Ավերակների քաղաքը 1917-ին. «Անիում»

764

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:

1917 ԹՎԱԿԱՆ

Փետրվարյան հեղափոխության ալիքները 16 օր հետո միայն հասան Կարս, որտեղ այդ ժամանակ գործում էր «Գուրգեն» ընկերակցությունը. հայրս և ես աշխատում էինք այդ թատերախմբում:

Փետրվարյան հեղափոխությունից հետո «Գուրգեն» ընկերակցությունը ավարտեց իր գործունեությունը: Հովհ. Աբելյան, Իսահակ Ալիխանյան, Արշակ Հարությունյան, Ժասմեն, Օլգա Գուլազյան, Լիզիկ Հարությունյան և ուրիշներ հեռացան Կարսից դեպի իրենց տները:

Մի քանի սկսնակ դերասաններ մնացինք Կարսում և Արամ Վրույրի ղեկավարությամբ ու ռեժիսորությամբ սկսեցինք ներկայացումներ տալ, պակասը լրացնելով Թիֆլիսից հրավիրված դերասան դերասանուհիներով:

Մայիս ամսին մեր փոքրիկ թատերախումբը մեկնեց Կաղզվան: Այնտեղ հունիսի 10-ին ես հրաժեշտ տվի մեր թատերախմբին և շտապեցի ժամ առաջ հասնել Թիֆլիս ու այնտեղից մեկնել Անի:

Հունիսի 12-ին հասա Թիֆլիս: Այնպես զուգադիպեց, որ թե պրոֆ. Մառը և թե ես, երկուսս էլ ուշացումով նույն օրը հասանք Թիֆլիս. Անին գիտարշավի աշխատանքները հունիսի 1-ից պետք է սկսած լինեին: Մենք ուշացել էինք արդեն ամբողջ 12 օր և դեռ գտնվում էինք Թիֆլիսում:

Ես տեսա պրոֆեսորին «Սևերնայա» հյուրանոցում, ուր նա սովորաբար իջևանում էր: Պրոֆեսորը զարմացավ հանդիպելով ինձ այդ պահին Թիֆլիսում և կարգադրեց անմիջապես մեկնել Անի:

– Արտաշես, բոլոր աշխատակիցները արդեն Անիում են: Անհապաղ մեկնեցեք Անի, իսկ ես 15 օրով պետք է գնամ Սվանեթ և ապա այնտեղից Անի,- ու ավելացրեց.- Ձեր աշխատավարձը ցածր է, պետք է ավելացնել: Ի՞նչ եք կարծում, որքան նշանակել:

– Դուք գիտեք, պրոֆեսոր,- քաշվելով ասացի ես:

– Եթե 25 ռուբլիով ավելացնենք, ի՞նչ կասեք:

– Շնորհակալ եմ, պրոֆեսոր:

1916 թվականին ես ստանում էի ամսական 50 ռուբլի: Նշանակում է իմ աշխատավարձը 1917 թվականին դառնալու էր 75 ռուբլի: Նմանապես Թիֆլիս-Անի ճանապարհատվածի համար ստանում էին 25 ռուբլի և նույնքան էլ Անիից Թիֆլիս վերադարձին:

Պրոֆեսորը մոռացել էր այդ տարի ինձ համար համապատասխան վկայական բերելու, որը տրվում էր կայսերական ակադեմիայի կողմից գիտարշավի յուրաքանչյուր աշխատակցին: Պրոֆեսորը վերցրեց իմ 1916 թվականի վկայականը և որոշ ուղղում մտցրեց շտամպում՝ «Պետերբուրգսկայա Իմպերատորսկայա» բառերը ջնջեց ու գրեց՝ «Ռոսսեյսկայա». փետրվարյան հեղաշրջումից հետո ակադեմիան կոչվում էր «Ռոսսեյսկայա ակադեմիա նաուկ»:

Նույն գիշեր ուղևորվեցի և հետևյալ օրը հասա Անի կայարան ու այնտեղից էլ քայլելով՝ Անի:

Գիտարշավի աշխատակիցներից դեռ ոչ ոք չէր եկել:

Անին ամայանում էր:

1917 թվականին նոր անեցիներից արդեն բացակայում էին բավական մարդիկ:

Իգաձորը զգալիորեն կորցրել էր իր եռուզեռը, մոտ 10 շունչ տեղափոխվել էին Կարս. Օհանը իր ընտանիքով – 6 և Կարապետը իր ընտանիքով- 4 հոգի: Անիում ես այլևս չտեսա ջրկիր Կյասսոյին: Նա 1916 թվականի ձմռանը ողբերգական մահով վերջ էր տվել իր կյանքին: Չկար և խոհարար Օհանեսը: Օհանին և Կարապետին ես տեսել էի Կարսում: Օհանի տղան՝ Վահրիճը, փետրվարյան հեղաշրջումից հետո աշխատում էր Կարսի միլիցիայի կազմի մեջ, իսկ Կարապետը աշխատում էր երշիկի մի փոքրիկ գործարանում.- նա արդեն մասնագետ երշիկագործ էր:

Չկային Ֆինդոն ու Վելոքսը: Այդ գայլխեղդ գամփռների բացակայությունը ուրախություն էր պատճառել գայլերին, որոնց հաջողվել էր հոշոտել և վայելել վանահոր ավանակներից երկուսին: Մնացել էր միայն փոքրիկ Բոչկան իր թավ պոչով:

Այդ բոլորի բացակայությունը զգալի էր, որոնց հետ տարիներ շարունակ, սկսած մանկական օրերից, սերտ կապված էի որպես հարազատներ:

Չէր լսվում այլևս Անիի Աստվածամոր տաճարի խոշոր զանգի ամենօրյա ղողանջը: Նա տոնական օրերին էր միայն հնչում և իր ղողանջներով աղոթքի հրավիրում արդեն կիսով չափ ամայացած մայրաքաղաքի նոր բնակիչներին և ուխտավորներին:

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԵՎ ԳԻՇԵՐ

Ձմեռն իր պաղ շնչով նստել էր ամայացած մայրաքաղաքի վրա:

Մութն արդեն կոխել էր, երբ վանահոր խոհանոցից դուրս եկավ ծերունի ջրկիրը մոմն ու լուցկին ձեռքին: Նա իր քայլերն ուղղեց դեպի Մայր տաճար: Տաճարի արևմտյան դռնից ներս մտավ և ձեռքի մոմը վառելով, զգույշ քայլերով բարձրացավ տաճարի բեմի վրա:

Անիի Մայր տաճարը բեմի աջ և ձախ կողմերում ունի երկհարկանի խորաններ, սակայն վերնահարկի խորանների մուտքերը անհայտ էին: Եվ ահա, ժամանակին մարդիկ հայտնաբերել են այդ աներևույթ մուտքերը: Տաճարի բեմի ձախ պատից հանված էր մեծ, սրբատաշ քար և ահա այդ տեղից բացվում է մուտքը դեպի վերնահարկ: Պատի միջից քարե աստիճանները տանում են երկրորդ հարկի ավանդատունը:

Ջրկիրը մոմը ձեռքին մտավ այդ անցքից ներս և սկսեց քարե աստիճաններով գաղտագողի վեր մագլցել: Նա գնում էր որսի:

Վերին խորանում բույն էին դրել բազմաթիվ աղավնիներ, և ծերունի ջրկիրը հաճախ այնտեղից աղավնիների առատ որսով վերադառնում էր: Սակայն այս անգամ այդպես չպատահեց:

Ծերունին դեռ նոր էր ոտք դրել վերին ավանդատունը, երբ աղետաբեր լույսի ցոլքերը նախազգացնել տվին հեզ աղավնիներին մոտալուտ վտանգը: Նրանք սարսափահար դուրս նետվեցին իրենց բներից և թևերի տենդային թափահարումից մոմը մարեց ծերունու ձեռքին:

Ջրկիրը մնաց մթության մեջ: Նա սկսեց խարխափելով օդի մեջ որսալ աղավնիներին: Այնքան տարված էր իր գործով, որ բոլորովին մոռացել էր, որ այդ վերին խորանի հատակից հանված էին երկու մեծ սալաքար, առաջացնելով վտանգավոր բացվածք դեպի վար: Եվ ահա այդ բացվածքը եղավ աղետաբեր… Ծերունի ջրկիրը այդ բացվածքից ընկավ ներքև՝ առաջին հարկ, գլուխն ուժգնորեն զարկվեց սալահատակին… Եվ այդպես էլ մնաց…

Հետևյալ օրը Կյասսոյի բացակայությունը անհանգստություն պատճառեց վանահոր և երկար որոնումներից հետո գտան ծերունի ջրկիրի անշնչացած մարմինը Մայր տաճարի հյուսիս-արևելյան խորանում:

Ջրկիրի մարմինը ամփոփեցին Մայր տաճարի հյուսիսային պատից ոչ հեռու:

Խեղճ Կյասսո, հանգիստ ոսկորներիդ:

Մայր տաճարի հարավ-արևելյան վերին խորանի մուտքը բացված չէ: Նմանապես պատի միջով կա նեղ ճանապարհ դեպի Մայր տաճարի տանիքը: Նոր անեցիներից միայն Յուրի Մառն է այդ նեղ անցքով տանիք բարձրացել:

*

Մինչև պրոֆեսորի գալը, որը, ըստ իր հայտարարության, երևաց 15 օր հետո, այդ 15 օրերի գիշերները մղձավանջային ծանր ժամեր էին ինձ համար:

Ժամանակը խառն էր, լեցուն հազար ու մի պատահարներով և այդ ծանր օրերին սգավոր քաղաքի մահասարսուռ լռության մեջ, այնտեղ, Միջնաբերդի մոտ, Ծաղկոցաձորի ձախ շուրթին, գիտարշավի մենավոր շենքի մեջ, ուր ոչ մի շունչ չկար, տասնհինգ ծանր, անպատմելի գիշերներ անցկացրի ես՝ 19-ամյա պատանիս:

Մնացել էի մենակ:

Օրերը գլորվում էին մեկը մյուսի ետևից, բայց գիտարշավի աշխատակիցները չէին երևում:

1916 թվականի պարապուրդներն ու պրոֆեսորի նկատողությունը ինձ թելադրեցին մի փոքր ինքնուրույն լինել: Ես մշակեցի աշխատանքային ծրագիր ու սկսեցի այդ ծրագրով առաջնորդվել:

Լուսանկարչական նյութն առատ էր: Բացի այդ տարվա ստացած թարմ նյութից, ես ունեի և անցյալ տարվանից մնացած բավականին լուսապակիներ: Ըստ պատվերի մենք ստանում էինք «Իոախիմ և Կամպանիա» ընկերությունից անգլիական «Իլֆորդ» գործարանի որակյալ լուսապակիներ և դեղորայք:

Իմ նկարահանումները սկսեցին գլխավորաբար հուշարձանների դետալներից և ժայռափորերից:

Սնվում էի վանահոր հետ միասին: Այդ տարի շրջագայողներն էլ շատ սակավ էին երևում, ասես ամեն ոք մոռացության էր մատնել Անին:

Անիի սուրհանդակը ցերեկները շրջում էր ինձ հետ, իսկ երեկոյան գնում էր Իգաձոր՝ իր տունը:

Վանահայրը, նկատի ունենալով իմ դրությունը, առաջարկում էր մնալ իր բնակարանում, սակայն պատանեկան իմ հպարտությունը մերժում էր վանահոր առաջարկը: «Եթե մնամ հայր Միքայելի բնակարանում, նշանակում է ես ցույց եմ տալիս իմ վախկոտությունը», մտածում էի ես:

Ընթրիքից հետո, երբ խավարը բռնում էր չորս կողմը, ես ճամփա էի ընկնում դեպի գիտարշավի մենավոր շենքը: Դա մոտ մեկ կիլոմետր հեռու էր վանահոր տնից: Պետք էր շավղով շարժվել դեպի Միջնաբերդ և մի փոքր տարածություն կտրելուց հետո, հնադարանի մոտ բռնել «Մառի» փողոցը և բավական քայլելուց հետո թեքվել աջ՝ դեպի Ծաղկոցաձոր, որի ձախ շուրթին կանգնած էր գիտարշավի շենքը:

Տարին չար էր: Ամեն քայլափոխին կարող էիր հանդիպել վտանգավոր արկածների, մանավանդ գիշերը, մենակ, ավերակների, քարակույտերի ու թմբերի միջով քայլելիս, ուր ամեն մի սոսափյուն, ամեն մի շշուկ սարսռեցնում են մարմինդ և ավերակներն ու փլատակները խավարի մեջ ընդունում են անորոշ ու ահավոր կերպարանքներ: Քեզ թվում է, որ նրանք շարժվում են և իրենց ձևերն ու կերպարանքները փոխում: Ոմանք երևում են աչքիդ որպես չարախինդ մի վհուկ, ոմանք որպես անդրշիրիմյան աշխարհից դուրս ելած ուրվականներ իրենց կմախքացած, սարսուռ ազդող կերպարանքներով: Պաղ դողը սրտիս 15 ծանր գիշերներ քայլել եմ ամայության մեջ մեռելային անդորրության ճնշող ծանրությունների ներքո:

Երբ հասնում էի տուն, իմ տասնհինգօրյա «քավարանը» և ճրագը մարելով մտնում անկողին, այստեղից նորից սկիզբ էին առնում ծանր ու անհանգիստ գիշերային ժամերը:

Սուրհանդակը իմ տրամադրության տակ թողել էր իր երկար թուրը, որը ես հենել էի գլխավերևս, մահճակալիս մոտ: Բացի այդ, ես ունեի մի ատրճանակ առանց փամփուշտների, դա կարող էր միայն վախեցնել ենթադրյալ չարագործներին, եթե, իհարկե, այդպիսին հայտնվեր: Այդ բոլորը կարող էին սրտապնդել ինձ, ուրիշ ոչինչ: