Քոչարյան-Սերժ-ՀՅԴ-Արցախի իշխանական շրջանակներ․ Փաշինյանին մեղադրում են հող հանձնելու մեջ

3155

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կան շրջանակներ, քաղաքական ուժեր, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ի թիվս այլ քննադատությունների, հարվածում և մեղադրում են հողեր հանձնելու պատրաստակամության մեջ, թեև 1991-ից ի վեր Հայաստանի չորս առաջնորդներից միակը, որը հրապարակավ դեռ չի խոսել տարածքներ վերադարձնելու մասին, հենց Նիկոլ Փաշինյանն է։

Սա, անշուշտ, չի նշանակում, որ եթե միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը, ներկայացնեն կարգավորման մի տարբերակ, որն ընդունելի լինի Հայաստանի և Արցախի համար, Փաշինյանը և նրա կառավարությունը չեն գնա փոխզիջումների։ Բայց փաստն այն է, որ վարչապետության մեկ տարվա ընթացքում Փաշինյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, հրապարակավ չի խոսել հող զիջելու մասին և կամ հավանություն չի տվել կարգավորման մի տարբերակի, որը ենթադրում է նախկին ԼՂԻՄ-ից դուրս շրջանների վերադարձ Ադրբեջանին։

Եթե փորձենք ավելի խիստ ու բծախնդիր լինել, ապա Փաշինյանն էլ է խոսել փոխզիջումների մասին, ճիշտ է՝ անուղղակի կերպով։ Այս տարվա ապրիլին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում նա ասաց․

«Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող երեք սկզբունքները և վեց տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան՝ մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ, հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին տասը տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ երեք սկզբունքների և վեց տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:

Հիմա վերադառնանք վերնագրի հարցին՝ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանին մեղադրում հող հանձնելու մեջ։

Առաջին․ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նեղ շրջապատը։ Հիշեցնենք, որ Քոչարյանն է 1998-ին ընդունելի համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված Ընդհանուր պետության տարբերակը, ըստ որի նախկին ԼՂԻՄ-ն ու Ադրբեջանը պետք է կազմեին ընդհանուր պետություն․ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Բացի այդ, Քոչարյանի կողմից ընդունելի համարված այս տարբերակով Ադրբեջանը ստանում էր ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր շրջանները, բացի Լաչինի նեղ միջանցքից։

Քոչարյանը ընդունելի է համարել նաև Քի Վեսթի տարբերակը, որը նույնպես նախատեսում էր բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանին։

Մադրիդյան փաստաթուղթը, որը բանակցվել է Քոչարյանի օրոք, ևս ենթադրում էր յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին։ Ինքը՝ Քոչարյանը, ժամանակին հարցազրույցներում ասել է, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են եղել Ադրբեջանին վերադարձնել 6,5 շրջան՝ Արցախի ինքնորոշման իրավունքի դիմաց։

Երկրորդ․ Սերժ Սարգսյան ու նախկին իշխանական ուժը՝ ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանն է, ով 2001-ի գարնանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, նա է ընդունելի համարել կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում էր յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանը բազմաթիվ հարցազրույցներում է խոսել Արցախի ինքնորոշման դիմաց 6,5-7 շրջաններ վերադարձնելու Հայաստանի ու Արցախի պատրաստակամության մասին։ Ահա դրանցից մեկը 

«Մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն․․․ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ ադրբեջանական յոթ շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

Երրորդ․ Արցախի իշխանական, մասամբ նաև՝ Ստեփանակերտի ռուսախոս շրջանակները։ Պետք է նշենք, որ Արցախի իշխանական շրջանակները, որոնք մեղադրում են և իրենց աջակիցների օգնությամբ տարածում, թե Նիկոլը հողերը ծախում է, ի տարբերություն Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, հրապարակավ չեն խոսել հողեր զիջելու մասին։ Մյուս կողմից, այդ նույն մարդիկ երբեք հրապարակավ չեն ընդվզել ո՛չ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, որոնք ընդունելի են համարել 1998-ի Ընդհանուր պետությունը, 2001-ի Քի Վեսթը, 2007-ի Մադրիդն ու 2011-ի Կազանը։ Գուցե փակ հանդիպումներում նրանք ընդվզել են, սակայն հրապարակավ նրանք դա չեն արել, ինչը սակայն անում են Նիկոլ Փաշինյանի դեպքում, երբ վերջինս չի խոսում յոթ, անգամ մեկ շրջան վերադարձնելու մասին և ոչ էլ համաձայնություն է տվել կարգավորման մի փաստաթղթի, որը ենթադրում է տարածքային զիջումներ Ադրբեջանին։

Չորրորդ․ ՀՅԴ և Սփյուռքի դաշնակցական շրջանակներ։ Ես հաճախ եմ այցելում սփյուռքյան տարբեր օջախներ։ Թավշյա հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում այցելել եմ Միացյալ Նահանգներ, Կանադա, Լիբանան, Եգիպտոս ու մի քանի այլ երկրներ։ Իմ հրապարակային դասախոսությունների ընթացքում նկատել եմ, որ շարքային դաշնակցականների մոտ կա համոզված կարծիք, որ Նիկոլը եկել է հողերը ծախելու։ Երբ խոսք է լինում ՀՅԴ-ի մասին, պետք է նշենք, որ այս կուսակցությունը 1991-ից ի վեր հրապարակավ հանդես է գալիս ընդդեմ հող զիջելու։ Դաշնակցությունը դեմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակին, ոգևորված չի եղել Քոչարյանի Ընդհանուր պետությամբ ու Քի Վեսթով, անընդունելի է համարել Մադրիդյանն ու նրանից ածանցյալ Կազանը։

Հինգերորդ․ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և ՀՅԴ-ին պատկանող, նրանց բացահայտ կամ ծածուկ աջակցող լրատվամիջոցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ռուսախոս և Ռուսաստանին փարվող մտավորականություն (ինտելիգենցիա), ֆեյսբուքյան օգտատերեր։  

Այս բոլոր շրջանակները ուղղակի կամ անուղղակի կապված են միմյանց հետ, աշխատում են համակարգված և օգտագործում են գրեթե նույն բառապաշարը, երբ խոսք է լինում Նիկոլի՝ իբր «հողերը ծախելու» մտադրության մասին։ Այս տեսակետը լայն զանգվածներին հասցնելու համար օգտագործվում են քաղաքական տարբեր միջոցներ ու բառապաշար։ Ամենից տարածվածը հետևյալն է․ եթե Նիկոլը հողերը չի պատրաստվում ծախել, ապա ինչպե՞ս բացատրել Ադրբեջանի՝ վերջին մեկ տարվա «խաղաղասիրությունը»։

Իլհամ Ալիևի մեկամյա «խաղաղասիրությունը», որ թվում է, արդեն ավարտվել է, քննարկման և հոդվածի այլ թեմա է։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ