Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել կարգավորման գործընթացի մասին․ Նիկոլ Փաշինյան

1239

Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյալ չի եղել նախկինում ղարաբաղյան կարգավորման գործընթացի մանրամասներին․ այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի շենքի բակում լրագրողների հետ ճեպազրույցում։ Ճեպազրույցից մի հատված ներկայացված է ստորև։

– Դուք հայտարարություն արեցիք՝ ասելով, որ կան ուժեր, որոնք փորձում են դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել և հողեր հանձնել։ Քննադատություններ հնչեցին, որ դուք պետք է ասեք, թե ովքեր են այդ ուժերը, որպեսզի հանրությունն իմանա՝ դավաճանական այդ քայլերն ովքեր են ցանկանում նախաձեռնել։

– Բարձրաձայնել եմ դրա մասին՝ Գորիսում ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գիտեք՝ ինչից է այդ տրամաբանությունը։ Ես, օրինակ,- և դա աննախադեպ երևույթ է եղել,- և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել և ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետարքրքվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված վերապահումներ կա՞ն, համաձա՞յն են այդ տեսլաանի հետ, թե՞ ոչ։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են։ Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ տակից հրահրում են, թե այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով պետք է մենք գնանք առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա Ֆեյսբուքում գրիր, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում։ Ինքը հո 100 տոկոսով գիտի, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել։

Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։ Դրանից առաջ նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ։ Տեղյակ չեն եղել։ Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք՝ ինչ է խոսվել, ինչ է պայմանավորվել։ Տեղյակ չեն եղել։ Իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի, նույնիսկ անձամբ գրում են, թե ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողերը հանձնում է․․․ հարց է առաջանում՝ ինչու են դա անում։

– Իրենք՝ ո՞վ, պարոն վարչապետ։

– Ասացի՝ իրենք՝ ով։ Շատ կոնկրետացնելու կարիք կա՞։

– Բակո Սահակյանը այստեղ հայտարարեց, որ չգիտի Արցախում նման դավադիր ուժերի, եթե իմանա, համապատասխան միջոցներ կձեռնարկի։

– Շատ լավ։

– Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ դուք խոսել եք, որ ինչպես դուք ասացիք, տակից այդպիսի բաներ չանեն, և իրավիճակն այդպես չլարվի։ Այսինքն՝ քննարկե՞լ եք այդ հարցը։

– Դա աշխատանքային հարց է, եկեք այդ թեմային ես չանդրադառնամ։

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ դավադիր ուժերի վտանգը վերացած է։

– Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն։