«Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան»՝ Վրացյանի կոչը Սփյուռքին. 12 հունիս, 1920թ

9098

Սիմոն Վրացյանը եղել է ՀՀ վերջին՝ չորրորդ վարչապետը, մինչ այդ նախարար և ՀՅԴ ազդեցիկ առաջնորդներից

«…Ստանձնելով գյուղատնտեսության և պետական գույքի նախարարի պաշտոնը և կամենալով անմիջապես հայացնել հիմնարկությունները՝ ես թե՛ Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, և թե՛ մամուլի միջոցով դիմեցի արտասահմանի հայ մասնագետներին՝ հրավիրելով նրանց Հայաստանում պաշտոն ստանձնելու։

Դրսից նոր եկողների համար ես խոստացա ավելի բարձր վարձատրություն և դյուրություններ տալ, քան արդեն պաշտոնավարողներին։ Երեք ամիս անցել է ահա և մինչև այսօր ՈՉ ՄԻ դիմում չունեմ արտասահմանի հայ մասնագետներից, որոնց թիվը հարյուրներով է հաշվվում։ 

Նորից և վերջին անգամ հրապարակավ դիմում եմ ձեզ հայ գյուղատնտեսներ, անասնաբույծներ, անտառագետներ, հանքագետներ, ջրագետներ, այգեպաններ, կաթնատնտեսներ և ուրիշ մասնագետներ՝ եկե՛ք Հայաստան, ուր ձեզ համար կա առատ գործ և հարմար պաշտոններ։

Ճիշտ է, Հայաստանում աշխատելն այժմ դժվար է և կապված է զոհողությունների հետ, բայց եթե դուք չեք գալու դժվարին օրերին, եթե չեք կամենում զոհողություն անել այսօր, վաղը, երբ հասնեն լայն ու հեշտ օրեր՝ դուք այլևս ավելորդ եք Հայաստանի համար։

Ինչու՞ ռուսը, լեհը կարող են հիմա էլ ծառայել Հայաստանում, իսկ դուք չեք կարող. ո՞ր օրվա համար է ձեր հայրենասիրությունը։

Թե՞ կարծում եք, որ Թիֆլիսում, Պոլսում և Ամերիկայում նստած, գեղեցիկ ճառեր արտասանելով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝ արդեն իսկ կատարած եք լինում ձեր ազգասիրական պարտականությունները։

Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան, եթե չեք գալիս, թողե՛ք Հայաստանը հանգիստ։ Հայաստանը ձեր ճառերին ու խորհուրդներին կարոտ չէ. Հայաստանին ձեր գործն է հարկավոր, ձեր հմտությունը, ձեր մասնագիտությունը, ձեր հայագիտությունը։
Եկե՛ք»։

1920 թ. հունիսի 12, Երևան

Աղբյուրը՝ Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջ