Երզնկա – Դպրոցներ. Յուշամատեան
Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 12/05/2019 (վերջին փոփոխութիւն՝ 12/05/2019)
Օսմանեան կայսրութեան Էրզրումի նահանգի (վիլայէթ) Երզնկայի գաւառի (սանջակ) Երզնկայի գաւառակը (քազա) մօտաւորապէս զբաղեցնում էր պատմական Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Եկեղեաց գաւառի տարածքը՝ իր մեջ պարունակելով Երզնկայի ընդարձակ դաշտը: Գաւառակին հիւսիսից սահմանակից էր Բաբերդը, արևելքից՝ Դերջանը, հարաւից՝ Դերսիմը (Խարբերդի վիլայէթ), արևմուտքից՝ Կամախն ու Կերճանիսը [1]:
Երզնկայի դաշտը նկարագրւում էր որպէս բարեբեր և ջրառատ, այն շրջապատող լեռները՝ գեղեցիկ և խոտաւէտ, կլիման՝ բարեխառն, տեղ-տեղ լեռնային և տեղ-տեղ դաշտային և տաք [2]:
Մեծ եղեռնի նախօրեակին Երզնկայի գաւառակում կար մօտ 120 բնակավայր, որից 32-ը (ագարակները -դրանք հայտնի էին նաև մզրէ և փալանկա անուններով- ներառեալ՝ 37-ը) հայաբնակ էին, դրանցից 11-ը՝ զուտ հայաբնակ [3]: Գաւառի և գաւառակի կենտրոն Երզնկա քաղաքն իր բնակչութեամբ Էրզրումի նահանգի երկրորդ խոշոր բնակավայրն էր: Համաձայն 1913 թ. Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կարգադրութեամբ պատրաստուած վիճակացոյցի [5] տուեալների՝ գաւառակն ունէր 25,795 շունչ հայ բնակչութիւն, որից 13,109-ը (2,021 տուն) ապրում էր Երզնկա քաղաքում, 12,686-ը՝ գաւառակի 36 հայաբնակ գիւղերում [6]: Հայերը կազմում էին քաղաքի և գաւառակի ընդհանուր բնակչութեան մօտ մէկ երրորդը [7]:
Երզնկայի գաւառակի հայութեան կրթական վիճակը նախքան 1878 թուականը
Ինչպէս և Օսմանեան կայսրութեան և Օսմանեան Հայաստանի այլ շրջաններում, Երզնկայի գաւառակի տարածքում ևս, նախքան XIX դարը հայկական դպրոցները գործում էին վանքերի ներսում, առանձին դէպքերում՝ ծխական եկեղեցիներին կից: Վանական դպրոցներում դասաւանդում էին կուսակրօն հոգևորականները, իսկ եկեղեցիներին կից դպրոցներում՝ քահանաները, սարկաւագները, տիրացուները [8]:
XVIII դարի վերջերին՝ մայրաքաղաք Պոլսում և Զմիւռնիայում, իսկ հետագայում՝ արդէն XIX դարի սկզբներին՝ գաւառներում, սկսում են բացուել նաև անհատական դպրոց-«դասարաններ», որտեղ ուսուցման գործընթացը կազմակերպւում էր առանձին անհատ եկեղեցականների և աշխարհականների կողմից [9]:
1789 թ. օսմանեան Սելիմ III սուլթանը, երկրի արևմտականացմանն ուղղուած իր բարենորոգումների շրջանակներում, արտօնում է հայերին և յոյներին հիմնադրել նաև աշխարհիկ դպրոցներ կամ թաղային-«ազգային» վարժարաններ, որոնց տնօրինումը ստանձնում են ծխական եկեղեցիներին կից գործող թաղական խորհուրդները [10]: Օսմանեան իշխանութիւնների թոյլտւութեամբ, 1790-ական թուականներին հայկական թաղային դպրոց-վարժարաններ են բացւում Պոլսում, իսկ 1800-ական թուականներից սկսած՝ արդէն կայսրութեան գաւառներում:
Օսմանեան հայերի կրթամշակութային զարթօնքը նոր ազդակ է ստանում 1824 թ. յուլիսի 10-ի Պոլսոյ պատրիարք Կարապետ Գ Պալաթցիի յատուկ կոնդակով, որով կարգադրւում է պատրիարքարանի ենթակայութեան տակ գործող բոլոր եկեղեցական թեմերի առաջնորդներին՝ իրենց գտնուած գաւառներում «հաստատել դպրոցս ի կրթութիւն մանկանց եկեղեցւոյ» [11]:
1834 թ. Պոլսոյ պատրիարքարանի կողմից պատրաստուած վիճակագրութեան համաձայն՝ մայրաքաղաքից դուրս ամբողջ Օսմանեան կայսրութեան տարածքում գործում էին 114 հայկական դպրոցներ: Գաւառական դպրոցների թւում յիշատակւում է նաև Երզնկայում գործող մէկ վարժարան (ցաւօք, աշակերտների և ուսուցիչների թիւը վիճակագրութեան մէջ չի նշուած) [12]: Մէկ այլ վկայութիւնից կարող ենք տեղեկանալ, որ Երզնկա քաղաքի այս առաջին դպրոցը գործել է քաղաքի Սուրբ Նշան մայր եկեղեցուն կից [13]:
Երզնկայի հայկական կրթական կեանքի մասին աւելի մանրամասն տուեալների ենք տիրապետում սկսած 1850-ական թուականների սկզբներից: Այսպէս, ըստ ծնունդով երզնկացի Կիրակոս Ղազանճեանի վկայութեան՝ նշուած ժամանակաշրջանում Երզնկա քաղաքում գործել է մէկ «ազգային» վարժարան, որտեղ ուսում էր ստանում 140 երեխայ՝ 100 տղայ և 40 աղջիկ [14]: Դպրոցի տարեկան ծախսերը կազմում էին 10-20 ոսկեդրամ և տրամադրւում էին առաջնորդարանի կողմից: Ուսուցումը եօթնամեայ էր (ինքը՝ Կ. Ղազանճեանը ուսանել է դպրոցում 1849-1856 թուականներին): Երզնկայի դպրոցում դասաւանդւում էր հայերէն (գրել և կարդալ), եկեղեցական երգեցողութիւն, փոխ (Աւետարանի որևէ հատուածի ընթերցում և մեկնաբանութիւն) և քարոզ: Դասագրքերն էին Քերական,Հեգարան(այբբենարան), Սաղմոս, Ժամագիրք, Գործք Առաքելոց(կամաւոր) և Նարեկ: Ոչ կանոնաւոր կերպով ուսուցանւում էր թուրքերէն (օսմաներէն) [15]:
Դպրոցում միանուագ կերպով դասաւանդում էր մէկ վարժապետ և մէկ քահանայ: Կ. Ղազանճեանի յիշողութեան մէջ տպաւորուել էր տաղանդաւոր մանկավարժ, քերականութեան դասատու Աւետիս Զուլալեանի՝ Երզնկայի դպրոցում մէկամեայ գործունէութեան ժամանակաշրջանը [16]
Կ. Ղազանճեանի պատկերաւոր արտայայտութեամբ՝ դպրոցը կառավարւում էր գաւազանի և ֆալախայի(գանակոծութեան) միջոցով: Ուսուցման մէջ հիմնական շեշտը դրւում էր քրիստոնէական-կրօնական դաստիարակութեան վրայ.«առաւօտ-երեկոյ աշակերտք կսկսէին և կաւարտէին աղօթքներով, և պարտաւոր էին երթալ յեկեղեցի. կը սորվէին և մեծ մասը բերան կընէին՝ ինչպէս Եկեսցէ, Հաւատով, Տէր ամենակալ Ողորմեայ և այլ աղօթքներ, և շատ մը Շարականներ, Փոխեր և Քարոզներ» [17]
Նոյն հեղինակի վկայութեամբ՝ 1840-50-ական թթ. եկեղեցիներին կից ծխական վարժարաններ են գործել նաև Երզնկայի գաւառակի խոշոր հայաբնակ գիւղերում [18]: Այդ ժամանակ գիւղական դպրոցներում ուսուցման կազմակերպման ձևերն ու մեթոդներն առանձնապէս չէին տարբերւում քաղաքի վարժարանում ընդունուած ձևերից և մեթոդներից:
Ինչպէս և Օսմանեան կայսրութեան հայաբնակ այլ շրջաններում, Երզնկայի գաւառակում ևս, դպրոցների առաջացմանը զուգահեռ ի յայտ են գալիս նաև կրթական գործի զարգացման նպատակը հետապնդող կազմակերպութիւնները՝ կրթական-«մշակութային» ընկերութիւններ: Այսպէս, 1848 թուականին հիմնադրւում է աղբիւրներում յիշատակուող Երզնկայի հնագոյն կրթամշակութային ընկերութիւնը, որը կրում էր «Սուրբ Ներսիսեան» անունը [19]:
1856-1859 թթ. իր գործունէութեամբ աչքի էր ընկնում «Լուսաւորչեան» ընկերութիւնը, որի նպատակն էր աջակցել Երզնկայի Սուրբ Երրորդութեան եկեղեցուն կիցնոյն ժամանակաշրջանում բացուած Լուսաւորչեան (հետագայում՝ Կեդրոնական) վարժարանին[20]
Ե
1860 թ. Ազգային սահմանադրութեան ընդունումից յետոյ, Օսմանեան Հայաստանի և Օսմանեան կայսրութեան այլ հայաբնակ շրջաններում, Երզնկայում ևս կրթական կեանքը սկսում է կայուն և շարունակական զարգացում ապրել: Սահմանադրութեամբ կանոնակարգւում է Օսմանեան կայսրութեան հայկական դպրոցների կառավարման այն համակարգը, որը առանց շօշափելի փոփոխութիւնների գործում է մինչև Մեծ եղեռնը: Հայոց պատրիարքարանին կից ձևաւորւում է Ազգային Երեսփոխանական ժողովի կողմից ընտրուած և եօթ աշխարհականներից բաղկացած Ուսումնական խորհուրդ (յայտնի էր նաև որպէս Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական Խորհուրդ), որի վրայ է դրւում օսմանեան հայերի դաստիարակութեան և կրթութեան նկատմամբ ընդհանուր տեսչութիւն իրականացնելու պարտականութիւնը: Խորհրդի մասնաւոր գործառոյթներն են դառնում ազգային վարժարանների բարեկարգութեան նկատմամբ ընդհանուր վերահսկողութիւն իրականացնելը, կրթական գործին աջակցելու նպատակով ստեղծուած մասնաւոր կրթական-«մշակութային» ընկերութիւններին օժանդակելը, «քաջահմուտ» ուսուցիչների պատրաստմանն աջակցելը, դասագրքերի ստեղծմանը նպաստելը և այլն: Ուսումնական խորհրդի վրայ են նաև դրւում «ազգային» վարժարանների տիպային կրթական ծրագրերի մշակման, աւարտական վկայականների նմուշի սահմանման և յարակից այլ գործառոյթներ (տե՛ս Ազգային Սահմանադրութիւն հայոց, հոդվ. 45) [21]:
Հայկական բնակավայրերում գործող «ազգային» դպրոցների անմիջական կառավարումը, դպրոցի գործարկման հետ կապուած զանազան պէտքերի ապահովումը յանձնարարւում է տուեալ բնակավայրի Թաղական խորհրդի կամ նրա կողմից նշանակուած Դպրոցական հոգաբարձութեան վրայ: Դպրոցի անխափան և կանոնաւոր գործունէութեան համար անհրաժեշտ ծախսերը պէտք է ապահովուէին թաղական խորհրդի «սնտուկ»ից (բիւջէ), որի մուտքերը բաղկացած էին թաղի ժողովրդի թաղական տուրքից, թաղական եկեղեցու և դպրոցի կալուածքների եկամուտներից, թաղական եկեղեցու հասոյթներից, կտակներից ու նուէրներից և այլն: Թաղական խորհուրդները պարտաւոր էին դպրոցի հետ կապուած հարցերով ուղղակի հաղորդակցութեան մէջ լինէին Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական Խորհրդի հետ [22]:
Նշուած ժամանակաշրջանում Կենտրոնական Ուսումնական Խորհուրդը շրջանառութեան մէջ է դնում Օսմանեան կայսրութեան հայկական «ազգային» վարժարանների համար նախատեսուած կրթական ծրագիր, որը մեծ չափով ընդօրինակուած էր եւրոպական, յատկապէս՝ ֆրանսիական համապատասխան կրթական ծրագրերից: Սահմանւում են մանկապարտէզի, ծաղկոցի, նախակրթարանի, բարձրագոյն նախակրթարանի և երկրորդական վարժարանի աստիճաններ: Իւրաքանչիւր աստիճանի համար ճշտւում են դասաւանդուող առարկաները, դասարանների թիւը, դասաժամերի տևողութիւնը, պատիժների և վարձատրութիւնների ձևերը: Կանոնակարգւում են նաև դասարանների բաժանումները, դպրոցների աստիճանաւորումները, դասաւանդուող առարկաների ժամանակացոյցները, դասամիջոցները, կէսօրեայ զբօսանքները, տօնական օրերի արձակուրդները և այլն: «Ազգային» դպրոցներում սկսում է հետզհետէ ներմուծուել նաև աշակերտների ուսման առաջադիմութիւնը և ընդունակութիւնները գնահատականներով գնահատելու, աւարտական քննութիւններ յանձնելու և աւարտական ուսման վկայականներ տալու համակարգը [23]:
1860-ական թթ. վերջերին-1870-ական թթ. սկզբներին ի յաւելումն Երզնկա քաղաքում Սուրբ Նշան մայր եկեղեցուն կից Եզնիկեան և Սուրբ Երրորդութեան եկեղեցուն կից Լուսաւորչեան արդէն իսկ գործող վարժարանների՝ բացւում են նաև Արամեան (Սուրբ Սարգիս եկեղեցուն կից) և Նարեկեան (Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից) թաղական վարժարանը: Բացի դրանից՝ 1870-ական թթ. Երզնկայում բացւում է Քրիստինեան աղջկանց դպրոցը (1875 թ.), ինչպէս նաև երկու մասնաւոր, այսինքն՝ աշակերտների ուսման վարձավճարների միջոցով պահուող վարժարանները՝Թորգոմեանը և Հայկազնեանը (երկսեռ):Բոլոր դպրոցներին կից նաև բացւում են նախապատրաստական «ծաղկոց»ներ: Քաղաքի թաղական-«ազգային» չորս դպրոցները և Քրիստինեան վարժարանը կանոնաւոր կերպով շարունակում են գործել մինչև Մեծ եղեռնը:
Համաձայն 1878 թ. ապրիլին Հայոց պատրիարքարանի հրահանգով Երզնկայի առաջնորդարանի կողմից պատրաստած վիճակացոյցի տուեալների՝ քաղաքի վերոնշեալ եօթ վարժարաններում ուսում էր ստանում 900 երեխայ, այդ թւում՝ 600 տղայ և 300 աղջիկ [24]: Դպրոցներ էին գործում գաւառակի 20 հայաբնակ գիւղերում, որոնք յաճախում էր 720 երեխայ (ըստ սեռի տուեալները բացակայում են) [25]: Այսպիսով, 1878 թ. տուեալներով քաղաքի և գաւառակի հայաբնակ գիւղերում գործում էր 27 դպրոց, որտեղ սովորում էր 1,620 երեխայ:
Համաձայն 1870-80-ական թթ. իրողութիւններ արտացոլող մի վկայութեան՝ «Ուրոյն վարժարան, ուրոյն շահ, կառավարութիւն և առաջադիմութիւն ունին [Երզնկա քաղաքի – Ռ.Թ.] չորս թաղերն, որոնք մերթ մրցակից և մերթ հակառակորդ իսկ են: …Մէն մի եկեղեցւոյ ժողովուրդ ու թաղական խորհուրդ իւր թաղին ու եկեղեցւոյն շահուն սաստիկ նախանձախնդրութիւն ունենալով և զայն նիւթապէս զարգացնելու ջանադիր լինելով, նպատակ ունի իւր վարժարանի վիճակը բարձրացնել: Ամեն եկեղեցի ունի այժմ իւր կից վարժարաններ, որք կը մատակարարուին գլխաւորապէս եկեղեցւոյն նպաստով և մասամբ ուսանողաց թոշակաւ» [26]:
1878 թ. մայիսին Երզնկա այցելած Պօղոս ծայրագոյն վարդապետ Նաթանեանի հաղորդմամբ՝ Երզնկայի ուսումնական հաստատութիւնները տեղակայուած էին նորաշէն ընդարձակ և պայծառ երկյարկանի շէնքերում, իսկ դրանցում դասաւանդող ուսուցիչները՝ «օրինաւոր եւ հայագէտ»էին: Երզնկացիներին Պ. Նաթանեանը նկարագրում է որպէս ուսման և առաջադիմութեան փափագ ունեցող ժողովուրդ, ինչի ապացոյցն է, ըստ հեղինակի, դպրոցների բարեկարգ վիճակը [27]:
Նուազ բարւօք վիճակում էին թեմի գիւղական դպրոց-վարժարանները: Դրանք գործում էին հիմնականում անկանոն կերպով՝ միայն ձմռան ամիսներին. տարուայ այլ եղանակներին երեխաները օգնում էին իրենց ծնողներին գիւղատնտեսական աշխատանքներում [28]: Գիւղական վարժարաններում ուսումը սովորաբար սահմանափակւում էր գիւղի քահանայի կամ վարժապետի խնամքի ներքոյ քերականութեան տարրական կանոնների, Սաղմոսի, Նարեկի, կրօնագիտութեան, թուաբանութեան ու եկեղեցական երգեցողութեան տարրական գիտելիքների մատուցմամբ [29]:
Հայկական կրթութիւնը Երզնկայում 1880- թուականներին. Ընկերական վարժարանի և Ս. Ներսէսեան գիշերօթիկ վարժարանի գործունէութիւնը
1870-ական թուականներին Երզնկայում դիտւող կրթական աշխուժացումը շարունակութիւն և զարգացում է ստանում 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից և Հայկական հարցի՝ միջազգային դիւանագիտութեան օրակարգ մտնելուց յետոյ: Գնալով աւելի մեծ կարևորութիւն են ստանում արևմտահայութեան շրջանում ազգային ինքնագիտակցութիւնը, սեփական իրաւունքների նկատմամբ պահանջատիրութիւնը բարձրացնելու հարցերը, որոնց հասնելու հիմնական միջոցը հայ մտաւորականութեան շրջանները սկսում են տեսնել ազգային ոգով կրթութեան կազմակերպման և զարգացման մէջ: Դպրոցը սկսում է դիտարկուել որպէս հայկական ազգային իմացական զարթօնքի և մտաւոր վերածննդի խոշորագոյն ազդակ [30]:
Օսմանեան հայերի կրթական վերածննդի այս ալիքը հուժկու թափով ներթափանցում էր Օսմանեան Հայաստանի ամենախուլ անկիւնները: 1880 թ. յունիսի 1-ին Պոլսում գործող Արարատեան, Դպրոցասիրաց-Արևելեան և Կիլիկեան կրթական ընկերութիւնները միաւորւում են «Միացեալ Ընկերութիւնք Հայոց» (կրճատ՝ Միացեալ ընկերութիւն) անուան տակ՝ նպատակ հռչակելով յատկապէս Օսմանեան Հայաստանի (հայաբնակ վեց նահանգներ՝ Վան, Բիթլիս, Էրզրում, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) և Կիլիկիայի մէջ կրթութեան տարածումը, հայկական դպրոցական ցանցի ընդլայնումը [31]։ Միաւորումից յետոյ Միացեալ ընկերութիւնը 1880-ական թթ. սկզբներին բացում է 24 նոր դպրոց: 1880-ական թթ. կէսերին Միացեալ ընկերութեան դպրոցական ցանցը ներառում էր շուրջ 50 դպրոց [32]: 1881 թ. Կարինում բացւում է Սանասարեան երկրորդական (միջնակարգ) վարժարանը:
Կրթական վերելքի այս շարժումից անմասն չեն մնում նաև ազգային-հայրենասիրական զգացմունքներով տոգորուած երզնկացիները: 1880-ական թթ. Երզնկայում կրթութեան զարգացումը դրսևորւում է յատկապէս երկու նորաբաց կրթական հիմնարկների՝Եկեղեաց ընկերական վարժարանիև Ներսէս հայրապետի գիշերօթիկ դպրոցի(յայտնի է նաև որպէս Սուրբ Ներսէսեան գիշերօթեայ վարժարան) գործունէութեամբ, որոնց կ՚անդրադառնանք յաջորդիւ աւելի մանրամասն:
1879 թ. մայիսին Երզնկա այցելած հայ անուանի եկեղեցական գործիչ Գարեգին վարդապետ Սրուանձտեանցն ուրախութեամբ արձանագրում էր տեղացիների մէջ ուսման և դպրոցների նկատմամբ եռանդն ու արդիւնքը. «Պատուաբեր երիտասարդութիւն մը կար այդ քաղաքին մէջը, որոց մի խումբը հիմնած և ցարդ կը կառավարէ Ընկերական վարժարանն կանոնաւոր և արդիւնաւոր ընթացքով: Պատիւն էր Երզնկայի օրիորդաց Քրիստինեան վարժարանը, և Կեդրոնական ուսումնարանն տղայոց. բերկրութեամբ կը տեսնուէին և նախակրթարանք փոքր մանկանց, և կրթութեան նպատակաւ հիմնուած ընկերութիւնք» [33]:
Համաձայն 1886 թուականին վերաբերող տուեալների՝ Երզնկա քաղաքում գործում էր ութ «ազգային»-թաղական և մասնաւոր դպրոց: Աշակերտների թիւը 1,050 էր, որից 650-ը տղայ, 400-ը՝ աղջիկ:Ուսուցիչների թիւը 34 էր, որից 20-ը՝ արական և 14-ը՝ իգական սեռի: Երզնկայում դասաւանդող ուսուցչուհիներից երկուսը Պոլսից էին, մնացածը՝ տեղի վարժարանների (Կենտրոնական, Ընկերական և Ներսէսեան) սաներ։ Բոլոր ուսուցիչներն ունէին ընթացաւարտութեան (դպրոցական աւարտական) վկայագրեր կամ հաստատագրեր, ոմանք նաև Ազգային կենտրոնական ուսումնական խորհրդի կողմից վաւերացուած ուսուցչական վկայագրեր: Կրթական ծախսերը կազմում էին 650 օսմանեան ոսկի, որոնք գոյանում էին ուսման վարձերից, հանգանակութիւններից և թաղական խորհրդի տուրքերից: Բացի դրանից, Երզնկայի կրթական գործին նիւթապէս և բարոյապէս նպաստում էին Միացեալ և Հայուհեաց ընկերութիւնները, առաջինը՝ Ընկերական վարժարանին, երկրորդը՝ Քրիստինեանին: Երզնկայի հայոց թէ՛ «ազգային»-թաղական, թէ՛ մասնաւոր, և թէ՛ տարբեր կրթական ընկերութիւններից աջակցութիւն ստացող վարժարաններն ունէին իրենց կրթական ծրագրերը և կրթական գործընթացը կազմակերպում էին ըստ դրանցում նշուած ժամանակացոյցի [34]:
Նշուած ժամանակաշրջանում Երզնկայի դպրոցների առաջընթացին մեծապէս նպաստում է 1880-1886 թթ. Երզնկայի թեմի առաջնորդ Հմայեակ եպիսկոպոս Դիմաքսեանը: Պահպանուել է նրա գործունէութեան մասին ժամանակակիցներից մէկի հետևեալ վկայութիւնը.«Դիմաքսեանի գուրգուրանքին ու հոգածութեան առարկայ էին դպրոցն ու եկեղեցին և այն միջոցները, որոնք ժողովրդի լուսաւորութեան, զարգացման ու յառաջադիմութեան կը ծառայէին: Անոր օրով բոլոր ազգ. վարժարանները բարեկարգութեան շաւիղին մէջ մտան, ի մասնաւորի Քրիստինեան աղջկանց և Սբ. Երրորդութիւն եկեղեցւոյ Սբ. Լուսաւորիչ վարժարանը, որ Կեդրոնականի վերածուեցաւ: Ինքն էր, որ հիմնեց Ս. Ներսէս Հայրապետի գիշերօթիկ վարժարանը, շինել տուաւ Առաջնորդարանը և հայոց գերեզմանատունը: Դարձեալ իր քաջալերութեան շնորհիւ էր, որ խումբ մը երիտասարդներ յաջողեցան հիմնել քաղաքին առաջին թատրոնը: Ան յաճախ կ’այցելէր վարժարանները, դասախօսութիւններուն, քննութիւններուն ներկայ կ’ըլլար, մրցանակաբաշխութեան հանդէսներուն, դպրոցական լսարաններուն բանախօսութիւններուն կը նախագահէր ու գործնապէս կը խրախուսէր ուսուցիչներն ու աշակերտները» [35]:
Ընկերական վարժարան Եկեղեաց
Ընկերական վարժարանը հիմնադրւում է 1879 թ. հունվարի 1-ին երզնկացի «սրտացաւ և լուսամիտ» ազգային գործիչների նախաձեռնութեամբ (Յակոբ-Շավարշ Քէնիրճեան, Մկրտիչ Դանիէլեան, Յովհաննէս Դանիէլեան, Յակոբ Պետրոսեան, Փիլիպպոս Պոյաճեան): Վարժարանն իր տեսակով երկրորդական (միջնակարգ) վարժարան էր, որի ստեղծման հիմնական նպատակը Երզնկայի և գաւառակի բնակավայրերի հայ երեխաների համար տեղում ժամանակի լաւագոյն առաջադէմ չափանիշներին համապատասխան տարրականից բարձր կրթութիւն ստանալու հնարաւորութեան ընձեռումն էր: «Վարժարանս հաստատեալ է Հայ մանկանց տալու այնպիսի կրթութիւն, և ուսումն, որովք Տէրութեան ու Երկրին օգտակար անդամներ լինին: Սրտի կրթութիւնն մանաւանդ մեծ պայման է, այնպէս որ ուսանողք լինին մարդասէր, առաքինի և սիրող հայրենի կրօնի և աւանդութեանց», – նշւում է Ընկերական վարժարանի փաստաթղթերից մէկում [36]:
Վարժարանում ուսուցումը սկզբում նախատեսուած էր որպէս եօթնամեայ (երեք տարի՝ նախակրթարան (տարրական), չորս տարի՝ երկրորդական (միջնակարգ) ուսումնարան) [37], հետագայում՝ ութամեայ (չորս տարի նախակրթարան (տարրական) և յաջորդ չորսը՝ երկրորդական (միջնակարգ) ուսումնարան) [38]: Վարժարանը գործում էր Սուրբ Փրկիչ եկեղեցու թաղի Նարեկեան վարժարանի նորակառոյց դպրոցի շէնքում՝ վարձակալութեամբ [39]։
Վարժարանի գործունէութեան առաջին տարում բացւում են նախակրթարանի երեք դասարանները՝ 50 աշակերտով, որոնց թիւը 1880-ին հասնում է 70-ի, իսկ 1881-ին՝ 116-ի (6 դասարան), 1884-ին՝ 125-ի: Ընդհանրապէս, որպէս վարժարանի աշակերտների թուի վերին շեմ որոշուած էր 140-ը[40]: Աղքատ ընտանիքներից աշակերտները, 1881-ին դրանց թիւը 26 էր, 1884-ին՝ 30, ազատուած էին ուսման վարձի վճարումից. նրանց ուսուցման ծախսերը վարժարանը փորձում էր հայթայթել նուիրատւութիւնների և հանգանակութիւնների միջոցով՝ նաև ներդնելով մէկ բարերարի կողմից մէկ ոչ ունևոր աշակերտի «որդեգրման» իւրայատուկ մեխանիզմը. 1881 թ. նման որդեգրուած աշակերտների թիւը 8 էր [41]: Վարժարանը նուիրատւութիւն կատարելու կոչերով էր դիմում նաև մամուլի միջոցով. «Տարեկան մէկ ոսկի թոշակաւ աղքատիկ գաւառացի մանուկ մը կը դաստիարակուի, ընտանիք մը կը փրկուի»,– կարդում ենք վարժարանի տնօրինութեան կողմից 1884 թ. մարտի 16-ին տարածուած յայտագրում [42]:
Վարժարանում դասաւանդուող առարկաներն էին՝ կրօնագիտութիւն, բարոյախոսութիւն, հայերէն գրաբար և աշխարհաբար, հայ գրականութիւն, թուրքերէն, ֆրանսերէն, ազգային (Հայոց), օսմանեան և ընդհանուր պատմութիւն, թուագիտութիւն, գրահաշիւ (հանրահաշիւ), տոմարակալութիւն (հաշուապահութեան հիմունքներ), բնագիտութիւն, աշխարհագրութիւն, մարդակազմութիւն, գծագրութիւն, երաժշտութիւն (այդ թւում՝ նօտագրութիւն և երգեցողութիւն), գեղագրութիւն (հայերէն, թուրքերէն և ֆրանսերէն), մարմնամարզութիւն [43]:
Վարժարանն օժտուած էր ներքին կանոնադրութեամբ, որով սահմանւում էին ընդունելութեան պայմանները, ուսանողների պարտաւորութիւնները, խրախուսանքի և պատժի ձևերը, քննութիւնների անցկացման կարգը և այլն [44]։
Ուսումնական առարկաները աշակերտներին աւանդւում էին «նոր և դիւրուսոյց» մեթոդներով, որոնք հետզհետէ կատարելագործելու ջանքեր էին գործադրւում: Վարժարանում որդեգրուած էր ուսուցման երկու հիմնական սկզբունք. «1. Ամեն ուսումն …Ուսանողաց՝ իրենց հասակին կարողութեան և ֆիզիգական ու մտաւոր զարգացման չափովը աւանդել. պարզ, ամփոփ, դիւրըմբռնելի և միանգամայն զբօսեցուցիչ [Հաճույք պատճառող, հաճելի- Ռ.Թ.]եղանակաւ: 2. Ջանալ, որ Ուսանողք Գիտակցաբար և Գաղափարական կերպով ուսանին և յաւէտ մտօք՝ քան յիշողութեամբ գործեն» [45]:
Վարժարանի դասաւանդման ուղեցոյցում նաև նշւում էր, որ դասախօսները, իբրև ուսանողների «ճշմարիտ Բարեկամ և Ընկեր», պէտք է վարուէին նրանց հետ մեծ յարգանքով և «քաղցրութեամբ»՝ ջանալով զարթնեցնել նրանց սրտերում պատուի և վեհանձնութեան զգացմունքները: Բռնութիւնը, գանակոծութիւնը և այլ նմանօրինակ «փտած խիստ միջոցներ»պէտք է ի սպառ արտաքսուած լինէին վարժարանից [46]:
Վարժարանին աջակցելու նպատակով 1880 թ. ստեղծւում են նրա սաներից և ուսուցիչներից կազմուած Սանուց և Մանկավարժական միութիւնները: Վերջինս իր առջև դնում էր, մասնաւորապէս, հետևեալ նպատակները. «1. Սաներու եւ Պաշտօնէից մէջ փոխադարձ ճշմարտի մտերմութիւն, անկեղծութիւն եւ յարգութիւն հաստատել…, 2. Աշակերտք ազատութեան ու համարձակութեան վարժեցնել, 3. Աշակերտաց վարուց եւ բարուց ուղղութեան համար հարկ եղած միջոցներն խորհիլ ու գործադրել» [47]:
Ընկերական վարժարանի բացառիկ դերն ու դիրքը, «տիպար կրթարանի» համբաւը մեծապէս պայմանաւորուած էին նաև նրա կարող և զարգացած ուսուցչական կազմով: 1881 թ. տուեալներով վարժարանում մնայուն ուսուցիչների թիւը 5 էր [48]՝
- տնօրէն-ուսուցիչ Սարգիս Ամատունի (Ամատեան), որը դասաւանդում էր ֆրանսերէն, թուրքերէն, պատմութիւն և աշխարհագրութիւն,
- Պետրոս Փողարեան՝ դասաւանդում էր հայերէն, կրօնագիտութիւն, բնագիտութիւն, թուագիտութիւն, ձայնագրութիւն (նօտագրութիւն) և գծագրութիւն,
- Մկրտիչ Թորոսենց՝ թուագիտութեան և տոմարակալութեան ուսուցիչ,
- Ժիրայր Վասակունի՝ առարկայագիտութեան, թուագիտութեան, մարդակազմութեան և մարմնամարզութեան ուսուցիչ [49]:
Աշակերտների թուի աւելացմանը զուգահեռ ընդլայնւում էր նաև վարժարանի ուսուցչական կազմը: Այսպէս 1884 թ. վարժարանն ունէր արդէն 11 ուսուցիչ, որից 6-ը՝ մշտական, 5-ը՝ այցելու [50]: Վարժարանի ուսուցիչները խիստ զգուշ և մեկուսացուած էին ապրում՝ տարբեր մոլութիւններից հեռու իրենց պահելով: Նման զուսպ և ժուժկալ պահուածքը լրացուցիչ համակրանք էր ստեղծում վարժարանի նկատմամբ տեղացիների շրջանում՝ նպաստելով դպրոցի առաջընթացին և տարեցտարի աշակերտների թուի աւելացմանը [51]: Իր գործունէութեան առաջին տարիների ընթացքում Ընկերական վարժարանը ստանում է Ազգային Կենտրոնական Ուսումնական Խորհրդի վաւերացումը, յատուկ կոնդակով պատւում է Պոլսոյ Հայոց պատրիարք Ներսէս արքեպիսկոպոս Վարժապետեանի կողմից, արժանանում բազմաթիւ նշանաւոր այցելուների գովասանքի [52]:
Հիմնադրումից չորս տարի յետոյ՝ 1883 թ., վարժարանը տալիս է իր անդրանիկ շրջանաւարտները՝ 20 հոգի: Նրանցից մի քանիսը մեկնում են Պոլիս՝ ուսումը շարունակելու (վարժարանի հոգաբարձութեանը յաջողւում է նրանց համար ապահովել ուսման կրթաթոշակներ), միւսներն ընդունւում են վարժարան՝ որպէս ուսուցիչներ, շատերն էլ ուսուցչական պաշտօն են ստանձնում գաւառակի հայաբնակ գիւղերի դպրոցներում [53]:
Սակայն Ընկերական վարժարանի ընդլայնմանը և աշակերտների աւելացմանը զուգընթաց աւելի էր ծանրանում հաստատութեան առջև առկայ հիմնական խնդիրը՝ միջոցների պակասը: Վարժարանի հասոյթները գոյանում էին աշակերտների ուսուցման վարձավճարներից, ինչպէս նաև տարբեր կազմակերպութիւնների ու անձանց նուիրատւութիւններից, որոնք չնայած հոգաբարձութեան բոլոր ճիգերին, աշակերտների թուի աճին համապատասխան չէին աւելանում: Չէր օգնում դրամական հոսքերի աւելացմանը նաև Երզնկայի թեմական իշխանութիւնների՝ վարժարանի նկատմամբ բռնած դիրքը: 1880-ական թթ. Երզնկայի թեմի առաջնորդութիւնը վարող Հմայեակ եպիսկոպոս Դիմաքսեանը առաջնահերթ մտահոգուած էր թաղական-«ազգային» դպրոցների առաջադիմութեամբ և այդ տեսանկիւնից Ընկերական վարժարանի դիտարկում էր որպէս թաղական վարժարանների մրցակից: Դրանից ելնելով՝ առաջնորդը թէև մասնաւոր հակառակութիւն չէր ցուցաբերում վարժարանի հանդէպ, սակայն նաև չէր դրսևորում որևէ համակրանք՝ չհետաքրքրուելով վարժարանի գործունէութեամբ, անգամ չայցելելով վարժարանի կողմից կազմակերպուող միջոցառումներն ու հանդէսները: Իրենց հերթին Ընկերական վարժարանի տնօրինութիւնը որևէ առիթ բաց չէր թողնում ընդդիմանալու և քննադատելու Դիմաքսեանին [54]:
Նման պայմաններում, 1882 թուականից սկսած Ընկերական վարժարանի բիւջէում գոյանում է պակասորդ, որը տարեցտարի միայն աւելանում էր: Էապես չի շտկում վարժարանի ֆինանսական վիճակն անգամ Միացեալ ընկերութեան կողմից յատկացուած տարեկան օժանդակութիւնը: Ս. Ամատեանը, չկարողանալով դիմակայել տևական ֆինանսական դժուարութիւններին, հրաժարւում է տնօրէնի պաշտօնից: Նրա տեղը հրաւիրուած Միհրան Խորթումճեանին, որը զօրաւոր նկարագրի և կամքի տէր անձնաւորութիւն էր, յաջողւում է առժամանակ ներքնապէս բարեկարգել վարժարանը, ապահովել ուսումնական գործընթացի բնականոն շարունակութիւնը, սակայն վարժարանի հոգաբարձութեանն այդպէս էլ չի յաջողւում աւելացնել դրամական մուտքերը, ինչի արդիւնքում, 1886 թուականին դպրոցը վերջնականապէս փակւում է՝ «որպէս շողշողուն աստղ 6-7 տարի Երզնկայի կրթական ասպարէզին վրայ փայլելէ յետոյ» [55]:
Սուրբ Ներսէս Հայրապետի գիշերօթիկ դպրոց (Ս. Ներսէսեան վարժարան գիշերօթեայ)
1880 թ. սկզբներին Երզնկայի թեմի առաջնորդութիւնը ստանձնած Հմայեակ եպիսկոպոս Դիմքասեանի կրթական կարևորագոյն ձեռնարկն է դառնում Սուրբ Ներսէս հայրապետի վանքի մէջ (Երզնկա քաղաքից մօտ 7 կմ դէպի հարաւ-արևելք) գիշերօթիկ դպրոցի բացումը: Դպրոցի ստեղծման հիմնական նպատակը գաւառակի հայաբնակ գիւղերի համար ուսուցիչներ և քահանաներ պատրաստելն էր [56]:
Դպրոցի համար վանքի տարածքում կառուցւում է յատուկ շէնք՝ երեխաների համար նախատեսուած ընդարձակ ընդհանուր ննջասրահով, դասասենեակներով, սերտարանի սենեակով և այլն [57]:
Դպրոցն իր աշխատանքներն է սկսում 1882 թ.՝ 30 աշակերտով: Հմայեակ Դիմաքսեանի կարգադրութեամբ դպրոցում սովորելու համար յատուկ ընտրւում են գաւառակի խոշոր հայաբնակ գիւղերից աղքատ, սակայն ընդունակ երեխաներ: Դպրոցի վարիչ է նշանակւում Արմաշի դպրևանքի շրջանաւարտ Մատթէոս Թորոսեանը, իսկ մատակարարութեան գործը յանձնւում է երաժշտագէտ Խաչիկ Տիւրկէրեանին [58]: Հետագայ տարիներին դպրոցի սաների թիւը հասցւում է 40-ի, ուսուցչական և սպասարկող անձնակազմի թիւը՝ 10-ի [59]:
Քանի որ վանքը չունէր բաւարար հասոյթներ վարժարանի գործունէութեան ապահովման համար, Դիմաքսեան սրբազանը լրացնում էր պակասորդը տարբեր տեղերից նուիրատւութիւնների և հանգանակութիւնների միջոցով: «Քաղաքացի մի քանի կարող ազգայինք գոհացուցիչ տարեթոշակներով կը պաշտպանէին մէկ մէկ սան, մէն մի գիւղ՝ իւր տուած աշակերտին համար կը վճարէր ցորեան, լուբիա, յարդ, փայտ, բանճարեղէն, և այլն միանգամայն», – կարդում ենք մի վկայութեան մեջ [60]:
Դպրոցը ինքնաբաւ չէր. նրա գործունէութիւնը կախուած էր թեմական իշխանութիւններից ստացուող միջոցներից, որոնք ապահովւում էին հիմնականում առաջնորդի գործադրած անձնական ջանքերի շնորհիւ: Դիմքասեան սրբազանին յաջողւում է դպրոցը կանգուն պահել այնքան ժամանակ, որքան նա մնում է Երզնկայի թեմի առաջնորդի պաշտօնում: Սակայն 1886 թ. նա պաշտօնաթող է լինում և մեկնում Երզնկայից, ինչից յետոյ դպրոցն այլևս չի կարողանում դիմակայել ֆինանսական դժուարութիւններին և կարճ ժամանակ անց փակւում է [61]։
Թէև դպրոցը կարճ կեանք է ունենում՝ մօտ 4 տարի, սակայն ժամանակակիցների վկայութեամբ, անգամ նման կարճ ժամանակամիջոցում այն տալիս է բաւականին ուսեալ և բարեկիրթ շրջանաւարտներ, որոնցից շատերը հետագայում կարևոր դերակատարութիւն են ունենում Երզնկայի հանրային կեանքում: Վարժարանի շրջանաւարտներից մօտ 10-15 հոգի էլ դառնում են գաւառակի գիւղական դպրոցների ուսուցիչներ [62]:
Հայկական հանրակրթութիւնը Երզնկայի գաւառակում 1890-ական թուականներին. Երզնկայի վարժարանների միութեան հարցը
Հմայեակ եպիսկոպոս Դիմաքսեանի՝ թեմի առաջնորդի պաշտօնը թողնելուց յետոյ Սուրբ Ներսէս հայրապետի գիշերօթիկ դպրոցի փակումը, ինչպէս նաև Ընկերական վարժարանի գործունէութեան դադարեցումը որոշ չափով լճացնում են Երզնկայի հայկական կրթական կեանքը, որն այլևս կենտրոնանում է «ազգային»-թաղական վարժարանների և գիւղական դպրոցների առաջընթացի վրայ: Երզնկայի կրթական ոլորտում խնդիրներն էլ աւելի են սրւում Համիդեան ջարդերից անմիջապէս յետոյ. դրանք տնտեսական ծանր հարուած են հասցնում երզնկացիներին՝ բացասաբար անդրադառնալով նաև թաղային վարժարանների դրամական մուտքերի, կրթական հաստատութիւնների ընդհանուր նիւթական ապահովութեան վրայ: 1895 թ. կոտորածներին յաջորդած օսմանեան կառավարութեան հալածանքներից յատկապէս տուժում է Եզնիկեան վարժարանը. նրա ուսուցիչներից Պետրոս Փողարեանը և խնամակալներից՝ Յարութիւն Լեփեանն ու Ղազարոսեանը յեղափոխական գործունէութիւն ծաւալելու մեղադրանքով ձերբակալւում են, իսկ դպրոցն առժամանակ փակւում [64]: Նման պայմաններում օրակարգային հարց է դառնում Երզնկայի վարժարանների միաւորման հարցը:
Դեռևս 1860-70-ական թթ. Երզնկայում չորս անջատ վարժարանների համակարգի ձևաւորման շրջանից սկսած՝ երզնկացի ողջախոհ մտաւորական և կրթական գործիչները պարբերաբար բարձրացնում էին դրանց միաւորման հարցը, ինչը, ըստ միաւորման ջատագովների, հնարավորութիւն կու տար կենտրոնացնել միջոցները և էականօրէն բարձրացնել կրթութեան ընդհանուր որակը, այդ թւում՝ անապահով խաւերից աւելի մեծ թւով երեխաների համար կրթութիւնը դիւրացնելու [65], միասնական միօրինակ ուսումնական ծրագրեր ներդնելու, առաւել որակեալ ուսուցչական կադրեր ներգրաւելու և այլ միջոցներով:
1890-ական թթ կէսերին Երզնկայի կրթական կեանքում առկայ խնդիրները, թերևս գոյների որոշակի խտացմամբ և հասկանալի հռետորական չափազանցութեամբ, ի մի են բերուել Ընկերական վարժարանի նախկին տնօրէն Սարգիս Ամատեանի կողմից. «Արդարև, ժողովուրդին խորհող դասակարգը տեսաւ որ, հակառակ Երիզացւոց համբաւեալ ուսումնասիրութեան, կրթական գործը հոն գրեթէ առ խարխափ ընթացեր է 20-30 տարիներէ ի վեր. այլ և այլ մասնաւոր վարժարաններ, գիշերօթիկը և ազգային կամ թաղային դպրոցներ թէև բարեկարգութեան շրջաններ բոլորած, բայց երբեք չեն ունեցած այն տևականութիւնը, որ անոնց արդիւնաւորութեան ապացոյցը պիտի ըլլար. արհեստաւորին ու աղքատ դասակարգին զաւակը միշտ զրկուած է, իգական սեռի կրթութիւնը բարձի թողի եղած է, գտնուած մասնաւոր ու թաղային վարժարաններէն իւրաքանչիւրը նախակրթութեան տարրական, միջին ու բարձրագոյն դասընթացքները միանգամայն կատարելու ինքզինք թէև բաւական ցոյց տուած, բայց բազում այն է որ անյաջողութեան մատնուած է. չորս եկեղեցիներու և վարժարանաց թաղական խորհուրդները, հոգաբարձութիւնները, պաշտօնէութիւնները և ժողովուրդը բազմիցս իրարու գործունէութեան արդիւնքը չէզոքացուցած և բաժանման ու խտրութեան մշտնջենաւոր պատճառ եղած են» [66]: Սարգիս Ամատեանը, որը քաջատեղեակ էր Երզնկայի կրթական անցուդարձին, վերոնշեալ խնդիրների լուծումը տեսնում էր վարժարանների միաւորման գաղափարը կեանքի կոչելու մէջ:
Վարժարանների միաւորման ջատագովն է դառնում նաև 1897 թուականին Երզնկայի թեմի առաջնորդութիւնը ստանձնած ուսեալ երիտասարդ հոգևորական Դանիէլ վարդապետ Յակոբեանը, որի նախաձեռնութեամբ նոյն թուականի ամռանը Գաւառական վարչութիւնը հաւանութիւն է տալիս այդ ծրագրին [67]: Սակայն վարժարանների միաւորման ձեռնարկը հենց սկզբից հանդիպում է դժուարութիւնների. այսպէս, դրան ընդդիմանում և հրաժարւում է մասնակցելուց քաղաքի առաւել հարուստ՝ Սուրբ Երրորդութեան եկեղեցու թաղական խորհուրդը: Չնայած դրան՝ 1898 թ. սկզբներին Սուրբ Նշան, Սուրբ Սարգիս և Սուրբ Փրկիչ եկեղեցիների թաղական խորհուրդները և, համապատասխանաբար, Եզնիկեան, Արամեան և Նարեկեան վարժարանները միաւորւում են: Եզնիկեան և Արամեան դպրոցների շէնքերում հաստատւում են միասնական տեսչութեամբ, ուսուցչական կազմով և ուսումնական ծրագրով տարրական նախակրթարաններ, որից մէկը՝ երկսեռ, իսկ Նարեկեան դպրոցի շէնքում բացւում է միացեալ ուսումնարան (երկրորդական վարժարան): Այս միացեալ վարժարանում դասաւանդում էր 17 ուսուցիչ, աշակերտների թիւը հասնում է շուրջ 600-ի [68]:
Սակայն ուսման վճարներից և երեք թաղերի կալուածքներից ստացւող մուտքերը հնարավորութիւն չէին տալիս լիարժէք հոգալու այս միացեալ վարժարանի ծախսերը. դպրոցին օժանդակելու առումով նախկինի համեմատ նուազ յօժարակամութիւն էին դրսևորում նաև միացեալ թաղերի մեծահարուստները: Որպէս դրա հետևանք, դպրոցն աշխատում էր տարէց տարի աճող պակասորդով: 1900 թ. Երզնկայի գաւառական վարչութիւնը փորձում է լուծում տալ խնդրին՝ պարտադրելով Սուրբ Երրորդութեան եկեղեցու թաղին միանալ միացեալ վարժարանի ձեռնարկին: Սա սակայն յանգեցնում է հակառակ արդիւնքի: Սուրբ Երրորդութեան եկեղեցու թաղական խորհուրդը բուռն ընդդիմութիւն է ցոյց տալիս վարժարանական միութիւն հաստատելուն ուղղած Գաւառական վարչութեան և անգամ Պոլսոյ Կենտրոնական վարչութեան որոշումներին: Գաւառական վարչութեան անդամները, տուեալ հարցում նաև թեմի առաջնորդի անորոշ կեցուածքի պայմաններում, ի զօրու չլինելով պարտադրելու միութեան որոշումը, այլևս աւելորդ են համարում շարունակել գործը և հրաժարական են ներկայացնում: Դրան հետևում են նաև միացեալ թաղային և այլ, այդ թւում՝ ուսումնական խորհրդի, անդամների հրաժարականները, ինչի արդիւնքում դադարում է նաև երեք թաղերի այս կարճատև միութիւնը, և Երզնկա քաղաքի կրթական կեանքը վերադառնում է իր նախկին վիճակին՝ չորս անջատ վարժարանների վերահաստատմամբ [69]: Նշենք սակայն, որ Երզնկա քաղաքի այս թաղական բաժանումը և չորս թաղական դպրոցների անջատ գոյութիւնը, հակառակ իր բացասական կողմերի, ունէր նաև առաւելութիւններ՝ քաջալերելով թաղերի բնակիչների միջև մրցակցութիւնը սեփական թաղական դպրոցն աւելի բարւօք, առաջադէմ և շէն դարձնելու ուղղութեամբ [70]:
Չնայած 1890-ական թթ. Երզնկայի կրթական կեանքում տիրող այս անկայուն վիճակին, քաղաքի և գաւառակի գիւղերի դպրոցներ յաճախող երեխաների թիւը այնուամենայնիւ դանդաղ, բայց աւելանում էր: Համաձայն 1902 թ. Պոլսոյ պատրիարքարանի վիճակացոյցի տուեալների՝ Երզնկայի թեմում գործում էր 22 «ազգային» վարժարան, որից 5-ը՝ քաղաքում, 17-ը՝ թեմի հայաբնակ գիւղերում: Աշակերտների թիւը 1,864 էր, որից տղայ՝ 1,389, աղջիկ՝ 475: Ուուցիչների թիւը 63 էր, որից 54-ը տղամարդ, 9-ը՝ կին (տուեալների բաշխումն ըստ բնակավայրերի տե՛ս յօդուածի համապատասխան բաժնում)[71]: Սա որոշակի բարելաւում էր 1878 թ. տուեալների համեմատ, որոնց համաձայն քաղաքի և գաւառակի հայաբնակ գիւղերի դպրոցներում սովորող երեխաների ընդհանուր թիւը 1,620 էր:
Դրա հետ մէկտեղ, շատ դէպքերում թեմի յատկապէս փոքրաթիւ հայ բնակչութիւն ունեցող գիւղերի վարժարանները նիւթական անապահովութեան պատճառով փակ էին մնում, առանձին գիւղերի դպրոցների շէնքերի խարխլուածութեան պատճառով դպրոցական պարապմունքները յաճախ անց էին կացւում բնակավայրի մասնաւոր տներից մէկում [72]: Դեռևս 1897 թ. Երզնկայի թեմական առաջնորդ Դանիէլ վարդապետ Յակոբեանն արձանագրում էր, որ թեմի գիւղական վարժարանների մեծ մասը գործում է միայն անուանապէս, դրանց շէնքերը պարզապէս դատարկ են [73]:
Հայկական կրթական կեանքը Երզնկայում 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Օսմանեան կայսրութեան հայերի նկատմամբ ճնշումների թուլացումը բարենպաստ ազդեցութիւն ունեցաւ նաև Երզնկայի գաւառակի հայկական հասարակական-քաղաքական, տնտեսական և կրթամշակութային կեանքի վրայ։
Երզնկայի կրթական կեանքի վերելքը արտայայտուեց յատկապէս կրթամշակութային կազմակերպութիւնների գործունէութեան աշխուժացմամբ: Նշուած տարիներին Երզնկայում գործող կրթամշակութային ընկերութիւններից առանձնանում է «Եկեղեաց կրթասէր միութիւն»ը, որը ստեղծուել էր 1909 թ.՝ նախկինում գոյութիւն ունեցող երկու կազմակերպութիւնների՝ «Կրթասիրացի» (Եզնիկեան վարժարանի սաների կողմից հաստատուած կառոյց էր) և «Եկեղեաց»ի միաւորմամբ: Մեծ եղեռնի նախօրեակին կազմակերպութիւնն ունէր շուրջ 500 անդամներ, որոնցից առաւել կարևոր դեր էին խաղում Գուրգէն Լազեանը, Դերենիկ Ճիզմէճեանը, Արմենակ Մելիքեանը, Գեղամ Սահակեանը[74]:
Իր Գրադարանական, Լսարանական և Թատերական մասնախմբերի միջոցով Միութիւնը զարկ է տալիս շրջանի կրթական և մշակութային գործին՝ բացելով մի քանի հազար կտոր գրքային ֆոնդով գրադարան-ընթերցարան, պարբերաբար կազմակերպելով հանրային դասախօսութիւններ հնչեղութիւն ունեցող և օրակարգային տարբեր հասարակական-քաղաքական թեմաներով (հողերի համայնացում, կրօնի ծագում, Օսմանեան սահմանադրութիւն, ճնշուած ազգեր, Մարքսի «Կապիտալը», Խրիմեան Հայրիկի կեանքը և այլն), բեմադրելով թատերական ներկայացումներ (Մուրացանի «Ռուզանը», Շիրվանզադէի «Նամուսը», Ահարոնեանի «Արցունքի հովիտը» և այլն) [75]:
«Եկեղեաց Կրթասէր Միութեան» գործունէութեանը աջակցութիւն էր ցոյց տալիս Հ.Յ. Դաշնակցութիւնը: Միութեան անդամներից շատերը դաշնակցականներ էին [76]: Նշուած տարիներին Դաշնակցութեանն են անդամագրւում նաև Երզնկա քաղաքի և գաւառակի վարժարանների բազմաթիւ ուսուցիչներ:
Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Երզնկայի կրթական կեանքում կրկին օրակարգային դարձաւ վարժարանների միաւորման հարցը: Այդ ուղղութեամբ Երզնկայում աշխատանքներ էին նախաձեռնուել դեռևս 1908 թուականից, սակայն 1910 թ. սկզբների դրութեամբ միայն յաջողուել էր իրականացնել Եզնիկեան և Արամեան վարժարանների միաւորումը: Այդ միացեալ ուսումնարանի հոգաբարձութեանը յաջողուել էր հաստատութեան համար գրեթէ կրկնակի բիւջէ ապահովել, ինչպէս նաև կազմել ուսուցչական ընտիր խումբ՝ բաղկացած փորձառու, ձեռնհաս և վստահելի մանկավարժներից: Հաղորդւում էր, որ «կրթասէր» թաղեցիները կարողացել էին ապահովել ոչ ունևոր ընտանիքներից շուրջ հարիւր աղքատ երեխաների ուսման վարձը՝ մէկական երեխայ «որդեգրելու» և նրա ուսման համար տարեկան մէկ ոսկի վճարելու սկզբունքով (այդ սկզբունքը նախկինում գործում էր Ընկերական վարժարանում և ըստ երևոյթին տարածում ունէր Երզնկայի այլ թաղական դպրոցներում ևս) [77]: Նշէնք, սակայն, որ Եզնիկեան և Արամեան վարժարանների այս միաւորումը ևս կարճատև կեանք է ունենում. արդէն 1913 թ. երկու դպրոցները աղբիւրներում յիշատակւում են առանձին կերպով՝ որպէս անջատ գործող:
1910-ական թթ. սկզբներին Երզնկայի կրթական առաջընթացը մեծապէս կապուած էր Ուսումնական խորհրդի նորընտրիր կազմից, որի անդամներն էին՝ Զարմայր Ճերմակեանը (Կենտրոնական վարժարանի տեսուչ), Մամիկոն Վարժապետեանը (ծնունդով քղեցի յայտնի մանկավարժ), Պետրոս Սրապեանը (Միացեալ ընկերութեան վաստակավոր ուսուցիչներից, Եզնիկեան վարժարանի տնօրէն), Պետրոս Փողարեանը (Ընկերական վարժարանի ուսուցիչներից, հետագայում՝ Քրիստինեան աղջկանց վարժարանի տնօրէն), Պօղոս Մարտիրոսեանը [78]:
1908-1914 թթ. ընթացքում նաև նոր զարկ տրուեց գաւառակի գիւղական դպրոցների բարեկարգման աշխատանքներին: Յատկապէս խոշոր գիւղերում (Մթնի, Մահմուտցիք, Մեղուցիկ և այլն) կառուցուեցին դպրոցների նոր շէնքեր, ներդրուեցին նախակրթարանի վեցամեայ լրիւ ծրագրեր (աւելի մանրամասն տե՛ս համապատասխան բնակավայրերին վերաբերող տուեալներում):
Ինչպէս և Օսմանեան Հայաստանի այյ շրջաններում, Երզնկայի գիւղերում ևս հայկական հանրակրթութեան զարգացմանը մեծապէս նպաստեցին արտերկրում (յատկապէս՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներում) հաստատուած պանդուխտ երզնկացիների կողմից ստեղծուած կազմակերպութիւն-ընկերութիւնները, որոնց հիմնական նպատակն էր նիւթական աջակցութիւն ցուցաբերել տուեալ գիւղական դպրոցի պահպանմանը, դրանում ուսումնական գործընթացի բարելաւմանը։
Ինչպէս արդէն նշել էինք Քղիի դպրոցների մասին մեր յօդուածում (տե՛ս https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/erzurumvilayet/kazaofkeghi/educationandsport/schools.html)՝ արխիւային տուեալների չգոյութեան պայմաններում Օսմանեան Հայաստանի շրջանների մէջ գործած հայկական կազմակերպութիւնների մասին մեզ յաճախ յայտնի է միայն հայկական մամուլում կցկտուր, յաճախ պատահական յիշատակումներից[79]կամ, լաւագոյն դէպքում, տուեալ ընկերութեան որևէ հրապարակումից։ Դատելով առկայ նիւթից՝ արտերկրում երզնկացիների կողմից ստեղծուած կրթական ընկերութիւնները շատ չէին, ինչը գուցէ պայմանաւորուած էր պանդուխտների համեմատաբար քիչ թուով (ըստ 1913 թ. Հայոց պատրիարքարանի վիճակացոյցի տուեալների՝ գաւառակից պանդուխտել էր 1,952 հայ, առկայ բնակչութիւնը 25,795 էր [80]), դրանց հիմնական մասն էլ՝ 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ գաղթած:
1910 թ. կրթասիրաց միութիւն են կազմաւորում գաւառակի Կիւլլիճէ գիւղից ԱՄՆ գաղթած հայերը: 1914 թ. դրութեամբ այն ունէր 40 անդամ՝ 800 ԱՄՆ դոլար աւանդ դրուած դրամագլխով: Իւրաքանչիւր տարի աւանդից ստացուած տոկոս գումարի մի մասն ուղարկւում էր գիւղի դպրոցին: Միութիւնն ունէր նաև մասնաճիւղ հենց Կիւլլիճէում, որի ղեկավարը սպառողական խանութ էր բացել: Դրանից տարեկան գոյացող 20-25 օսմանեան ոսկի եկամուտը նոյնպէս ուղղւում էր դպրոցի կարիքներին [81]:
Մամուլում յիշատակւում է Մահմուտցիք գիւղից հայերի կողմից ԱՄՆ Դիտրոյթ քաղաքում ստեղծուած կրթասիրաց միութիւնը, որի անդամները գիւղի դպրոցի վերաշինութեան համար 1912 թ. հանգանակել էին 77 ԱՄՆ դոլար [82]:
1913 թ. յունուարի սկզբներին Վարի Չիֆթլիկ գիւղից ԱՄՆ գաղթած մի խումբ հայերի կողմից հիմնադրւում է «Երիզայի Վարի Չիֆթլիկ գիւղի Ուսումնասիրաց Ընկերութիւնը»: Ընկերութեան նպատակն է հռչակւում գիւղի երկսեռ դպրոցին սատարելը («իր տրամադրելի ամբողջ միջոցներով ջանալ սատարել Վարի Չիֆթլիկ գիւղի կրթական երկսեռ գործին, առանց ազգի, յարանուանական խտրութեան») [83]:
Այդ նպատակով Ընկերութիւնը յանձն էր առնում իր կազմաւորման առաջին իսկ օրուանից իր ձեռքը վերցնել գիւղի դպրոցի ղեկը և հոգալ նրա պէտքերը, այդ թւում՝ կազմել դպրոցի խնամակալութիւնը, մատակարարել յատկապէս աղքատ երեխաների դպրոցական պէտքերը (ուսման վարձ, դասագրքեր, գրենական պիտոյքներ և այլն) [84]:
Միութեան անդամներն իրենց հանգանակած միջոցների մի մասը պէտք է ուղղէին իւրաքանչիւր տարի աւելացուող դրամագլխի կուտակման վրայ: Գումարը մնալու էր անձեռնմխելի մինչև 500 ԱՄՆ դոլարի հասնելը, որից յետոյ այն փոխանցուելու էր Վարի Չիֆթլիկի մէջ ստեղծուելիք Կրթական միութեանը [85]:
Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ Երզնկայի հայկական կրթական կեանքում արձանագրուած կտրուկ վերելքի մասին է վկայում նաև վիճակագրութիւնը: Համաձայն Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հրահանգով 1913 թ. թեմական իշխանութիւնների կողմից կազմած վիճակացոյցի տուեալների՝ գաւառակում գործում էր 37 հայկական կրթական հաստատութիւն, որից 7-ը՝ Երզնկայում (5-ը՝ «ազգային»-թաղական, 2-ը՝ մասնաւոր), 30-ը՝ գաւառակի 25 հայաբնակ բնակավայրերում: Նշուած դպրոց-վարժարաններում ուսում ստացող աշակերտների թիւը մօտ 3,860 էր, որից մոտ 1,500-ը՝ Երզնկա քաղաքում, մնացած 2,360-ը՝ գաւառակի հայաբնակ գիւղերում (առանձին բնակավայրերի դպրոցների մասին տուեալները կը ներկայացնենք համապատասխան բաժնում) [86]։ 1913 թ. դպրոցական վիճակագրութիւնը 1878 և 1902 թուականներին վերաբերող տուեալների հետ համեմատութիւնը ցոյց է տալիս աշակերտների թուի կտրուկ՝ մօտ երկու անգամ աճ:
Երզնկայի հայ բողոքական համայնքի կրթական վիճակը
Բողոքականութիւն ընդունած հայերը Երզնկայում շատ չէին՝ մօտ 147 շունչ (1914 թ. օսմանեան կառավարութեան տուեալներ [87]) կամ 500 շունչ (Հայոց պատրիարքարանի` 1902 թ. վերաբերող տուեալներ[88])՝ գրեթէ բացառապէս կենտրոնացած Երզնկա քաղաքում: Բողոքականների մեծ մասը բնիկ երզնկացիներ չէին, այլ նահանգի այլ շրջաններից քաղաք տեղափոխուած և հաստատուած հայեր՝ մօտ 20 ընտանիք [89]:
Երզնկայի հայ բողոքականները հաւաքւում էին քաղաքի հայոց թաղերի արևմտեան մասում գտնուող մասնաւոր երկյարկանի տան մէջ: Այն ծառայում էր ոչ միայն որպէս ժողովարան և քարոզչարան, այլ նաև որպէս տարրական դպրոց-վարժարան [90]:
Մեծ եղեռնի նախօրեակին Երզնկա քաղաքում գործող հայկական «ազգային»-թաղական դպրոցները
Կեդրոնական վարժարան
Կեդրոնական վարժարանը [91]Երզնկա քաղաքի Սուրբ Երրորդութեան եկեղեցու թաղական դպրոցն էր: Գտնւում էր եկեղեցու հրապարակի վրայ կառուցուած երկյարկանի շէնքում: Առաջին յարկում գործում էր ծաղկոցն ու նախակրթարանի 1 և 2-րդ դասարանները, վերին յարկում՝ բարձր դասարանները [92]:
Դպրոցի գործունէութեան համար մուտքերը գոյանում էին ուսման վճարներից, եկեղեցու կալուածքներից, ինչպէս նաև տարբեր նուիրատւութիւններից ու հանգանակութիւններից: Կեդրոնականը բոլոր թաղային դպրոցների մէջ նիւթապէս ամենաապահովուածն էր: Դա պայմանաւորուած էր հիմնականում երկու հանգամանքով՝ 1) Երզնկայի միւս թաղերի համեմատ Սուրբ Երրորդութեան թաղի ծխերի թուի մեծութեամբ, 2) Սուրբ Երրորդութեան եկեղեցուն պատկանող կալուածքների շատութեամբ, որոնց հասոյթների մեծ մասն ուղղւում էին վարժարանի ծախսերը հոգալու վրայ [93]: Դրամական միջոցների առկայութիւնը թոյլ է տուել դպրոցի հոգաբարձութեանն այն վերածել Երզնկա քաղաքի լաւագույն վարժարանի՝ հաւասար 1880-ական թթ. քաղաքում գործող Ընկերական վարժարանի մակարդակին: Ուսուցումը եօթնամեայ էր, կազմակերպուել էր ըստ Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական խորհրդի կողմից մշակուած կրթական ծրագրերի [94]:
Ըստ 1883-84 թթ. վերաբերող տուեալների՝ վարժարանն ունէր մօտ 200 ուսանող և 7 ուսուցիչ [95]:
Համաձայն 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ վարժարանում ուսում էր ստանում 280 տղայ, ուսուցիչների թիւը 10 էր [96]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող տուեալներով՝ աշակերտների թիւը 300-ից 350 էր, ուսուցիչների թիւը՝ 10 [97]:
Մեծ եղեռնի նախօրեակին Կեդրոնականի տեսուչն էր Զարմայր Ճերմակեանը, որը վարժարանի ուսանողների յուշերում բնութագրւում էր որպէս սրամիտ, մտացի, լուրջ ու խոհուն, մշակուած անհատ՝ օժտուած զօրեղ կամքով և վճռականութեամբ: Դպրոցում երկար տարիներ դասաւանդած նշանաւոր ուսուցիչներից էին Տիգրան Կարմիրեանը, Տիգրան Պաղտիկեանը և Սողոմոն Ռահանեանը (բոլոր երեքը զոհուել են Մեծ եղեռնի ժամանակ) [98]:
Կեդրոնականի շրջանաւարտներից էին Կարնոյ թեմի քարտուղար և Միացեալ ընկերութեան Տավրոսի ճիւղի վարժարանների փոխտեսուչ Աւետիս Քաջբերունին, ուսուցիչներ՝ Վարդան Ղարչպեկեանը, Նշան Էհրամճեանը, Կարապետ Քաջբերունին, Նշան Փթիկեանը, 1913-14 թթ. Օսմանեան կայսրութեան փոստային նախարար Ոսկան Մարտիկեանը, յեղափոխական գործիչ Ռուբէն Շիշմանեանը (Քեռի) [99] և այլօք:
Վարժարանին կից գործում էին տարբեր ուսուցչական և աշակերտական միութիւններ, որոնցից մամուլում յատկապէս յիշատակւում է Սանուց միութիւնը, որը 1914-ին ունէր գրադարան՝ շուրջ 200 գրքերով [100]:
Եզնիկեան վարժարան
Եզնիկեան վարժարանը քաղաքի Սուրբ Նշան մայր եկեղեցու թաղային դպրոցն էր, Երզնկայում իր նշանակութեամբ երկրորդը՝ Կեդրոնական վարժարանից յետոյ: Դպրոցը գտնւում էր եկեղեցուն կից երկյարկ, «նոր ոճով ու յատակագծով», դասարանական նոր դրութեամբ ու յարմարութիւններով «փառաւոր» շէնքում, որը կառուցուել էր թաղի մեծահարուստների կողմից 1880-ական թթ. կէսերին [101]:
Սկզբում տարրական նախակրթարան էր, 1890 թ.-ից (ընդմիջումներով)՝ բարձրագոյն նախակրթական 6-ամեայ ուսուցմամբ:
1883-84 թթ. վարժարանն ունէր մոտ 80 ուսանող և 2 ուսուցիչ [102]:
Համաձայն 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ վարժարանում արդէն ուսում էր ստանում 250 տղայ, ուսուցիչների թիւը 10 էր [103]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող տուեալներով՝ աշակերտների թիւը 250-ից 300 էր, ուսուցիչների թիւը՝ 8 [104]:
Եզնիկեանի նշանաւոր տնօրէններից էր Պետրոս Սրապեանը, ուսուցիչներից՝ Մամիկոն Վարժապետեանը (ծնունդով քղեցի Մելքոն Ճանթեմիրեան-Վարժապետեանի որդին), Գուրգէն Փափազեանը, Նշան Ոսկերիչեանը [105]: Եզնիկեան վարժարանի շրջանաւարտ էր Սողոմոն Թեհլիրեանը [106]:
Արամեան վարժարան
Սուրբ Սարգիս եկեղեցու թաղական վարժարանն էր: Գործում էր եկեղեցուն կից փայտաշէն շէնքում: 1880-ական թթ. թուականներին համարւում էր քաղաքի վարժարանների մէջ Կեդրոնական վարժարանից յետոյ իր նշանակութեամբ երկրորդը, սակայն հետագայում հետընթաց ապրեց՝ զիջելով իր տեղը Եզնիկեանին [107]:
Ըստ 1883-84 թթ. վերաբերող տուեալների՝ վարժարանում ուսում էր ստանում 150 երեխայ, ուսուցիչների թիւը 4 էր [108]:
Համաձայն 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ վարժարանի աշակերտների թիւը 120 էր, ուսուցիչների թիւը՝ 5 [109]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող տուեալներով՝ աշակերտների թիւը 150-ից 200 էր, ուսուցիչների թիւը՝ 6 [110]:
Նարեկեան վարժարան
Սուրբ Փրկիչ եկեղեցու թաղական դպրոցն էր: Գործում էր եկեղեցուն մօտ եռայարկ, կիսովին քարուկիր, «հսկայ ու փառաւոր» շէնքի մէջ: Քանի որ թաղի ժողովուրդը նման մեծ շէնքին համապատասխան կրթարան բացելու ի վիճակի չգտնուեց, կառոյցի երրորդ յարկը գրեթէ միշտ պարապ էր: Այն 1880-ական թթ. վարձակալւում էր Ընկերական վարժարանի կողմից, իսկ 1897-99 թթ.՝ քաղաքի թաղային դպրոցների միութեան կարճատև շրջանում, այնտեղ էր տեղակայուած միացեալ ուսումնարանի աւագ դպրոցը [111]:
1883-84 թթ. տուեալներով վարժարանն ունէր մօտ 80 ուսանող և 2 ուսուցիչ [112]:
Համաձայն 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ վարժարանում ուսում էր ստանում 160 երեխայ (100 տղայ և 60 աղջիկ), ուսուցիչների թիւը 6 էր [113]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող տուեալներով՝ վարժարանի աշակերտների թիւը 100-ից 150 էր, ուսուցիչների թիւը՝ 4 [114]:
Քրիստինեան աղջկանց վարժարան
Քրիստինեան աղջկանց (օրիորդական) վարժարանը Երզնկայի միակ կանոնաւորապէս գործող իգական դպրոցն էր: Հիմնադրուել էր 1875 թ.՝ Երզնկայի թեմի առաջնորդ (1874-1876 թթ.) Գրիգորիս եպիսկոպոս Ալէաթճեանի ջանքերով: Վարժարանի շէնքը գտնւում էր Սուրբ Սարգիս եկեղեցու հետևի կողմը, երկյարկանի կառոյց էր: Առաջին յարկը տարրական դասարանների, վերին յարկը՝ նախակրթարանի դասարանների համար էր [115]:
Դպրոցն ունէր թեմական իշխանութեան («Ազգային վարչութիւն») կողմից ընտրուած և նրան հաշուետու հոգաբարձութիւն: Դպրոցի բիւջէն գոյանում էր թոշակներից, առաջնորդարանի կողմից յատկացուող գումարներից, տարբեր հանդէսների հասոյթից և նուիրատւութիւններից [116]: 1880-ական թթ. դպրոցին նաև օժանդակութիւն էր ցուցաբերում Պոլսոյ Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւնը, որը 1880-ին Երզնկայում մասնաճիւղ էր հաստատել [117]:
Համաձայն 1883-84 թթ. վերաբերող տուեալների՝ վարժարանն ունէր մօտ 250 աշակերտուհի, 1 ուսուցչուհի և 2 ուսուցիչ [118]:
Ըստ 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ վարժարանում ուսում էր ստանում 350 երեխայ, որից 330-ը՝ աղջիկ, 20-ը՝ տղայ: Ուսուցիչների թիւը 11 էր (7 կին և 4 տղամարդ) [119]:
Մեծ եղեռնի նախօրեակին Քրիստինեան վարժարանի աշակերտների թիւը 350-400 էր, ուսուցիչների թիւը՝ 7 [120]:
1879 թ. Քրիստինեան վարժարանի սանուհիները հիմնադրում են Քրիստինեան սանուհեաց միութիւնը, որի նպատակն էր մասնաւորապէս դպրոցի անապահով աշակերտուհիների համար դպրոցական պիտոյքների և զգեստի հարցերում օժանդակութեան ցուցաբերելը [121]:
1890-ական թթ. Քրիստինեան վարժարանին կից բացւում է մանկապարտէզ՝ իր առանձին շէնքով: Սաների թիւը մօտ 250-300 էր: Ուսուցումն իրականացւում էր իր ժամանակի համար մանկավարժական առաջատար՝ «ֆրէօբէլեան[122]վերջին կատարելագործուած մեթոդներով» [123]:
Քրիստինեան վարժարանի երկարամեայ բազմավաստակ տեսուչ-ուսուցիչներից էր ծնունդով արաբկիրցի Պետրոս Փողարեանը:
Հետաքրքիր փաստ. Քրիստտինեան աղջկանց վարժարանի տարեկան քննութիւնները հրապարակային էին, և քաղաքի արական վարժարանների ուսանողները սովորութիւն ունէին ներկայ գտնուել և ունկնդրել Քրիստինեանի սանուհիների պատասխանները: Սա ըստ էութեան իւրօրինակ հարսնատես էր, որը թոյլ էր տալիս երզնկացի երիտասարդներին կողմնորոշուել ապագայ ամուսնութեան թեկնածուի հարցերում [124]:
Մեծ եղեռնի նախօրեակին Երզնկայի գաւառակի հայաբնակ գիւղերում գործող հայկական դպրոցները
Ստորև ներկայացնում ենք Երզնկայի գաւառակի առանձին հայաբնակ բնակավայրերում գործող դպրոց-վարժարանների վերաբերեալ տեղեկութիւններ՝ ըստ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հրահանգով տեղական եկեղեցական-թեմական իշխանութիւնների կողմից 1878, 1902 և 1913 թթ. կազմած վիճակացոյցերի և այլ աղբիւրների։ Բնակավայրերը դասաւորուած են ըստ այբբենական կարգի։ Տուեալ բնակավայրում բնակուող հայերի թիւը տրւում է ըստ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. վիճակացոյցի տուեալների [125]։
Աղճէքէնտ (ներկայիս Աճիքէնթ)
5 տուն, 45 շունչ հայ։
1878 թ. վիճակացոյցի տուեալներով՝ բնակավայրում գործում էր «Հայկազեան» անունով ծաղկոցը (տարրական դպրոց)՝ 17 աշակերտով [126]: Հետագայ տարիներին վերաբերող տուեալներ բացակայում են: Գիւղում «խղճուկ» դպրոցի գոյութեան մասին է յիշատակւում Գ. Սիւրմէնեանի կողմից [127]:
Բզուան (ներկայիս Եողուրթլու)
70 տուն, 430 շունչ հայ։
Ըստ 1878 թ. վիճակացոյցի՝ բնակավայրում գործում էր 40 աշակերտ ունեցող «Արշակունեաց» ծաղկոցը [128]:
1902 թ. վիճակացոյցը հաղորդում է գիւղում Ս. Նշան անունով վարժարանի գոյութեան մասին, որը յաճախում էր 50 տղայ և որտեղ դասաւանդում էր մէկ ուսուցիչ [129]:
1913 թ. վիճակացոյցի տուեալներով գիւղի դպրոցն ունէր 100 աշակերտ [130]:
Բթառիճ (ներկայիս Պայիրպաղ)
68 տուն, 399 շունչ հայ։
1878 թ. վիճակացոյցի տուեալներով գիւղում գործում էր «Ներսէսեան» անունով ծաղկոց, որն ունէր 30 աշակերտ [131]:
1902 թ. վիճակացոյցը հաղորդում է գիւղում «Քէշիշեան» երկսեռ դպրոցի գոյութեան մասին՝ 40 աշակերտով (30 տղայ և 10 աղջիկ) և մէկ ուսուցչով [132]:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղի դպրոցը յաճախում էր 50 երեխայ [133]: Գ. Սիւրմէնեանը նշում է, որ գիւղի դպրոցում երկու ուսուցիչ էր դասաւանդում [134]:
Էրկան (ներկայիս Օղուլճուք)
105 տուն, 852 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Ղևոնդեանց» անունով ուսումնարան և ծաղկոց՝ 50 աշակերտով [135]:
Ըստ 1880-ական թթ. կէսերին վերաբերող մի վկայութեան՝ գիւղում գործում էր երկու դպրոց, մէկը՝ «ազգային», միւսը՝ մասնաւոր: Մասնաւոր դպրոցը վարում էր Երզնկայի Ընկերական վարժարանի շրջանաւարտ,«ուշիմ ու ծանրաբարոյ երիտասարդ» Շաւարշ Չիլասըղեանը: Գիւղը բնութագրւում է որպէս «ուսումնասէր, հիւրասէր և բաւական զարգացած» [136]: Երկու դպրոցներում ուսանողների թիւը մօտ 40 էր [137]:
1902 թ. վիճակացոյցը հաղորդում է գիւղում նոյն՝ «Ղևոնդեանց» անունով երկսեռ դպրոցի մասին, որը յաճախում էր 60 երեխայ՝ 55 տղայ և 5 աղջիկ [138]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 150 երեխայ [139]:
Խնձորեկ (ներկայիս Փընարլըքայա)
40 տուն, 366 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Վարդանեան» ծաղկոցը, որը 25 աշակերտ էր յաճախում [140]:
1902 թ. վիճակացոյցը գիւղում դպրոցի մասին տուեալներ չի հաղորդում [141]:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցը յաճախող երեխաների թիւը 80 էր [142]:
Գ. Սիւրմէնեանը հաղորդում է, որ Մեծ եղեռնի նախօրեակին Խնձորեկի դպրոցը տնօրինւում էր Միացեալ ընկերութեան կողմից, որը «նոր սերունդին իր մայրենի լեզուն սորվեցնելու և այս կէս քրտախօս հայերը ապազգայնացումէ փրկելու տեսակէտէն իր մեծ օգտակարութիւնը ունեցած էր» [143]:
Ծաթգեղ (ներկայիս Տեղիրմէնքէօյ)
78 տուն, 628 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Թորգոմեան» անունով ծաղկոց՝ 60 աշակերտով [144]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Մեսրովպեան» անունով արական դպրոցի մասին՝ 40 աշակերտով և մէկ ուսուցչով [145]։
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 80 երեխայ [146]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղի վարժարանն ունեցել է 65 աշակերտ, երկու ուսուցիչ (նոյն ժամանակաշրջանին վերաբերող աշակերտների թուաքանակի վերաբերյալ տարբեր աղբիւրների տուեալները կարող են տատանուել՝ հաշուի առնելով աշակերտների փաստացի և անուանական թուերի միջև ընկած տարբերութիւնը) [147]:
Կարմրի (ներկայիս Եշիլչաթ)
47 տուն, 315 շունչ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Նարեկեան» անունով ծաղկոց, որը յաճախում էր 20 երեխայ [148]:
1885 թ. վերաբերող տուեալներով՝ գիւղի նախակրթարան էր յաճախում 25 երեխայ: Դպրոցը գործում էր միայն ձմռան ամիսներին՝ ամառը տղաները ներգրաւուած էին դաշտային աշխատանքներում [149]:
Ըստ 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «ազգային նախակրթարան»-երկսեռ վարժարան, որն ունէր 25 աշակերտ (22 տղայ և 3 աղջիկ) և մէկ ուսոցիչ [150]:
1913 թ. վիճակացոյցում նշւում է, որ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 85 երեխայ [151]: Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղի վարժարանն ունեցել է 60 աշակերտ [152]:
Կէօլնցիք (ներկայիս Քելինէս)
39 տուն, 329 շունչ հայ։
Ըստ 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Թորգոմեան» անունով ծաղկոց՝ 20 աշակերտով [153]:
1902 թ. վիճակացոյցում դպրոցի մասին որևէ տուեալ չի հաղորդւում [154]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 60 երեխայ [155]:
Կիւլլիճէ (ներկայիս Կիւլլիւճէ)
60 տուն, 755 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործել է «Վարդանանց» անունով ծաղկոց, որը յաճախել է 40 երեխայ [156]:
1902 թ. վիճակացոյցը հաղորդում է գիւղում «Արամեան» անունով արական դպրոցի մասին՝ 25 աշակերտով և մէկ ուսոցչով [157]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսանում էր 150 երեխայ [158]: Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղն ունեցել է երկու վարժարան՝ 100 աշակերտով և հինգ ուսուցիչ-ուսուցչուհով [159]:
Հարապետի (ներկայիս Իւչքոնաք)
14 տուն, 130 շունչ հայ։
1878 թ. վիճակացոյցում հաղորդւում է, որ Հայրապետի տղաները՝ թուով 10 հոգի, յաճախում են Երզնկա քաղաքի դպրոցները (բնակավայրը գտնւում էր քաղաքից մօտ կէս ժամ հեռաւորութեան վրայ) [160]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր 30 աշակերտ ունեցող դպրոց [161]:
Հոռոմ ագրակ (ներկայիս Թեփեճիք)
36 տուն, 200 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Հայկազնեան» անունով ծաղկոց, որը յաճախում էր 14 երեխայ [162]:
1902 թ. վիճակացոյցով հաղորդւում է գիւղում «Գագիկեան» անունով երկսեռ վարժարանի մասին՝ 40 աշակերտով (30 տղայ և 10 աղջիկ) և մէկ ուսուցչով [163]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 60 երեխայ [164]:
Ղարաթուշ (ներկայիս Քարաթուշ)
41 տուն, 235 շունչ հայ։
Ըստ 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Մամիկոնեան» անունով ծաղկոց՝ 14 աշակերտով [165]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Մեսրովպեան» անունով երկսեռ դպրոցի մասին, որը յաճախում էր 25 երեխայ՝ 20 տղայ և 5 աղջիկ և որն ունէր մէկ ուսուցիչ [166]:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 65 երեխայ [167]:
Ղարատիկին (ներկայիս Քարատեղին)
43 տուն, 350 շունչ հայ։
Ըստ 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործել է «Հայկազնեան» անունով ծաղկոց՝ 20 աշակերտով [168]:
1902 թ. վիճակացոյցում Ղարատիկինում գործող դպրոցի մասին որևէ տուեալ չի հաղորդւում [169]:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 70 երեխայ [170]:
Ղարաքիլիսէ (ներկայիս Քարաքիլիսէ)
45 տուն, 302 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Սիսակեան» անունով ծաղկոց, որը յաճախում էր 30 երեխայ [171]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Սուրբ Աստուածածին» անունով արական դպրոցի մասին՝ 15 երեխայով և մէկ ուսուցչով [172]:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում արդէն ուսում էր ստանում 80 երեխայ [173]: Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղի վարժարանն ունեցել է շուրջ 50 աշակերտ, մէկ ուսուցիչ [174]:
Մահմուտցիք (ներկայիս Մահմութլու)
55 տուն, 820 տուն հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Նարեկեան» անունով ծաղկոց, որը յաճախում էր 50 երեխայ [175]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Ներսէսեան» անունով արական դպրոցի մասին՝ 50 երեխայով և երկու ուսուցչով [176]:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 120 երեխայ [177]:
1911 թ. բնակավայրում կառուցուել էր ընդարձակ արդիական դպրոցի շէնք, որտեղ գործում էր գրադարան և կար նաև բեմով դահլիճ: Գիւղի երիտասարդութիւնը զարգացած էր, կրթութեանը մեծ ուշադրութիւն էր դարձնում և տուել է բազմաթիւ վարժապետներ թե՛ Երզնկա քաղաքի, և թե՛ գաւառակի գիւղերի համար [178]:
Մեծ Ագրակ
83 տուն, 650 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Լուսաւորչական» անունով ծաղկոց, որը յաճախում էր 60 երեխայ [179]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Արամեան» անունով երկսեռ վարժարանի մասին՝ 75 աշակերտով (50 տղայ և 25 աղջիկ) և երկու ուսուցչով [180]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 100 երեխայ [181]: Գ. Սիւրմէնեանը հաղորդում է, որ Մեծ եղեռնի նախօրեակին դպրոցում դասաւանդում էր երեք վարժապետ [182]:
Մեղուցիկ (ներկայիս Եալընճա)
304 տուն, 1822 շունչ հայ։
Մեղուցիկը Երզնկայի գաւառակի ամենամեծ հայաբնակ գիւղն էր: Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Հայրենիք» անունով ծաղկոցը և ուսումնարանը, որը յաճախում էր 100 երեխայ [183]:
Ըստ 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղն ունէր «Սուրբ Լուսաւորչեան» անունով արական վարժարան՝ 85 աշակերտով և երկու ուսուցչով [184]:
1911 թ. տուեալներով՝ գիւղն արդէն ունէր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 180 երեխայ (120 տղայ և 60 աղջիկ) և որտեղ դասաւանդում էր 5 ուսուցիչ: Դպրոցում ուսումն իրականացւում էր գաւառական ուսումնական խորհրդի ծրագրին համապատասխան: Գիւղի նորակազմ թաղական խորհուրդն ու հոգաբարձութիւնը ջանք չէին խնայում բարձրացնել վարժարանին յատկացուող գումարները (բիւջէն) և վճարումներն իրականացնել կանոնաւոր կերպով [185]:
Ըստ Գ. Սիւրմէնեանի տուեալների՝ 1910-ական թթ. սկզբներին բնակավայրի դպրոցում սովորում էր 250 երեխայ և դասաւանդում՝ 4-5 ուսուցիչ [186]:
1913 թ. վիճակացոյցը Մեղուցիկում նշում է երկու դպրոցի գոյութեան մասին, որոնցում ուսում էր ստանում 350 երեխայ [187]: Ուսուցումը հնգամեայ էր: Դպրոցում դասաւանդում էր 5 ուսուցիչ [188]:
1908 թ. սահմանադրութեան վերականգնումից յետոյ՝ Հ. Յ. Դաշնակցութեան նախաձեռնութեամբ գիւղում հիմնադրւում է «Յառաջադիմական ընկերակցութիւն» անունով կազմակերպութիւնը, որի նպատակն էր յատկապէս կրթական գործերի կազմակերպումը: Կառոյցի ջանքերով գիւղում բացւում է չափահասների համար գրադարան և դահլիճ, ուր ձմեռները ներկայացումներ էին բեմադրւում: Այսպէս, 1911 թուականին ի նպաստ աղջկանց վարժարանի շինութեան գիւղի երիտասարդութիւնը ներկայացնում է «Շուշանիկ», «Սև հողեր», «Դէպի ազատութիւն» և «Վարդան Մամիկոնեան» թատերգութիւնները [189]:
Մթնի/Մթըննի (ներկայիս Կիւմիւշթարլա)
120 տուն, 1316 շունչ հայ։
Մթնին Երզնկայի խոշոր զուտ հայաբնակ գիւղերից մէկն էր: Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Սմբատեան» անունով ծաղկոցը, որը յաճախում էր 70 երեխայ [190]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Սուրբ Ղեւոնդեանց» անունով երկսեռ վարժարանի մասին՝ 100 աշակերտով (80 տղայ և 20 աղջիկ) և երկու ուսուցչով [191]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 200 երեխայ [192]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղի վարժարանն ունեցել է մօտ 300 աշակերտ, երեք ուսուցիչ: Դպրոցին կից գործել է գրադարան-լսարան, որի մէջ ձմեռները կազմակերպւում էին թատերական ներկայացումներ [193]:
Գ. Սիւրմէնեանը բնութագրում է մթնցիներին որպէս ջերմեռանդ հաւատացեալ և ծայրաստիճան ուսումնասէր ժողովուրդ՝ հաղորդելով, որ գիւղն ունէր «փառաւոր» դպրոց՝ 100-ից աւել աշակերտներով և 3-4 կարող ուսուցիչներով [194]:
Մոլլագեղ (ներկայիս Մոլլաքէօյ)
38 տուն, 280 շունչ հայ։
1878 թ. վիճակացոյցում գիւղում դպրոցի գոյութեան մասին չի յիշատակւում [195]:
Համաձայն 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Սուրբ Աստուածածին» անունով երկսեռ վարժարան, որն ունէր 27 աշակերտ՝ 20 տղայ և 7 աղջիկ): Դպրոցում դասաւանդում էր երկու ուսուցիչ [196]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 60 երեխայ [197]:
Շխլի (ներկայիս Ուլուքէօյ)
23 տուն, 158 շունչ հայ։
1878 թ. վիճակացոյցում գիւղում որևէ դպրոցի գոյութեան մասին չի յիշատակւում [198]:
Համաձայն 1902 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում կար «Ազգային նախակրթարան»-արական դպրոց, որտեղ սովորում էր 15 երեխայ և դասաւանդում էր մէկ ուսուցիչ [199]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 30 երեխայ [200]:
Սրպիհան/Սուրբ Օհան (ներկայիս Պաշսարայ)
31 տուն, 140 շունչ հայ։
1878 թ. և 1902 թ. վիճակացոյցներում գիւղում դպրոցի գոյութեան մասին չի յիշատակւում [201]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցում ուսում էր ստանում 50 երեխայ [202]:
Չիֆթլիկ Վերի
57 տուն, 336 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր «Ռուբինեան» անունով ծաղկոց, որը յաճախում էր 30 երեխայ [203]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Հայկազնեան» անունով արական վարժարանի մասին, որտեղ ուսում էր ստանում 12 երեխայ և դասաւանդում էր մէկ ուսուցիչ [204]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոց էր յաճախում 100 երեխայ [205]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղի վարժարանում սովորել է 60 աշակերտ և աշխատել երկու ուսուցիչ [206]: Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ դպրոցին կից նաև գործում էր փոքր գրադարան-ընթերցարան [207]:
Չիֆթլիկ Վարի
27 տուն, 229 շունչ հայ։
Համաձայն 1878 թ. վիճակացոյցի տուեալների՝ Վարի Չիֆթլիկում գործում էր «Ռուբինեան» անունով ծաղկոց, որը յաճախում էր 10 երեխայ (չենք կարող բացառել, որ խօսքը գնում է ոչ թե առանձին, այլ նոյն Վերի Չիֆթլիկի «Ռուբինեան» ծաղկոցի մասին, և առանձնացուած են միայն տուեալ գիւղից այն յաճախող երեխաները) [208]:
1902 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում անանուն «ազգային նախակրթարան»ի գոյութեան մասին, որտեղ ուսում էր ստանում 20 տղայ և դասաւանդում էր մէկ ուսուցիչ [209]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոց էր յաճախում 70 երեխայ [210]:
Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող մէկ այլ տուեալով՝ գիւղի վարժարան է յաճախել 40 երեխայ [211]:
Տաճրակ (ներկայիս Թիւրքմէնօղլու)
33 տուն, 249 շունչ հայ։
1878 թ. վիճակացոյցում հաղորդւում է գիւղում «Տաճատեան» անունով ծաղկոցի գոյութեան մասին, որտեղ ուսում էր ստանում 10 երեխայ [212]:
1880-ական թթ. կէսերին վերաբերող մի վկայութեան՝ գիւղի դպրոց էր յաճախում 15 երեխայ [213]:
1902 թ. վիճակացոյցը Տաճրակի դպրոցի մասին որևէ տուեալ չի պարունակում [214]:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ բնակավայրի դպրոցն ունէր 60 աշակերտ [215]:
Փալանկա
14 տուն, 104 շունչ հայ։
1878 և 1902 թթ. վիճակացոյցներում բնակավայրում դպրոցի գոյութեան մասին չի յիշատակւում:
Համաձայն 1913 թ. վիճակացոյցի տուեալների՝ գիւղում գործում էր դպրոց, որտեղ սովորում էր 30 երեխայ [216]:
- [1] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, 1947, էջ 13:
- [2] Ա-Դօ,Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները,Երեւան, տպ. «Կուլտուրա», 1912, էջ 218:
- [3] Գ. Սիւրմէնեան, Երզնկա, էջ 73:
- [4] Գեղամ Մ. Բադալեան, Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրեին. Մաս երրորդ: Էրզրումի նահանգի կենտրոնական ու արևմտեան գաւառները և Էրզրում (Կարին) ու Երզնկա քաղաքները, «ՎԷՄ համահայկական հանդես»,Երևան, 2015, Է (ԺԳ) տարի, թիվ 4 (52), հոկտեմբեր-դեկտեմբեր, Յավելուած, էջ XXX:
- [5] Մասնագիտական գրականութեան մեջ յայտնի է նաև որպէս 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամար:
- [6] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Armeniens dans l’Empire ottoman a la veille du Genocide,Paris, ARHIS, 1992, էջ 59, 454-455:
- [7] Ս. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 156:
- [8] Գ. Ա. Նազիկեան, Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թուականները),Երևան, «Լույս» հրատ., 1969, էջ 25:
- [9] Նոյն տեղում, էջ 21:
- [10] Թ. Ազատեան, Հարիւրամեայ յոբելեան Պէզճեան մայր վարժարանի: Գում Գաբու: 1830-1930, Կ. Պոլիս, 1930, էջ 6:
- [11] Նոյն տեղում, էջ 14:
- [12] Ա. Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն,Ա. հատոր, Գահիրէ, 1937, էջ 1095:
- [13] «Արեւելեան մամուլ», Զմիւռնիա, 1897, յունիս 15, թիւ 12, էջ 429:
- [14] Կիրակոս Ս. Ղազանճեան, Խառն նամակներ ուղեւորութեան,Կ. Պօլիս, ստապգրութիւն Սարըեան, 1887, էջ 18-19:
- [15] Նոյն տեղում:
- [16] Նոյն տեղում:
- [17] Նոյն տեղում:
- [18] Նոյն տեղում, էջ 18:
- [19]Եփրեմ Վ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու,հատոր Բ., Վիեննա, Մխիթարեան տպարան, 1963, էջ 104-105:
- [20] «Մասիս» լրագիր քաղաքական, ազգային, բանասիրական եւ տնտեսական,Կ. Պոլիս, 1859, հուլիսի 2, №388:
- [21] Ազգային Սահմանադրութիւն հայոց: Հաստատեալ 1863 եւ վերաքննեալ, Գահիրէ, տպագր. «Արշալույս» լրագրի, 1901, էջ 33:
- [22] Նոյն տեղում, էջ 41-42:
- [23] Չորմիսեան Լ., Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան,Ա. Հատոր. 1850-1878, Պէյրութ, 1972, էջ 525-526:
- [24] Երևանի Ե. Չարենցի անվան գրականութեան և արվեստի թանգարանի արխիվ (ԳԱԹ), Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թերթեր 8-9:
- [25] Հաշվարկը մեր կողմից ըստ սկզբնաղբիւրի ցուցակի: Ըստ առանձին բնակավայրերի տուեալները տես աշխատանքի համապատասխան բաժնում:
- [26] «Արեւելեան մամուլ»,1886, մայիս, էջ 230-231:
- [27] Պօղոս ծ. վ. Նաթանեան, Արտօսր Հայաստանի կամ տեղեկագիր Բալուայ, Քարբերդու, Չարսանճագի, Ճապաղ Ջուրի եւ Երզնկայու Յաուելուած ըստ խնդրանաց ազգասիրաց Խիզան գաւառ,Կոստանդնուպօլիս, 1878,էջ 157-158:
- [28] Նման վիճակ է աղբիւրներում արձանագրուած, օրինակ, գաւառակի Բզուան, Ղարատիկին, Կիւլիճէ, Մահմուտցիք և այլ գիւղերի պարագայում (Ս. Ամատեան, Եկեղեաց գաւառ. Նկարագիր հայաբնակ գիւղօրէից, «Արեւելեան մամուլ»,1891, ապրիլ, էջ 155-159, «Արեւելեան մամուլ»,1891, մայիս, էջ 207-210):
- [29] Գ. Սիւրմէնեան,Երզնկա, էջ 147:
- [30] Նոյն տեղում,էջ 128:
- [31] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31,Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911, էջ 9։
- [32] Կազմակերպութիւնների միաւորումից յետոյ Միացեալի բացուած դպրոցների ցանկը տե՛ս նոյն տեղում, էջ 11:
- [33] Գ. վ. Սրուանձտեանց, Թորոս Աղբար, մասն Բ., Կ. Պոլիս, տպագր. Գ. Պաղտատլեան (Արամեան), 1885, էջ 49:
- [34]«Մասիս», շաբաթաթերթ ազգային եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1886 սեպտեմբեր 27, թիւ 3841, էջ 139:
- [35] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 154:
- [36] «Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 117:
- [37] «Ընկերական վարժարան Եկեղեաց: Ա. Տեղեկագիր Երկամեա 1879-1881 ամոյ», Կ. Պոլիս, տպ. Յովսեփայ Գավաֆեան, 1881, էջ 10:
- [38] «Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 117:
- [39] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 130:
- [40] 1879 թ. տուեալը Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 130, 1880 և 1881 թթ. տուեալների համար «Ընկերական վարժարան Եկեղեաց: Ա. Տեղեկագիր Երկամեա 1879-1881 ամոյ», էջ 5, 19, 1884 թ. տուեալը«Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 119:
- [41] «Ընկերական վարժարան Եկեղեաց: Ա. Տեղեկագիր Երկամեա 1879-1881 ամոյ», էջ 19: 1879-1881 թթ. վարժարանի օգտին նվիրատվութիւններ կատարած անձանց ցանկը նոյն տեղում, էջ 22-23:
- [42] «Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 117:
- [43] Վարժարանի ուսումնական ծրագիրն ըստ ուսումնական տարիների «Ընկերական վարժարան Եկեղեաց: Ա. Տեղեկագիր Երկամեա 1879-1881 ամոյ», էջ 10-14:
- [44] Նոյն տեղում, էջ 15-18:
- [45] Նոյն տեղում, էջ 14:
- [46] Նոյն տեղում:
- [47] Եփրեմ Վ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 114-115:
- [48] Նշէնք, որ վարժարանի առաջին տնօրէն-ուսուցիչն էր բնիկ տիվրիկցի Խաչիկ Հավնունին, որը բնութագրւում էր որպէս պարկեշտ և կարող անձնավորութիւն, «բազմաշխատ դասախօս»: Սակայն վարժարանի բացուելուց մէկ ամիս անց նա վախճանւում է, և վարժարանի հոգաբաձութիւնը ստիպուած է լինում փնտրել այլ տնօրէնի:
- [49] «Ընկերական վարժարան Եկեղեաց: Ա. Տեղեկագիր Երկամեա 1879-1881 ամոյ», էջ 19:
- [50] «Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 118:
- [51] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 131:
- [52] «Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 118: Վարժարանի վերաբերեալ Գարեգին Սրվանձտեանցի, Մկրտիչ Փորթուգալեանի, Ծերենցի (Յովսէփ Շիշմանեան), Հենրի Թրոտերի (Էրզրումում Մեծ Բրիտանիայի հիւպատոս) և այլոց տպավորութիւններից քաղուածքները«Ընկերական վարժարան Եկեղեաց: Ա. Տեղեկագիր Երկամեա 1879-1881 ամոյ», էջ 25-33:
- [53] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 131-132:
- [54] Նոյն տեղում, էջ 132:
- [55] Նոյն տեղում: Դեռևս 1886 թ. մարտին Զմյուռնիայում հրատարակվող «Արեւելեան մամուլ» ամսագրի խմբագիր Մատթէոս Մամուրեանը ահազանգում էր. «Ցաւալի լուրեր կ’հասնին մեզ Երիզայի Ընկերական վարժարանի արդի վիճակին վրայ, որ նիւթական տագնապի մէջ կ’գտնուի: Արդէն յայտնի է, որ այս վարժարանը Հայաստանի առաջին վարժարաններէն մին է, ըստ վկայութեան հայազգի և օտարազգի ականաւոր անձանց: Անշուշտ կրթութեան դատն զգալի հարուած մը պիտի կրէ եթէ երբէք այդ կրթարանը քայքայի:… Հիմնադիրներն ամեն ճիգ կը թափեն և ամեն զոհողութիւն կ’ընեն որպէս զի սպառնալից վտանգին առաջն առնուն: Հայոց Միացեալ ընկերութեանց նպաստն, ինչպէս նաեւ աշակերտներէ առնուած թոշակները վարժարանին ելից չեն համապատասխաներ: Ներքին ուսուցչական մարմինն ամեն անձնուէր աշխատութիւն և զոհողութիւն յանձն առնլէ ետեւ՝ այսօր անկարող կ’գտնուի այլ եւս տոկալ և մտադիր է հրաժարիլ և մեկնիլ: Քանիցս հիմնադիրները կոչումն ըրին կարող ազգայնոց որ հաճին սատարել այդ վարժարանի, սակայն հազիւ ուրեմն իրենց ձայնը լսելի եղաւ»(«Արեւելեան մամուլ», 1886, մարտ, էջ 116):
- [56] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 129:
- [57] Նոյն տեղում:
- [58] Նոյն տեղում:
- [59] «Արեւելեան մամուլ», 1888, փետրվար, էջ 53:
- [60] Նոյն տեղում, էջ 52:
- [61] Գ. Սիւրմենեան, Երզնկա,էջ 129:
- [62] «Արեւելեան մամուլ», Զմիւռնիա, 1888, փետրվար, էջ 53:
- [63] Նոյն տեղում:
- [64] Գ. Սիւրմենեան, Երզնկա,էջ 141:
- [65] Այսպէս, երզնկացի անվանի մանկավարժներից Մարգար Շավարշը 1897 թ. Զմյուռնիայում հրատարակվող «Արեւելեան մամուլ» հանդեսին իր թղթակցութեան մեջ հույս էր հայտնում, որ վարժարանների միութեան հարցի լուծումով «միայն նախակրթարանական բարձրագոյն կրթութիւն մ’ստանալն բարեկեցիկ ազգայնոց զաւակաց մենաշնորհն ըլլալէ պիտի դադրի, և աղքատ ծնողաց ուսումնատենջ մանուկներն ևս պիտի օգտին, մինչդեռ ց’այժմ անոնց մի խիստ փոքր մասն միայն կը յաջողէր այս ու այն գթասէր հարուստի պաշտպանութիւնն վայելելով իր առ ուսումն ունեցած իղձը պսակել» («Արեւելեան մամուլ», 1897, յունիս 15, թիւ 12, էջ 428):
- [66] Ս. Ամատեան, Յոնիոյ ափունքէն հրաւէր առ Երիզայիս, «Արեւելեան մամուլ», 1897, նոյեմբեր 1, թիւ 21, էջ 713: Հեղինակը նաև հաղորդում է, որ նախքան 1890-ական թուականները արդէն իսկ ձեռնարկվել էր քաղաքի վարժարանների միաւորման երեք փորձ, սակայն դրանք բոլորն էլ անյաջողութեան էին մատնվել՝ միջոցների ծախսման վրա լիարժեք վերահսկողութիւնից զրկվել չցանկացող թաղական խորհուրդների ընդդիմութեան հետևանքով:
- [67] Գ. Սիւրմենեան, Երզնկա,էջ 146:
- [68] Բ. Զորեան, Երիզայի ներկայ կրթական վիճակը, «Արեւելեան մամուլ», 1898, նոյեմբեր 1, թիւ 21, էջ 825:
- [69] Պարզմէն, Միութեան խնդիրը Երիզայի մէջ, «Արեւելեան մամուլ»,1900, նոյեմբեր 15, թիւ 22, էջ 883-884:
- [70] Գ. Սիւրմենեան, Երզնկա,էջ 146-147:
- [71] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ յուսումնական խորհրդոյ ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Բ. Վիճակ 1901-1902 տարւոյ,Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1903, էջ 6, 27:
- [72]Պոլսոյ Հայոց պատրիարքարանի՝ 1902 թ. վիճակացոյցում նման փաստ վկայուած է Երզնկայի գաւառակի Շըխլի, Կարմրի և Վարի Չիֆթլիկ բնակավայրերի դպրոցների պարագայում (Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 6):
- [73] «Բիւզանդիոն» հայաթերթ ամենօրեայ,Կ. Պոլիս, 1897, հոկտեմբեր 15/27, թիւ 294:
- [74] Գ. Սիւրմենեան, Երզնկա,էջ 231:
- [75] Նոյն տեղում, էջ 231-232: նաև Եփրեմ Վ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 116:
- [76] «Երիտասարդ Հայաստան» շաբաթաթերթ քաղաքական, հասարակական եւ տնտեսական,Նիւ-Եօրք, 1910, յունիսի 8, թիւ 46:
- [77] «Երիտասարդ Հայաստան» շաբաթաթերթ, 1910, մարտի 2, թիւ 32:
- [78] Նոյն տեղում:
- [79] Դրանք հավաքելու և ըստ շրջանների խմբավորելու մեծ աշխատանք է կատարել Վիեննայի Մխիթարեան միաբանութեան անդամ Եփրեմ վարդապետ Պօղոսեանն իր «Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու» եռահատոր աշխատութիւնում, որից մենք լայնօրէն օգտւում ենք՝ լրացնելով մեր կողմից հայթայթուած նորայայտ տուեալներով:
- [80] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 59: Համեմատութեան համար՝ Քղիում, որը յայտնի էր ԱՄՆ-ում և Կանադայում գործող իր կրթամշակութային միութիւններով, հաշվառվել էր 4,043 պանդուխտ հայ, իսկ առկա հայ բնակչութեան թիւը 19,859 էր (նոյն տեղում):
- [81] Եփրեմ Վ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 119:
- [82] Նոյն տեղում:
- [83] Ծրագիր-կանոնագիր Երզնկայի Վարի Չիֆթլիկ գիւղի ուսումնասիրաց ընկերութեան, Ա. տ., 1913, էջ 1:
- [84] Նոյն տեղում, էջ 2:
- [85] Նոյն տեղում:
- [86] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 59, 453-455:
- [87] K. Karpat, Ottoman population 1830-1914. Demographic and Social Characteristics,Wisconsin,The University of Wisconsin Press, 1985, էջ 170:
- [88] Մ. Օրմանեան, Հայոց եկեղեցին,Կոստանդնուպոլիս, Հրատարակիչք Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1911, էջ 261:
- [89] «Արեւելեան մամուլ», 1886, յունիս, էջ 261:
- [90] Նոյն տեղում: Տե՛ս նաև Քաջբերունի, Տեղագրական նօթեր. Էրզինկեան, «Բիւրակն» հանդէս ազգային, գիտական, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1903, օգոստոս 9, № 32, էջ 629:
- [91] Նախքան 1880-ական թթ. սկզբներին Հմայեակ եպիսկոպոս Դիմաքսեանի կողմից վերանվանվելը՝ կոչուել է Լուսավորչեան:
- [92] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 145:
- [93] Նոյն տեղում, էջ 145-146:
- [94] Նոյն տեղում:
- [95] «Արեւելեան մամուլ» հանդէս ամսեայ, Զմիւռնիա, 1884, յունուար, էջ 28:
- [96] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [97] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 144:
- [98] «Հայրենիք» օրաթերթ ազգային, գրական, քաղաքական, հասարակագիտական,Պոսթըն, 1966, յունուար 23, №16331 և №16400:
- [99] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 140:
- [100]«Հողդար» շաբաթաթերթ հասարակական-քաղաքական, Սեբաստիա, 1914, մայիս 24, թիւ 7 (59), էջ 3:
- [101] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 140:
- [102]«Արեւելեան մամուլ» հանդէս ամսեայ, Զմիւռնիա, 1884, յունուար, էջ 28:
- [103]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [104] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 144:
- [105]«Հայրենիք» օրաթերթ ազգային, գրական, քաղաքական, հասարակագիտական,Պոսթըն, 1966, յունիս 30, №16463:
- [106] Սողոմոն Թեհլիրեան, Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը),Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953, էջ 7:
- [107] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 142:
- [108]«Արեւելեան մամուլ» հանդէս ամսեայ, Զմիւռնիա, 1884, յունուար, էջ 28:
- [109]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [110] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 144:
- [111] Նոյն տեղում, էջ 142-143:
- [112]«Արեւելեան մամուլ» հանդէս ամսեայ, Զմիւռնիա, 1884, յունուար, էջ 28:
- [113]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [114] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 144:
- [115] Նոյն տեղում,էջ 143:
- [116] Նոյն տեղում:
- [117]Եփրեմ Վ. Պօղոսեան,Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 113-114:
- [118]«Արեւելեան մամուլ», 1884, յունուար, էջ 28:
- [119]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [120] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 144:
- [121]Եփրեմ Վ. Պօղոսեան,Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 111-112:
- [122] Ֆրիդրիխ Ֆրյոբելը (1782-1852) գերմանացի անվանի մանկավարժ, նախադպրոցական կրթութեան տեսաբան էր, որի մանկավարժական գաղափարները լայն տարածում են ստանում 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին եվրոպական երկրներում:
- [123] Երզնկայի վիճակը (Զեկուցում Հ.Կ. Կոմիտէին), «Համբաւաբեր» հասարակական-գրական շաբաթաթերթ Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան,Թիֆլիս, 1917, յունուարի 29, №4, էջ 37 (88):
- [124] Հ. Սըռեան, Երզնկայի աղջկանց Քրիստինեան վարժարանը, «Հայրենիք» օրաթերթ ազգային, գրական, քաղաքական, հասարակագիտական,Պոսթըն, 1965, փետրուար 24, №16055, էջ 3:
- [125] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 453-455:
- [126] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [127] Գ. Սիւրմէնեան, Երզնկա, էջ 80:
- [128] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [129]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 6:
- [130] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [131] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [132]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [133] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [134]Տե’սԳ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 74:
- [135] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [136]«Արեւելեան մամուլ», 1887, սեպտեմբեր, էջ 438: Գ. Սիւրմէնեանը նոյնպես բնութագրում է Էրկանի երիտասարդութեանը որպէս ուսեալ և անձնվեր (տե’ս Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 82):
- [137]«Արեւելեան մամուլ»,1891, մայիս, էջ 208:
- [138]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [139] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [140] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [141]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [142] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [143]Տե’սԳ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 73:
- [144] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [145]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [146] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [147] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին,Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013, էջ 357:
- [148] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [149]«Արեւելեան մամուլ»,1890, մարտ, էջ 136:
- [150]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [151] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [152] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը, էջ 357:
- [153] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [154]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [155] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [156] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [157]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [158] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [159] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը, էջ 358:
- [160] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9: Նոյնը նշում է նաև Գ. Սիւրմէնեանը (Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ78-79):
- [161] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 454:
- [162] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 8:
- [163]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [164] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [165] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 8:
- [166]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [167] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [168] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [169]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [170] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [171] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [172]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [173] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [174] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը, էջ 359:
- [175] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [176]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [177] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [178]Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 80: նաև Յուշի փշուրներ. Երզնկայի Մահմուտցիք գիւղը, «Հայրենիք» օրաթերթ ազգային, գրական, քաղաքական, հասարակագիտական,Պոսթըն, 1967, հոկտեմբեր 12, №16820, էջ 3:
- [179] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [180]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [181] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [182]Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 82:
- [183] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 8:
- [184]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [185]«Արօր» գրական, հասարակական ամսաթերթ,Երզնկա, 1911, Բ. տարի, յուլիս, թիւ 19, էջ 8:
- [186] Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 83:
- [187] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [188]Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Փաստաթղթերի ժողովածու, Հատոր III, էջ 192 (№42. Վերապրած Գէորգ Մարտիրոսեանի վկայութիւնը Երզնկայի գաւառի Երզնկայի գաւառակի Մեղուցիկ գիւղի հայութեան տեղահանութեան և կոտորածի մասին):
- [189]«Արօր» ամսաթերթ, էջ 8:
- [190] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 8:
- [191]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [192] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [193] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը, էջ 357:
- [194]Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 78:
- [195] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [196]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [197] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [198] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 8:
- [199] Տե՛սՎիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 6:
- [200] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [201] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9: նաև Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 6:
- [202] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [203] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [204]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [205] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [206] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը, էջ 358:
- [207]Գ. Սիւրմէնեան, Երզնկա,էջ 79:
- [208] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 9:
- [209]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [210] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [211] Հ. Զատիկեան, Կարինի նահանգը, էջ 357:
- [212] ԳԱԹ, Թ. Ազատեանի ֆոնդ, բաժին 3, թ. 8:
- [213]«Արեւելեան մամուլ», 1891, մայիս, էջ 207:
- [214]Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ,էջ 6:
- [215]Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman,էջ 455:
- [216] Նոյն տեղում:
Լուսանկարում՝ Երզնկա քաղաքի Քրիստինեան վարժարանի մանկապարտէզի աշակերտների եւ ուսուցչուհիների խմբանկար, մօտ 1907 թ.