Վլադիմիր Կարապետյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում

6313

Մայիսի 3-4-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով այցելել է Թբիլիսի, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ 

Մայիսի 3-ին Վլադիմիր Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։

Հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների ընթացքը։

Վլադիմիր Կարապետյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում և Հայաստանը մտադիր է խորացնելու փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ:

Մայիսի 4-ին Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի աշխատակազմի մամուլի գրասենյակի ղեկավար Մայա Տաբագարիի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի վարչապետերի աշխատակազմերի լրատվական ծառայությունների փոխգործակցությանը, հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցերի: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել այս ձևաչափով հանդիպումները, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագետների հետ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում ընթացող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է հայ-վրացական փոխհարաբերություններին, հատուկ շեշտադրումներ արել ՀՀ վարչապետի՝ այս հարցերում առաջնայնությունների վրա և պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին։

Թբիլիսի կատարած այցի ավարտին Վլադիմիր Կարապետյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մամուլի քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության նախապայմանների ու հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների մասին խոսելուց հետո, լսել է վիրահայերին հուզող մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք բարձրացնել ՀՀ պատկան մարմինների մոտ։