«Այլընտրանքային պատմություն». ԱՆԻ կենտրոնի 12 ձեռնարկները Հայաստանի մարզերում և Երևանում

1067

Առաջիկա 12 ամիսների ընթացքում՝ 2019-ի հուլիսից մինչև 2020-ի հուլիս, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնելու է դասախոսությունների շարք, որոնք ունենալու են թեմատիկ բնույթ և վերաբերելու են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին:

Ներկայացնում ենք 12 դասախոսություն-քննարկումների ժամանակացույցը և թեմաները: Այս ձեռնարկների անցկացման օրը, ժամը և վայրը կհստակեցնենք յուրաքանչյուր քննարկմանը նախորդող շաբաթվա ընթացքում:

Հուլիս, 2019թ., Արագածոտնի մարզ. «Հայաստանը և Օսմանյան կայսրությունը՝ պարտադրված դաշնակիցներ. 1918-ի հունիս-նոյեմբեր»:

Օգոստոս, 2019թ., Արարատի մարզ. «Հայաստանի խորհրդարանը 1918-1920թթ. Ազգային փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում»:

Սեպտեմբեր, 2019թ., Շիրակի մարզ. «Հայաստանի մամուլը 1918-1920 թթ»:

Հոկտեմբեր, 2019թ., Երևան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ»:

Նոյեմբեր, 2019թ., Արմավիրի մարզ. «Տարածքային վեճերը Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև»:

Դեկտեմբեր, 2019թ., Լոռու մարզ. «Հայ-վրացական երկշաբաթյա պատերազմը 1918-ի դեկտեմբերին»:

Հունվար, 2020թ., Վայոց Ձոր. «Կանայք և խորհրդարանական ընտրությունները Հայաստանում»:

Փետրվար, 2020թ., Սյունիքի մարզ. «Հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի խորհրդայնացումը»:

Մարտ, 2020թ., Կոտայքի մարզ. «Հայաստանը 1920թ. դեկտեմբերից մինչև 1922-ի դեկտեմբեր՝ Խորհրդային Միության մաս կազմելը»:

Ապրիլ, 2020թ., Գեղարքունիքի մարզ.«Հայաստանի երեք հանրապետությունները՝ 1918-ից մինչև 2020»:

Մայիս, 2020թ., Տավուշի մարզ. «Հայաստանը և Ադրբեջանը 1918-1920 թվականներին. վիճելի տարածքները երկու հանրապետությունների միջև»:

Հունիս, 2020թ., Երևան. «1918-ի Մայիս 28-ից հունիսի 4-ի Բաթումի պայմանագիր. Հայաստանի, Վրաստանի և Ադրեջանի անկախության հռչակումը և պայմանագիրը Օսմանյան կայսրության հետ»:

Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ԱՆԻ կենտրոնը 2019 թվականի ապրիլի 22-ին դիմել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը՝ դրամաշնորհ ստանալու նպատակով: Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:

ԱՆԻ հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը համագործակցության և աջակցության համար:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

25 հունիս, 2019թ.