«Երբ 1915-ին հայերը կոտորվում էին, Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները ջերմ կապեր էին պահում Թալեաթի հետ»

7536

1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Օսմանյան խորհրդարանում ամենաշատ քննարկված խնդիրը դարձավ կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու և հայերի կոտորածները կազմակերպելու մեջ մեղադրվողներին դատական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հոկտեմբերի 19-ին վարչապետ Ահմեդ Իզզեթ փաշան խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագիրը, որում սակայն չէր ներառվել պատերազմի տարիների հանցագործությունները հետաքննելու հարցը: Քննադատություններին ի պատասխան Ահմեդ Իզզեթը հայտարարեց. “Մենք անպայման արդարադատություն ենք խոստանում”:

Հայկական կոտորածների հարցով լարված քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանի նոյեմբերի 4-ի նիստում. նոյեմբերի լույս 2-ի գիշերը երիտթուրքական յոթ ղեկավարներ փախուստի էին դիմել` Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները, երկու բժիշկներ` Շաքիրը և Նազըմը, ոստիկանապետեր` Բեդրին և Ազմին, ովքեր գաղտագողի հեռացել էին Բոս‎ֆ‎‎‎‎‎‎որի և Սև ծովի ճանապարհով: Սա առիթ տվեց, որ մինչ այդ ահուդողի մատնված Իթթիհադի հակառակորդները մամուլի միջոցով ահազանգ հնչեցնեն և կառավարությանն ազդարարեն, որ ձերբակալի մյուս մեղսակիցներին` նախքան նրանց փախուստի դիմելը:

Իթթիհադականների դեմ քրեական դատ բացելու գործում կարևոր էր Օսմանյան խորհրդարանի դերը: Տեղի տալով ճնշումներին` խորհրդարանում ազգությամբ արաբ պատգամավոր Ֆուադ բեյի առաջարկի հենքով ստեղծվեց Հինգերորդ հանձնախումբը, որի պարտականությունն էր հարցաքննության ենթարկել պատերազմի ժամանակ Սաիդ Հալիմի և Թալեաթի կառավարությունների նախարարներին և որոշել` պետք է՞ նրանք որպես հանցագործներ դատապարտվեն, թե՞ ոչ: Հանձնախումբը սակայն չկարողացավ իր եզրակացությունները ամփոփել և քվեարկության համար ներկայացնել խորհրդարանին, քանի որ սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինը 1918թ. դեկտեմբերի 21-ին լուծարեց այն: Բայց և այնպես, այդ մարմնի հավաքած տեղեկությունները և փաստաթղթերը  ավելի ուշ մեծ օգուտ բերեցին:

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում Օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորները ակտիվորեն մասնակցում էին հայկական կոտորածների շուրջ քննարկումներին. Ինչպիսի՞ն էին ոճիրի բնույթը և տարողությունը, ովքե՞ր էին պատասխանատուները, ինչպե՞ս կարելի է դարմանել հասցված վնասներն ու կորուստները: Երբեմն հայերին զորավիգ էին կանգնում հույն պատգամավորները, առաջին հերթին` Էմմանուել Էմմանուելիդին: Քննարկումներին մասնակցում էին վեց հայ պատգամավորներ, չէին մասնակցում Մուշի երկու հայ պատգամավորներ Գեղամ Տեր-Կարապետյանը, որ հիվանդ էր, Վահան Փափազյանը, ով հեռացել էր Թուրքիայից, և Պոլսից Պետրոս Հալաջյանը: Մյուս երեքը` Զոհրաբը, Վարդգեսը (Հովհաննես Սերենգյուլյան) և Վռամյանը (Օննիկ Դերձակյան) դավադրաբար սպանվել էին:

Հայերի բնաջնջմանը  նվիրված իր գրքում օսմանյան խորհրդարանի անդամ Ահմեդ Ռեֆիկը զարմանք էր հայտնում, որ երբ հայերը քշվում էին Դեր-Զոր ու կոտորվում, հայ պատգամավորները Ստամբուլում շարունակում էին ջերմ կապեր պահպանել Թալեաթի ու հայերի ոչնչացումը կազմակերպած Իթթիհադի այլ ղեկավարների հետ:

Նոյեմբերի 4-ի քննարկումների ընթացքում հայ պատգամավորները մերթ փաղաքշելով, մերթ սաստելով, մերթ երկիմաստ կամ թաքուն արտահայտություններով քննադատեցին հայերի հանդեպ իրագործված ոճրագործությունները:

Ներքգործնախարար Ֆեթհի բեյը հարկադրված էր անձամբ ներկայանալ խորհրդարան` բացատրություններ տալու: Անշուշտ, հարց է ծագում, թե այս նույն հայ պատգամավորները ինչո՞ւ էին Եղեռնի ողջ ընթացքում լուռ մնացել և կարողացել զերծ մնալ մեծ սպանդից: Այդ օրը Էմմանուելիդին ներկայացրեց ութ կետերից կազմված դիմում, որում ասվում էր, որ հայ լինելուց բացի այլ մեղք չունեցող մեկ միլիոն հայեր են սպանվել, այդ թվում` երեխաներ ու կանայք: Դիմումում նաև նշվում էր հարյուր հազարավոր հույների սպանության և արտաքսման փաստը:

Մուշից պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանը Օսմանյան վերջին խորհրդարանում հայ պատգամավորներից միակն էր, որ բացառապես հայության քվեներով էր ընտրվել: Մյուս հայ պատգամավորները Իթթիհադի կողմից կամ նրանց օգնությամբ էին մտել խորհրդարան:

Տեր-Կարապետյանի ողջ մնալը պատահականություն էր, նա չէր աքսորվել, քանի որ հիվանդ գամված էր անկողնուն: Բայց հիվանդությունը չէր խանգարել, որպեսզի արթուն կերպով հետևեր Մուշ քաղաքի և Մշո դաշտավայրի շուրջ հարյուր գյուղերի 80-90 հազար հայերի կոտորածին` Հայոց ցեղասպանության ամենից սահմռկեցուցիչ և քստմնելի դրվագներից մեկին:

Դեկտեմբերի 9-ի նիստում հայ պատգամավորներից Տիգրան Պարսամյանը ընթերցում է արդեն մահկանացուն կնքած Տեր-Կարապետյանի ելույթի տեքստը. «Ինչպե՞ս եղավ, որ արևելյան նահանգներում` Կարին, Սեբաստիա, Խարբերդ, Վան, Տիգրանակերտ և Ուր‎‎ֆա գավառում բնակվող բոլոր հայերը տեղահան արվեցին, 1,5 միլիոնից ավելի հայեր ցիրուցան եղան, ջարդվեցին ու մահացան:

Այս ընդհանուր ջարդի հետևանքով այդ շրջանի բոլոր հայերի շարժական ու անշարժ գույքը, վանքերի ու եկեղեցիների մեջ պահվող արժեքավոր իրերը կողոպտված են, այնտեղ բնակվող վանականները սպանված ու բնաջնջված են: Այս ահավոր բռնարարքներից հետո մնացած կոտորակված թվով զավակները բռնի կերպով կրոնափոխ լինելով, այստեղ ու այնտեղ ցիրուցան են եղել»:

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: