Ղարաբաղյան հակամարտություն` «ճեղքում չկա, բայց կա խաղաղության մասին լուրջ խոսակցություն». Jam News

762

Մարտի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Ղարաբաղյան հակամարտության հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը մեկնել էր Ավստրիա բանակցությունները լուսաբանելու։ Ներկայացնում ենք նրա վերլուծությունըի՞նչ տեղի ունեցավ Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում, արդյո՞ք փոխվել են կողմերի դիրքորոշումները և ի՞նչ սպասել մոտ ապագայում։  

Անմիջապես բանակցություններից հետո

Մինչ կառավարական Բոինգը Վիեննայից ուղղություն էր վերցնում դեպի Երևան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռում մեկ-մեկ մոտենում էր լրագրողներին և ձեռք մեկնելով ու թեթև ժպտալով հարցնում.

– Ոնց ե՞ք, լավ ե՞ք:

Երբ մոտեցավ ինձ, ե՛ս հարցրեցի.

– Ոնց ե՞ք, լավ ե՞ք: Ալիևի հետ հանդիպումից հետո ձեր տրամադրությունն ինչպիսին է՞:

– Լավ, շատ լավ,- համոզիչ ասաց նա:

Ես Հայաստանի վարչապետին ճանաչում եմ ուսանողական տարիներից, երկու տասնամյակ հետևել եմ նրա լրագրողական ու քաղաքական գործունեությանը, նրա հետ վարել եմ բազմաթիվ հարցազրույցներ ու նրա հետ քայլել եմ տասնյակ կիլոմետրեր Թավշյա հեղափոխության օրերին։ Ես նրան այդքան հանգիստ ու խաղաղ չէի տեսել, ինչպես Վիեննայից Երևան վերադարձող ինքնաթիռում:

Բանակցությունների առաջին գնահատականը

Ժամեր առաջ Փաշինյանը ավստրիահայ համայնքի «Նի-կոլ, Նի-կոլ» վանկարկումներն ու ծափերի տարափը լռեցնելուց հետո, մարդկանց վառվող աչքերին ու երջանիկ դեմքերին նայելով, դրական էր գնահատել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը:

«Չեմ կարող ասելոր բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքումհեղափոխությունբայց կարևոր էոր սկսվել է մի գործընթացորը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի մասինՍա շատ խորըլուրջ խնդիր է, և կարևոր եմ համարումոր լինի մթնոլորտորտեղ կարողանանք բարձրաձայնելթե ինչ ենք մտածումկարողանանք խոսելհասկանալ»,– ասաց նա Վիեննայում Հայաստանի դեսպանատանը լեփ-լեցուն դահլիճում:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայի ավելի քան երեք ժամ տևած հանդիպումը նրանց միջև չորրորդն էր, բայց առաջինը, որտեղ ղարաբաղյան կարգավորման գործընթացը քննարկվեց ըստ էության:

2016-ի Ապրիլյան պատերազմից երեք և 2018-ի Ապրիլյան թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտնում է նոր փուլ։ Հակամարտության մեջ ներգրավված կողմերն ու միջազգային խաղացողները ավելի վճռական են խոսում հրադադարի ամրապնդման, ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման, մարդասիրական ոլորտում հնարավոր համագործակցության և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին:

Հենց խաղաղության, ռազմական հռետորաբանությունից ու ատելության քարոզից զերծ մթնոլորտում է հնարավոր անցկացնել կառուցողական երկխոսություն, քննարկել վիճելի խնդիրները և փորձել հասնել կողմերի համար ցավալի, բայց արժանապատիվ լուծման: Լուծում, որը երկարաժամկետ խաղաղություն կբերի տարածաշրջանին ու նրա ժողովուրդներին:

Հայաստանի դիրքորոշումը

Ի՞նչ օրակարգ ունի Երևանը և ինչպե՞ս է շարունակելու բանակցային գործընթացը:

Առաջին. Փաշինյանը բազմիցս ասել է, որ Հայաստանին չի բավարարում բանակցային այն ձևաչափը, որ գործում է վերջին 20 տարիներին, այն է՝ Երևան-Բաքու ամենաբարձր մակարդակով հանդիպումներ, որոնցում, ըստ էության, Ստեփանակերտը ներգրավված չէ:

Ստեփանակերտի ներգրավումը կարևոր է, քանի որ Հայաստանը, լինելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը, չի կարող ամբողջապես պատասխանատվություն կրել բանակցությունների, հնարավոր առաջընթացի և լուծման, ու ամենակարևորը՝ երկարատև խաղաղության համար:

Երկրորդ. Երևանի համար կարևոր է, թե բանակցությունները որ կետից են շարունակվելու: Փաստացի, գործընթացը կանգ է առել Կազանում, 2011-ին, երբ Ալիևը մերժեց կարգավորման աշխատանքային փաստաթուղթը: 2016-ի ապրիլին կարգավորման գործընթացին մահացու հարված հասցրեց Քառօրյա պատերազմը, որը ոչ Բաքվի հաղթանակն էր և ոչ էլ Երևանի ու Ստեփանակերտի պարտությունը։ Բայց այն խարխլեց կարգավորման հիմքերը, իսկ փոխադարձ վստահությունը հասցրեց հնարավոր նվազագույն կետին:

Երրորդ. եթե կարգավորման համար հիմք է Մադրիդյան փաստաթուղթը կամ նրանից ածանցյալ տարբերակը՝ երեք սկզբունքներով

  • ազգերի ինքնորոշում,
  • տարածքային ամբողջականություն,
  • ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում

և վեց տարրերով

  • Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ,
  • տարածքների վերադարձ Ադրբեջանին,
  • ցամաքային կապ Հայաստանի և ԼՂ-ի միջև,
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում,
  • փախստականների և տեղահանվածների վերադարձ,
  • անվտանգության երաշխիքներ,

ապա դրանք պետք է հստակեցվեն և չենթարկվեն կամայական մեկնաբանությունների:

Չորրորդ Հայաստանն ուզում է հասկանալ, հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղա՞ղ ճանապարհով, թե՞ ադրբեջանական կողմը շարունակելու է դիտարկել պատերազմը, որպես այլընտրանք, ինչպես 2016-ի ապրիլին: Հակամարտության մեջ ներգրավված հասարակություններին պե՞տք է պատրաստել խաղաղության, թե՞ վերադառնում ենք պատերազմական հռետորաբանությանն ու ատելության քարոզին:

Ադրբեջանի դիրքորոշումը փոխվե՞լ է

Ադրբեջանում հստակ տարանջատում են դնում Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի և ներկայիս վարչապես Փաշինյանի միջև: Այս տարանջատման համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ առաջին երկուսը ծնվել են Լեռնային Ղարաբաղում, մասնակցել պատերազմին, իսկ Փաշինյանը ծնվել է Հայաստանում և, մեծ հաշվով, չի առնչվել պատերազմին ու հակամարտությանը: Սակայն Ղարաբաղյան հակամարտությունը անձերով պայմանավորելը անհիմն է, քանի որ այն վերաբերում է հայ ժողովրդի անվտանգությանը:

Ադրբեջանի համար ևս սկզբունքային հարց է, թե որ կետից են շարունակվելու բանակցությունները: Բաքուն շարունակում է համարել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը կարող է տեղի ունենալ բացառապես Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Բաքվի համար բանակցությունների ընդունելի միակ ձևաչափը Երևանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումներն են, քանի որ Ադրբեջանը դրանով նախ և առաջ ուզում է միջազգայնորեն ամրապնդել այն ընկալումը, որ հակամարտությունը տարածքային վեճ է երկու պետությունների միջև և Հայաստանը գրավել է իր տարածքի մի մասը:

Փաշինյանի դժգոհ է «ժառանգությունից»

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ և առանձին զրույցներում չի թաքցնում, որ դժգոհ է կարգավորման ժառանգությունից, որ ստացել է Սարգսյանից:

Առաջին. Փաշինյանը մտահոգ է, որ ինքը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շարունակում է մի կետից, երբ Հայաստանի դաշնակից պետությունները համոզված են․ առանց որևէ կարգավիճակի՝ Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

Երկրորդ. Մադրիդյան սկզբունքները, կամ 3 սկզբունքները և 6 տարրերը, որոնք բանակցվել են Հայաստանի նախկին նախագահներ Քոչարյանի և ապա Սարգսյանի օրոք, անընդունելի են, քանի դեռ կա տարընթերցում:

Վերջերս Ստեփանակերտում Փաշինյանը, որպես կարևորագույն հարց, առանձնացրեց հետևյալի պատասխանը՝ Հայաստանն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, Հայաստանի համար անընդունելի է, ընդգծեց Փաշինյանը:

Երրորդ. կարևորագույն խնդիր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: Փաշինյանը ընդգծում է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Փաշինյանի՝ խաղաղության նախապատրաաստելու մասին հայտարարությունները հեղափոխական են, անսովոր ու աննախադեպ.

«Ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանիայլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենաՂարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համարՍա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղիայլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում:

Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններքայլեր չենք տեսնումՉնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահիայլև Ադրբեջանի ժողովրդի հետորովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքանորքան Հայաստանի ժողովուրդըորքան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»:

Չորրորդ. Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում Հայաստանի համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Ստեփանակերտի մասնակցությունը:

Փաշինյանը ընդգծում է, որ կարող է և իրավունք ունի բանակցություններ վարել Հայաստանի անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին, հետևաբար՝ ո՞վ պետք է ներկայացնի Ստեփանակերտի դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղում կան ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններ, իսկ այնտեղ բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին:

«Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվելԼեռնային Ղարաբաղիբնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչներըովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ընդգծում է Փաշինյանը:

Վիեննայի հանդիպումից հետո Իլհամ Ալիևը կարևորեց այն, որ «բանակցային ձևաչափը մնաց անփոփոխ, բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև են, ինչպես դա եղել է երկար տարիներ»:

Ամփոփում

Անկասկած, հակամարտության բանակցային ձևաչափը կարևոր է: Կարևոր է նաև, թե ինչ կետից է շարունակվելու բանացկային գործընթացը: Սակայն այս ամենը, մեծ հաշվով, բանակցելի և լուծելի խնդիրներ են:

Կարևորն այլ է. հակամարտության մեջ ներգրավված կողմերը ուզում ե՞ն խաղաղություն, թե հայտարարելով խաղաղության անհրաժեշտության մասին, պատրաստ չեն այդ խաղաղության համար գին վճարել: Եթե կողմերը պատրաստ չեն ցավալի փոխզիջումների, ապա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը շարունակվելու է ևս տասնամյակներ՝ խլելով նոր մարդկային կյանքեր և դուռը բաց թողնելով Ապրիլյան կամ այլ անունով պատերազմների համար:

 

Թաթուլ Հակոբյանը «ՍիվիլՆեթի» մեկնաբան է և Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող: Նա նաև «Արցախյան օրագիր. Կանաչ և սև» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերի հեղինակն է։