Սինգապուրի տնտեսական հրաշքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար

1531

Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Սինգապուրի վարչապետի անունից կազմակերպված պետական բանկետին 

8 հուլիս, 2019թ., Սինգապուր

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։

Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում:

Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եւ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն են թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:

Մենք հիրավի հպարտ ենք անցյալով: Սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրները առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերություններ զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերու­թյուններում: Սինգապուրը աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և մասնավորապես արտասահ­մանյան ներդրողների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությանը սպառնացող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Տիկնայք և պարոնայք,

Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից, և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու  նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերա­տարությունն ու լավատեսությունն են համարում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը:

Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել էր հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքահեն տնտեսության, նորարարու­թյունների ու բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:

Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտա­պարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:

Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանո՛ւն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդաշատ ժողո­վրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության: 

Լուսանկարը՝ հուլիսի 7-ի, վարչապետը և տիկինը Սինգապուր հայկական հատվածում