Արաբատառ թուրքերեն՝ «Խորհրդային Հայաստանի» էջերում

3294

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց: Մի քանի օր անց Երևանում սկսեց լույս տեսնել Հայաստանի կոմունիստական (բոլշևիկ) կուսակցության օրգանը՝ “Խորհրդային Հայաստան” օրաթերթը:

ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ կոչի տակ նշվում է, որ թերթը Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական, Երևանի կոմիտեների և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի օրգանն է:

Նույնը գրված է նաև ռուսերենով, ինչը բնական է, քանի որ Հայաստանը փաստացի կառավարվում էր Մոսկվայից: Ի վերջո, ՀՅԴ-ն իշխանությունը առանց կրակոցի հայ բոլշևիկներին էր հանձնել Մոսկվայի և քեմալականների համատեղ հարձակման պայմաններում:

Ուշագրավ է, որ հայ բոլշևիկները կարևորել են նաև Հայաստանի ադրբեջանցիներին, որոնք այդ ժամանակ անվանվում էին կովկասյան թաթարներ կամ պարզապես թուրքեր: Կոչը գրված է նաև արաբատառ թուրքերենով կամ օսմաներենով, որը կարելի է համարել արաբատառ վաղ ադրբեջաներեն: