հաղորդակցությունը կսկսվի սույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո:

Հոդված 8. Կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով և կիրառելով իջեցված տարիֆներ: Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման կամ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:

Կողմերի միջև երկաթուղային գծերի շարժակազմի փոխանակումը կկատարվի այդ հարցի վերաբերյալ սահմանված միջազգային սկզբունքներով:

Կողմերն անհապաղ կմտնեն բանակցությունների մեջ` նախորդ դրույթների մանրամասնությունները որոշելու համար:

Հոդված 9. Մինչև Հայաստանի` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև փոստային ու հեռագրական կապերը կվերականգնվեն սույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո` Միջազգային միության փոստային ու հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:

Հոդված 10. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքի բնակիչներն ու համայնքները, որոնք ունեն սեփականության և օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով:

Ոչ ոք չի կարող զրկվել այդ անշարժ գույքի նկատմամբ իրեն պատկանող սեփականության իրավունքից այլ կերպ, քան նկատի ունենալով հասարակական շահը և միշտ` փոխհատուցմամբ:

Ոչ մի արգելք չպետք է հարուցվի բնակիչներին կամ նշված համայնքների ներկայացուցիչներին, երբ նրանք սահմանը կանցնեն` ներկայացնելով ճանապարհային թղթիկները, որոնք կտրվեն ըստ բնակավայրի` համապատասխան իշխանությունների կողմից և որոնք կօրինականացնեն մյուս կողմի իշխանությունները:

Թեթևացումներ և հատուկ արտոնություններ կտրվեն սահմանն անցնելու և սահմանային բնակավայրերում առևտուր անելու համար:

Նախորդ դրույթների մանրամասնությունները կկարգավորվեն ըստ սույն պայմանագրի 11-րդ հավելվածի:

Հոդված 11. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ դուրս բերվեն բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ գործընթացը առիթ չտա որևէ ընդհարման:

Հոդված 12. Բրեստ-Լիտովսկում Օսմանյան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են կողմերի համար:

Հոդված 13. Սույն պայմանագրով որոշվող տարածքների սահմաններից դուրս գտնվող զորքերը դուրս կբերվեն պայմանագրի կնքումից հետո:

Հոդված 14. Սույն պայմանագիրը կվավերացվի, և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ. Պոլսում, մեկ ամսվա ընթացքում և կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Նա ուժի մեջ կմտնի փոխանակման օրից:

Ի հաստատումն սրա` լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն պայմանագիրը և դրեցին իրենց կնիքները:

Ստորագրեցին` Խալիլ, Վեհիբ, Ալ. Խատիսյան, Հովհաննես Քաջազնունի, Մ. Պապաջանյան

Ծանոթագրություն. փաստաթղթի բնագրում Խատիսյանի ազգանունը գրված է Խատիսով, Քաջազնունու անունը` Ռուբեն, Պապաջանյանի ազգանունը` Պապաջանով:

Օսմանյան խորհրդարանի ընդունած “Ազգային ուխտը”*

28 հունվար, 1920թ.

Հոդված 1. Օսմանյան կայսրության այն տարածքների ճակատագիրը, որոնք բնակեցված են բացառապես արաբական մեծամասնությամբ և որոնք 1918թ. հոկտեմբերի 30-ի զինադադարի կնքման պահին գտնվում էին թշնամական բանակների զավթման տակ, պետք է որոշվի համաձայն տեղի բնակչության ազատ կամարտահայտության: Զինադադարի այս և այն կողմերի վրա գտնվող կայսրության մասերը, որոնք բնակեցված են օսմանյան-մուսուլմանական մեծամասնությամբ, որոնք միավորված են կրոնական ու մշակութային կապերով և տոգորված միևնույն իդեալներով, ոգեշնչված են իրենց ազգային իրավունքների և իրենց սոցիալական դրության նկատմամբ փոխադարձ հարգանքով, կազմում են մեկ ամբողջություն, որը չի հանդուրժում ոչ փաստացի, ոչ իրավական անջատում:

Հոդված 2. Ինչ վերաբերում է Կարսի, Արդահանի և Բաթումի սանջակներին, որոնց բնակչությունը ազատագրվելուց հետո հանդիսավոր քվեարկությամբ հաստատել է մայր-հայրենիքի գիրկը վերադառնալու իր կամքը, ապա սույն ուխտն ստորագրած (խորհրդարանի) անդամները հնարավոր են համարում անհրաժեշտության դեպքում երկրորդ ազատ հանրաքվեի անցկացումը:

Հոդված 3. Արևմտյան Թրակիայի իրավական կարգավիճակը, որի սահմանումը գտնում էին, որ կախված էր Թուրքիայի հետ հաշտություն կնքելուց, պետք է հիմնված լինի բնակչության ազատ կամարտահայտությամբ:

Հոդված 4. Կ. Պոլսի` կայսրության մայրաքաղաքի և խալի‎ֆ‎այության ու օսմանյան կառավարության նստավայրի, ինչպես նաև Մարմարա ծովի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ամեն չարամիտ նկրտումներից:

Այս սկզբունքը հաստատելուց և կենսագործելուց հետո, (սույնը) ստորագրողները պատրաստ են հարել մեկ կողմից օսմանյան կառավարության և մյուս կողմից շահագրգռված տերությունների միջև փոխադարձ համաձայնությամբ ընդունված այս կամ այն որոշմանը, որպեսզի ապահովվի նեղուցների բացումը համաշխարհային առևտրի և միջազգային հաղորդակցությունների համար:

Հոդված 5. Փոքրամասնությունների իրավունքները կվավերացվեն ճիշտ այն սկզբունքներով, ինչպես դրանք մյուս երկրներում հօգուտ փոքրամասնությունների սահմանված են Անտանտի տերությունների, նրանց հակառակորդների ու նրանց միացած մի քանի տերությունների միջև հատուկ այդ նպատակով (ad hoc) կնքված կոնվենցիաներով:

Մյուս կողմից, մենք հաստատ համոզված ենք, որ դրացի երկրներում մուսուլմանական փոքրամասնությունները իրենց իրավունքների առումով կօգտվեն նույնպիսի երաշխիքներից:

Հոդված 6. Մեր ազգային և տնտեսական զարգացումը հնարավոր դարձնելու և երկիրն ավելի այժմեական, ճիշտ որոշումներ կայացնող վարչակարոգով ապահովելու նպատակներով, (ստորև) ստորագրողները անսահմանափակ անկախությամբ և գործողությունների լիակատար ազատությամբ օգտվելու հնարավորությունը դիտում են որպես մեր ազգային գոյության անհրաժեշտ (sine gua non) պայմանը: Ուստի մենք ընդդիմանում ենք ամեն տեսակ իրավական կամ ֆինանսական սահմանափակումներին, որոնք կարող են խանգարել մեր ազգային զարգացմանը:

Այս սկզբունքներին չպետք է հակասեն այն պարտավորությունների կատարման պայմանները, որոնք կարող են դրվել մեզ վրա:

* “Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)”, “Հայաստան” հրատարակչություն, Երևան, 1972, էջ 606-607:

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ կառավարության միջև

10 օգոստոս, 1920թ.

1920թ. օգոստոսի 10-ին ՌԽՖՍՀ (Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետություն)-ը` հանձին լիազոր ներկայացուցիչ  Լեգրանի` մի կողմից, և Հայաստանի ներկայացուցիչներ Ջամալյանի ու Բաբալյանի` մյուս կողմից, ելնելով Հայաստանի անկախության և լրիվ ինքնուրույնության ճանաչումից, ստորագրեցին սույն համաձայնագիրը.

  1. 1920 թ. օգոստոսի 10-ի ցերեկվա ժամը 12-ից ՌԽՖՍՀ և Հայաստանի զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարեցված:
  2. Հայաստանի զորքերը գրավում են հետեւյալ գիծը. Շահթախթի-Խոք-Ազնաբյուրտ-Սուլթանբեկ և այնուհետև Կուկիից դեպի հյուսիս ու Բազարչայից (Բազարքենդ) դեպի արևմուտք ընկած գիծը, իսկ Ղազախի նահանգում` ս.թ. հուլիսի 30-ին նրանց գրաված գիծը:

ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար:

  1. Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով:
  2. Ռազմական գործողությունների դադարեցման հետ միասին կողմերը դադարեցնում են ռազմական ուժերի կենտրոնացումը ինչպես վիճելի, այնպես էլ սահմանային տարածքներում:
  3. Առաջիկայում` մինչև ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումը, Շահթախթի-Ջուլֆա հատվածի երկաթգծի շահագործումը հանձնվում է Հայաստանի երկաթուղու վարչությանը, սակայն այն հաշվով, որ այն չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:
  4. ՌԽՖՍՀ-ն երաշխավորում է Հայաստանի կառավարության այն բոլոր զորամասերի ազատ մուտքը (զենքով և հանդերձանքով) Հայաստան, որոնք հայտնվել են խորհրդային զորքերի գրաված գծից այն կողմ:

Սույն համաձայնագիրը ստորագրվում է երկու օրինակից, որոնցից մեկը հանձնվում է Հայաստանի ներկայացուցիչներին, մյուսը` ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչին:

Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Բորիս Լեգրան,

Հայաստանի պատվիրակներ` Արտաշես Բաբալյան, Արշակ Ջամալյան:

Սևրի պայմանագիրը

10 օգոստոս, 1920թ.

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և  իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն  կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

Ծանոթագրություն. Սևրի պայմանագիրը` բաղկացած 352 հոդվածներից, ստորագրել են մի կողմից Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոնք պայմանագրում նշված են որպես գլխավոր դաշնակից տերություններ, ինչպես նաև վերոհիշյալ գլխավոր տերությունների դաշնակից Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբախորվաթասլովենական պետությունը և Չեխոսլովակիան: Ստորագրող երկրորդ կողմը պարտված Թուրքիան էր:

ՌԽՖՍՀի և Հայաստանի Հանրապետության հաշտության պատվիրակությունների եզրափակիչ որոշման արձանագրությունը*

28 հոկտեմբեր, 1920թ.

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության լիազոր Լեգրանը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորներ Շանթը, Տերտերյանը և Զարա‎ֆ‎յանը 1920թ. հոկտեմբերի 28-ին համաձայնության եկան հետևյալի շուրջ.

Առաջին. մի կողմից ՌԽՖՍՀ և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն արձանագրությանը կից հաշտության պայմանագրի նախագիծը և նրան վերաբերող բոլոր լրացումները ստորագրելու պարտավորություն են ստանձնում, պայմանով, որ

  1. ՌԽՖՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունները ճանաչում են Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի մարզերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս են բերում բոլոր զորամասերը, որոնք ՌԽՖՍՀ և Ադրբեջանի հրամանատարության ենթակայության տակ են:
  2. Հայաստանի կառավարությունը, իր հերթին, անվերապահորեն հրաժարվում է Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից, բացի այն անկյան նկատմամբ, որն առաջանում է Նոր Բայազետի գավառի արևելյան սահմանագծի և Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի գավառի հյուսիսային սահմանագծի մի մասից` Կիքարդաղից դեպի Չիչաքլը սարը գնացող պայմանական գծով:

Երկրորդ. Հայաստանի Հանրապետությունը, Թուրքական Հայաստանի մարզերի վիճելի հողային հարցերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու մտադրություններով, պատրաստ է այդ հարցերի լուծման համար ՌԽՖՍՀ կառավարության օժանդակությունը ընդունել այն բանից հետո, երբ

  1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը իր զորքերը հետ է քաշում մինչև 1914 թվականի ռուս-թուրքական նախկին սահմանագիծը:
  2. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը հրաժարվում է Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից:
  3. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը անվերապահորեն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշվել են ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հաշտության պայմանագրով:

Վերոնշյալ պայմանները գործի դրվելուց հետո ՌԽՖՍՀ-ի բարեկամական օժանդակությամբ վիճելի հողային հարցերի խաղաղ լուծման հիմունքները կմշակեն լրացուցիչ կերպով:

Վավերացնելու համար երկու կողմերի լիազորները ստորագրեցին և իրենց կնիքներով հաստատեցին այս արձանագրությունը:

Բնագիրը կազմված է և ստորագրված երկու օրինակով:

Լեգրան

Լևոն Շանթ, Համբարձում Տերտերյան, Լևոն Զարա‎ֆ‎յան:

* Շաւարշ Թորիկեան, “Հայկական հարցը եւ միջազգային օրէնքը”, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, Պէյրութ, 1976, էջ 247-249:

Համաձայնագիր ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության միջև

2 դեկտեմբեր, 1920թ.

1920թ. դեկտեմբերի 2-ին ՌԽՖՍՀ լիազոր ներակայացուցիչ ընկեր Լեգրանը ՌԿԿԿ-ի լիազորությամբ` ի դեմս Ռուսաստանի խորհրդային կառավարության, և ընկերներ Դրոն ու Տերտերյանը` ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն հետևյալի մասին.

  1. Հայաստանը հայտարարվում է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:
  2. Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին է անցնում ամբողջ իշխանությունը Հայաստանում:
  3. Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են` Երևանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
  4. Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը:
  5. Դաշնակցության և այլ սոցիալիստական կուսակցությունների (սոցիալիստ հեղափոխական, սոցիալ-դեմոկրատ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության, կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու և Խորհրդային Հայաստանի հայտարարությունից առաջ կատարված գործերի համար:
  6. Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:
  7. Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր:
  8. Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչև հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌԽՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում ընկ. Սիլինը:

Պատրաստված է երկու օրինակից.

ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Լեգրան,

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ` Դրո, Տերտերյան:

Ալեքսանդրապոլի դաշնագիրը

2 դեկտեմբեր, 1920թ.

  1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պարտավորվում է ճանաչել Հայաստանի անկախությունը հետևյալ սահմաններում. Ախալքալաքի գավառի հարավային մասից Ուչ-Թափալար սարը դեպի հարավ` մինչև Բաշ Շորագյալ, մինչև Արփաչայ (Արփաչայի հոսանքը մինչև նրա խառնվելը Արաքսի հետ), Արաքս գետի հոսանքը` մինչև Արաքս կայարանը, այստեղից` դեպի Մարտիրոս` մինչև Չայքենդ գյուղը:
  2. Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը: Հանրաքվեի ժամանակ այնտեղ պետք է մտնի հայ-թուրքական խառը ժանդարմերիա:
  3. Հայերը հրաժարվում են Սևրի դաշնագրից. հետ են կանչում բոլոր այն կոմիտեները և ներկայացուցիչներին, որոնք գոյություն ունեն Եվրոպայում, չեն պահում Հայաստանում դաշնակիցների ոչ մի ներկայացուցիչ, մինչև որ Թուրքիան հաշտության դաշն կնքի նրանց հետ:
  4. Հայաստանը իրավունք ունի պահելու զորաբանակ ոչ ավելի քան 1500 սվին և դրան համապատասխան քանակով սպաներ, նաև` անհրաժեշտ քանակությամբ ժանդարմներ: Երկիրը պաշտպանելու համար կարող են լինել ամրոցներ, որոնք կարող են զինվել միայն պաշտպանողական ծանր թնդանոթներով: Վերացվում է պարտադիր զինվորությունը:
  5. Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիան պաշտպանում է հայոց կառավարության պահանջով եւ աջակցում է Հայաստանին գործով:
  6. Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար օգտվում են ազատ տարանցումից, ինչպես երկաթուղիներով, այնպես եւ բոլոր ճանապարհներով:
  7. Երկու կողմերն էլ չեն վճարում պատերազմական ծախսեր:
  8. Պայմանները կնքելուց հետո սկսում են աշխատել երկաթուղիները, վերադառնում են քաղաքացիական մասի գերիները, իսկ երբ սկսվում են աշխատանքները Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները որոշելու համար, վերադառնում են բոլոր ռազմագերիները:
  9. Հայաստանի բոլոր պայմանագրերը Թուրքիայի դեմ համարվում են անվավեր:
  10. Գաղթականները կարող են վերադառնալ մեկ տարվա ընթացքում` օգտվելով քաղաքացիական բոլոր իրավունքներից, բացի նրանք, ովքեր զինված դիմադրություն են ցույց տվել:
  11. Հայերը Թուրքիայում և թուրքերը Հայաստանում վայելում են հավասար քաղաքացիական իրավունքներ:
  12. Դիվանագիտական, ինչպես և հյուպատոսական հարաբերություններն ու քաղաքացիական ազատ երթևեկությունը երկու երկրների միջև սկսվում են դաշնագիրը ստորագրվելուց հետո, որից հետո վերսկսվում են փոստային և հեռագրական հաղորդակցությունները Թուրքիայի և Հայաստանի միջեւ:
  13. Շարուրը և Նախիջևանը ժամանակավորապես օժտվում են ինքնավարությամբ` գտնվելով Թուրքիայի հովանավորության տակ, մինչև որոշվի նրանց բախտը:
  14. Այս դաշնագիրը պետք է ենթարկվի վավերացման Հայաստանի խորհրդարանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից մեկ ամսվա ընթացքում:
  15. Թուրքիան պատրաստվում է Հայաստանի գրավված հողատարածքները դատարկել, երբ Հայաստանը կսկսի զորացրում, և վերջնականապես կդատարկի, երբ հայկական զորքի թիվը կհասնի պայմաններում որոշված չափին:

Ծանոթագրություն: Դաշնագրի բնագիրը, որը ժամանակին հանձնվել է Հեղկոմի նախագահ Կասյանին, պաշտոնապես չի հրապարակվել: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Ալեքսանդր Խատիսյանը, թուրքերից` Քյազիմ Կարաբեքիրը: Թեև դաշնագրի վրա գրված է դեկտեմբեր 2, փաստացի այն ստորագրվել է լույս 3-ի գիշերը: Դաշնագրի թուրքերեն տեքստը կազմված է 18 կետից, որի տակ դրված է Խատիսյանի ստորագրությունը:

Պայմանագիր ՌԽՖՍՀ և ԹԱՄԺ կառավարությունների միջև

16 մարտ, 1921 (1337)թ., Մոսկվա

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, հավատարիմ ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին, նշելով իրենց միջև առկա համերաշխությունն իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխառնչություններով ու երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր, որի համար իրենց լիազորներ նշանակեցին`

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Կառավարությունը.

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գեորգի Չիչերինին և Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Ջելալեդդին Կորկմասովին:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` Ժողովրդական տնտեսության ժողովրդական կոմիսար, նույն Ժողովում Կաստամոնիից պատգամավոր Յուսուֆ Քեմալ բեյին, թուրքական Ազգային մեծ ժողովի` Լուսավորության ժողովրդական կոմիսար, նույն ժողովում Սինոպից պատգամավոր դոկտոր Ռիզա Նուր բեյին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիազոր դեսպան, Անգորայի կողմից Ազգային մեծ ժողովի անդամ Ալի Ֆուադ փաշային, որոնք, իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ ու օրինական ձևի և համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1. Կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայն է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով հարկադրեն ընդունել: Ռուսաստանի կառավարությունը համաձայն է չճանաչել Թուրքիային վերաբերող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության չճանաչած որևէ միջազգային ակտ:

Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագիրը նկատի ունի այն տարածքները, որոնք ներառված են 1920 (1336)թ. հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և  հռչակել է Օսմանյան պատգամավորների պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր տերություններին:

Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից` անցնում է Խեդիսմթա սարի վրայով, առաջանում Շավշետ սարի և Կաննիդաղի ջրբաժան գծի ուղղությամբ, այնուհետև անցնում Արդահանի ու Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ` Արփաչայ և Արաքս գետերի հնահունով` մինչև Ստորին Կարասուի գետաբերանը (սահմանագծի մանրամասն նկարագրությունը և դրան վերաբերող հարցերը պարզաբանված են է 1(Ա), 1(Բ) հավելվածներում եւ երկու պայմանավորվող տերությունների ստորագրած առդրվող քարտեզի վրա):

Հոդված 2. Թուրքիան համաձայն է Վրաստանին զիջել Բաթում նավահանգստի ու քաղաքի և սույն պայմանագրի առաջին հոդվածում նշված սահմանագծից հյուսիս ընկած ու Բաթումի մարզի մասը կազմող տարածքի սյուզերենությունը պայմանով, որ.

1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կունենա տեղական լայն ինքնավարություն, որը կապահովի յուրաքանչյուր համայնքի մշակութային ու կրոնական իրավունքները և բնակչությանը հնարավորություն կընձեռի սահմանել իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք:

2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով Թուրքիա ներմուծվող և այնտեղից արտահանվող ամեն տեսակ ապրանքների անտուրք, ազատ տեղափոխման իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ: Թուրքիան կստանա Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք, որի համար չեն գանձվի հատուկ տուրքեր:

Հոդված 3. Երկու կողմերը համամիտ են, որ Նախիջևանի մարզը սույն Պայմանագրի 1-ին (Գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության:

Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններից կազմված հանձնախումբը կշտկի Նախիջևանի տարածքի եռանկյունի կազմող գոտու` արեւելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829)-Վելիդաղ (4121)-Բագարզիք (6587)-Քյոմուրլուդաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տարածքի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլուդաղ (6930) սարից, անցնում Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում Կարասուի ու Արաքսի միացման  տեղում:

Հոդված 4. Կողմերը, հավաստելով Արեւելքի ժողովուրդների ազգային ու ազատագրական շարժման և նոր հասարակարգի համար Ռուսաստանի աշխատավորության մղած պայքարի միջև եղած փոխադարձ շփումը, անվերապահորեն ընդունում են այդ ժողովուրդների ազատության և անկախության իրավունքը, ինչպես նաև իրենց ցանկություններին համապատասխան կառավարման ձևի ընտրության իրավունքը:

Հոդված 5. Նեղուցների բացումը և բոլոր ժողովուրդների առևտրական նավերի անցման ազատությունն ապահովելու նպատակով, երկու կողմերը համաձայն են Սև ծովի և նեղուցների միջազգային կարգավիճակի վերջնական մշակումը հանձնել ափամերձ տերությունների պատգամավորների առաջիկա համաժողովին` պայմանով, որ նրա ընդունած որոշումները չվնասեն Թուրքիայի լիակատար ինքնիշխանությանը, ինչպես նաև Թուրքիայի և նրա մայրաքաղաք Կ. Պոլսի անվտանգությունը:

Հոդված 6. Կողմերն ընդունում են, որ ցայժմ երկու երկրների միջև կնքված բոլոր պայմանագրերը չեն համապատասխանում փոխադարձ շահերին: Ուստի նրանք համաձայն են այդ պայմանագրերը համարել վերացված և ուժը կորցրած:

Ռուսաստանի կառավարությունը հայտարարում է, մասնավորապես, որ ինքը Թուրքիային ազատ է համարում առաջներում Թուրքիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերից բխող դրամական կամ որևէ այլ պարտավորություններից:

Հոդված 7. Ռուսաստանի կառավարությունը, կապիտուլյացիաների կանոնակարգը համարելով անհամատեղելի յուրաքանչյուր երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաև նրա ինքնիշխան իրավունքների լրիվ իրագործման հետ, գտնում է, որ կորցրել են իրենց ուժը և վերացվել են այդ ռեժիմին որևէ առնչություն ունեցող բոլոր գործողություններն ու իրավունքները:

Հոդված 8. Կողմերը պարտավորվում են արգելել իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ:

Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի խորհրդային հանրապետությունների հանդեպ: Որպես սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածք հասկացվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո գտնվող տարածքը:

Հոդված 9. Երկու երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ երկաթուղային, հեռագրային և հաղորդակցության այլ միջոցները պահպանելու և, որքան հնարավոր է, արագ զարգացնելու, ինչպես նաև առանց որևէ խափանումների երկու երկրների միջև մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումն ապահովելու նպատակով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ընդունվում է, սակայն, որ ինչպես ճանապարհորդների, նույնպես և ապրանքների փոխադրության, մուտքի և ելքի նկատմամբ լիովին կիրառվեն յուրաքանչյուր երկրում այդ առթիվ սահմանված կանոնները:

Հոդված 10. Մյուս կողմի տարածքում գտնվող քաղաքացիների վրա կտարածվեն նույն այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այն երկրի օրենքներից, որտեղ գտնվում են, բացառությամբ ազգային պաշտպանության հետ կապված պարտականություններից, որոնցից նրանք կազատվեն:

Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան և ժառանգության իրավունքին վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումից:

Դրանք կորոշվեն առանձին համաձայնությամբ:

Հոդված 11. Երկու կողմերը համաձայն են յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստության սկզբունքը:

Սույն հոդվածը չի կիրառվում Ռուսաստանին դաշնակից խորհրդային հանրապետությունների քաղաքացիների իրավունքների և Թուրքիային դաշնակից մահմեդական պետությունների քաղաքացիների նկատմամբ:

Հոդված 12. Մինչև 1918թ. Ռուսաստանի կազմի մեջ մտնող տարածքների բոլոր բնակիչները, որոնք սույն պայմանագրի հիման վրա Ռուսաստանի կառավարությունն այսօր ընդունում է որպես Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տարածքներ, ունեն իրենց ունեցվածքը կամ դրա արժեքն իրենց հետ վերցնելով Թուրքիայից ազատ հեռանալու իրավունք: Նույնպիսի իրավունք է տարածվում նաև Բաթումի տարածքի բնակիչների վրա, տարածք, որի սյուզերենությունը սույն պայմանագրով Թուրքիան զիջում է Վրաստանին:

Հոդված 13. Սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված` Եվրոպական Ռուսաստանի ու Կովկասի համար եռամսյա և Ասիական Ռուսաստանի համար վեցամսյա ժամկետում Ռուսաստանը պարտավորվում է իր հաշվին հայրենիք վերադարձնել մինչև Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը Ռուսաստանում գտնվող զինվորական և քաղաքացիական բոլոր գերի թուրքերին: Թուրքիան նույն պարտավորությունն է ստանձնում դեռևս իր տարածքում գտնվող ռուս զինվորական և քաղաքացիական գերիների հանդեպ:

Այս հայրենադարձության մանրամասները կսահմանվեն հատուկ համաձայնագրով, որը պետք է մշակվի սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո:

Հոդված 14. Երկու կողմերը համաձայն են ամենամոտ ժամանակներում կնքել հյուպատոսային համաձայնագիր, ինչպես նաև բոլոր տնտեսական, ֆինանսական և երկու երկրների միջև սույն պայմանագրի ներածականում նշված բարեկամական հարաբերությունների հաստատմանն անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորող համաձայնագիր:

Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ ձեռնարկել քայլեր, որպեսզի Թուրքիայի հետ կնքվող պայմանագրերում անպաճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց:

Հոդված 16. Սույն պայմանագիրը ենթակա է վավերացման: Վավերագրերի փոխանակումը կկայանա Կարսում, որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում:

Սույն պայմանագիրը, բացառությամբ 13-րդ հոդվածի, ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից:

Ի վավերացումն շարադրվածի` վերոհիշյալ լիազորներն ստորագրեցին սույն պայմանագիրը և կնքեցին դա իրենց կնիքներով:

Կազմված է Մոսկվայում` երկու օրինակով տասնվեցին մարտի հազար ինը հարյուր քսանմեկ (հազար երեք հարյուր երեսունյոթ) թվականին:

Գեորգի Չիչերին                                                         Յուսուֆ Քեմալ

Ջելալ Կորկմասով                                                     Դ-ր Ռիզա Նուր

Ալի Ֆուադ

Պայմանագիրը վավերացված է ՀԿԳԿ-ի կողմից 1921թ. հուլիսի 20-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից` 1921թ. հուլիսի 31-ին: Վավերագրերի փոխանակումը տեղի է ունեցել Կարսում 1921թ. սեպտեմբերի 22-ին:

Կարսի պայմանագիրը

13 հոկտեմբեր, 1921թ.

Հայկ. ԽՍՀ-ի, Ադրբ. ԽՍՀ-ի ու Վրաց. ԽՍՀ-ի միջև` մի կողմից և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիրը

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության և Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության կառավարությունները` մեկ կողմից և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը` մյուս, հավատարիմ ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին, նրանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ ու երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ ու անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ խանդավառված, որոշեցին բարեկամության պայմանագիր կնքելու նպատակով Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության մասնակցությամբ սկսել բանակցություններ, որի համար իրենց լիազորներ նշանակեցին`

Հայաստանի կառավարությունը` Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին, Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանին.

Ադրբեջանի կառավարությունը` Պետական վերահսկողության ժողովրդական կոմիսար Բեհբուդ Շախթախթինսկուն.

Վրաստանի կառավարությունը` Ռազմական և ծովային գործերի ժողովրդական կոմիսար Շալվա Էլիավային, Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և ֆինանսների ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Սվանիձեին.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը` Ադրիանապոլսի կողմից Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշային, Բուրդուրի կողմից Ազգային մեծ ժողովի դեպուտատ Վելի բեյին, Հանրային աշխատանքների պետական քարտուղարի նախկին օգնական Մուխթար բեյին, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շևքեթ բեյին.

Ռուսաստանի կառավարությունը` Լատվիայում լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն, որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք համարեցին պատշաճ ու  օրինական և համաձայնեցին ներքոհիշյալի շուրջը.

Հոդված 1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունները վերացված և ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայում պայմանավորվող կողմերի տարածքների մեջ մտնող, նախկինում իրենց ինքնիշխան իրավունքները կենսագործող պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տարածքներին, վերացված և ուժից զուրկ են համարվում նաև երրորդ տերությունների կնքած և  Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը:

Սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին:

Հոդված 2. Պայմանավորվող կողմերը համաձայն են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե նրանցից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները համաձայն են չճանաչել որևէ  միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող ազգային կառավարության կողմից:

(Սույն պայմանագրում որպես Թուրքիա հասկացվում են այն տարածքները, որոնք մտած են 1920 (1336)թ. հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանյան պատգամավորների պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին):

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունն իր հերթին համաձայն է չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին և ճանաչված չէ այդ երկրների համապատասխան կառավարությունների կողմից, որոնք այսօր ներկայացնում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Խորհուրդներին:

Հոդված 3. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների կանոնակարգը անհամատեղելի է որևէ երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաև ինքնիշխան իրավունքների լիակատար կենսագործման հետ, գտնում են, որ այդ կանոնակարգին առնչվող բոլոր գործառություններն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված:

Հոդված 4. Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը (ըստ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզի` մասշտաբը 1/210000, մեկ մատնաչափում` 5 վերստ) որոշվում է այն գծով, որն սկսվում է Սեւ ծովի ափամերձ Սարպ գյուղի մոտից, անցնում է Խեդիսմթա սարի վրայով, Շավշետ սարի, Քաննիդաղ սարի ջրբաժան գծի երկարությամբ, այնուհետեւ առաջանում է Արդահանի, Կարսի սանջակների հին հյուսիսային վարչական սահմանագծերի` Արփաչայի և Արաքս գետերի հնահունի ուղղությամբ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը: (Սահմանների մանրամասն նկարագրությունը և նրանց վերաբերող հարցերը որոշված են 1-ին և 2-րդ հավելվածներում և կից քարտեզում, որն ստորագրել են երկու պայմանավորվող կողմերը: Պայմանագրի տեքստի և քարտեզի միջև անհամապատասխանություն լինելու դեպքում գերապատվությունը տրվում է տեքստին):

Բնության մեջ պետական սահմանագծի մանրամասն որոշումն ու անցկացումը, ինչպես նաև սահմանանշանների տեղադրումը կատարելու է խառը սահմանային հանձնաժողովը, որին մասնակցում են պայմանավորվող կողմերից հավասար թվով անդամներ և ՌԽՖՍՀ-ի ներկայացուցիչը (Հավելված 4` քարտեզ):

Հոդված 5. Թուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի երրորդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո:

Հոդված 6. Թուրքիան համաձայն է Վրաստանին զիջել Բաթում քաղաքի ու նավահանգստի և սույն պայմանագրի 4-րդ հոդվածում նշված սահմանագծից հյուսիս ընկած ու Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տարածքի սյուզերենությունը` պայմանով, որ`

1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կունենա տեղական լայն ինքնավարություն, որը կապահովի յուրաքանչյուր համայնքի մշակութային և կրոնական իրավունքները եւ բնակչությանը հնարավորություն կընձեռնի հիշյալ վայրերում սահմանել իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք.

2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով ներմուծվող և այնտեղից արտահանող ամեն տեսակ ապրանքների ազատ, անտուրք տեղափոխման իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ: Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք և դրա համար նրանից չեն գանձվի առանձին տուրքեր:

Այս հոդվածը կենսագործելու համար սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կկազմվի հանձնաժողով:

Հոդված 7. Վրաստանի կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը պայմանավորվում են սահմանամերձ գոտու բնակիչների համար դյուրացնել սահմանի անցումը` պայմանով, որ պահպանվեն մաքսային, ոստիկանական եւ սանիտարական կանոնները, որոնք այդ առթիվ կսահմանվեն խառը հանձնաժողովի կողմից:

Հոդված 8. Վրաստանի կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, նկատի առնելով երկու երկրների սահմանամերձ վայրերի բնակիչների համար սահմանից անդին գտնվող ամառային ու ձմեռային արոտավայրերից օգտվելու անհրաժեշտությունը, պայմանավորվեցին այդ բնակիչներին տալ իրենց նախիրների հետ սահմանն անցնելու և սովորական արոտավայրերից օգտվելու իրավունք:

Սահմանն անցնելու մաքսային կանոնները, ինչպես նաև ոստիկանական, սանիտարական և մյուս միջոցառումները կսահմանի խառը հանձնաժողովը:

Հոդված 9. Նեղուցների բացումը և նրանցով բոլոր ժողովուրդների առևտրական նավերի ազատ անցումն ապահովելու համար Թուրքիան և Վրաստանը պայմանավորվում են Սև ծովի և նեղուցների միջազգային կարգավիճակի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների ներկայացուցիչների համաժողովին` պայմանով, որ նրա ընդունած որոշումները չեն վնասի Թուրքիայի լիակատար իշխանությունը, ինչպես նաև Թուրքիայի և նրա մայրաքաղաք Կ. Պոլսի անվտանգությունը:

Հոդված 10. Պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ:

Որոշված է, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և  քաղաքացիական անմիջական իրավասության ներքո:

Հոդված 11. Երկու պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տարածքում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքից բխող իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականությունների, որոնցից նրանք կազատվեն.

Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան և ժառանգության իրավունքին ու գործունեության վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշվեն հատուկ համաձայնությամբ:

Հոդված 12. Կողմերը համաձայն են յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստության սկզբունքը:

Սույն հոդվածը չի կիրառվում այն իրավունքների նկատմամբ, որոնք խորհրդային հանրապետությունները իրենց տարածքում փոխադարձաբար տվել են դաշնակից խորհրդային հանրապետությունների քաղաքացիներին, ինչպես նաև այն իրավունքների նկատմամբ, որոնք Թուրքիան վերապահել է Թուրքիայի դաշնակից մահմեդական պետությունների քաղաքացիներին:

Հոդված 13. Մինչև 1918թ. Ռուսաստանի մի մասը հանդիսացող և այժմ Թուրքիայի գերիշխանության ներքո գտնվող տարածքների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատ հեռանալու և սեփական կայքը, գույքը կամ դրանց արժեքն իր հետ տանելու իրավունք:

Հավասարապես, այն տարածքի բոլոր բնակիչները, որոնց նկատմամբ Թուրքիան սյուզերենությունը զիջել է Վրաստանին, եթե ցանկանան, ունեն վրացական քաղաքացիությունից դուրս գալու, Վրաստանի տարածքից ազատ հեռանալու և սեփական կայքը, գույքը կամ դրանց արժեքն իրենց հետ տանելու իրավունք:

Վերոհիշյալ հոդվածում հիշատակվող բնակիչները, եթե պատշաճ ձևով հայտարարեն հիշյալ տարածքներից հեռանալու իրենց ցանկության մասին, այդ պահից կստանան զինապարտությունից ազատվելու միամսյա իրավունք:

Հոդված 14. Կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված վեց ամսվա ընթացքում կնքել 1918-1920 թթ. պատերազմների հետևանքով գաղթածներին վերաբերող հատուկ համաձայնագրեր:

Հոդված 15. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:

Հոդված 16. Կողմերը համաձայն են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված երկու ամսվա ընթացքում վերադարձնել որևէ կողմի տարածում գտնվող նախկին ռազմագերիներին և քաղաքացիական գերիներին:

Հոդված 17. Կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և որքան հնարավոր է արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցումների ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները:

Սակայն համարվում է, որ ճանապարհորդների, ապրանքների փոխադրման, մուտքի և  ճանապարհման վերաբերյալ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:

Հոդված 18. Առևտրական հարաբերություններ հաստատելու և բոլոր տնտեսական ու ֆինանսական կամ պայմանավորվող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

Հոդված 19. Կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված երեք ամսվա ընթացքում կնքել հյուպատոսային համաձայնագրեր:

Հոդված 20. Սույն պայմանագիրը, որը կնքված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև, ենթակա է վավերացման:

Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երևանում, մոտակա ժամանակներում:

Սույն պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6, 14, 15, 16, 18 եւ 19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո:

Ի վավերացումն շարադրյալի, վերոհիշյալ լիազոր անձինք ստորագրեցին սույն պայմանագիրը և հաստատեցին իրենց կնիքներով:

Կազմված է հինգ օրինակով Կարսում, 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին:

Ա. Մռավյան                                                                                                 Քյազիմ Կարաբեքիր

Պ. Մակինցյան                                                                                             Վելի Մուխթար

Բ. Շախթախթինսկի                                                                                    Մեմդուհ Շևքեթ

Շ. Էլիավա

Ա. Սվանիձե

Գանեցկի

Վավերագրերի փոխանակումը կատարված է Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին:

Բարեկամության և չեզոքության պայմանագիր ԽՍՀՄի և Թուրքիայի միջև*

17 դեկտեմբեր, 1925թ., Փարիզ

ԽՍՀՄ կառավարությունը և Թուրքիայի կառավարությունը, ընդունելով, որ պայմանավորվող երկու կողմերի շահերը պահանջում են այնպիսի մի պայմանագիր կնքել, որն օժանդակեր երկու երկրների հաստատուն, բնականոն հարաբերությունների ամրապնդմանը և նրանց բարեկամական անկեղծ կապերով հարաբերությունները, այս նպատակով նշանակեցին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինին և Թուրքիայի արտգործնախարար Թևֆիկ Ռյուշթյու (Արասին), որոնք հետևյալ համաձայնությունը կնքեցին.

Հոդված 1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ձեռնպահ մնալ մյուս կողմի վրա հարձակում գործելուց: Նա միաժամանակ պարտավորվում է մեկ կամ մի քանի երրորդ պետությունների հետ պայմանավորվող կողմերից մեկնումեկի դեմ ուղղված ոչ մի միության կամ համաձայնության չմասնակցել, ինչպես և մեկ կամ մի քանի երրորդ պետությունների հետ` պայմանավորվող կողմերից մեկի ռազմական կամ կամ ծովային ապահովության դեմ ուղղված ոչ մի միություն կամ համաձայնություն չկնքել: Բացի դրանից, պայմանավորվող երկու կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չմասնակցել մեկ կամ մի քանի երրորդ պետություններից պայմանավորվող մյուս կողմի դեմ ուղղված թշնամական որևէ գործողություն:

Հոդված 2. Ներկա պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերացնելու պահից սկսած և ուժի մեջ է մնալու երեք տարի: Այս ժամանակամիջոցը լրանալուց հետո պայմանագիրն ինքնին մեկ տարով երկարաձգված է համարվելու, եթե պայմանավորված կողմերից որևէ մեկը ժամանակամիջոցը լրանալուց վեց ամիս առաջ չի նախազգուշացնի, որ ցանկանում է դադարեցնել այն:

Կնքված է Փարիզում, 1925թ. դեկտեմբերի 17-ին

Գեորգի Չիչերին                                                                                                  Թևֆիկ Ռյուշթյու (Արաս)

Արձանագրություն 1. Մնացած բոլոր դեպքերում պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը գործողությունների լիակատար ազատություն է վայելում այնքանով, որ դա վերաբերում է երրորդ պետությունների հետ ամեն տեսակի հարաբերություններ հաստատելուն` այդ պայմանագրով սահմանված պարտավորություններից դուրս:

Արձանագրություն 2. Պայմանագիրը կնքող երկու կողմերը պայմանավորվեցին, որ պայմանագրի մեջ հիշատակված «քաղաքական բնույթե արտահայտությունը պետք է հասկանալ որպես պայմանավորվող կողմերից մեկի դեմ ուղղված, որևէ երրորդ պետության հետ կնքվելիք ֆինանսական ու տնտեսական բոլոր համաձայնություններն ընդգրկող արտահայտություն:

Արձանագրություն 3. Պայմանագիր կնքող երկու կողմերը պարտավորվում են բանակցությունների միջոցով կարգավորել այն տարաձայնությունները, որոնք կարող են ծագել նրանց միջև և որոնք հնարավոր չէ հարթել դիվանագիտական սովորական եղանակով:

Կնքված է Փարիզում, 1925թ. դեկտեմբերի 17-ին

Գեորգի Չիչերին                                                                                                Թևֆիկ Ռյուշթյու (Արաս)

* “Խորհրդային Հայաստան”, թիվ 293, 24 դեկտեմբեր, 1925թ.

Հռչակագիր Հայաստանի անկախության մասին

23 օգոստոս, 1990թ.

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի “Հայկ. ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին” Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և  Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը.

  1. Հայկ. ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:

Հայաստանը ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

  1. Հայաստանը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները:
  2. Հայոց պետականության կրողը Հայաստանի ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցովª Հայաստանի Սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Գերագույն խորհրդին:
  3. Հայաստանի տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի քաղաքացիության իրավունք ունի:

Հայաստանի քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո:

Հայաստանը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասսայական պատկանելությունից և դավանանքից:

  1. Հայաստանն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ:

Հայաստանը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը:

Հայաստանն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմակայանները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

  1. Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
  2. Հայաստանի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն են: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի օրենքներով:

Հայաստանն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և  վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

  1. Հայաստանը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսվարման սկզբունքները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսա-վարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
  2. Հայաստանն իր տարածքում ապահովում է`

խոսքի, մամուլի, խղճի ազատություն.

օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում.

բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

  1. Հայաստանը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
  2. Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
  3. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն

10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ

Հայաստանը և Թուրքիան,

ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում, ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված արձանագրության,

վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկիի եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու և հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը,

հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող` երկու երկրների միջև հավատի և վստահության մթնոլորտ ստեղծելու և պահպանելու կարևորությունը, ինչպես նաև վճռական լինելով զերծ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, խրախուսել վեճերի խաղաղ կարգավորումը, պաշտպանել մարդու իրավունքները և  հիմնարար ազատությունները ստեղծելու կարևորությունը,

հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

կարեւորելով ընդհանուր սահմանը բացելու իրենց որոշումը,

վերահաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,

հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և  ուղիներ մշակելու եւ խաղաղության, փոխըմբռնման ու ներդաշնակության ձգտելու իրենց պատրաստակամությունը,

համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիային համապատասխան, սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

Սույն արձանագրությունը և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունն ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:

Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրություն

10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ

Հայաստանը և Թուրքիան,

ղեկավարվելով նույն օրը ստորագրված` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությամբ,

նկատի ունենալով վստահության և միմյանց շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,

որոշելով զարգացնել և ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտական, տեխնիկական, մշակույթի և այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

աջակցելով երկու երկրների միջև համագործակցության խթանմանը միջազգային և  տարածաշրջանային կազմակերպություններում, հատկապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և ՍԾՏՀ-ի շրջանակներում,

հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցել տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ` տարածաշրջանի ժողովրդավարական և  տեւական զարգացման ապահովման համար,

վերահաստատելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը,

վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` դիմակայելու տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և  կայունության դեմ առկա ընդհանուր սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը,

  1. համաձայնում են բացել ընդհանուր սահմանը սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
  2. համաձայնում են`

երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,

իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար,

առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,

ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,

համագործակցել գիտության և կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաև մասնագետների և ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և  համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,

համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,

ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,

սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով.

  1. համաձայնում են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից, սույն արձանագրության` վերը նշված երկրորդ գործառութային կետում նշված հանձնառությունների արագ իրականացման նպատակով:

Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումբ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարների մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո:

Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, և կգործեն շարունակաբար` մինչև իրենց մանդատի ավարտը:

Ըստ անհրաժեշտության` միջազգային փորձագետներ կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:

Սույն արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը սույն արձանագրության անբաժանելի մասն է:

Սույն արձանագրությունը և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

Հավելված

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր

Ձեռնարկվող քայլեր                                                                              Ժամկետ

  1. ընդհանուր սահմանի բացում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում
  2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից երկու ամիս անց

  1. միջկառավարական հանձնաժողովի և նրա

ենթահանձնաժողովների աշխատաձևերի

հաստատում նախարարների մակարդակով                                          Հայաստանի և Թուրքիայի  միջև

հարաբերությունների

զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց

հետո երեք ամսվա ընթացքում

  1. միջկառավարական հանձնաժողովի

առաջին նիստի կազմակերպում

միջկառավարական հանձնաժողովի եւ նրա                                                                                                                                    ենթահանձնաժողովների

աշխատաձևերի ընդունումից անմիջապես                                                                                                                                      հետո` նախարարական մակարդակով

 

  1. ստորև նշված ենթահանձնաժողովների միջկառավարական

հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ, քան մեկ  ամիս անց

– քաղաքական խորհրդակցությունների հարցերի

ենթահանձնաժողով,

– տրանսպորտային, հաղորդակցության և

էներգետիկ ենթակառուցվածքների և ցանցերի

հարցերի ենթահանձնաժողով,

– իրավական հարցերի ենթահանձնաժողով,

– գիտության և կրթության հարցերի ենթահանձնաժողով,

– առևտրի, զբոսաշրջության և տնտեսական

համագործակցության հարցերի ենթահանձնաժողով,

– բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով,

և

– պատմական հարթությամբ զբաղվող

ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների

միջև փոխվստահության վերականգնմանն

ուղղված երկխոսության իրականացման նպատակով,

այդ թվում` պատմական փաստաթղթերի և

արխիվների անկողմնակալ գիտական

ուսումնասիրություն, առկա խնդիրների

սահմանման ու առաջարկների ձևակերպման

համար` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ

միջազգային փորձագետների մասնակցությամբ

 

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան,

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու: