Ընդհանուր պետություն՝ ավելի սև, քան սևը. Հեյդար Ալիև

2838

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Երեսուներորդ գլուխ

Ռոբերտ Քոչարյանը` Հայաստանի նախագահ

Երբ Տեր-Պետրոսյանը 1997թ. մարտին Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ` չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար: 1995թ. ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում: Նախագահի դեպքում այլ էր: Մայր օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:

Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի` նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է ՙՀայկ. ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը՚: Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկ. ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին` Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր` հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա:

Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991թ., իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով` ոչ մի պետություն, այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել այդ անկախությունը: Քոչարյանից ու Դեմիրճյանից բացի  նախագահության թեկնածուներ գրանցվեցին ևս 10 գործիչներ, այդ թվում Վազգեն Մանուկյանը:

1998թ. մարտի 16-ին Հայաստանում կայացան նախագահական արտահերթ ընտրություններ: Երկրորդ փուլ դուրս եկան Քոչարյանը` ավելի քան 38 և Դեմիրճյանը` ավելի քան 30 տոկոս քվեներով: Մարտի 30-ին` երկրորդ փուլում, Քոչարյանը քվեների շուրջ 60 տոկոսով հաղթեց Դեմիրճյանին: Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ առաքելությունները նշեցին, որ ընտրություններն իդեալական, անթերի չէին, եղել են խախտումներ, բայց դրանք չէին կարող ազդել արդյունքների վրա: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարեց, որ տեղ գտած թերությունները պատճառ չդարձան կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքները:

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Քոչարյանի երդման արարողությունը, որին ներկա էր նաև առաջին նախագահը: Երդման արարողությունից հետո առաջին և երկրորդ նախագահները ձեռք են սեղմում, ոտքի վրա կարճ զրուցում:

Ապրիլի 28-ին ԱՊՀ մոսկովյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահի պաշտոնում Քոչարյանն առաջին հանդիպումն ունեցավ Ալիևի հետ: Ադրբեջանում 1998թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ալիևը վերընտրվեց քվեների ավելի քան երեք քառորդով: Մի քանի օր անց Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի նախագահը և վարչապետն իր հետ հանդիպումներում ասել են, թե հրաժարվում են Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից, բայց միաժամանակ հրաժարվում են Լիսաբոնի սկզբունքներից: Ալիևը վարչապետ Արմեն Դարբինյանի հետ հանդիպել էր սեպտեմբերի 8-ին, երբ վերջինս Բաքվում մասնակցում էր ՏՐԱՍԵԿԱ-ի միջազգային համաժողովին:

ՙԸնդհանուր պետություն՚. ավելի սև, քան սևը

Մինսկի խմբի տարածաշրջան հերթական այցի ընթացքում` նոյեմբերի 10-11-ը, Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում կողմերին ներկայացրեց նոր առաջարկ, որի ճարտարապետը Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովն էր:

Փաստաթղթի (ՙԼեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները՚, կարճ` ՙԸնդհանուր պետություն՚) առաջին մասում` կարգավիճակ բաժնի հենց սկզբում,  ասվում է, որ ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և ՙԱդրբեջանի հետ կազմավորում է ՙԸնդհանուր պետություն՚` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՚: ԼՂ-ի քաղաքացիները պետք է ունենան Ադրբեջանի անձնագիր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ նշումով:

ԼՂ-ն մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրագործմանն այն հարցերում, որոնք շոշափում են իր շահերը: ԼՂ կառավարությունն իր ներկայացուցիչները կարող է ունենալ արտասահմանյան պետություններում Ադրբեջանի այն դեսպանություններում կամ հյուպատոսական հաստատություններում, որտեղ ունի իր հատուկ շահերը: ԼՂ սահմանները պետք է համապատասխանեն նախկին ԼՂԻՄ սահմաններին, իսկ ճշգրտումները կամ փոփոխությունները կարող են լինել Բաքվի և Ստեփանակերտի  միջևհատուկ փոխադարձ պայմանավորվածությունների դեպքում: Արցախահայությանն իրավունք էր վերապահվում իր ներկայացուցիչներին ընտրել Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցել նախագահի ընտրություններին:

Փաստաթղթում առանձին կետերով նշվում էր Լաչինի միջանցքի, Շուշի և Շահումյան քաղաքների մասին. ՙԼՂ-ի և Հայաստանի միջևանարգել հաղորդակցություն ապահովելու նպատակներով ԼՂ-ի կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցն առանձին պայմանավորվածության առարկա է, եթե Ադրբեջանի և ԼՂ-ի համաձայնությամբ չընդունվեն այլ որոշումներ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ՚: Ադրբեջանցի փախստականները կարող էին վերադառնալ Շուշի, նույնպիսի իրավունքներ կստանային նաև հայ փախստականները` Շահումյան վերադառնալու դեպքում:

Փաստաթղթի երկրորդ բաժինը վերաբերում էր զինված հակամարտության հետեւանքների վերացմանը: Ղարաբաղյան ուժերը պետք է հեռանային իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից, բացառությամբ Լաչինի:

Բաքուն մերժում, Երևանը որոշ, իսկ Ստեփանակերտը լուրջ վերապահումներով, ընդունում են  միջնորդների առաջարկությունը որպես բանակցությունների հիմք: Ալիևի խոսքերով` ՙԸնդհանուր պետությունը՚ նշանակում էր ԼՂ-ին փաստացի անկախության տրամադրում: ՙԱդրբեջանում մի ասացվածք կա` սա ավելի սև է, քան սևը: Համեմատած նախկին առաջարկների հետ ՙԸնդհանուր պետությունն՚ ավելի վնասաբեր էր: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում լինում են երկու պետություններ, և  Ադրբեջանն իրավունքներ չունի Ղարաբաղի նկատմամբ: Մենք մերժեցինք: Բայց Հայաստանն ընդունեց և մինչև հիմա ամենուր ասում է, որ եթե Ադրբեջանն ընդունած լիներ, խաղաղություն հաստատված, և  հակամարտությունը կարգավորված կլիներ: Անշուշտ, իրենց օգտին: Այդ առաջարկությունը մեծ սադրանք էր Ադրբեջանի դեմ՚:

Հայաստանում ՙԸնդհանուր պետություն՚ առաջարկության շուրջ լուրջ բանավեճ չծավալվեց, քանի որ այդ փաստաթուղթը հրապարակվեց միայն 2001թ., երբ արդեն Երևանն ու Բաքուն բանակցում էին փարիզ-քիվեսթյան սկզբունքների շուրջ: Իշխանությունները փորձում էին հիմնավորել, որ ՙԸնդհանուր պետությունը՚ մի քայլ առաջ է և ավելի ընդունելի, քան 1997թ. փաթեթայինը և փուլայինը, մինչդեռ ՀՀՇ-ական իշխանությունները պնդում էին, որ այն, ինչ առաջարկվել է, նախկին տարբերակների կրկնությունն է, ավելին` ՙԸնդհանուր պետությունը՚ նշանակում էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նախագահ Քոչարյանը չէր ընդունում քննադատությունները` պնդելով, որ կարգավորման այսպիսի ընդունելի փաստաթուղթ երբեւէ չի առաջարկվել: ՙԲայց նույնիսկ այս առաջարկը չընդունելու դեպքում էլ փաստաթղթի կարեւորությունը չի նվազում: Նման մոտեցում, նման գաղափարախոսություն տասը տարվա ընթացքում երբեք չի եղել: Միշտ եղել է շատ հստակ ձևակերպում` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն և ԼՂ-ն ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում: ՙԸնդհանուր պետությունը՚… չի նշանակում, որ ԼՂ-ն Ադրբեջանի ինչ-որ մասն է կազմում, այլ` Ադրբեջանը և  ԼՂ-ը պայմանավորվում են ապրել ինչ-որ սահմաններում, բայց ինքնուրույն օրենքներով, ինքնուրույն սկզբունքներով: Խոսքը անկախ, առանձին ապրելու հնարավորության մասին է՚: Ըստ Քոչարյանի` ՙԸնդհանուր պետությունը՚ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները համադրելու ստեղծագործական փորձ էր, ինչպես Բոսնիայում:

Վահան Փափազյանը համաձայն չէ. ՙՀիմա ասում են փուլայինը և փաթեթայինը վատն էին: Իսկ ՙԸնդհանուր պետության՚ տարբերակը լա՞վն է: Չէ՞ որ այն 1998թ. ընդունեցին Հայաստանը և  ԼՂ-ը: Դա լա՞վն էր: Իսկ ո՞րն է տարբերությունը: Ձևակերպումների մեջ ընտրված են այնպիսի բառեր և  արտահայտություններ, որոնք հնարավորություն են տալիս հայտարարելու, թե սա տարբերվում է նախորդ երկու փաստաթղթերից: Բայց իրականում չի տարբերվում, եթե տարբերվում էլ է, ապա դեպի վատը՚:

Եթե ՙԸնդհանուր պետությունն՚ ավելի վատն էր, ապա ինչու Ադրբեջանը մերժեց: Փափազյանն այսպես է մեկնաբանում. ՙՇատ պարզ պատճառով. Ադրբեջանում եկել էին այն եզրակացության, որ կարող են ավելին պահանջել: Այսօր Ադրբեջանն ավելին է պահանջում, քան 97-ին: Իհարկե, 97-ի առաջարկները վատն էին, իսկ ո՞վ է տեսել լավ հաշտության համաձայնագիր, տեսնվա՞ծ բան է, որ պատերազմող կողմերը հաշտություն են կնքում և երջանիկ լինում: Առաջարկությունները վատն էին, բայց այսօրվանը կարող է լինեն ավելի վատը. սա է դիվանագիտության տրամաբանությունը: Ամեն դիվանագիտական փաստաթուղթ կամ վատն է կամ շատ վատը, լավ փաստաթուղթ չի լինում: Լավն այն է, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում, ընդունում է պարտությունը և ձեռքերը վեր բարձրացնում՚:

Վարդան Օսկանյանը մի շարք առիթներով, կեսկատակ նկատել է, որ եթե գիշերը ժամը երեքին Իլհամ Ալիևին քնից արթնացնեք և նրա առաջ դնեք 1997թ. փուլայինը, նա կստորագրի. ՙԻսկապես, այնպես չէ, որ բանակցությունների արդյունքում քրտինք թափելով` ինչ-որ փաստաթուղթ էինք ձեռք բերել, հետո մենք մերժեցինք, և այսօր այդ բոլորը վերականգնել հնարավոր չէ: Դա փուլային տարբերակ էր: Այսինքն` տվեք տարածքները, հետո նայենք` ի՞նչ կլինի կարգավիճակը՚:

2004թ. նոյեմբերին առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ից վերադարձի ճանապարհին` ավելի քան վեց տարիների լռությունից հետո, ՙԶվարթնոց՚ օդանավակայանում ՙոտքի վրա՚ զրուցեց մի քանի լրագրողների հետ:

ՙ-Հնարավո՞ր է Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում վերադառնալ այն կետին, որտեղից Դուք կիսատ թողեցիք: Թե՞ հետդարձի ճանապարհ չկա:

-Կարծում եմ` չկա: Չկա այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997-ին: Մենք դա այլևս չենք ստանալու:

-Նույնիսկ Ձեր քաղաքականություն վերադառնալու պարագայո՞ւմ:

-Աստված էլ գա` դա հնարավոր չէ՚:

Տեր-Պետրոսյանին պատասխանեց Օսկանյանը. հայկական կողմը հնարավորություն ունի ստանալու ավելին, քան 1997-ին. ՙԵս տեսնում եմ լուրջ հնարավորություն, որ կկարողանանք ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հասնել դրա միջազգային ճանաչմանը: Այսօր Պրահայի գործընթացն է գնում, ես գիտեմ, թե սեղանի վրա ինչ կա, հնարավորություն եմ տեսնում ստանալու ավելին, քան ստանալու էինք 97թ.: Կարող եք հարց տալ` կստանա՞նք, թե՞ ոչ: Չգիտեմ: Կարող է հինգ տարի անցնի, և նորից այս երկխոսության մեջ մտնենք ու ասենք, որ 97թ. միգուցե այդ տարբերակը պետք է ընդունեինք: Բայց որ այսօր սեղանի վրա կան այնպիսի հարցեր, որ մեզ ուղղակի հուշում են, թե ավելին կարող ենք ստանալ, քան 97թ., միանշանակ է՚:

ՙՂարաբաղյան գործոնի՚ չեզոքացումը

1997թ., երբ Քոչարյանը տեղափոխվեց Երևան, իսկ մեկ տարի անց դարձավ Հայաստանի ղեկավար, հակամարտության հիմնական` ղարաբաղյան կողմը, ոչ միայն դուրս մնաց բանակցություններից, այլև ժամանակի ընթացքում ՙղարաբաղյան գործոնը՚ միջազգային հանրության ընկալումներում երկրորդական պլան մղվեց:

Տեր-Պետրոսյանը որդեգրել էր ՙԵրևանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև Ստեփանակերտի ստորագրությունը՚ մոտեցումը: Քոչարյանի խոսքերով` ինչ-որ ժամանակ այդ մոտեցումն արդյունավետ էր, բայց պահ եկավ, երբ դարձավ հակաարդյունավետ. ՙՏպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ամեն ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ մի՞թե Հայաստանն ի վիճակի չէ իրենից ԼՂ-ի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել ԼՂ-ին համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ՚: ՙԵս առաջարկել եմ փոխել այդ տեսակետը. ոչ թե ՙմենք համաձայն ենք կարգավորման ամեն ձևի, որին կհամաձայնի ԼՂ-ը՚, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և  պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի: Եվ այն հանգամանքը, որ կարգավորման վերջին առաջարկություններն էականորեն տարբերվում են նախորդներից, վկայում է, որ այդ դիրքորոշումն իրեն արդարացրել է: Ղարաբաղը կարող է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ, բայց Հայաստանի դիրքորոշումը պետք է հստակ և պարզ ձևակերպված լինի՚:

Քոչարյանի վարչակարգի դիրքորոշումն էր. Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, կամ` միջնորդների ներկայացած ամեն առաջարկությունում պետք է հստակ ամրագրվի ԼՂ ինքնորոշման իրավունքը, թեկուզ` ժամանակային առումով ոչ անմիջապես:

Հայաստանի երկրորդ նախագահին հաճախ են քննադատել, որ նրա ժամանակ խեղաթյուրվել է ղարաբաղյան կարգավորման ձևաչափը, բանակցություններից դուրս է մնացել Ստեփանակերտը, որից օգտվելով՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը հակամարտությունը ներկայացնում է իբրև Բաքվի ու Երևանի միջև տարածքային վեճ:

Ալիևը 1999թ. Բաքվում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանել է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում ԼՂ-ի հետ ուղղակի շփումներից: Նա նախ ընդունել է, որ ԼՂ-ը դե-ֆակտո արդեն Հայաստանի կազմում է: ՙԱսածիս վկայությունները շատ են: Հայաստանի ներկայիս նախագահը ԼՂ նախկին ղեկավարն է: Այստեղ արդեն ամեն ինչ ասված է: Այդքանից հետո դուք ասում եք, որ պետք է ուղիղ շփման մեջ մտնել: ԼՂ-ն ինքնուրույն միավոր չէ: Եթե Հայաստանը չմասնակցեր այս գործընթացին, եւ եթե նա դե-ֆակտո չմիացներ ԼՂ-ը, իհարկե, այլ ելք չէր մնա, քան ԼՂ-ի հետ ուղիղ շփումները: Առաջին իսկ օրից հակամարտությունը ոչ միայն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև էր, այլև Հայաստանի և Ադրբեջանի: Եթե Հայաստանը մի կողմ քաշվի և  չմիջամտի, մեզ այլ ճանապարհ չի մնա, քան ԼՂ-ի հետ հարցի քննարկումը: Բայց քանի դեռ մեզ համար գլխավոր սուբյեկտը Հայաստանն է, մենք ուզում ենք պայմանավորվել Հայաստանի հետ՚:

Օսկանյանն ընդունում է` ղարաբաղյան կողմը ներգրավված չէ բանակցային գործընթացում, և դրա միակ պատճառն Ադրբեջանի մերժողական կեցվածքն է: ՙԱյսօր Հայաստանը հետևյալ երկընտրանքի առջև է կանգնել. պնդել ԼՂ մասնակցությունը և չգնալ բանակցությունների՞, թե՞ համաձայնել բանակցություններին` հանուն այն բանի, որ դրանք չընդհատվեն: Հայաստանի նախագահը որոշել է երկրորդը` հարցին մոտենալով հետևյալ կերպ. իսկապես կարևոր չէ, թե հայերի կողմից ով է բանակցում, այլ` թե ինչ ենք բանակցում՚:

ՙԼՂ-Ադրբեջան` Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ՚` այսպիսի ձև աչափն է նախագահ Քոչարյանը համարում համարժեք: ՙԵրևան-Բաքու ձևաչափը միայն բացասական հետևանքնե՞ր է բերում, թե՞ ունի նաև դրական մեծ ռեսուրս: Ո՞րն է բացասականը: Առաջին հերթին, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս ձևաչափը` զուգահեռաբար Հայաստանին ագրեսիայի ու տարածքների զավթման մեջ մեղադրելով: Այս փաստարկներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում: Բոլորը գիտեն հակամարտության էությունը և հասկանում են, որ Ադրբեջանի մերժումը` բանակցելու ԼՂ-ի հետ, ավելի շատ գալիս է հոգեբանական բարդույթից: Դա կապված է պատերազմի հետևանքների հետ՚:

Ըստ Քոչարյանի` Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն ունեն երեք հիմնական առավելություն: Առաջին և կարեւորը. Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: ՙԵրկրորդ` ես` որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում հանդիպումների ժամանակ ներկայացնել ԼՂ հարցը, որպես սուբյեկտ, ով ուղղակի անմիջական պատասխանատվություն ու բեռ է կրում բանակցությունների համար: Երրորդ` Հայաստանի նախագահի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի պատասխանատվությունը ԼՂՀ-ի նկատմամբ, քանի որ մենք ամբողջ Հայաստանի ներուժը` և’ դիվանագիտական, և’ տնտեսական, և’ պաշտպանական, ծառայեցնում ենք այս հարցի կարգավորմանը՚:

Փափազյանն արդարացված է համարում Երևանի նախկին դիրքորոշումը. հայկական կողմը պատրաստ է ընդունել խաղաղության որևէ տարբերակ, որը կընդունի ԼՂ-ը: ՙԱյսօր էլ ճիշտ մոտեցում կլիներ, քան այն, ինչ ասվում է, որովհետև երբ իշխանությունները հայտարարում են, որ ԼՂ-ն այլևս չի լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է, որ բանակցություններն անիմաստ են: Ինչպես Բաքվի դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ ԼՂ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմից դուրս: Հայաստանի այն ժամանակվա ձևակերպումը` Երևանը պատրաստ է ընդունել խաղաղության որևէ տարբերակ, որը կընդունի ԼՂ-ը, դիվանագիտության և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ընկալելի և  տրամաբանական էր: Նախ` բանակցությունների տեղ էր թողնում, դա նշանակում էր, որ մենք բանակցելիք ունենք, երկրորդ` երբ խոսում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, ապա պարզ չէ՞, որ խոսքը վերաբերում է ԼՂ ժողովրդի ինքնորոշմանը՚:

Փափազյանը համոզված է` եթե կարգավիճակի հարցը չթողնվի ապագային, ապա խնդիրը չի լուծվի, որովհետև Երևանի և Ստեփանակերտի համար անընդունելի է ԼՂ ինքնավարությունն Ադրբեջանի կազմում, իսկ Բաքվի համար` անընդունելի է ԼՂ անկախությունը կամ միավորումը Հայաստանի հետ: ՙԱյսօրվա առաջարկը, որի մեխն իբր հանրաքվեի գաղափարն է, նշանակում է, որ այնուամենայնիվ, մենք տեսականորեն չգիտենք, թե այդ հանրաքվեի արդյունքն ինչ է լինելու, ուրեմն` կրկին կարգավիճակը մնում է հետագային: Իշխանությունները դեմքերը փրկելու ձև են գտել. եթե Ադրբեջանն ընդունի հանրաքվեի գաղափարը, ուրեմն ընդունում է, որ ԼՂ-ն իրավունք ունի ինքնորոշվելու: Բայց մենք չգիտենք` այդ հանրաքվեն տեղի կունենա, թե` ոչ, երկրորդ` մենք չգիտենք, եթե տեղի ունենա, ապա ինչ պայմաններում, երրորդ, մենք չգիտենք ինչ տարածքում, չորրորդ` մենք չգիտենք` ժողովրդագրական ինչ իրավիճակ կլինի՚:

Փուլային տարբերակը, որտեղ կարգավիճակի հարցը հետագա բանակցությունների առարկան էր դառնալու, տրամաբանական էր, կարծում է Փափազյանը: ՙԱսվում էր հետևյալը. մնացյալ հարցերը լուծվել են` զբաղեցրած տարածքներ, փախստականներ, անվտանգություն, ամենագլխավորը` խաղաղապահ ուժեր, այսինքն` կարելի էր վստահ լինել, որ պատերազմը չի վերսկսվելու, սա շատ էական է: Դրանից հետո պիտի շարունակվեին բանակցությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ, այսինքն` Ադրբեջանն ընդունում էր, որ ինքը պետք է ԼՂ հետ բանակցի նրա ապագա կարգավիճակի վերաբերյալ, իսկ այսօր չի ընդունում՚:

—-

Արցախյան օրագիր. Կանաչ ու սևԿանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7

https://www.aniarc.am/2020/01/25/common-state-1998-nk/