Անատոլի Մարչենկո. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

1125


Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը: 

Անատոլի Մարչենկոյի մասին գիտեի մինչեւ նրա հետ ծանոթանալը։ Գիտեինք, որ հերթական անգամ դատապարտվելուց հետո, 1981-ի դեկտեմբերին նրան 35-րդ կալանավայր են բերել։ 35-ում եղած ողջ ընթացքում ես ամենաշատը մտերիմ եմ եղել Ստեփան Խմարայի եւ Տոլիկ Մարչենկոյի հետ։ Երեքս էլ չէինք սիրում ու ընդունում կալանավայրային կոլեկտիվ տնտեսությունները։ Մեր էությամբ մենատնտեսներ էինք, բայց թեյ խմում էինք միասին։ Գարնանը եւ ամռանը նաեւ տարբեր խոտեր հավաքելով աղցան էինք պատրաստում ու միասին ուտում։ Որեւէ կերպ պետք էր լրացնել վիտամինի պակասությունը։  Ստեփանը անչափ համով աղցան էր պատրաստում։

37-րդ կալանավայրից սկսած՝ իմ յուրաքանչյուր ազատ րոպեն տրամադրել եմ կարդալուն։ Ինձ համար ծրագիր էի մշակել ու ժամկետներ դրել։ Համաձայն այդ ծրագրի՝ կոնկրետ ժամկետում պետք է հասցնեի ավարտել այսինչ գործը կամ այս բնագավառին վերաբերող գրականությունը եւ անցնել հաջորդին։ Առաջին շրջանում հիմնականում կարդում էի ռուս դասականներին։ Կամաց-կամաց շրջանակը մեծանում էր։ Մի պահից որոշեցի՝ քանի որ պայքարում եմ կոմունիստների դեմ, ուրեմն պետք է իմանամ նրանց գաղափարախոսությունը։ Ու այլ գործերի զուգահեռ, սկսեցի կարդալ սոցիալ-դեմոկրատական շարժման դասականներին։ Ապա մի ծանր գործ ձեռնարկեցի՝ կարդալ Լենինի բոլոր հատորները։ Գիտեի, որ հետաքրքիր են 45-րդ հատորից հետո եղած նրա գործերը, բայց որոշել էի հերթով կարդալ բոլոր 55 հատորները ու սկսեցի առաջին հատորից։ 35-րդ կալանավայր տեղափոխվելիս ահագին առաջ էի գնացել։ Բոլոր ազատ ժամերին մի փոքրիկ աթոռակի վրա նստած ու մահճակալս սեղան դարձրած՝ Լենին էի կարդում։ Շտապում էի։ Պետք էր ավարտել այդ ծանր գործը։ Առջեւում դեռ Մարքս ու Էնգելս կային։ Բայց, փառք աստծո, գործը դրան չհասավ։ Մարքսից ու Էնգելսից կարդացի միայն առավել հետաքրքիր գործերը՝ բաց թողնելով հրապարակված հսկայական ծավալի մի 80 կամ ավելի տոկոսը։ Երբ սեկցիա էր մտնում Տոլիկն ու տեսնում ինձ Լենինի գրքի առջեւ նստած, ձայնում էր․

-Ժողովուրդ, սու՛ս, Հարությունյանը «Հայր մերն» է կարդում։

Ասում էր, որ Մորդովիայում նստած տարիներին ինքն էլ է փորձել դրանք կարդալ, բայց կեսից հրաժարվել է։

Հայ ընթերցողը չափազանց վատ գիտի Խորհրդային տարիների այլախոհական շարժումը եւ հաստատ լավ չգիտի կամ ընդհանրապես չգիտի Խորհրդային տարիների այլախոհական շարժման ամենալուսավոր կերպարներից Անատոլի Մարչենկոյին։ Երկու տողով ներկայացնեմ նրա կենսագրությունը։ Այս ազնվագույն մարդը, լավ ընկերը, ճիշտ կալանավորը, իր գործի կարեւորությունը մինչեւ վերջ հասկացած ու դրան աննահանջ նվիրված գործիչը ծնվել էր 1938-ին։ Առաջին անգամ ծեծկռտուքի համար երկու տարի ազատազրկման էր դատապարտվել 20 տարեկանում՝ 1958-ին։ Մեկ տարի անց կարողացել էր փախչել կալանավայրից։ Երկար ժամանակ թաքնված մնալուց հետո 1960-ին վճռում է անցնել սովետա-իրանական սահմանը, բայց բռնվում է։ Այս անգամ արդեն 1961 թ․ Թուրքմենիայի գերագույն դատարանը՝ «հայրենիքի դավաճանություն» հոդվածով դատապարտում է 6 տարվա ազատազրկման ու, արդեն որպես պետական հանցագործ, պատիժը կրում է Մորդովիայում՝ հատուկ վտանգավոր պետական հանցագործների համար նախատեսված կալանավայրում, որտեղ նաեւ քաղաքական բանտարկյալներն են։ Այս նոր միջավայրում նա ձեւավորվում է որպես այլախոհ։ 1966-ին ազատ է արձակվում, իսկ 67-ին հրապարակում է «Իմ ցուցմունքները» գիրքը, որտեղ պատմում է հետստալինյան շրջանի կալանավայրերի մասին։ Գիրքը թարգմանվում է բազմաթիվ լեզուներով։ 1968-ին անձնագրային ռեժիմի խախտման համար նրան ձերբակալում ու մեկ տարվա ազատազրկման են դատապարտում։ Ապա մեկ տարի անց՝ եւս երկու տարի են տալիս։ Այս անգամ արդենսովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու մեղադրանքով, ինչի համար հիմք էր ծառայել «Իմ ցուցմունքները» գիրքը։ Ազատ է արձակվում 1971-ին։ 1973 թ․ «վարչական հսկողության կանոնները չարամտորեն խախտելը» հոդվածով դատապարտվում է 4 տարվա աքսորի։ Ապա 10 տարի ազատազրկման եւ 5 տարի աքսորի է դատապարտվում 1981-ին՝ «հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա» հոդվածով։

Մարչենկոն դատապարտվել էր վեց անգամ, ընդհանուր հաշվարկով՝ 21 տարվա ազատազրկման եւ 9 տարվա աքսորի, որից կրել էր 16 տարի ազատազրկումը եւ 4 տարի աքսորը։

Երեք գրքի հեղինակ էր՝ «Իմ ցուցմունքները», «Ապրիր ինչպես բոլորը», «Տարուսից մինչեւ Չունա»։ Կատակով ասում էր՝ պատժաչափ՝ գիրք, գիրք՝ պատժաչափ։

Ազատազրկման վայրերում ձեռք բերած հիվանդության ու նորմալ բժշկական օգնության բացակայության պատճառով խլացել էր։ Ակնոցի տեսքով լսողական սարք էր կրում։ 

-Չես պատկերացնի, թե ինչ լավ բան է խուլ լինելը, – ասում էր նա, – տե՛ս, թե ինչքան շատ հիմարություններ ես ստիպված լինում լսել օրվա ընթացքում։ Իսկ ես լսում եմ միայն այն, ինչ ինձ է պետք։ Հանում եմ ակնոցս ու վերջ։

Քաղաքական կալանավայրերը սպասարկող ՊԱԿ-ի բարձրաստիճան սպաներից ոմանք, օրինակ՝ վարչության պետ, գնդապետ Պոմազը կամ նրա տեղակալ Աֆանասեւը, իրենց ողջ կարիերան կատարել էին, ինչպես Տոլիկն էր ասում, իր աչքի առաջ։ Դեռ սկսնակ լեյտենանտ էին եղել, երբ Տոլիկը հայտնվել էր քաղաքական կալանավայրում։ Նրանք լավ ճանաչում էին Տոլիկին, իսկ Տոլիկը՝ նրանց։

-Այ, օրինակ, երբ դու կալանավայր մտար, ի՞նչ արեցիր առաջինը, – ժպտալով հարցնում է Տոլիկը։

-Ոչ մի բան, զարմացած շուրջբոլորս էի նայում։

-Իսկ ես, քանի դեռ կալանավորներն աշխատանքային գոտուց չէին եկել, անցնում էի մահճակալների մոտով ու ծանոթ ազգանուններ էի փնտրում, – ծիծաղում է, – ահա, թե ինչ է նշանակում՝ լինել հին կալանավոր։

Կալանավայրի աշխատանքային գոտում ինձ ու Տոլիկին հանձնարարել են ինչ-որ փոս փորել։ Տոլիկը փոսի մեջ է, այնտեղից հողը վերեւ է նետում, իսկ ես հավաքում ու կույտ եմ անում։ Փոսն ահագին խոր է։ Գալիս է ՊԱԿ վարչության պետ Պոմազը։ Անհասկանալի է, թե ինչու է կալանավայրում ու մենակ։ Մոտենում է մեզ, բարեւում է ու, նկատելով Տոլիկին փոսի մեջ, մի տեսակ ուրախ ժպտալով, ինչպես կժպտան հին ծանոթին, հարցնում է․

– Մարչենկո, ի՞նչ ենք փորում։

– Գերեզման կոմունիզմի համար, պետ, գերեզման, – հնչում է Տոլիկի ծիծաղախառը պատասխանը։

1983-իընթացքում մեզ հաջողվեց բավականին շատ տեղեկություններ դուրս փոխանցել։ Փոքրիկ ընթերցարան ունեինք, որի լուսամուտը դեպի կալանավայրի տարածք էր նայում։ Դերերը հստակ բաշխված էին։ Սեղանի մոտ նստած Տոլիկը գրում էր տեքստը։ Դրսում՝ նստարանին, դեմքով դեպի լուսամուտը նստած՝ իր սիրելի տնտեսագիտական ամսագրերն էր կարդում Ստեփան Խմարան։ Տարածքի պարագծով քայլում էր Անդրեյ Շիլկովը։ Անդրեյը վտանգը չնկատել չէր կարող։ Վտանգ՝ նշանակում էր հսկիչի տարածք մտնելը։ Այս դեպքում նա պետք է նշան աներ Ստեփանին, նշանը տեսնելով՝ Ստեփանը պետք է գլխից գլխարկը հաներ։ Իսկ ես, որ կանգնած էի ընթերցարանի լուսամուտի մոտ՝ պետք է զգուշացնեի Տոլիկին։ Համակարգը հստակ ու անխափան աշխատում էր։ Փաթեթը հաջող դուրս ուղարկելուց հետո սկսեցինք նախապատրաստել տեղեկությունների հաջորդ խմբաքանակը։ Սպասվում էր, որ տեսակցություն է ստանալու Անդրեյ Շիլկովը։ Վտանգ կար, որ ադմինիստրացիան այնպես է անելու, որ Անդրեյը տեսակցության մասին իմանա ամենավերջին պահին։ Այս դեպքում արդեն նա չէր հասցնի իր հետ վերցնել տեղեկությունների փաթեթը։ Իսկ այդ փաթեթը տեսակցությունների սենյակ տանելու (խոսքը միայն երկարատեւ՝ մեկից երեք օր տեւող տեսակցությունների մասին է) եւ այդ սենյակից դուրս՝ Մոսկվա՝ «Խրոնիկային» առնչվող մարդուն հասցնելու մեկ ճանապարհ կար՝ մարդու օրգանիզմը, ավելի հստակ՝ հաստ աղին՝ հետանցքը։ Տեղեկությունները գրվում էին շատ բարակ թղթի վրա։ Խառատի հաստոցի կտրիչները ժանգոտելուց պաշտպանելու համար փաթաթված էին լինում բարակ ու յուղոտ թղթի մեջ։ Մենք այդ թուղթը եռացնում էինք, ինչի արդյունքում յուղը դուրս էր գալիս ու թղթի վրա հնարավոր էր լինում գրել։ Շատ մանր տառերով գրվում էր ողջ տեքստը, ապա մի քանի տակ փաթաթվում էր պոլիէթիլենով ու կապվում։ Փաթեթը պահվում էր հետանցքում եւ այլ աներեւակայելի տեղերում։ Ինձ պատմել են, որ մարդ է եղել, որը թելով կապած փաթեթը կուլ է տվել, իսկ թելի ծայրն ամրացրել է ատամին։ Տեսակցությունների սենյակում փաթեթն ուղղակի դուրս է քաշել։ Իրական ու հորինված շատ պատմություններ են շրջում։

Եւ ահա, որպեսզի անակնկալի չգանք, Անդրեյը հանձն առավ փաթեթն անընդհատ պահել իր ուղիղ աղիում։ Սա պետք է որ Անդրեյին աներեւակայելի անհանգստություն պատճառեր։ Այս ընթացքը շատ երկար տեւեց, երեւի ամսից ոչ պակաս։ Մի օր էլ տեղեկացրին, որ Անդրեյը զրկվում է տեսակցության իրավունքից։ Անդրեյի աղին վնասվել էր, արյունահոսություն էր սկսվել։ Այնքան բարդ էր նրա վիճակը, որ կալանավայրի ղեկավարությունն էր արդեն հասկանում, որ մի բան անել է պետք։ Հիվանդանոց տեղափոխեցին։ Նրա վիճակը կարգավորվեց միայն ազատ արձակվելուց հետո, երբ դրսում նորմալ բուժում ստացավ։ Փաթեթը վերադարձավ Տոլիկի մոտ։ Պետք է հուսալի թաքստոցում պահվեր։ Տոլիկը որոշել էր պահել հնոցում, ուղղաձիգ զոդված մի երկմետրանոց խողովակի մեջ։ Տեղը միայն ես ու ինքը գիտեինք։ Փաթեթին օղակ էր ամրացրել ու նետել խողովակի մեջ։ Հարկ եղած դեպքում երկար մետաղալարի կեռ ծայրով պետք էր բռնել օղակից եւ փաթեթը դուրս քաշել։ Բայց դեպքերը շատ ավելի արագ զարգացան։ Ինձ պատժախցում երկար պահելուց հետո 1984-ի, ինչքան կարողանում եմ հիշել, աշնան սկզբին 35-ից տեղափոխեցին 37-ի փոքր կալանավայր,  իսկ իմ փոխարեն 35 բերեցին Մարզպետին։ Ստեփանին տարան 36։ Ժամանակ առաջ հիվանդանոցից 37-ի փոքր կալանավայր էին տարել Անդրեյ Շիլկովին։ Մի կարճ շրջան այնտեղ միասին էինք։ Տոլիկը 35-ում 37-ից տեղափոխված Մարզպետ Հարությունյանի եւ Վյաչեսլավ Դոլինինի հետ էր։ Ավելի ուշ՝ ինձանից հետո, 37-րդ էին տեղափոխել Տոլիկին։

Շատ ավելի ուշ, արդեն 2000-ականներին 35-րդ կալանավայր էր այցելել Իվան Կովալյովը։ Նա ինձ պատմել է, որ կալանավայրին կից թանգարանում տեսել է գաղտնարանից գտնված տեքստ, որն, իր կարծիքով, Տոլիկի ձեռքով է գրված։ Չի բացառվում, որ դա հենց մեր փաթեթն է։ Չնայած՝ Տոլիկը կարող էր արդեն առանց մեզ մեկ այլ փաթեթ պատրաստել ու թաքցնել։

Տոլիկը դեմ է ծխելուն։

-Տես, – ասում էր, -խոսքը միայն առողջությանը չի վերաբերում։ Քեզ կախվածության մեջ ես դնում։ Երբ քեզ ցանկանում են պատժել՝ զրկում են սիգարետից, ու դու արդեն պատժված ես զգում քեզ։ Չպետք է հակառակորդիդ քեզ պատժելու լծակներ տաս։

Ինձ հերթական անգամ զրկում են գնումներ կատարելու իրավունքից։ Տոլիկը խոստացել է՝ մի կողմ է դնելու իր սկզբունքը եւ ինձ համար մի քանի տուփ սիգարետ է գնելու։ Տաք ու հաճելի օր է։ Կանգնած եմ ճաշարանի շենքի մոտ։ Սիգարետի մի տուփ վեր պարզած, իսկ մյուս ձեռքի մեջ՝ մի քանի հատ, արագ քայլերով դեպի ինձ է գալիս Տոլիկը եւ կանչում․

-Վերցրու, քեզ համար սիգարետ եմ գնել։

Ու հանկարծ ճաշարանի մոտի սյանը նստած ագռավը թռչում ու Տոլիկի վեր պարզած ձեռքից ճանկում է ծխախոտատուփը։ Մենք կարկամած ենք։ Ագռավը նստում է բուժկետի տանիքին ու փորձում ուղղել անհարմար բռնած տուփը, բայց սա ընկնում է ու տանիքի վրայով սահում ներքեւ։ Երեքս էլ դեպի տուփն ենք սլանում՝ ես, ագռավն ու Տոլիկը։ Մենք ագռավից ավելի ճարպիկ գտնվեցինք։ Իսկ ագռավը մեր Ֆրոսյան էր, ձեռնասուն մեր ագռավը։ Նա ամեն անգամ նստում էր ճաշարանի մոտի սյան վրա ու մեր ձեռքից ուտելիք էր վերցնում։ Տեղյակ էլ չեմ, թե ով էր ընտելացրել։ Կալանավայրում նաեւ կատու կար Վասյա անունով, որին կերակրում էինք։ Նրա խնամքով Աքսյոնով ազգանվամբ մի ծերունի էր հիմնականում զբաղվում։ Պատմում էին, որ մինչեւ իմ այստեղ գալն այս կալանավայրում կատուներ շատ են եղել։ Ադմինիստրացիայից ինչ-որ մեկը մտածել է, որ կալանավորները կատուների վրա կապելով տեղեկություններ կարող են դուրս ուղարկել ու որսացել են բոլոր կատուներին եւ ողջ-ողջ հնոցի մեջ են նետել։ Աքսյոնովը պատմում էր, որ դեռ կենդանի, բայց այրվող կատուները մինչեւ սատկելը խելակորույս վազում էին հսկայական ջերմություն արձակող հնոցի մեջ։ Չի բացառվում, որ մեր Ֆրոսյային էլ սպանած լինեն։ Ամեն դեպքում, մինչեւ իմ այնտեղից գնալը Ֆրոսյան կար։

Ձմռանը, եթե պատժախցում մարդ էր լինում, գիշերները հնոցում աշխատողներս ինչ-որ ժամանակով փակում էինք կալանավայրից դեպի ավան գնացող տաք ջրի խողովակը եւ ավելացնում տաք ջրի հոսքը դեպի պատժախուց, որ այնտեղ նստած մեր սոված ընկերը գոնե քիչ մրսեր։ Մեր հնոցն էր ջերմացնում ե՛ւ ավանը, ե՛ւ մեր կալանավայրը։ Գաղափարի հեղինակը Տոլիկն էր։ Փակում էինք որոշ ժամանակով, ապա կրկին բացում ու կրկին փակում։ Այսպես, մի քանի անգամ՝ ողջ գիշերվա ընթացքում։ Ցերեկը նման բան անել չէինք կարող։ Մի գիշեր էլ Մարչենկոյին բռնացրին այս գործի վրա ու պատժախուց տարան։ Տոլիկը խլության պատճառով չէր լսել, թե ինչպես են իրենց մոտ սառը խողովակներ նկատած հսկիչներն ուշ գիշերով հնոցին մոտենում։ 1985-ին, առանց հաշվի առնելու նրա առողջական վիճակը, 37-րդ կալանավայրում սկզբում փակում են կալանավայրի բանտում (ПКТ), ապա փոխելով նրա ռեժիմը՝ Չիստոպոլ են տեղափոխում։ 1986-ի օգոստոսի 4-ին Անատոլի Մարչենկոն հացադուլ է հայտարարում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Նրա հացադուլը 117 օր է տեւում։ 1986-ի դեկտեմբերի 8-ին 49 տարեկանում վախճանվում է։