1919թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինի հատուկ հրովարտակով Իթթիհատի՝ Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարներն ու նախարարները հանձնվում են Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանին: Կուսակցության անդամների դատավարությունն սկսվում է ապրիլի 28-ին և շարունակվում մինչև մայիսի 17-ը: Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրում են 11, իսկ ներկա` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին` ներքին գործերի նախարար և վարչապետ (1917-1918) Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաէդդին Շաքիրը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության անդամ, հանրակրթության նախարար Նազըմը, ֆինանսների նախարար Ջավիդը, հողագործության և առևտրի նախարար (1915-1917) Սուլեյման Էլբիստանին, հողագործության և առևտրի նախարար (1917-1918) Մուստաֆա Շերիֆը, փոստի և հեռագրատան նախարար (1914-1917) Օսկանը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ռուզուհին, հասարակական անվտանգության նախարար, Հատուկ կազմակերպության անդամ Ազիզը:
1919թ. հուլիսի 5-ին կայացած դատավճռով Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը դատապարտվում են մահվան, Ջավիդը, Մուստաֆա Շերիֆը և շեյխ ուլ իսլամ Մուսա Քյազիմը` 15 տարվա աքսորի, իսկ Ռիֆաթը և Հաշիմը արդարացվում են: Հայերի տեղահանության և կոտորածների (tehcir ve taktil) մեղադրանքով 1919-1921թթ. հարուցված 63 դատական գործերի արդյունքում կայացվել է երկու տասնյակ մահապատժի դատավճիռ, որոնցից միայն երեքն է իրականացվել, քանի որ մյուս հանցագործները գտնվել են փախուստի մեջ:
Մինչ ընթանում էին դատավարությունները, քեմալական շարժման տարածումը փոխում էր ընդհանուր տրամադրությունը: Հիմնականում քեմալականներով ներկայացված վերջին օսմանյան խորհրդարանում պատգամավորները 1920թ. փետրվարի 20-ին հանդես եկան Դամադ Ֆերիդ փաշայի դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վարչապետը հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու հարցում հետևողական էր:
Դամադ Ֆերիդը քեմալականների ճնշման տակ նույն տարվա հոկտեմբերի 17-ին հրաժարական տվեց, որին փոխարինեց քեմալականների նկատմամբ բարյացակամ տրամադրված Թևֆիկ փաշան: Նոյեմբերի 8-ին ձերբակալվեցին Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները: Հայերի կոտորածների համար մեղադրված, դատապարտված և մահապատժի ենթարկված երեք ոճրագործներից երկուսը` Մեհմեդ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվեցին: Նուսրեթի մահապատժի օրը` 1920թ. օգոստոսի 5-ին, Անկարայի մեջլիսը, ի նշան հարգանքի, տասը րոպեով դադարեցրեց աշխատանքը: Անկարայի մեջլիսի նույն տարվա դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն թոշակ նշանակվեց Մեհմեդ Քեմալի ընտանիքին, իսկ դեկտեմբերի 25-ին` Նուսրեթի ընտանիքին:
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մի մասը դատապարտվեց թուրքական ռազմական ատյանների վճիռներով, մի մասը` սպանվեց հայ վրիժառուների ձեռքով: Բայց կա ոճրագործների մի երրորդ խումբ, որոնց կատարած հանցագործությունները, համաձայն ցեղասպանագետ Վահագն Տատրյանի, դուրս են մնացել ընդհանուր դատապարտումներից: Նրանց թվում են ելուզակ ղեկավարները կամ չեթեբաշիները, որոնք “ծուղակն ընկած հազարավոր հայ բռնագաղթողների են կոտորել թուրքական պետությանն անգամ անհայտ ու մինչ այդ չգերազանցված բարբարոսությամբ”: Այս ելուզակ ղեկավարներից մի քանիսը սպանվել են իթթիհադականների կամ քեմալականների ձեռքով, ուրիշներն այս աշխարհին հրաժեշտ տվեցին սրտի տագնապից կամ ուղեղի կաթվածից, ինչպես նաև` զոհվեցին դժբախտ պատահարների հետևանքով կամ ինքնասպանություն գործեցին:
Նրանց մի մասը մեղադրվել են Աթաթուրքին սպանելու և իթթիհադական վարչակարգը վերահաստատելու դավադրության մեջ: Այս նախկին իթթիհատականների դատաքննությունները բաժանված են եղել երկու դատավարության, մեկը` Իզմիրում, մյուսը` Անկարայում: Դրանց առաջին շարքը սկսվել է Իզմիրում 1926 թ. մայիսի 26-ին և ավարտվել դատավճռի արձակման օրը` 1926 թ. հուլիսի 13-ին, երբ 7 դավադիրներ մահվան դատապարտվեցին և կախաղան բարձրացվեցին այդ օրը` կեսգիշերին: Նրանցից երեքն ընդգրկված են եղել, իսկ այդ երեքից երկուսը գլխավոր դեր են կատարել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում:
Շարունակելի, ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Լուսանկարում՝ Թալեաթը